ՄԱԿ-ի գրասենյակում երեկ բացվեց «Մշակութային միջազգային երկխոսություն» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրերին:
Ցուցադրվեցին հայ լուսանկարչուհի, արվեստագետ Տաթև Մնացականյանի սև ու սպիտակ լուսանկարները՝ նվիրված հայ և եգիտպտացի հայտնի նկարիչներին և քանդակագործներին:
Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը արժանավոր արվեստագետների նկատմամբ, ովքեր նվիրել են իրենց կյանքը արվեստի զարգացմանն ու խաղաղությանը, հանդուրժողականությանն և մշակութային բազմազանության խթանմանը:
Տաթև Մնացականյանը նախատեսում է ներառել Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների, Կանադայի և Ռուսաստանի այն երկրներն ու քաղաքները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ և որոնք ծառայում են որպես ազգերի միջև մշակութային կամուրջ:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչը` Մարիա Դոցենկոն, իր ելույթում ասաց. «Հայկական արվեստի, դրա հարուստ ավանդույթների միջոցով, որոնք զարգացրել են իրենց ուժն ու գունագեղությունը տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկին, մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սևեռել մշակութային բազմազանության, հանդուրժողականության և տարբեր ազգերի միջև երկխոսության խթանման վրա: Ես հավատում եմ, որ արժանավոր արվեստագետներին մեծարող այս ցուցահանդեսը հաջորդ երիտասարդ սերնդին կօժտի ստեղծագործ մտքով: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ ուղղված խաղաղության, մշակութային բազմազանության, գենդերային հավասարության և կայուն զարգացման ապահովմանը»:
Ընդգծելով այս տարվա թեման՝ «Ստեղծագործ միտք՝ հաջորդ սերունդը», Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրենսիս Գարին, կոչ արեց երիտասարդներին երազել անհնարինի մասին: «Իմ ուղերձն է հաջորդ սերդին շարունակել ստեղծագործել, շարունակել նորարարությամբ զբաղվել: Եվ շարունակել մտածել, թե մտավոր սեփականությունն ինչպես պետք է իրագործի իր դերը՝ ուղղված ապագայի ստեղծագործ մտքի և նորարարության հասարակական կառավարմանն ու պաշտպանությանը»:
Լուսանկարիչ Տաթև Մնացակայնանն էլ հավելեց, որ իր այս աշխատանքներով ցանկանում է խթանել հայ արվեստի գեղեցկությանը և հանդուրժողականության ու բազմազանության հանդեպ հարգանք սերմանել: «Շնորհիվ ՄԱԿ-ի ՝ ես կարողացա կիսվել հանրության հետ իմ աշխատանքներով, որոնք նախկինում ցուցադրվել են ՀՀ Ազգային ժողովում և Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում»,-ասաց նա:
Նշենք`ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի ՄԱԿ-ի գրասենյակում մինչև մայիսի վերջ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ