Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեծ շուքով մեկնարկեցին «Արամ Խաչատրյան» փառատոնը և Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի ուղղված է երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ փուլի հաղթողների անունները պարզ կդառնան հունիսի 11-ին։ Մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հունիսի 14-ին կանցկացվի մրցույթի գալա համերգը, տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։ Նշենք, որ առաջին մրցանակակիրը կստանա 15 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը գրաված մասնակիցը՝ 10 հազար դոլար, երրորդ մրցանակակիրը՝ 5 հազար դոլար։ Բոլոր այն մասնակիցները, որոնք կանցնեն եզրափակիչ փուլ, կստանան 2-հազարական դրամ մրցանակ։
Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշում է, որ մասնակիցների ընտրության հարցում հաշվի են առնվում կատարողական տեխնիկան, ձայնի որակը, ոճի զգացողությունը, կոմպոզիտորի «մտածածը»արտահայտելը, ընդհանուր էմոցիոնալ մասը:
Այս տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է նոր կարգավիճակով։ Շնորհիվ իր բարձր մակարդակի ու մեծ հեղինակության՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ. մայիսին դարձավ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։ Այսուհետև մեր մեծ կոմպոզիտորի անունը կրող մրցույթը կլինի այնպիսի մի հեղինակավոր ընտանիքում, որի անդամ են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։
Մրցույթին ներկա լինելու համար Հայաստան էին ժամանել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ Պավել Կոգան (Մոսկվայի Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր), Կարեն Խաչատրյան (արվեստագետ, Արամ Խաչատրյանի որդին), Մարկ Զիլբերքվիթը (Չայկովսկու բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ, «Մուզիկա» հրատարակչության գլխ. տնօրեն, «Պ. Յուրգենսոն» հրատարակչության խորհրդի նախագահ), պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիթգենշտայն-Բերլեբուրգը և պատվավոր այլ հյուրեր։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարևորում է պետության հովանավորությունն Արամ Խաչատրյանի ստեղծագործության հանրահռչակման գործում։ Նա նաև ընդգծում է, որ մրցույթի հանրահռչակման հարցում մեծապես աջակցում է հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով մշտապես կազմակերպիչների կողքին է։
Կոմպոզիտորի որդի, արվեստագետ Կարեն Խաչատրյանը մրցույթի անցկացումն անվանեց մեծ իրադարձություն։ Նա նկատեց, որ իր համար Երևան այցելությունը միշտ շատ հուզիչ է, քանի որ Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով, նա այստեղ տեսնում է հոգևոր հզոր կապ հայ ժողովրդի և Արամ Խաչատրյանի միջև։ ՙԵս զգացմունքային լիցքեր եմ ստանում Հայաստանում։ Միաժամանակ ինձ մոտ հուշեր են արթնանում. բազմաթիվ անգամներ եմ Արամ Խաչատրյանի հետ եղել Հայաստանում, այս դահլիճում։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել հայ ժողովրդին, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներին Արամ Խաչատրյանի նկատմամբ ունեցած մեծ սիրո ու հարգանքի համար՚,- նշեց Կարեն Խաչատրյանը։
Մրցույթի երկրորդ փուլ անցած թավջութակահար, Հունասատանը ներկայացնող Գիորգոս Կոտսիոլիսը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սա իր երկրորդ մրցույթն է, թավջութակ նվագում է 6 տարեկանից, մի քանի ամիս է՝ պատրաստվում է մրցույթին և հույս ունի՝ իր բոլոր ելույթները հաջող կանցնեն։
Մրցույթի պատվավոր հյուրերից է Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիթգենշտայն-Բերլեբուրգը, ով երկրորդ անգամ է Հայաստանում։ Նա ծանոթ է Խաչատրյանի երաժշտությունը, առաջին անգամ այս տարի՝ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը լսեց Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը, և շատ տպավորված է։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ