ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետությո՞ւն, թե՞ ՓԲԸ

Պետությո՞ւն, թե՞ ՓԲԸ
22.10.2012 | 17:41

Վերջին օրերին արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցում, փաստացիորեն, ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը, որն ավելի շատ բաժակաճառ է հիշեցնում, քան իրագործելի ծրագիր: ՈՒշագրավ է, որ պաշտոնաթող դիվանագետի վերջին մեկ տարվա հրապարակային գործողությունների, հայտարարություն-ելույթների ու սոցիալական ցանցերում «ստատուսների» հիմնական մեխը «քաղաքական հակակշիռների» ստեղծման գաղափարի արծարծումն է:

Ըստ էության, Օսկանյանը պնդում է, թե երկրի չարիքների պատճառն այն է, որ ՀՀԿ-ն իր ձեռքում է կենտրոնացրել իշխանությունը, և, եթե ստեղծվի հակակշիռ` ի դեմս ԲՀԿ-ի, ապա հնարավոր կլինի «կարգի բերել պետական համակարգն ու առողջացնել քաղաքական համակարգը»: Խոսելով «քաղաքական հակակշիռների մասին»` Օսկանյանը, փաստացիորեն, հասկացնում է, որ ԲՀԿ-ն հավակնում է կիսելու իշխանությունն իշխող հանրապետականի հետ և մասնաբաժին է պահանջում: Այդ է պատճառը, որ միջին տրամաչափից բարձր ԲՀԿ-ականները առիթը բաց չեն թողնում շեշտելու, թե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն ընտրություններում կես միլիոն ձայն է հավաքել և հայաստանյան ամենակարևոր քաղաքական ուժն է: Ի դեպ, ԲՀԿ-ականներն առիթը բաց չեն թողնում նաև ակնարկելու, թե 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել և «իրական ձայներ» ունի միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հավելենք նաև, որ «իրական ձայների» մասին խոսելով` ԲՀԿ-ն, փաստացիորեն, ակնարկում է, որ ՀՀԿ-ի ձայները ձեռք են բերվել վարչական լծակների և այլ ոչ օրինական լծակների օգտագործման ճանապարհով: Եվ դա այն դեպքում, երբ 2012 թ. մայիսի 7-ի դրությամբ ԲՀԿ-ն ևս իշխանության մաս էր` կառավարությունում ունենալով նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ ու փոխմարզպետներ: ՈՒստի և հարց է առաջանում. ի՞նչ է, ԲՀԿ-ն չի՞ օգտագործել իր տիրապետած վարչական ռեսուրսը, և արդյոք ԲՀԿ-ն ֆինանսական լծակ չի՞ գործածել ձայներ հավաքելու համար:
Թերևս, ճիշտ կլիներ, որ «ԲՀԿ իրական ձայների» մասին խոսակցությանը իշխանությունը բացեիբաց պատասխաներ վերը նշված հարցադրումներով, հակառակ դեպքում ստացվում է, որ միայն ՀՀԿ-ն է կեղծել ընտրությունները, իսկ ԲՀԿ-ն, լինելով իշխանություն, մաքուր ձայներ է հավաքել: ՈՒշագրավ է, որ «քաղաքական հակակշիռներից» խոսող Վարդան Օսկանյանը մոռանում է, որ 2008-2012-ին ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի կազմում է եղել, և, ըստ էության, լուծված է եղել հակակշիռների հարցը, քանզի ԲՀԿ-ն ունեցել է մի շարք ոլորտներ, որոնց կառավարման և բարեփոխման համար քաղաքական պատասխանատվություն է կրել: Այս դեպքում էլ հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում 2008-2012-ին ԲՀԿ-ին քաղաքական հակակշռի դերակատարություն ստանձնելու, և ի՞նչ դրական օրենսդրական նախաձեռնություններով է կուսակցությունը հանդես եկել ԱԺ-ում, ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել իրեն վստահված ոլորտներում, բացի, իհարկե, քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում վերջերս ջրի երես ելած չարաշահումներից:
Ինչևէ, այս ամենը դժվարըմբռնելի խնդիրներ են միջին վիճակագրական ընտրողի համար, մինչդեռ հայաստանյան քաղաքականությունը փորձագիտական մակարդակով ուսումնասիրողները շատ լավ հասկանում են ԲՀԿ-ականների ուզածն ու նման գործելոճի շարժառիթը: Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ականներն իշխանությունը դիտարկում են ոչ թե որպես սեփական գաղափարներն իրականացնելու միջոց և նպատակ, այլ իշխանության ընձեռած ֆինանսատնտեսական հնարավորություններից օգտվելու միջոց-նպատակ: Կարելի է ասել, որ Օսկանյանի առաջ քաշած «քաղաքական հակակշիռների» գաղափարի վերջնանպատակը «փայն է», կամ այլ կերպ ասած` «քաղաքական տորթից մի լավ պատառ պոկելու» ցանկությունը: Ընդհանուր առմամբ, տպավորությունն այնպիսին է, որ ԲՀԿ կիսաընդդիմադիր քաղաքական վարքագծի պատճառն իշխանությանը վերջնականապես չնեղացնելն է: Հենց այս պատճառով էլ ԲՀԿ ղեկավարությունը խուսափում է նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցվող բացահայտ քննադատությունից և դա անում է անուղղակի կերպով` քննադատելով վարչապետ Սարգսյանին:
Նշենք, որ ցայսօր Վարդան Օսկանյանի առաջ քաշած «հակակշիռների համակարգի» վերաբերյալ խորքային վերլուծություններ չեն եղել, և ոչ էլ հնչել են քաղաքական գնահատականներ: Մինչդեռ պաշտոնաթող դիվանագետի առաջ քաշած գաղափարը, կասկածից վեր է, որ համաձայնեցված է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև` իր նախկին պատրոնի հետ: Եվ ինչքան էլ Ծառուկյանը փորձի զատել իրեն Վարդան Օսկանյանից, կամ վերջինիս նախկին շեֆը փորձի չերևալ ԲՀԿ-ի թիկունքում, միևնույն է, Հայաստանը փոքր երկիր է, որտեղ տեղեկությունը տարածվում է կայծակնային արագությամբ և շատ դժվար է գաղտնի պահել «քաղաքական տրամաբանության» նրբերանգները: Եվ, ուրեմն, ո՞րն է Ծառուկյան-Քոչարյան-Օսկանյան եռյակի նպատակը: Սա հասկանալու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի պետական համակարգում վարչապետի պաշտոնն առանցքային նշանակություն ունի և տնտեսության կարգավորման բնագավառում կառավարության ղեկավարը սահմանադրությամբ ամրագրված մեծաթիվ գործառույթներ ունի:
ՈՒստի, ֆինանսատնտեսական խնդիրները լուծելու համար ստեղծված ԲՀԿ ճարտարապետներն ամեն գնով փորձում են տիրանալ վարչապետի պաշտոնին: «Կես միլիոն իրական ձայն» ունեցող կուսակցության փայատերերին, անշուշտ, հետաքրքրում է իրենց կուտակած կապիտալի ապագան, որը չփոշիացնելու, ստվերում մնալու և բազմապատկելու համար անհրաժեշտ է ներքաշվել քաղաքական գործընթացներում` գերխնդիր ունենալով դրոշ դնել նախագահականում, կամ էլ, առնվազն, կառավարությունում: Այդ է պատճառը, որ 2013 թ. նախագահի ընտրության նախաշեմին ԲՀԿ-ն փորձում է քաղաքական դաշտում «տեկտոնիկ շարժումներ» կազմակերպել, ինչը կարող է նոր իրավիճակ ստեղծել: Եվ այդ նոր իրավիճակի պայմաններում հնարավոր է սակարկել իշխանության հետ ու պոկել վարչապետի պաշտոնը:
Բնականաբար, «կիսաընդդիմադիր ճամբարում» հասկանում են, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ստանձնել վարչապետի պաշտոնը: Հստակ է նաև, որ վարչապետի պաշտոնում չի կարող նշանակվել նաև Ռոբերտ Քոչարյանը: Այդ պատճառով էլ գործի է դրվել ԲՀԿ-ի «ծանր հրետանին»` Վարդան Օսկանյանը, ում դիտարկում են որպես վարչապետի պաշտոնում ԲՀԿ-ական հիմնական թեկնածու: Փաստորեն, ԲՀԿ-ի ղեկավարների ուզած «քաղաքական հակակշիռների» գաղափարը հանգում է հետևյալ «տրամաբանությանը». ՀՀԿ-ն միանձնյա տիրապետում է պետության կառավարման օրենսդիր և գործադիր մարմիններին, ուստի պետք է հակակշռել, «փայ ուզել», անել այնպես, որ գործադիրում ԲՀԿ-ից ներկայացուցիչ լինի եթե ոչ Բաղրամյան 26-ում, ապա գոնե Հանրապետության հրապարակում: Իսկ թե ի՛նչ գաղափարախոսությամբ և ինչ ծրագրով է ԲՀԿ-ն պատրաստվում վարչապետ կարգելու Վարդան Մինասիչին, դա արդեն կարևոր չէ, դրա մասին ԲՀԿ-ականները չեն էլ ուզում մտածել` սովորություն ունենալով մշտապես հարցը տեղափոխելու «հաջորդ դասին»:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ. Գ.- Արդյունավետ կլինի քննարկումների առարկա դարձնել տարբեր քաղաքական ուժերի մոտեցումները պետականության, պետական համակարգի և դրա զարգացման հեռանկարների մասին: Հակառակ դեպքում մշտապես ականատեսն ենք լինելու մի իրավիճակի, երբ երկրի նյութական հարստության զգալի մասը վերահսկող մարդիկ փորձում են իշխանության հասնել հանուն իրենց կապիտալի պահպանման ու մեծացման` պետությունը դիտարկելով ոչ թե որպես հանրային կյանքը կարգավորող գերագույն ինստիտուտ, այլ որպես ՓԲԸ, որտեղ մասնաբաժին են ունենում միայն ամենահետադիմական հայացքներով կապիտալիստներն ու նրանց քաղաքական «ներքինիները»:

Դիտվել է՝ 24053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ