ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայրենիքը ցեխոտելիս, այն էլ օտար հողում, մի մոռացեք սեփական արժանապատվության մասին

Հայրենիքը ցեխոտելիս, այն էլ օտար հողում, մի մոռացեք սեփական արժանապատվության մասին
06.02.2018 | 12:34

Հունվարի 28-ին Հայոց բանակի տոնն ենք նշում: Շատերի համար սա ընդամենն ամսաթիվ է, առանց որևէ էական նշանակության: Նրանք նույնիսկ բանակի անունը լսել չեն ուզում, էլ ուր մնաց սրտի թրթիռով վերաբերվեն դրան, իրենց զավակներին մեծացնեն այդ բանակի շարքերը լրացնելու պատասխանատվության զգացումով: Բանակի լավ ու վատի մասին խոսում են հատկապես այն մարդիկ, ովքեր դրա կողքով էլ չեն անցել, ամեն հնարավոր ու անհնարին միջոց ձեռնարկել են որդիներին զինծառայությունից ազատելու համար: Ցավոք, այս մտածողության արձագանքները նաև արտերկրում ենք զգում: Գուցե Հայաստանում կարող ենք բանավիճել, հակառակը համոզել, սակայն այստեղ բանակից սարսափողների հետ խոսել նույնիսկ չարժե: Նրանք իրենց թանկարժեք կարծիքը հիմնավորում են ընկեր-բարեկամներից լսած իրական ու հորինված պատմություններով: Եթե խոսեն կոնկրետ խնդիրների մասին և դրանց լուծման ճանապարհ առաջարկեն, կհասկանաս, որ ցանկանում են որպես քաղաքացի մասնակից դառնալ իրենց հայրենիքի տարբեր օղակներում գոյություն ունեցող սխալների շտկմանը: Բայց ոչ, նրանք հազիվ են փախել, էլ ինչ շտկելու մասին է խոսքը:


Սակայն տեսեք, թե նույն մարդիկ իրենց պետք եկած ժամանակ ինչպես են կոկորդ պատռում, որ Հայաստանի քաղաքացի են, և Հայաստանը պարտավոր է իրենց այս կամ այն խնդիրը լուծել: Այդպիսի խնդիր կարող է լինել հայրենիք տեղափոխվելիս երեխաներին դպրոցում տեղավորելը: Ոմանք ստիպված են վճարովի օտարալեզու դպրոց փնտրել, քանի որ երեխաները հայերեն գրել, կարդալ չգիտեն: Իսկ վճարովի դպրոցների վարձը միշտ դժգոհելու առիթ է տալիս: Եվ դրանում, բնականաբար, Հայաստանն է մեղավոր, որ այդքան «անհյուրընկալ է օտար ափերից վերադարձած իր զավակների հանդեպ», ամեն կերպ փորձում է իրենց «կլպել»: Բայց երբեք իրենց մեղքը դրանում չեն տեսնում: Չեն ասում, որ իրենց նեղություն չեն տվել երեխային մայրենի լեզու սովորեցնելու, հայերենի նկատմամբ ոգևորություն արթնացնելու համար: Գոնե այդ ամենը անեին հաճույքի կամ մայրենի լեզվից կարոտն առնելու համար: Հայաստանում ծնված-մեծացածները, երբ որևէ երկիր են տեղափոխվում, տրամաբանորեն չեն կարող շատ արագ մոռանալ ոչ հայերեն խոսելը, ոչ հայերեն գրելն ու կարդալը: Եվ նույնիսկ վստահ ես, որ նրանք մեծ ջանքեր պետք է գործադրեն, որ իրենց երեխաները սովորեն այբուբենը, տանը հայերեն խոսեն:

Սակայն երբեմն ցավալի փաստի ենք հանդիպում: Նրանք ոչ միայն ջանք չեն գործադրում, այլև ամեն ինչ անում են, որ երեխաները հնարավորինս հեռու մնան հայերենից, հայկականից: Սա հանցագործության է հավասար: Հետևեք հնդիկներին, ֆիլիպինցիներին. նրանք ոչ մի վայրկյան, տանը, աշխատավայրում, փողոցում իրար հետ երբեք օտար լեզվով չեն խոսում: Իսկ մենք օտարներից ավելի մեծ նվիրումով ենք խոսում իրենց լեզվով: Մեզ միամտաբար թվում է, թե միանգամից ինտեգրվելու ենք այդ միջավայրում, դառնալու նրանցից մեկը: Վերադառնալով հայերենից փախչելու խնդրին՝ ասենք, որ նրանք երեխաներին երբեմն թանկարժեք, օտարալեզու դպրոց են տանում, ոչինչ որ իրենք այդ օտար լեզվով նույնիսկ իրենց անունը գրել չգիտեն, լեզվի իմացությունն էլ սահմանափակվում է առօրեական կիսատ-պռատ խոսակցությամբ: Մինչդեռ գրեթե բոլոր համայնքներում հայկական դպրոց է գործում, որտեղ գոնե շաբաթը մեկ օր երեխային կմոտեցնեն հայերենին, հայ մշակույթին: Սակայն այդ դպրոց չտանելու համար նրանք բազմաթիվ պատճառներ կբերեն, այդ թվում՝ բարձր վարձավճարը:


Նրանք իրենց երեխաներին արձակուրդներին տանում են Հայաստան: Անկախ տարիքից՝ երեխայի շրջագայությունը սրճարանից, կարուսելից, ֆաստ-ֆուդից այն կողմ չի անցնում: Մտքներով չի անցնում, որ Հայաստանում մշակութային օջախները ցանկացած երկրի համեմատ մատչելի են, հազար ու մի թատրոն, թանգարան, գրադարան կա, քանի կարող են օգտվեն առիթից` ու այդ երեխաների ստամոքսը լցնելուց բացի նաև գլուխը լցնեն, Հայաստանից ճամպրուկներում մի քանի հայերեն գիրք բերեն, որ տարվա ընթացքում երեխան թեկուզ կմկմալով փորձի կարդալ, գուցե մի օր պետք գա: Չէ, իրենց պետք չի գա. «Հայաստանն ի՞նչ երկիր է, որ իրենք գնան»: Իրենց երեխաները պետք է դրսում ապրեն, «ընդեղ կյանք չկա»: Մեկն ասի՝ դրսում ի՞նչ կյանք կա, դուք բացի աշխատանքից, իրար տուն հյուր գնալուց ու մոլ գնալուց, ուրիշ ի՞նչ կյանքից եք օգտվում:


Հիմա մյուս հարցին անդրադառնանք: Հայաստանից հեռացնելու երկրորդ լուրջ քայլը, հատկապես տղա երեխայի դեպքում, ցանկացած երկրի անձնագիր հանելն է, որ հանկարծ երեխան ՀՀ բանակում չծառայի: Կարծես մյուս զինվորներին մայր չի ծնել: Էդ էր պակաս, որ իրենց երեխան բանակում ծառայի, դիրքեր գնա, «Գիտե՞ք այնտեղ ինչ է կատարվում»: Այն, ինչ կատարվում է օտար հողում իրենց երեխաների հետ, այդ մասին լռում են:
Տարիներն անցնում են, ու մեկ էլ անակնկալ դեպքերը թակում են նրանց դռները: Անհաջողության համար որևէ մեկին մեղադրելը կամ դրանով ուրախանալը մեղք գործել է: Ոչ ոք չգիտի` իր հետ վաղն ինչ կլինի: Բայց այդ նույն մարդիկ, որ այդպես փախչում էին Հայաստան վերադառնալուց, կորցնելով աշխատանք, բարեկեցիկ կյանք, հեռանում են իրենց ապրած երկրից: Օրենքն օրենք է, և որևէ մեկը դրա դեմ անզոր է: Անսպասելի դուրս գալու դեպքում ուր պիտի գնան, եթե ընտրության հնարավորություն չկա, իհարկե՝ Հայաստան: Ափսոս, որ ընտրության հնարավորություն չլինելու դեպքում են գնում Հայաստան:

Տեղափոխվում են, ու սկսվում է դժգոհությունների շարանը՝ դպրոցը թանկ է, խանութները լավը չեն, տրանսպորտը լավը չէ, բենզինը թանկ է, ուտելիքը թանկ է ու այդպես շարունակ: Էս ի՞նչ ապրելու երկիր է: Իսկ քեզ շրջապատող մարդիկ, ընկերներդ, բարեկամներդ ինչպե՞ս են ապրում: Ո՞վ է պարտավոր իր հոգսերը թողած քո դժգոհությունները լսելու ու քեզ մխիթարելու, որ հանկարծ շատ չնեղվես ու հայրենիքդ չլքես: Հայաստանն իրենց ամեն ինչում պարտք է, ու պարտքը չտալու համար պատրաստ են վրան խաչ քաշելու: Բայց երեխաներին բանակից փախցնելու ժամանակ իրենց պարտքի մասին չեն հիշում: Այն, որ օտար երկրում ամեն օր հարկ է ավելանում, առանց բացատրության թանկացումներ են լինում, որ ամեն մի թուղթ ստորագրելու համար հազար ու մի վճարում են կատարում, որ ամեն օր սրտները դողալով սպասում են՝ հանկարծ աշխատած ընկերությունը չփակվի, որ ամբողջ ընտանիքը փողոցում չհայտնվի, դրա մասին լռում են, առիթի դեպքում էլ այդ երկրի օրենքներն են գովում: Երբ Հայաստանում ամեն ինչին վերևից եք նայում ու մեծ-մեծ պահանջներ ներկայացնում, հարց տվեք ինքներդ ձեզ՝ ձեր ապրած երկրում, որտեղ ձեր երիտասարդությունն եք մաշում, ինչու՞ չեք «աքլոր կտրում», ինչու՞ եք դառնում ամենաօրինապահը, ամենահարմարվողը, ամենագոհը, ամենալուռը:

Մենք իրավունք չունենք մեղավորներ փնտրելու, ո՛չ էլ որևէ մեկի դատավորն ենք, պարզապես հայրենիքը ցեխոտելիս, այն էլ օտար հողում, մի մոռացեք սեփական արժանապատվության մասին:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 19438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ