ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավելանո՞ւմ ենք, թե՞ պակասում

Ավելանո՞ւմ ենք, թե՞ պակասում
05.08.2008 | 00:00

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Օրեր առաջ Վրաստանում ՌԴ դեսպանը հետաքրքիր մի հայտարարություն արեց, ըստ որի` մի քանի տասնամյակ հետո Վրաստանը, որպես պետություն, կարող է և գոյություն չունենալ: Հասկանալի է՝ այս արտահայտությունը շատ խիստ ընդունվեց մեր հարևան երկրում, թեև պետք է նշել, որ այդպիսի ապագան հնարավոր է, հաշվի առնելով այն փաստը, որ ժողովրդագրական պատկերը հարևան երկրում բավականին վատ վիճակում է:
Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի պարագայում: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական հարցերի հանձնախմբի հաշվարկների, 2025-ին Հայաստանի բնակչության թիվը կկազմի 2,6 մլն մարդ, այսինքն՝ ավելի քիչ, քան ներկայումս: Ի՞նչ է սա նշանակում: Այն, որ այդ պարագայում երկիրը կարող է հայտնվել անհետացող ազգերի ցանկում, քանի որ պարզ չէ, թե ինչպիսին կլինի այդ բնակչության սեռատարիքային կազմը, և արդյոք հնարավոր կլինի՞ ապահովել երկրի բնականոն զարգացման գործընթացը: Չպետք է մոռանալ, որ առանց բնակչության բնականոն աճի անհնար է ինչ-որ ռազմավարական կանխատեսումներ կատարել: Պատահական չէ, որ Անգլիայում ժողովրդագրական քաղաքականության հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև 2050-ը Անգլիայի տնտեսական կայուն զարգացման համար անհրաժեշտ է ներգաղթի միջոցով ապահովել 60 մլն մարդու ներհոսք, ինչն էլ հնարավորություն կընձեռի Անգլիային պահպանել տնտեսական և քաղաքական առաջատար դիրքերն աշխարհում:
Ժողովրդագրական հիմնախնդիրների վերաբերյալ ամենաբարձր մակարդակով հստակ քաղաքականություն մշակվեց Ռուսաստանում: Այս առումով Ռուսաստանը իրոք, անհանգստանալու կարիք ունի: Միայն տարեկան կտրվածքով բնական հավելաճը բացասական է 600 հազար մարդով, և այսպիսի շարունակության պարագայում, ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական քաղաքականության մասնագետների, 2025-ին նրա բնակչության թիվը կկազմի 130 մլն, իսկ 2050-ին՝ 110 մլն մարդ, որը Ռուսաստանի նման հսկայական տարածք ունեցող երկրի համար պարզապես կործանում է: Եվ ինչպես վկայում են վիճակագրական փաստերը՝ Ռուսաստանի ազգային ծրագրի շրջանակներում ընդգրկված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերից, յուրաքանչյուր 2-րդ երեխայի ծնվելու պարագայում 280 հազար ռուբլու հատկացումն արդեն իսկ տվել է իր առաջին դրական արդյունքները. Ռուսաստանում վերջին 15 տարիներին առաջին անգամ ծննդաբերության աճ է գրանցվել: Բացի այդ, առաջին իսկ երեխայի ծնվելու պարագայում ՌԴ կառավարությունը ծնողներին ամսական 200 դոլարին համարժեք գումար է հատկացնում: Նմանատիպ քաղաքականություն գոյություն ունի նաև Բելառուսում, որտեղ պետությունը նորակազմ ընտանիքներին փորձում է ապահովել հիպոթեքային վարկավորմամբ լավ պայմաններով բնակարանով, իսկ յուրաքանչյուր երեխայի մինչև 3 տարեկան դառնալը վճարում է 150 դոլար: ՈՒկրաինայում էլ երեխա ծնվելու պարագայում պետությունը մոտ 1500 դոլար միանվագ գումար է հատկացնում ծնողներին:
Իսկ Հայաստա՞նը: 1991-ից ի վեր ՀՀ-ում վերոհիշյալ հարցերին ընդհանրապես որևէ կանոնակարգված մոտեցում չի ցուցաբերվել: Թեև արդեն մեկ տարուց ավելի է` Հայաստանում շրջանառության մեջ է դրվել ժողովրդագրական քաղաքականության ծրագիրը, սակայն դրա էությունն այն է, որ ընդամենը 300 հազար դրամ է նախատեսված յուրաքանչյուր երրորդ երեխայի ծննդյան համար: Մինչդեռ ներկայումս երեք երեխաներից բաղկացած ընտանիքները Հայաստանում բավականին քիչ են:
Այս ծրագիրը մշակողները երևի մոռացել են, թե երեխայի ծննդաբերության պարագայում ծնողները որքան գումար են թողնում հիվանդանոցում, որտեղ ամեն կերպ ձգտում են ինչքան կարելի է շատ գումար կորզել: Թեև վերջերս կառավարության որոշմամբ ծննդաբերող կանանց սկսեցին հատկացնել ծննդաբերական վկայականներ, որով բոլոր ծախսերը փաստացի իր վրա է վերցնում կառավարությունը, և որի PR-ը լայնորեն կատարվում է վերջին ժամանակաշրջանում, սակայն փաստ է, որ ծնողներն ինչպես վճարել, այնպես էլ վճարում են հավելյալ գումարներ:
Իսկ հետծննդաբերական ժամանակաշրջանի համար ծնողները փաստացի ոչ մի գումար էլ չեն ստանում: Աշխատող բազմաթիվ կանայք օրենսդրական ոչ լիարժեք պաշտպանվածության պայմաններում, աշխատանքից չզրկվելու համար խուսափում են երեխա ունենալուց, քանի որ հետագայում աշխատանքի վերականգնվելը բավականին դժվար գործընթաց է: Ինչ խոսք, պետական աջակցության բացակայության պայմաններում խոսել ժողովրդագրական իրավիճակի որևէ փոփոխության մասին այնքան էլ իրատեսական չէ:
Հայաստանի ժողովրդագրական կորուստներն զգալի են նաև այն պատճառով, որ արտագաղթի հետևանքով շատ երեխաներ ծնվում են արտասահմանում, և այդ տեսանկյունից մեր կորուստն ավելի մեծ է: Իսկ այն, որ այնտեղ ծնված երեխաների վերադարձը քիչ հավանական է, բացատրվում է նրանով, որ նրանց մեծամասնությունն արդեն իսկ կրթություն է ստանում բնակության երկրի լեզվով, և ծնողները, երեխաների լեզվական բարդությունները հաշվի առնելով, դժվար թե վերադառնան Հայաստան:
Իրերի այսպիսի շարունակության պարագայում հարց է ծագում, թե ապագայում ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու, և ովքե՞ր են այնտեղ բնակվելու:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7177

Մեկնաբանություններ