«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՎԵԼԻՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՎԵԼԻՆ ԱՆՀՆԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ
01.11.2011 | 00:00

Քուրդ քաղաքական գործիչներն ունեն Ռուսաստանի հետ շփման նշանակալի փորձառություն, և վերջին տարիներին երբեք պատրանքներ չեն ունեցել, թե Ռուսաստանը կարող է աջակցություն ցուցաբերել իրենց շարժմանը։ Քրդական կազմակերպություններին Ռուսաստանը հետաքրքրել է ավելի շուտ որպես իրենց հենաբազաների տեղակայման, քաղաքական վտարանդիների մի մասի ապաստանման, գաղափարների և քարոզչության տարածման, սպառազինության ձեռքբերման և տեղաշարժի տարածության ապահովման երկիր։ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Եվգ. Պրիմակովի և Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ս. Ստեպաշինի 1994 թ. աշնանը Անկարա կատարած այցից և Թուրքիայում քրդական հարցին չմիջամտելու պարտավորության ստանձնումից հետո (թուրքերն էլ պարտավորվեցին չմիջամտել չեչենական հարցին, սակայն խաբեցին) քրդերը վերջնական հետևության հանգեցին Ռուսաստանի դիրքորոշման հարցում։ Ռուսաստանին նրանց մոտեցումները ներկայումս կրում են հանգիստ, հավասարակշիռ և իրատեսական բնույթ։ ԱՊՀ-ում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` «Ռուսաստանից պետք է վերցնել հնարավոր ամեն ինչ` առանց պատրանքներ սարքելու: Թուրքական ՔԱԿ խորհրդարանի անդամ Ռուստամ Բրոևի ասելով` «քրդերի գործունեությունը Ռուսաստանում ավելի քան արդյունավետ է, եթե նկատի ունենանք հույսերի ու մոտեցումների իրագործելիության հնարավորության աստիճանը։ Հիմա Ռուսաստանից ավելին անհնար է ակնկալել»։
Ռուսաստանի ու Եվրոպայի վերլուծական շրջանակներում այն կայուն կարծիքն է ձևավորվել, թե Ռուսաստանը միանգամայն խելամիտ դիրք է բռնել քրդական խնդրի առնչությամբ։ Ռուսաստանը համապատասխան քաղաքական և նյութական պաշարներ չունի քրդական ազգային շարժման հիմնական կազմակերպություններն իր կողմը գրավելու համար, և նրա գործողությունները կարող էին իր սեփական անվտանգությանը վնաս հասցնել։ Դրան զուգընթաց, Ռուսաստանի հատուկ ծառայությունները հմտորեն ներգործում և վերահսկում են Ռուսաստանի տարածքում եղած քրդական խմբավորումները, ինչը Մոսկվայում անցկացվող քրդական ակցիաներին Պետդումայի ռուս քաղգործիչների և քաղաքական կուսակցությունների որոշ մասնակցության հետ մեկտեղ նպաստում է քրդերի հետ հարթ հարաբերությունների պահպանմանը։ Փորձագետները միանգամայն արդարացիորեն նշում են, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է բարեկամական հարաբերություններ ունենալ Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի հետ, քան քրդական շարժումների և կազմակերպությունների։ Միաժամանակ, քրդերի հետ հարաբերություններ ունենալն օգտակար է Ռուսաստանի համար, հատկապես ելնելով այն հեռանկարից, երբ, հնարավոր է, զորեղացած և իր ռազմաքաղաքական խնդիրները լուծած Ռուսաստանին անհրաժեշտ կլինի ճնշում գործադրել Իրանի կամ Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի վրա` Մերձավոր Արևելքի խնդրում։
Քրդական խնդիրը բավական բարդ է Ռուսաստանի համար, որը բազմաթիվ այլ խնդիրներ ունի։ Քրդական առանձնահատկությունները ոչ մի աղերս չունեն այն գերակայությունների հետ, որոնք աստիճանաբար մշակվում են Ռուսաստանում` ռուսական պետության, զինված ուժերի ու տնտեսության ամրապնդմանը զուգընթաց։ Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքականության քննարկումը թույլ է տալիս գնահատել Ռուսաստանի մոտեցումները կամ, ավելի ճիշտ, այն հնարքները, որ նա կարող էր իրեն թույլ տալ։ Ռուսաստանի համար ավելի հարմար է հարաբերություններ ունենալ ավանդական գործընկերների հետ, նախընտրելով նրանց միջև այնքան էլ տարբերություն չդնել գործառությունների ու նախապատվությունների առումով։ Առավել ևս, որ ներկայումս Ռուսաստանը հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Հազիվ թե Ռուսաստանին հաջողվի կայուն, պարտավորեցնող հարաբերություններ հաստատել Իրաքյան Քրդստանի, առավել ևս, Թուրքիայի և Իրանի քրդական քաղաքական կազմակերպությունների հետ։ Այս իրավիճակում, երբ քրդերը դարձել են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հավատարիմ գործընկերներ, դժվար է ձևավորել Ռուսաստանի դիրքորոշումը, այն գործընթացներին հարկադրաբար հետևելու շրջանակներից դուրս, որոնք զարգանում են արդեն երկար ժամանակ։ Բացի այդ, ի տարբերություն նախընթաց փուլերի, առաջատար քրդական կուսակցություններն ու կազմակերպությունները ձգտում են ընդգծել իրենց կապերն ու շփումները Ռուսաստանի հետ, որպեսզի չնյարդայնացնեն ամերիկացիներին։
Հայտնի է, որ ստեղծվել է քրդական հարցով զբաղվող հատուկ խումբ` ԱՄՆ-ի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ խումբը գործակցում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Սիրիայի հատուկ ծառայությունների հետ։ Մոտավորապես 1998-ի սկզբներին ԿՀՎ-ն խնդիր էր դրել հանել Թուրքիայի պահանջները Հայաստանում քրդական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ։ Նշված շփումների կապակցությամբ հայտնի է, որ ամերիկա-թուրքական այդ միացյալ հատուկ խումբը կոչված է նաև կյանքի կոչելու քրդական խնդիրներին վերաբերող տարբեր մտահղացումներ ու նախագծեր։ Հաճախ առաջադրվում են ամենաաներևակայելի և անիրատեսական նախագծերը, որոնք առնչվում են Թուրքիայի և այլ երկրների ռազմավարական կարևոր տարածաշրջաններից քրդերի զանգվածային վերաբնակեցման գործի կազմակերպմանը։ Մասնավորապես, հայտնի է երեք մտահղացում։ Առաջինը վերաբերում է նրան, որ Քիրկուկի նավթահանքերի շրջանը վերածվի միջազգային վերահսկողության գոտու։ Այս կապակցությամբ Թուրքիան ամերիկացիներին հրամցնում է Իրաքի կառավարության պլաններն այդ գոտուց քրդերի` որպես ապակայունացնող տարրի, արտաքսման վերաբերյալ։ ԱՄՆ-ը ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին, առանց իր դիրքորոշումն արտահայտելու։ Ըստ երևույթին, Թուրքիայի համար դա մի շարք հարցերի շուրջ Իրաքի հետ փոխհամաձայնության հասնելու կարևոր հանգամանք է։ Մյուս նախագիծը Հարավային Ղազախստանի սակավաբնակ շրջաններում քրդական ազգային օջախ ստեղծելու Թուրքիայի առաջադրած գաղափարն է ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ դոնոր պետությունների համապատասխան նյութական մասնակցությամբ։
Հնարավոր է, այդ նախագիծը կապված է նաև Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի վրա ճնշման գործոնի ստեղծման ձգտմամբ (թեև դա առայժմ դժվար է բացատրել)։ Դրան զուգընթաց, առաջարկվում է նաև մեկ այլ գաղափար` թրքաքրդերին զանգվածաբար վերաբնակեցնել Հյուսիսարևելյան Իրաքում և այդ պետական կազմավորմանը հատկացնել իրաքյան նավթի մինչև 30 տոկոսի եկամուտները (այժմ քրդերի բաժինը կազմում է 13 տոկոս, ինչը, սակայն, անտեսվում է Իրաքի կառավարության կողմից)։ Ենթադրվում էր, որ այդ նախագծում կարևոր միջնորդական դեր կարող է ստանձնել Շվեդիան, որը մեծ հեղինակություն է վայելում քրդերի շրջանում։
Հարկ է նշել, որ Թուրքիան ցանկացած գնով փորձում է թույլ չտալ, որ ստեղծվեն քրդական քաղաքական կազմակերպություններ ու քրդական պետական կազմավորումներ` դառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերներ, առավել ևս, ռազմավարական դաշնակիցներ։ Դա Թուրքիային ստիպում է արագացնել թուրք-իսրայելական դաշինքի կազմավորումը` որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև ընդունել աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի մի ամբողջ շարք պահանջներ։ Թուրքիայի համար չափազանց ծանր է քրդական գործոնը` որպես Եվրամիության և առաջատար եվրոպական պետությունների քաղաքականության գործիք։ Ամերիկացիների կողմից այդ գործոնի լիարժեք օգտագործումը կհանգեցնի թրքական պետության մասնատման, ինչը չեն կարող չհասկանալ ծայրահեղ առարկայական դատողությամբ աչքի ընկնող թուրք քաղգործիչները։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ բավական համոզիչ արտահայտել իր դիրքորոշումը Իրաքյան Քրդստանի առնչությամբ, ինչն ամենայն անկեղծությամբ երևաց 2006-ի ապրիլին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի Թուրքիա կատարած նշանավոր այցի ժամանակ։ Ռայսը պատրաստ էր Անկարայի հնչեցրած հնարավոր ամենաբարդ հարցերին, բայց թուրքերն առաջադրեցին շատ ավելի բարդ հարցադրումներ, ինչը հանգեցրեց այն բանի ըմբռնմանը, որ ԱՄՆ-ին սպասում են շատ դժվարին քաղաքական լուծումներ, որոնց նա ամենևին պատրաստ չէ։ Չնայած արտաքին քաղաքական տարբեր պայմաններին, Կոսովոյի և Իրաքյան Քրդստանի խնդիրները հար և նման են այն խնդիրներին, որոնք միմյանց մոտ են ոչ թե բովանդակությամբ, այլ լուծման հնարավոր եղանակներով։ Թուրքիան ոչ այնքան հմտորեն, բայց հետևողականորեն միջազգային ասպարեզում առաջ է տանում Կոսովոյի նախագիծը, և չի բացառվում, որ ԱՄՆ-ը կփորձի Կոսովոն «փոխանակել» Իրաքյան Քրդստանի հետ, թեև, նկատի առնելով Թուրքիայի շահերի տեսանկյունից այդ երկու խնդիրների անհամադրելիությունը, ԱՄՆ-ը ստիպված կլինի այդ «փոխանակման» գործում օգտագործել լրացուցիչ քաղաքական ռեսուրսներ` պաշտպանության և տնտեսական օգնության ոլորտում։ Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ այդ հարցի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման առնչությամբ ԱՄՆ-ի մտահոգությունը չափազանցվում է, եթե վերստին հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը շահագրգռված են ոչ թե տարածաշրջանին ինտեգրված քրդական պետությամբ, այլ նրա երկարատև մեկուսացած գոյությամբ։ Հնարավոր է, հենց այս նպատակների հետ է կապված այն, որ ինչպես պնդում է Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի առաջատար հետազոտող Սոներ Քագապտյալը, ԱՄՆ-ն ամենևին էլ մտադիր չէ պայքարել Քրդական աշխատավորական կուսակցության, նրա ջոկատների ու գրոհայինների գործողությունների դեմ։ Ըստ երևույթին, արդի աշխարհում տարազան ապստամբներ ու «չվերահսկվող տարածքներ» բավականաչափ կողմնորոշված չեն քաղաքական սպասարկման տարբեր տեսակների հարցում, ուստի այդ գործառույթները կհանձնվեն նոր ճանաչված տարածաշրջանային պետություններին։ Չեն համապատասխանում ոչ թե նպատակներն ու խնդիրները, այլ խուսանավման ժամանակն ու միջոցները։ Դրա հետ մեկտեղ, այլ փորձագետների համոզմամբ, Ռայսի Անկարա կատարած այցի արդյունքներն ու թուրք զինվորականների և Դ. Ռամսֆելդի միջև զուգահեռ կայացած բանակցությունները հանգեցրին նրան, որ Թուրքիան ռազմական գործողություն ձեռնարկեց ՔԱԿ-ի ջոկատների դեմ և անցավ Իրաքի սահմանը` հարվածներ հասցնելով արդեն Իրաքի տարածքում։ Բայց դա հազիվ թե հիմք է տալիս պնդելու, թե ԱՄՆ-ը դավաճանել է քրդերին, քանի որ, նպատակադրվելով սահմանափակել ՔԱԿ-ի գործունեությունը, ամերիկացիներն իրականում ամրապնդում են Քրդստանի մյուս, ավելի չափավոր քաղաքական ուժերի դիրքերը, բայց և միաժամանակ արմատականներին մեծ կախման մեջ են դնում ԱՄՆ-ի քաղաքականությունից։ Այդ պետական կազմավորման առաջնորդները միանգամայն իրատեսորեն են գնահատում ԱՄՆ-ի քաղաքականությունը, ինչը դարձավ Իրաքում ռազմական գործողության իրականացման շրջանում քրդերի չափավոր վարքագծի մասին որոշման ընդունման գործոն, և ձգտում են միարժեքորեն չհայտնվել ամերիկա-բրիտանա-իսրայելական ուղեծրում։ Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հրավիրվեց Չինաստան, և այդ հանգամանքը կարող է գնահատվել որպես Չինաստանի փորձ` մտնելու մերձավորարևելյան մեծ խաղի մեջ, որը, ըստ երևույթին, կապված է ոչ միայն նավթի, այլև տարածաշրջանում դիրքեր ձեռք բերելու խնդրի հետ, ուր քրդերի դերը կարող է բավականին բարձր լինել։ Չինաստանի դերը կարող է մեծանալ Թուրքիայի հավակնությունների զսպման «նախագծում»։
Այսպիսով, ԱՄՆ-ը, օգտվելով, փաստորեն, Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում քրդական կազմակերպությունների ծայրաստիճան ծանր և երբեմն էլ անելանելի վիճակից, Եվրամիության և Ռուսաստանի կողմից քրդերի վրա իրական ազդեցության բացակայությունից, նպատակադրվել է տարածաշրջանում ստեղծելու աշխարհաքաղաքական զորեղ գործոն` ի դեմս քրդական դաշնային պետական կազմավորման։ Այս կապակցությամբ միջոցառումներ են իրականացվում քրդերի առաջատար կուսակցություններն ու կազմակերպությունները ազատական և ժողովրդավարական բնույթի կազմակերպությունների վերափոխման ուղղությամբ, նպատակ ունենալով դրանք դարձնելու քաղաքական գործընկերներ և ներկայացնելու որպես քրդական շրջանների քաղաքական իշխանության սուբյեկտ։ Պատշաճ աջակցություն չստանալով տարածաշրջանի երկրներից և ոչ մեկից, քրդերը լիովին վերաիմաստավորել են իրենց արտքաղաքական կողմնորոշումը և, չնայած որոշ ավանդական քաղաքական կարգախոսների ու թեզիսների առկայությանը, Իրաքի քրդական կազմակերպությունները, փաստորեն, դարձել են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գործընկերները, իսկ ՔԱԿ-ը գտնվում է դեպի ԱՄՆ վերակողմնորոշման ճանապարհին։ Քրդերի վրա Եվրամիության ազդեցությունն ուժեղացնելու Ֆրանսիայի ու Գերմանիայի փորձերն արդեն չեն կարող շահագրգռել քաղաքական պայքարում թրծված քուրդ առաջնորդներին։ Քրդական կազմակերպությունները ջանում են պահպանել հարաբերություններն Իրանի, Սիրիայի ու եվրոպական կառույցների հետ, բայց, փաստորեն, ներգրավվում են Մերձավոր Արևելքում ամերիկա-բրիտանական քաղաքականության մեջ։
2001-ի վերջին - 2002-ի սկզբին Իրաքյան Քրդստանում առաջացել էր մի քաղաքական իրավիճակ, երբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի խնամակալությամբ ստեղծվել էր քրդական կեղծ պետություն։ Իրաքյան Քրդստանն աստիճանաբար Մերձավոր Արևելքի ծայրամասային շրջանից վերածվում է լարվածության, քաղաքական ձեռնածության և քաղաքական ակտիվ նախագծման մի առանցքային կետի։ Տեղի վարչակազմը` Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը, ձգտում է վարել նպատակաուղղված քաղաքականություն, որը ներառում է մի շարք խնդիրներ, այն է` Իրաքյան Քրդստանը, որպես ակտիվ գործընկեր, ներգրավել միջազգային ահաբեկչության ճնշման ամերիկա-բրիտանական նախագծի մեջ, ընդլայնել հակաիրաքյան քարոզչությունը, Իրաքյան Քրդստանի հարցը դուրս բերել միջազգային ասպարեզ, այդ պետական կազմավորումը ներկայացնել որպես պոտենցիալ ժողովրդավարական, Արևմտյան ընկերակցության հանդեպ բարեհաճ երկիր, սահմանազատվել ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություններից։ Իրաքաքրդերը և նրանց երկու առաջատար քաղաքական կազմակերպությունները` Քրդստանի հայրենակցական միությունն ու Քրդական ժողովրդավարական կուսակցությունն ազգային պետության ստեղծման հեռանկարը կապում են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության և շահերի հետ։ Ավելի վաղ, հատկապես 1998-ի գարնանը Թուրքիայի հարավարևելյան շրջաններում քրդերի անհաջող ապստամբությունից հետո, քուրդ ժողովրդի հիմնական քաղաքական ուժերը հանգեցին այն հետևության, որ պատմական այս փուլում առավել նպատակահարմար է ինքնավարություն պահանջել Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի շրջանակներում դաշնային հարաբերությունների հիման վրա։ Միաժամանակ, քրդերը նաև իրենց համար պարզեցին, որ այդ նախագծում իրենց դաշնակից և գործընկեր կարող են լինել, փաստորեն, միայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Իսրայելը։ Ընդ որում, հարկ է ուշադրության առնել, որ իրաքաքրդերն ու նրանց քաղաքական կազմակերպություններն ավանդաբար սերտորեն կապված են եղել Իրանի հետ և այդ երկրից են օգնություն ստացել Սադամ Հուսեյնի վարչակարգի դեմ իրենց պայքարում։ Նման պարտավորեցնող կապերն այսօր էլ շարունակվում են, այդ պատճառով էլ իրաքաքրդերի քաղաքականությունը երկակի բնույթ ունի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ