ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ազատամարտիկները միայնակ են հրապարակում

Ազատամարտիկները միայնակ են հրապարակում
06.09.2013 | 15:10

Ազատամարտիկների երեկվա հանրահավաքի «մեխը» հայտարարված աշխարհազորի ստեղծման գաղափարն էր: Թե ինչ են պատկերացնում նրանք աշխարհազոր ասվածի տակ, մի քիչ անորոշ է, բայց բառն ինքը իր մասին խոսում է: Կռվելու պատրաստ զինվորը միայն կարող է մտածել աշխարհազոր ստեղծելու մասին: Բանակի, որը պիտի կոչված լինի ինչ-ինչ կոշտ գործողությունների: Երեկ շատ կոչեր հնչեցին գործող իշխանությունների դեմ պայքարի ու հայրենիքի փրկության թեմաներով, ինչպիսիք հնչում են ոչ միայն ազատամարտիկների, այլև ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ուժերի միտինգներին: Սակայն երեկվա ու մյուսների միտինգների նույնաբովանդակ կոչերի տարբերությունն այն էր, որ դրանք հնչում էին երկրի զինվորի շուրթերից: Սա շատ կարևոր հանգամանք է ու ինչպես երևում է ազատամարտիկների պահվածքից, նրանք որոշել են հետամուտ լինել իրենց պայքարին:

Մեր հայրենիքի պաշտպան-վետերանները մենակ են գործում: Գոնե` առերևույթ: Ընդդիմադիր դաշտից ոչ մեկը չի սատարում նրանց, թեև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե իր համար կուսակցականությունը կարևոր չի ու ազատամարտիկների պատմելով, Հովհաննիսյանն ասել է, թե վայր է դնում իր դրոշը, միայն թե նրանց պայքարը արդյունքի հասնի: Երեկվա հանրահավաքի ժամն էլ արտոնված էր «Ժառանգության»` քաղաքապետարան ներկայացրած դիմումի համաձայն, սակայն Հովհանիսյանը,այսպես ասած, այն զիջել էր ազատամարտիկներին, քանի որ վերջիններս ավանադաբար իրենց հանրահավաքները հրավիրում են հինգշաբթի օրերին:

Ազատամարտիկները ոչ միայն մենակ են գործում, այլև միայնակ են հրապարակում: Հարցն այն է, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը մասնատված է ու գործունեության ոլորտները` սեփականաշնորհված: Այլ խոսքով ասած` պայքարի թեմատիկան քաղաքական ուժերի միջև հստակ բաժանված է: Եթե մեկը սկսում է պայքար մի խնդրի վերաբերյալ, ապա մյուս ուժերը նրան թողնում են միայնակ այդ խնդրի հետ: Ինչպես երեկ հանրահավաքի ժամանակ նկատեց Երվանդ Մանարյանը. «Էսքան կուսակցություններ ունենալով հանդերձ չկա մի ուժ, որը բոլորին համախմբի»: Հայտնի արվեստագետը ցավով խոսեց ընդդիմադիր ուժերի մասնատվածության մասին, ասաց, որ հենց դա է պատճառը, որ գործող իշխանության դեմ պայքարում հաջողություն չի արձանագրվում: Երեկ հրապարակում, մասնավոր խոսակցություններում ասվում էր, թե էս է, բոլոր ընդդիմադիրները միավորվելու են ու հաշված օրերի ընթացքում պայքարն իր ավարտին է հասնելու: Ավարտ ասելով, իհարկե, նկատի ունեին դրական արդյունքը` իշխանափոխություն: Սակայն, ինչպես ժամանակն է, ցույց տվել, այդ միացումները ավելի շատ միտված են լինում սկսված շարժումը ժամանակի ընթացքում փակուղի տանելուն: Այդպես եղավ 1996-ից սկսած բոլոր ընդդիմադիր դաշինքների պարագայում: Նույնիսկ 2008-ին ձևավորված ՀԱԿ դաշինքը, ի վերջո, մասնատվեց: Քաղաքական ուժերի շահերը անհնար են դարձնում միավորվելու նույն գաղափարի շուրջ ու պայքարի ավարտ ասվածը հանգում է գործող դաշինքի գործունեության ավարտին, բայց սա արդեն ուրիշ պատմություն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ