ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Տրանսպորտի թանկացումը գազի գնի հետ պայմանավորված չէ. դա աբսուրդ է»

«Տրանսպորտի թանկացումը գազի գնի հետ պայմանավորված չէ. դա աբսուրդ է»
19.07.2013 | 19:50

Վաղվանից սկսած Հայաստանի քաղաքացին տրանսպորտի համար իր աղքատիկ դրամապանակից կվճարի ոչ թե 100, այլ 150 դրամ: Երևանի քաղաքապետարանը երեկ վերջապես ներկայացրեց տրանսպորտային միջոցների թանկացման հաշվարկը, հիմնավերեց իր գնահատականը, ըստ որի, ամեն ինչ լավ կշռադատված է, վնասը` քիչ և համապատասխանում է երկրի ներկա վիճակին: Այսինքն` հասարակությունը դժգոհելու պատճառ չունի, ավելին`դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինի, որ մեր մտահոգ և սրտացավ իշխանավորները հնարավորինս արել են ամեն ինչ (չի բացառվում, որ նաև անքուն գիշերներ են անցկացրել), որպեսզի թանկացումը «չնչին» լինի և «ժողովուրդը շատ չտուժի»:

«Թանկացումը անհիմն է: Չի կարելի ծաղրել ժողովրդին` ներկայացնելով նման հաշվարկ, դա աբսուրդ է»,-այսպիսի խոսքերով սկսեց այսօր իր մամուլի ասուլիսը`«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ:

Քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկը խիստ զարմացրել և տարակուսանքի մեջ էր գցել նրան: Նա նախևառաջ վրդովմունք հայտնեց այն կապակցությամբ, որ երկու ամիս շարունակ քաղաքապետարանից պահանջում են ներկայացնել տրանսպորտի գնային հաշվարկը, իսկ վերջիններս այն ձգձգում են և տալիս են միայն թանկացնելուց մեկ օր առաջ: «Ի՞նչ է սա նշանակում, այն` որ այլևս ժամանակ չունենա՞նք բողոքելու, ընդվզելու: Գազի գնի թանկացման ժամանակ բոլոր քաղաքական ուժերը տնտեսական գնահատականներ էին տալիս, այս գործընթացում ոչ ոք գնահատական չտվեց:Ես քաղաքապետարանին հարցում էի ուղղել`թե ինչի հիման վրա են թանկացրել տրանսպորտը, այն դեպքում, երբ գազի գնի թանկացումով սա պայմանավորել ուղղակի հնարավոր չէ»,-ասաց ՀԿ-ի նախագահը և հստակեցրեց, թե ինչ է իրականում կատարվել:

Ըստ Պիպոյանի, հայտարարությունում երթուղայինների վերանորոգման համար նշված այդ թվերը տեսնելով առնվազն պետք է տրանսպորտի իդեալական վիճակ պատկերացնել, ստացվում է, որ մենք ամեն օր պետք է տեսնենք որակյալ սպասարկում, բայց «մենք, հո տեսնո՞ւմ ենք, թե ինչ վիճակում են այդ մեքենաները, նրանք հազիվ են տեղներից շարժվում»:

Գնահատված 150 դրամ ուղեվարձը, ըստ բանախոսի, համապատասխանում է նրան, որ ամեն ամիս վարորդն իր միկրոավտոբուսի կամ ավտոբուսի վրա, որպես կանոն, 100 հազար դրամի վերանորոգման աշխատանք տանի: «Դա հնարավո՞ր բան է:Ստացվում է`ամեն ամիս մեքենայի վրա կատարվում է ծախս` սկսած մարտկոցից, վերջացրած`յուղից: Ակնհայտ է, որ միկրոավտոբուսի համար նախատեսված այդ թվերը ուռճացված են:Անգամ եթե իենց հայտարարության մեջ միկրոավտոբուսի համար նշված ութ հարյուր յոթ հազար դրամը վեց ու կես երթ է կատարում` մոտավորապես 36 կմ, դա նշանակում է`Ավանից Էրեբունի մասիվ գնալու ընթացքում մեքենան ընդամենը 15 ուղևոր է տանում: Այսինքն` մենք մեքենաներում կանգնած մարդ չենք տեսնում, կանգառներում իջնող չկա, նստող չկա: Ստացվում է` բոլորը Ավանում նստում են`Էրեբունի մասիվում իջնում...Ո՞վ չգիտի, որ միկրոավտոբուսներում ոչ թե 15 այլ 25-30 մարդ են նստում և կանգնում, իսկ ավտոբուսներում, ինչպես հաշվարկում է նշված` ոչ թե 30 մարդ, այլև` կրկնակի: Հայտարարությունում նշված է, որ այդ մեծ ավտոբուսները, որոնք, ասենք, Քանաքեռից գալիս և կենտրոնով գնում են երրորդ մաս կամ չգիտեմ ուր, 30 մարդ են տեղափոխում. որտե՞ղ եք տեսել նման բան.ավտոբուսների դռները չեն փակվում խցանումներից, ո՞ւմ համար է դա գաղտնիք...Եթե նույն իրենց ծախսային ինդեքսով, ուռճացված ծախսերով և այլն, հաշվարկ կատարենք, արդյունքում ամեն ուղևորին հասնում է ոչ թե 140 կամ 150, այլ` 82 դրամ»,-մանրամասնեց պարոն Պիպոյանը`նշելով, որ նույնիսկ հիմա, երբ մարդկանց մեծամասնությունը քաղաքում չի, իսկ դպրոցներն ու ուսումնական հաստատություները չեն գործում, ուղևորափոխադրամիջոցները դարձյալ լեփ-լեցուն են: «Երևում է այս հաշվարկ կազմողը թատերականն է ավարտել, ոչ թե տնտեսագիտականը, բայց միևնույն է լավ չի կատարել իր դերը»,-հեգնեց նա:

Հարցին` թե ինչ լինի, եթե ժղովուրդը միաձայն չվճարի նոր ուղեվարձը, բանախոսը ասաց, որ այդ գաղափարը անիմաստ է, որ դա ընդամենը կոնֆլիկտ կառաջացնի վարորդի և ուղևորի միջև, ոչ թե` ուղևորի և պետության:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ