Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Երբ ելցինյան անարխիան գրեթե ոչնչացնում էր Ռուսաստանը, ԱՄՆ-ը դրան ամենևին դեմ չէր»

«Երբ ելցինյան անարխիան գրեթե ոչնչացնում էր Ռուսաստանը, ԱՄՆ-ը դրան ամենևին դեմ չէր»
03.02.2009 | 00:00

«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿԵԼ ԵՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պարոն Տեր-Հարությունյան, Ռուսաստանն իր հերթին իրականացրեց «Մեդվեդև» նախագիծը: Փաստորեն, գլոբալ աշխարհում ընթանում է «արյան երիտասարդացման» պրոցես: Բայց և Մեդվեդևի պարագան նուրբ է այնքանով, որ կա Պուտին, որը, ի տարբերություն Բուշի, իր հետևից դուռը չծածկեց ու չհեռացավ, այլ, հակառակը, Ռուսիո «սիլավիկներին», արտաքին քաղաքականությունը, դե, տնտեսությունն ինքնին, վերցրեց իր ազդեցության ներքո:
-Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան զարգացումների առնչությամբ հնչում էր երկու վարկած. մեկը, որ Պուտին-Մեդվեդև հարաբերություններն անխուսափելիորեն կվատանան, և այդ հակասությունների արդյունքում Ռուսաստանը չի կայանա որպես տերություն: Բայց, կարծես, այդ վարկածը գոնե անցնող և ներկա ժամանակահատվածում քննություն չի բռնում և տեղ է բացում երկրորդ վարկածի համար. այն է` Պուտինն ու երիտասարդ նախագահը կկարողանան սինխրոն աշխատել միմյանց հետ: Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ Պուտինի ստեղծած «Մեդվեդև» նախագիծը նույնքան արդյունավետ է, որքան «Օբամա»-ն:
-Բայց տեսակետ կա, որ «Մեդվեդև» նախագիծը նույնպես ստեղծել են «Օբամայի» հեղինակները:
-Քավ լիցի, «գործին» մասնակցություն է ունեցել բացառապես ռուսական ընտրանին:
-Ինչո՞ւ այդքան միանշանակ: Չէ՞ որ նրանք, ովքեր իրենց ժամանակին ստեղծել էին «Պուտին» նախագիծը` Բորիս Ելցինի փեսա Ալեքսեյ Դյաչենկոն և Բորիս Աբրամովիչ Բերեզովսկին, ըստ ռուս փորձագետների, պակաս կապեր չունեին «Օբամա» նախագծի հեղինակների հետ:
-Գիտե՞ք, եթե անգամ ունեին, ապա դրանից փայլուն օգտվեցին ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները: Եվ ընդհանրապես, ես կողմնակից չեմ գաղափարին, թե կան ինչ-որ մարդիկ, ովքեր ղեկավարում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, այլ պետություններ, էլ չեմ ասում մեր մասին: Անշուշտ, մեծ քաղաքականությունում կա ընդհանուր դաշտ, կան ընդհանուր շահեր, բայց, կարծում եմ, նաև կան շահեր, որ վեր են յուրաքանչյուր երկրի, ազգի համար:
-Ասացիք` անցնող ժամանակահատվածն ապացուցեց, որ Ռուսաստանում երկրորդ վարկածն է հաղթում, և Պուտին-Մեդվեդև տանդեմը «երջանիկ» համակցում է։ Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև՝ ա) կա ժամանակի գործոնը, և ինչպես Պուտինը հրաժարվեց իր հոգևոր-հայր Ելցինից ու նրա շրջապատից, նույնը տարիների ընթացքում կկատարվի նաև այս դեպքում. բ) հակասություններն արդեն իսկ ակնառու են, և երիտասարդ Մեդվեդևը մի քանի անգամ ցույց է տվել «արջուկային իր ատամները»՝ դժգոհելով Պուտինից։ Ասենք՝ վերջին հակաճգնաժամային քաղաքականության հետ կապված միջադեպը:
-Կա նման տեղեկատվություն, բայց դա ոչ այնքան որպես օրինաչափություն, որքան որպես բացառություն հաստատում են Պուտին-Մեդվեդև սինխրոն տանդեմի վարկածը, քանի որ նրանք նույն շղթայով կապված են միմյանց, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Եվ ընդհանրապես, Ռուսաստանն այսօր բավական եռանդուն ղեկավարություն ունի` ի դեմս նույն Մեդվեդևի, որը ցույց տվեց՝ Ձեր կարծիքով՝ «ատամներ», փորձագետների կարծիքով՝ ունակություն, որ կարող է լինել նախագահ` Պուտինից հետո:
-Ռուսաստանյան «տանդեմի» նկատմամբ, պարոն Տեր-Հարությունյան, կարծես ավելի «սիրազե՜ղ» ու հայրաբար եք, քան Օբամայի նկատմամբ: Բայց անցնենք առաջ: Եվ այնուհանդերձ, ռուսական, առավել ճշգրիտ, պուտինյան մամուլն առիթը բաց չի թողնում՝ հիշեցնելու Մեդվեդևի որոշ «այիբներ». ասենք՝ անվերջ գրում են, որ Մեդվեդևը Մոսկվայի կենտրոնում մասնակցում էր հրեաների Խանուկայի տոնին, մոմի լույսի տակ ունկնդրում «Թորա», և որ նրա մայրն ու կինը, մեղմ ասած, ռուսներ չեն։
-Այո, նա մասնակցում է Խանուկայի տոնին, բայց փաստն այն է, որ ռուսական եկեղեցու հետ նրա հարաբերությունները շատ ավելի ջերմ են (երևի գիտեք, որ քսաներեք տարեկանում նա մկրտվել է ռուսական եկեղեցում): Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, թե դրանք լուրջ քաղաքական հիմք ունեցող «մեղադրանքներ» են: Ի դեպ, համաձայնեք, որ այդ «մեղադրանքները» կարող են նույնիսկ ինչ-որ չափով օգնել նրան մի շարք հարցերում:
-Համաձայնեցինք: Եվ այնուհանդերձ, նավթային «ասեղի» վրա նստած մեդվեդևյան Ռուսաստանն այսօր անչափ ծանր վիճակում է. նա ընկնում է ասեղի վրայից, և թե մինչև ուր կարող է հասնել այդ անկումը, շատ դժվար, եթե չասենք՝ դաժան է պատկերացնել:
-Նման տեխնոլոգիա, երբ արհեստականորեն ընկան նավթի և գազի գները, կիրառվեց նաև 80-ականներին` առաջին «սառը» պատերազմի տարիներին, ինչը, իհարկե, շատ լուրջ հարված էր Խորհրդային Միությանը:
-ՈՒզում եք ասել, որ նավթի ու գազի գների իջեցումը պլանավորված, «հնգամյակայի՞ն» քայլ է ոմանց կողմից:
-Համենայն դեպս, չի կարելի բացառել նաև նման մոտեցումը, և այդ վարկածին ռուսական վերլուծական միտքը շատ է անդրադառնում՝ արձանագրելով, որ հումքի գների իջեցումը «սառը պատերազմի» տնտեսական բաղկացուցիչներից մեկն է: Ինչ խոսք, ստեղծված իրավիճակը շատ ծանր է ռուսների համար, նրանք դեռ չէին կարողացել ամբողջացնել իրենց տնտեսական դիվերսիֆիկացման ծրագրերը, և հումքի գների անկումը շատ լուրջ հարված է Ռուսաստանի տնտեսությանը: Միևնույն ժամանակ, այժմյան իրադրությունը պետք չէ նույնացնել առաջին «սառը պատերազմի» հետ, որովհետև այսօր աշխարհն այնքան էլ ղեկավարելի չէ Միացյալ Նահանգների կողմից, ինչպես այն օրերին: Բոլոր դեպքերում, սա լուրջ փորձություն է լինելու Ռուսաստանի համար, ու եթե Մոսկվան կարողացավ դուրս գալ ճգնաժամից փոքր կորուստներով, իսկ կորուստներ անպայման լինելու են, դա մեծ հաջողություն կլինի այս երկրի համար:
-Արձանագրենք, սակայն, որ տնտեսական ճգնաժամը, հումքի գների անկումը «ոտքի կանգնող» Պուտինին, այն է՝ Ռուսաստանը, թուլացնելու ամենակարճ ճանապարհն էր:
-Այո, այդ առումով բավականին «էֆեկտիվ» իրավիճակ է:
-Ի դեպ, Պուտինը նույնպես բավականին «էֆեկտիվ» է պայքարում բոլոր կարգի «իրավիճակների» դեմ։ Մեկ նա վերցնում ու սպառնում է` «Չ րՈՐՑՌՐպ Ռւ ջՈՎՏփՌՎ», մեկ Սաակաշվիլուն է «համապատասխան տեղից» կախում, Քոնդոլիզա Ռայսին ու Գեյթսին է 40 րոպե սպասեցնում, ահա վերջերս էլ նրա կաբինետի ԱԳՆ նախարար պարոն Լավրովը, ոչ այս-ոչ այն, «չխոսեց» նորանշանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
-Գիտե՞ք, սկսած 2003-ից, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գտնվում են «սառը» պատերազմի իրավիճակում, որը երկուսի մոտ էլ շատ դասական դրսևորումներ ունի: Ի դեպ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները տարբերվում են նույնիսկ Ռուսաստան-Չինաստան հարաբերություններից. վերջին դեպքում դիամետրալ տարբեր քաղաքակրթություններ են, իսկ առաջինի դեպքում քրիստոնեական սպիտակ քաղաքակրթության տրամաբանությունն է գործում, և ներքաղաքակրթական մրցակցության խնդիրն այստեղ իրեն զգացնել է տալիս: Լարվածություն, իսկապես, կա:
-Իսկ բարեկրթությո՞ւնը, ի վերջո, կին գործիչ էր զանգահարողը:
-Կարծում եմ՝ այն «բարեկրթությունը», որը ցուցադրեց Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ը, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, երբ ելցինյան անարխիան գրեթե ոչնչացնում էր երկիրը, և որին Միացյալ Նահանգներն ամենևին դեմ չէր, դրա համեմատ այն, ինչ անում են այսօր ռուսները, շատ ավելի «փափուկ» դիվանագիտություն է: Իսկ ինչ վերաբերում է «նորանշանակ կանանց», ապա քաղաքականությունում գենդերային խնդիրներ չեն լինում, լինում են պրագմատիկ մոտեցումներ:
-Հետո էլ ռուսներն Օբամայի, դեմոկրատների հետ հույսեր են կապում: Ցանկանում են, որ ամերիկյան հակահրթիռային կայանները չտեղակայվեն Արևելյան Եվրոպայում, իրենց «չտեղակայված» «Իսկանդերներն» են հետ քաշում։ Այդպիսի ոչ «գենդերային» ստարտո՞վ:
-Այո, Ռուսաստանը հույս ունի, որ Օբաման ավելի փափուկ կգտնվի, և «տիկնոջ» հետ «չխոսելը» այն դիվանագիտական ժեստն է, որը թույլ կտա Օբամային լինել ավելի փափուկ, քան պարոն Բուշն էր: Դա դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկա է: Եվ, ի դեպ, այդ լուրը մի քիչ էլ շահարկվում է, որովհետև Հիլարի Քլինթոնի զանգից առաջ տեղեկատվություն կար, որ դիվանագիտական այդ «պրակտիկան» օգտագործել է նախ պարոն Օբաման, որին Մեդվեդևն էր առաջինը զանգահարել, իսկ Օբաման չէր պատասխանել զանգին:
-Հաստատ էդպես եղած կլինի։ Իր ընտրվելու առիթով էլ Օբաման շնորհակալություն էր հայտնել աշխարհի տասը երկրների առաջնորդներին, իսկ Մեդվեդևին դիտմամբ շրջանցել էր: Մխիթարեցիք: Անցնենք գլխավոր խնդիրներին:
-ԱՄՆ-Ռուսաստան գլխավոր խնդիրներից մեկը, այո, Ձեր մատնանշած՝ Արևելյան Եվրոպայում հակաօդային հրթիռների տեղակայման հարցն է: Գաղտնիք չէ, որ այդ հրթիռներն անմիջապես ուղղված են դեպ Ռուսաստան, և Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի դրանք չհայտնվեն այնտեղ:
-Եվ այնուհանդերձ, իրատես լինելու դեպքում պետք է արձանագրել, որ Օբաման ինչ-որ ժամանակ կխուսափի այդ հրթիռները տեղակայելուց, սակայն վերջնահաշվում կյանքի կկոչի Բուշի այդ նախագիծը ևս: Սակայն խոսենք մեզ համար առավել հետաքրքիր խնդրից՝ «Նաբուկոյից»։ Կհոսի՞ միջինասիական երկրների, Ադրբեջանի գազը դեպի «Նաբուկո», թե՞...
-Ոմանք «Նաբուկոն» համարում են ոչ ռեալ նախագիծ, սակայն եկեք հիշենք Բաքու-Ջեյհանը. այդ ժամանակ նույնպես գրում էին, որ նավթամուղի կառուցումը ռեալ չէ, բայց այսօր այն կա: Վերադառնալով «Նաբուկոյին»` պետք է ասել, որ տնտեսական առումով այն շատ մեծ ներուժ իր մեջ չի պարունակում, բայց Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը շատ հետևողական են նման խնդիրներում, և պետք է կարծել, որ այն կյանքի կոչելու համար արվելու է ամեն ինչ, որովհետև աշխարհաքաղաքական առումով «Նաբուկոն» անչափ հետաքրքիր է, և անգամ նրա վիրտուալ առկայությունն արդեն իսկ որոշակի դերակատարում ունի էներգետիկ քաղաքականությունում։ Այն դեռ չկա, բայց գաղափարն ազդում է էներգետիկ գլոբալ խաղացողների վարքագծի վրա, ինչը շատ կարևոր հանգամանք է: Այսպես ասած՝ այն արդեն սպառնալիք է, իսկ սպառնալիքը երբեմն ավելի գործուն է, քան բուն իրողությունը:
-«Նաբուկոյի» առնչությամբ քննարկվում է այդ գազատարը Հայաստանով անցկացնելու տարբերակը ևս: Շատ ուղիղ հարց` կթողնի՞ Ռուսաստանը նման բան:
-Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, այո, որոշակի վարվելաձև-պահելաձև ունի, որի առնչությամբ շատերն են ասում, թե նա «արջ» է...
-«Արջ» չէ՞:
-Չէ՛: Ռուսաստանը, այո, յուրօրինակ քաղաքակրթություն է: Միևնույն ժամանակ, մեր անվտանգության հիմնական երաշխիքը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ է, նրանց զորքերն են կանգնած Թուրքիայի հետ մեր սահմանում։ Եկեք երբևէ սա չմոռանանք:
-Բայց չէ՞ որ նույն «Նաբուկոյի» մեջ լցվելիք գազի դիմաց Ռուսաստանն Ադրբեջանին պատրաստ էր վճարել ոչ միայն եվրոպական շուկայական գին, այլև, ըստ որոշ փորձագետների, Հայաստանի հաշվին «վճարել» շատ բան, ասենք՝ Ղարաբաղը տալ Ադրբեջանին:
-Դե, դա փորձագետների կարծիքն է, որը, որպես կարծիք, կարող է գոյության իրավունք ունենալ: Իսկ ես ուզում եմ հիշել 1993-ը, երբ Թուրքիան ուզում էր իր զորքերը Նախիջևանից մտցնել Հայաստան։ Դա արձանագրված փաստ է, և այն արձանագրել է ոչ միայն ռուսական կողմը, այլև Հայաստանում Հունաստանի` ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեսպանը: Եվ ես էլ ուզում եմ ասել, որ Ռուսաստանի դերակատարումը մեր ազգային անվտանգության խնդրում երբեք ու երբեք չի կարելի թերագնահատել:
-Չպատասխանեցիք հարցին` թույլ կտա՞ Ռուսաստանը «Նաբուկոն» անցնի Հայաստանով:
-Պարզ է, որ «Նաբուկոն» նախագիծ է, որն ուղղված է նաև Ռուսաստանի դեմ, և, այո, Ռուսաստանը փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի այն կյանքի չկոչվի, և դա, այո, բխում է Ռուսաստանի ազգային շահերից:
-Ի՞նչ է տալու դրա դիմաց մեզ Ռուսաստանը:
-Նա ոչինչ պարտավոր չէ դրա դիմաց մեզ տալ:
-Այո, նա պարտավոր է դրա դիմաց մեզնից տանել ինչ-որ բան: «Ինչ-որ» չէ, մե՜ծ բան, ինչպես եղել է օրինաչափորեն և պատմականորեն:
-Պատմականորեն այսօր կա տեսություն, որ ռուսական զորքերի մուտքը Հայաստան 19-րդ դարի 20-30-ականներին Հայաստանի «գաղութացման» պրոցես էր:
-20-րդ դարի 20-ականներն առավել «դիտարժան» են. այդ ժամանակ Ռուսաստանը նույն Թուրքիայի հետ Հայաստանի հաշվին տարածաշրջանը վերաձևեց:
-Այո, եղել է նման բան: Եղել են շատ ուրիշ բաներ նույնպես, մասնավորապես, միշտ չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերը համընկել են, հաճախ դրանք հակասել են, ինչպես Ձեր մատնանշած ժամանակահատվածում էր:
-Այսօր դրանք համընկնո՞ւմ են:
-Այսօր բավականին մեծ սեգմենտով շահերը համընկնում են: Հիշենք, թեկուզ, Ադրբեջանի վերջին բարձրաձայնումները, թե Ռուսաստանը 800 մլն դոլարի զենք է տվել Հայաստանին:
-Դուք էլ ե՞ք համոզված, որ տվել է: Օրինակ, ես համոզված եմ:
-Ես համոզված չեմ, բայց եթե Դուք համոզված եք, դա նշանակում է, որ մեզ ինչ-որ բան իսկապես տվել են: Իսկ դա արդեն քիչ բան չի նշանակում:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4675

Մեկնաբանություններ

րոնային հասցե՝ info@irates.am