Սոցիալական բառը վերջին շրջանում ասոցացվում է սոցցանցերի ու սոցհեղափոխությունների հետ:
Բայց քանի որ մերն ուրիշ է, մեր «սոցիալականն» էլ ուրիշ ստացվեց: Իրականում այն «ստացվել» էր վաղուց. տևական ժամանակ հայաստանյան տնտեսական, քաղաքական միտքն զբաղեցրած ՎՊ-ի` սոցապահովման հիմնադրամում կատարած ուսումնասիրություններով, որն էլ կամա-ակամա վերածվեց առանցքային նշանակության իրադարձության` մի շարք առումներով:
Նախ` դարձավ առաջին կոնկրետ քայլը, որից, փաստորեն, բարեփոխումների սպասվող, լայնամասշտաբ գործընթացը պետք է մեկնարկեր Հայաստանում:
Դարձավ դիդակտիկա թե՛ բյուջեն, թե՛ արդարությունը վերականգնելու տեսանկյունից, և իզուր չէր, որ Սերժ Սարգսյանը մեկնարկող «բարեփոխումների երրորդ սերնդի» ալգորիթմը ներկայացնելու համար Ծաղկաձորում օգտվեց կենսաթոշակային ոլորտում արդեն իսկ կատարված էական տեղաշարժերից, որի «հեղինակային» իրավունքը, փաստորեն, պատկանում էր ՎՊ-ին, նրա կատարած ուսումնասիրություններին:
Այդ ուսումնասիրությունները, փաստորեն, հիմք դարձան նաև բավականին լիբերալ ու կարևոր մոտեցման, ինչն անչափ էական է անցումային փուլում գտնվող մեր երկրի համար: Ինդուլգենցիայի տեսանկյունից: Այլապես, կստացվեր` ուզում էին լավ, ստացվեց` ինչպես միշտ, և սլաքավարները պատասխանատվության քաշվեցին բոլորի փոխարեն: Նկատի ունենք նախատեսվող փոփոխությունը, որով հնարավորություն է տրվում փոշիացված և «այլնացած» գումարները վերականգնելու դեպքում «ռեսպոնդենտը» կարող է ազատվել քրեական հետապնդումից: Եվ որքան էլ Իշխան Զաքարյանը կարծի, թե ՎՊ-ն հեչ էլ կապ չունի բավականին դրական և լիբերալ այդ «մոտեցման» հետ, այնուհանդերձ, պրագմատիկ (որոշակի փուլի համար) և լիարժեքորեն աշխատող մոտեցումը ստացվել է ՎՊ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում:
Ի դեպ, սոցապ ծառայությունում իրականացված ուսումնասիրությունների ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակությունը ևս բավականին էական էր (էս երկրում առանց քաղաքականության բան չի ստացվում):
Նախ` շատ էր քննադատվում ՎՊ-ն այն բանի համար, որ ահա` ուսումնասիրությունները կատարվում են, և որևէ «կադրային» հետևանք դրանից հետո չի առաջանում:
Իհարկե, Իշխան Զաքարյանն իրավունք ունի պնդելու, որ իրենք անում են իրենց գործը, և որևէ մեկին պատժելու, գործից ազատելու խնդիրն իրենց իրականացրած վերահսկողական ֆունկցիային չի կարող վերաբերել, այնուհանդերձ, դատելով անցնող երեք տարիների ՎՊ գործունեությունից, կուրության «նշան» կարող է դիտվել չնկատելը, թե ինչպես է այս կառույցը ինստիտուցիոնալացվում, էական դերակատարում ստանձնում հայաստանյան իրականությունում (դրանով պետք է բացատրել նաև այն հզոր հակազդեցությունը, որին արժանանում է կառույցը` մերթ ընդ մերթ, սակայն այս ողջ խաղը րՑՏՌՑ րՉպփ):
Դառնալով խնդրին` կադրային «տեղաշարժին», պետք է արձանագրել, որ այս առումով ևս հետաքրքիր «կոնֆիգուրացիա» ունեցանք. դեռ արդյունքները չամփոփված, խախտումների պատասխանատուն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ընդ որում պետք է նկատել, որ «դատաստանն սկսվել էր սեփական տնից»:
Չմոռանանք` «պատասխանատուն» ՀՀԿ-ից էր, առավել ստույգ` ՀՀԿ խորհրդի անդամ էր, հայտնի բազեական (մի ուրիշ հետաքրքիր պատմություն է նաև Վազգեն Խաչիկյանի նշանակման պատմությունը. ըստ մեր աղբյուրների` այդ պաշտոնին պետք է հրամանագրվեր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ոչ օտար Հայկարամ Մխիթարյանը. հրամանը գրեթե պատրաստ է եղել, սակայն մեկ գիշերում հարկայինի նախկին շեֆ Վահրամ Բարսեղյանը` նախկին «բազե», Քոչարյանի թանկագին ֆավորիտը կարողացել էր վայրկյանների ընթացքում, որպես կոնֆիգուրացիոն փոփոխություն, նույնպես բազե Վազգեն Խաչիկյանին նշանակել տալ այդ պաշտոնում. ընդ որում, ՀՀԿ-ում այդ մասին դեռ չեն մոռացել), սակայն խախտումների մակարդակն ու «որակն» ինդուլգենցիայի տեղ չեն թողել, և, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այնքան է զայրացած եղել իրեն ներկայացված փաստերից, կենսաթոշակայինում տեղի ունեցողից, որ չի ցանկացել անգամ լսել իր կուսընկերների հորդորը` խնայել Խաչիկյանին (հարցը մասնակի քննարկման է ենթարկվել ՀՀԿ գործադիրի ծերակույտում):
Մի խոսքով, այսքան բուռն քննարկումների և էական քայլերի առանցք դարձած ՎՊ ուսումնասիրությունները երեկ վերջապես դարձան հանրության սեփականությունը:
Առանձնապես շատ չենք ծանրանալու այն փաստերի վրա, որոնք ներկայացրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր ասուլիսում, որովհետև այդ առնչությամբ իր վերջնական ու սպառիչ նկարագրությունն է իրենից առաջ տվել մեծն Գոգոլը` իր «Մեռած հոգիներում»:
Չնայած, եթե անկեղծ, ապա ՎՊ նախագահի ներկայացրած փաստերն ուղղակի «շեդևրներ» էին միստիկ ու էզոթերիկ (եթե չասենք սարսափ) գրականության համար. կենսաթոշակառու Ռոզա Հովակիմյանը մահացել է 2005-ին, սակայն 2009-ի հուլիսին նա դիմում է գրել և ստացել 1 մլն 24 հազար դրամի չափով դեպոնենտային գումար։ Կենսաթոշակառու Հակոբյանը, որը մահացել է 2005 թվականի սեպտեմբերի 2-ին, մինչև ՎՊ ստուգումների պահը «վճարվել» և «ստացել» է նույնպես… կենսաթոշակ: Նրա մահվանից հետո վճարված գումարը կազմել է 1 միլիոն 100 հազար դրամ… և այսպես երկինքը խիստ հախուռն խառնվել է երկրին` կենսաթոշակային «հավատացյալ» հիմնադրամում:
Ընդհանուր քրոնոլոգիոն այցեքարտ. ՎՊ-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ ստուգումներ է իրականացրել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում։ Հայաստանի ողջ տարածքում ծառայությունն ունի 51 տարածքային կենտրոն, ստուգումներն իրականացվել են 14-ում: 14-ում էլ ստուգվել է կենսաթոշակառուների հետ կապված գործերի 14-15 տոկոսը` 2008-09, ինչպես նաև 2010-ի առաջին ութ ամիսների ժամանակային կտրվածքով։ Ստուգվել է 843 գործ, որոնցում հայտնաբերվել է տարաբնույթ 581 խախտում:
Խախտումների ամպլիտուդը հետևյալն է. մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար։ Դեպոնենտ ստացող կենսաթոշակառուների թիվը նշված ժամանակահատվածում կազմել է 14287 մարդ:
Ֆինանսական խախտումների բովանդակային պարադիգմը հետևյալն է. կենսաթոշակը վճարվել է կրկնակի. դեպոնենտի վճարումից հետո տեղեկատվական բազայում փաստացի տեղի ունեցած գործարքը ներկայացվել է իբրև չվճարված, վճարումից հետո կենսաթոշակառուի գործը մնացել է անփոփոխ, և նրա անձնական գործը չի տեղափոխվել ընթացիկ վճարման համակարգ, որոշ դեպքերում առհասարակ բացակայում են կենսաթոշակառուների անձնական գործերը, չարաշահումներ են արձանագրվել աշխատանքային ստաժ ներկայացնելու առումով, երբ կենսաթոշակառուին անգամ տասնյակ տարիների ստաժ է վերագրվել, վետերանների պատվովճարների մասով նույնպես խախտումները մեծ են։
Մի խոսքով` «շատ մտահոգիչ արդյունքներ ենք ստացել», ամփոփեց ու արձանագրեց Իշխան Զաքարյանը, տեղեկացնելով նաև, թե որոշվել է շարունակել «ցուցակների մաքրումը» մինչև այս տարվա հուլիս:
Դատելով մինչ այս իրականացրած «մաքրման» արդյունքներից, պետք է եզրակացնել` մինչև հուլիս բյուջե մուտքերը դարձյալ կավելանան, պետության ջրաղացին «էնիք» ավելացնելով, այդքանով էլ հայոց մեջ լուծելով սոցիալական հարցերը` «կանխելով» հայաստանյան սոցցանցերից սոցհեղափոխության արտահանումը:
Մի տեղից պետք է սկսե՞լ, թե՞ ոչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ