ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Այսօր հայկական էստրադային երգը նմանվել է սերիալի»

«Այսօր հայկական էստրադային երգը նմանվել է սերիալի»
07.10.2008 | 00:00

ԿԴԱՏՎԵ՞Ն ՖՈՆՈԳՐԱՄԱՅՈՎ ԵՐԳՈՂ ԵՐԳԻՉՆԵՐԸ
Երգի պետական թատրոնն այն կառույցն է, որտեղ տարիներ շարունակ կրթվել ու բեմում իրենց առաջին քայլերն են արել մեր երգարվեստի շատ ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք շարունակում են հավատարիմ մնալ երգարվեստում իրենց սկզբունքներին` ներկայացնելով որակյալ արվեստ, ոմանք էլ, տրվելով շուկայի պահանջարկին, մեր էստրադայում ստեղծել են մի իրավիճակ, որտեղ խառնվել են էստրադային ու հարսանեկան երգերը, մաքուր հնչողությունն ու «կլկլոցային» ձայները: «Էստրադային ժանրն արժեզրկվել է ինձ համար»,- ասում է Երգի պետական թատրոնի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որն «Իրավունքը de facto»-ի այսօրվա հյուրն է:
-Անցյալ տարի Ձեր կազմակերպած` «Մենք նորոգում ենք մեր թատրոնը» խորագրով համերգի նպատակը Երգի պետական թատրոնի դահլիճի վերանորոգումն էր: Կարողացա՞ք համերգից ստացված հասույթն իր նպատակին ծառայեցնել:
-Թատրոնի դահլիճի վերանորոգմանը ձեռք մեկնեցին համապատասխան պետական մարմինները: Հանրապետության նախագահի աջակցությամբ սկսեցինք և շուտով կավարտենք վերանորոգման աշխատանքները: Իսկ այդ համերգից ստացված հասույթը կօգտագործվի տեխնիկական սարքավորումների վրա: Անցած տարիներին էլ մեր դահլիճը «տնքալով» էր ծառայում իր նպատակին, իհարկե, ոչ որպես դահլիճ. այն մեծ փորձասենյակ էր դարձել մեզ մոտ ուսանող երկու հարյուր երեխաների համար: Այս տարի նախատեսում ենք մեր ամենամյա «Սուրբ ծննդյան հանդիպումները», որոնք սկսվում են դեկտեմբերի 25-ին, կազմակերպել արդեն վերանորոգված ու տեխնիկապես վերազինված դահլիճում:
-Իսկ ե՞րբ կհաջողվի վերանորոգել Երգի պետականն ամբողջությամբ:
-Դրա համար լուրջ գումարներ են պետք, ինչն այս պահին չունենք: Չեմ էլ սիրում շարունակ «ուզվորի» դերում լինել: Կարծում եմ` Երգի պետականի վերանորոգմանը կօգնի նաև հենց վերանորոգված դահլիճը, և որոշ աշխատանքներ էլ ինքնուրույն կանենք: Իննսունչորս թվականին, երբ սկսեցին վերանորոգել հանրապետության թատրոնները, ես համեստաբար լռում էի ու սպասում մեր թատրոնի վերանորոգման հերթին: Բարեբախտաբար, այդ սպասումը նկատվեց ու գնահատվեց պետության կողմից (ուրախությամբ պետք է ասեմ, որ միայն դահլիճը վերանորոգելով չի սահմանափակվելու պետական աջակցությունը): Երգի պետականը դարբնոց է, որը մեծ դեր ունի սերունդների դաստիարակման և նրանց ճիշտ ու իսկական արվեստին մոտ պահելու գործում:
-Երգի պետականի անմխիթար պայմաններն անդրադառնո՞ւմ են Ձեր թատրոնի դիմորդների թվաքանակի վրա:
-Ոչ: Մեր թատրոն ընդունվելու համար վերջերս երեք օրվա ընթացքում ես լսեցի մոտ երեք հարյուր երեխայի, ինչն արդեն խոսուն ապացույց է: Իհարկե, նրանցից բոլորը չէ, որ հետագայում կշարունակեն մնալ երգարվեստում, բայց այստեղ սովորած երկու տարին, վստահ եմ, լուրջ ազդեցություն կունենա նրանց դաստիարակության ու որպես մարդ ձևավորվելու վրա։
-Դուք մեր երգարվեստի պրոֆեսիոնալներից մեկն եք և տարիներ շարունակ կրթել ու մեծ բեմ եք ճանապարհել մի քանի սերունդ՝ նրանց պահելով ճշմարիտ արվեստի ուղու վրա: Այսօր Ձեզ գոհացնո՞ւմ են մեր երգարվեստը և հատկապես հայ էստրադան:
-Ես ոչ միայն դժգոհ եմ այսօրվա մեր երգարվեստից, այլև, խոստովանեմ, էստրադային ժանրը վարկաբեկվել է իմ աչքում: Ես նկատում եմ այնպիսի երևույթներ, որոնք գռեհիկ են, անընդունելի ականջի և հոգու համար: Ցավում եմ, որ Երգի պետականի առաջին սաներից կամ, ինչպես ընդունված է ասել, երգարվեստի հին սերնդից շատերն անգամ ենթարկվում են շուկայի պահանջարկին ու իրենց սկզբունքներին դեմ գնալով՝ երգում են այնպիսի երգեր, որոնք շահութաբեր կարող են լինել: Ես հասկանում եմ, որ երգելով նրանք պետք է նաև իրենց ֆինանսական վիճակը կարգավորեն, բայց այդ ամենը կարելի է անել գոնե ճաշակով երգեր երգելով: Կամ պետք է «կիսեն» իրենց արվեստը. երգեն և՛ շուկայում պահանջարկ ունեցող երգեր, և՛ այնպիսի բարձրորակ երգեր, որոնք չեն աղավաղի էստադա կոչվող ժանրը: Վստահ եմ, որ մենք ունենք շատ լավ երգիչներ, որոնք կարող են ճաշակ թելադրել, բայց չեն անում, ինչն ինձ շատ է անհանգստացնում: Այսօր հայկական էստրադային երգը նմանվել է սերիալի. ինձ համար այն մի մեծ երգ է` տարբեր մասերի բաժանված:
-Շատերն այսօրվա մեր էստրադայում տիրող անճաշակությունն ու անորակությունը վերագրում են նոր սերնդի ներկայացուցիչներին: Համամի՞տ եք:
-Ոչ: Այսօրվա երգարվեստում երիտասարդական շունչ կա, և դա նոր սերնդի ներկայացուցիչների շնորհիվ է: Պետք չէ նրանց քննադատել: Նրանց մեծամասնությունը կրկնօրինակում է այն, ինչ տեսնում է նախորդ սերնդի մոտ: Այսօր հայտնվել են նաև ինչ-որ անհայտ պրոդյուսերներ, և մի կողմից էլ նրանք են շեղում նոր սերնդին: Նկարում են մի քանի անորակ տեսահոլովակներ և, մտածելով միայն ֆինանսական եկամտի մասին, նրանց մղում հարսանիքներում ու խնջույքներում երգելու: Արդյունքում տվյալ երգիչը կորցնում է իր դեմքը: Ես հպարտորեն եմ խոսում Սոնա Շահգելդյանի արվեստի մասին: Գուցե նրան չեն հրավիրում շատ համերգների` շուկայական երգեր չերգելու համար, ոչ էլ նա շատ հարուստ ընտանիքից է, որ ֆինանսական խնդիր չունենա, պարզապես երգարվեստում ունի սկզբունքներ, որոնց չի դավաճանում: Իսկական արվեստն այդպես է ծնվում:
-Իսկ այսօրվա պայմաններում որքա՞ն կհաջողվի Սոնային և նրա նման երգիչներին՝ իրենց սկզբունքներին հավատարիմ մնալ:
-Վստահ եմ, որ նա ու նրա նման սկզբունքային երգիչները երբեք չեն փոխվի, ինչպես չփոխվեց Տաթևիկ Հովհաննիսյանը: Նա էլ, բնակվելով ԱՄՆ-ում, կարող էր թողնել ջազն ու երգել սփյուռքում սիրված «տաշի-տուշի» երգեր, բայց չդավաճանեց ինքն իրեն:
-Մեր երգարվեստի ներկայիս վիճակի համար երբեմն մեղադրանքներ են հնչում նաև Երգի պետականի վերաբերյալ, ասելով, թե անգամ նրանք, ովքեր ուսանել են այստեղ, տարիների ընթացքում սկսում են անճաշակ երգեր երգել, և Երգի պետականը կարծես կորցնում է իր նշանակությունը:
-Երգի պետական թատրոնում սովորելու տարիներին այդ երգիչներից ոչ մեկը երբևէ չի երգել անճաշակ ու անորակ երգեր: Այստեղից հեռանալուց հետո նրանք այս ասպարեզում արդեն ինքնուրույն մարդիկ են` իրենց սկզբունքներով, և իրենք են որոշում իրենց հետագա ճանապարհը: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ մեղք ունի Երգի պետականը, կամ` ի՞նչ կարող եմ անել ես, եթե այստեղից հեռանալուց տարիներ հետո նրանցից ոմանք սկսում են «կլկլացնելով» երգել, ինչն այսօրվա շուկայի պահանջարկն է դարձել: Ես շարունակում եմ նրանց, ովքեր ընդունում են իմ խոսքը, խորհուրդ տալ չդավաճանել իրենց սկզբունքներին ու չվազել գումարի հետևից, երգել որակյալ ու ճաշակով երգեր: Բայց բռնանալ նրանց գործունեության վրա ես չեմ կարող և իրավունք էլ չունեմ:
-Վերջապես մեր երկրում էլ ստեղծվեց մշակութային հեռուստաալիք` «Արարատը», որը նպաստելու է մեր մշակույթի ճիշտ ներկայացմանն ու զարգացմանը: Ի՞նչ եք կարծում՝ այս հեռուստաալիքի շնորհիվ երգարվեստու՞մ էլ դրական տեղաշարժ կնկատվի:
-Հեռուստատեսությունը մեծ դեր ունի մշակույթը ճիշտ ներկայացնելու գործում, և ուրախ եմ, որ այս ալիքով կրճատվել են էստրադային հատկացվող եթերաժամերը, իսկ ցուցադրվող տեսահոլովակներն անորակ չեն: Բայց միայն «Արարատը» չի կարող պայքարել անորակ տեսահոլովակների դեմ, դրանով պետք է զբաղվեն նաև այլ հեռուստաընկերություններ: Ուրախ եմ նաև, որ ստեղծվել է «Բենեֆիս» հաղորդումը, որտեղ երգիչը մեկ ու կես ժամ երգում է կենդանի հնչողությամբ: Այս դեպքում արդեն ժողովուրդը կարող է տեսնել` ով ով է, ու գնահատել ըստ արժանվույն: Ես չեմ կարողանում հասկանալ` ո՞նց կարելի է բարձրանալ բեմ և կենդանի հանդիսատեսի առջև երգել անկենդան երգեր` պարզապես շարժելով բերանը և ի ցույց դնելով շքեղ հագուստներն ու մարմինը: Համոզված եմ, որ մեր երկրում էլ, ինչպես արդեն շատ երկրներում, կգա մի ժամանակ, երբ կդատվեն ֆոնոգրամայով երգող երգիչները: Այդ դեպքում երգարվեստը շատ արագ կմաքրվի:
Զրուցեց Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ