03.06.2013|
15:16
ՀՀ գլխավոր դատախազության մամլո կենտրոնից հաղորդել են, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել են մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը: Երկուսն էլ կասկածվում են սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռքբերելու ու պահելու մեջ: Դատախազությունը նշում է. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ: Դեպքին նախորդող և հաջորդող իրադարձությունների առնչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը: