Երկաթուղայինների օրվա առիթով օգոստոսի 4-ին, Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) բոլոր ուղևորների համար ներպետական ուղևորափոխադրումը կկազմակերպի անվճար, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Չնայած մասնագիտական տոնին` Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով` ապահովելով ուղևորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:
2013թ. ՀԿԵ ղեկավարության որոշմամբ` Երկաթուղայինների օրը` մասնագիտական տոնը, կանցնի Գյումրի քաղաքում:
Տոնակատարության շրջանակում հյուրերին սպասվում են մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրիի 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաև որպես հերթական նվեր քաղաքին` «Հոկտեմբեր» կինոթատրոնում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ` երկաթուղային թեմայով: