Աշխարհով մեկ որքան մեծանում է թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարը, այնքան այդ չարիքը, կարծես, ավելի է առաջընթաց գրանցում։ Այն, որ այս բիզնեսի զարգացման հիմքում առաջին հերթին գերշահույթներն են, աքսիոմ է։ Սակայն առկա է մի գործոն ևս` մարդկային անտարբերությունը, որը կարևոր ազդեցություն ունի այդ չարիքի բարգավաճման գործում և որը, ըստ քրիստոնեության, մեղք է համարվում։ Իսկ այն, որ մեզանում այդ մեղքը` անտարբերությունը, աճում է օրեցօր, փաստում է նաև հանցագործությունների թվի աճը։ Եվ մինչ հասարակությունն իր անտարբերությունն է ցուցաբերում խնդրի վերաբերյալ և պատկան կառույցների առջև խստորեն չի առաջադրում իր տեսակետն ու պահանջները, տասնյակ մարդիկ, երիտասարդներ մխրճվում են թմրամոլության և թմրաբիզնեսի ճահճուտը։ Ինչպիսի՞ն է պատկերը թմրաբիզնեսի և թմրամոլության հայաստանյան «շուկայում»։ Եվ եթե 2000 թվականը համեմատենք 2010-ի հետ, ապա ինչպիսի՞ զարգացումներ են նկատվել, և բացահայտումների ի՞նչ դինամիկա կա։ Այս խնդրի մեջ խորամուխ լինելու համար դիմեցինք կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊԳՎ) պետի տեղակալ, թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆԱԶԱՐԵԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ։
-Վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների տեսակներն ու քանակները,- մանրամասնեց պարոն Մնացականյանը։- 2010 թ. 9 ամիսներին ՀՀ ոստիկանության մարմինները հայտնաբերել են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության 1152 դեպք, 2000-ին` 497 դեպք: Գրանցվել է աճ 655 դեպքով կամ 131,8 տոկոսով:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է 72 կգ 534 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց 2000 թ. 58 կգ 887 գրամի դիմաց:
2010-ին առգրավվել է ափիոն` 8792 գ, հերոին` 6939,4 գ, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցներ` 22876 գ։ Համապատասխանաբար, 2000-ին ափիոն տեսակի 2187,6 գ, հերոին` 109,46 գ, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցներ` 0 գ, որոնք մաքսանենգ ճանապարհով հիմնականում ներկրվել են հարևան երկրներից: Բացի այդ, այս տարի 32704 գ մարիխուանա տեսակի թմրամիջոց է առգրավվել 2000-ի 53798,9 գրամի դիմաց և հաշիշ տեսակի` 1035 գ 2000-ի 169,4 գրամի դիմաց:
Մեզ համար շատ մտահոգիչ է ափիոն խմբին պատկանող թմրամիջոց գործածողների թվի աճը, որը 2000 թ. համեմատ համարյա կրկնապատկվել է: Մարիխուանա գործածողները ֆիզիկական կախվածություն են ձեռք բերում 1-2 տարում, իսկ 3-4 անգամ գործածելու դեպքում ունենում են հաճույք ստանալու ակնկալիք: Ափիոնի դեպքում 3-4 անգամ գործածելուց հետո ձեռք են բերում ֆիզիկական կախվածություն:
Ափիոն տեսակի թմրամիջոց գործածող անձանց բուժումը մի քանի անգամ ավելի բարդ է և երկարատև, քան մարիխուանա գործածողներինը:
-Հաճախ թմրամոլն ու թմրաբիզնեսով զբաղվողներն իրենց իրականացրած «սև գործի» արմատը տեսնում են սոցիալական խնդրի մեջ։ Համամի՞տ եք նրանց այդ կարծիքին։ Եվ ընդհանրապես, սոցիալական կարգավիճակն ի՞նչ դեր ունի այս հարցում։
-Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն արդի ժամանակաշրջանի սոցիալական ամենասուր խնդիրներից է, և պատահական չէ, որ ամբողջ աշխարհում, այդ թվում և` ՀՀ-ում, գործուն միջոցներ են ձեռնարկվում այս վտանգավոր երևույթների դեմ շարունակական պայքար մղելու ուղղությամբ:
Այս համատեքստում ոստիկանությունը կարևորում է ապօրինի թմրամիջոցների առաջարկի և պահանջարկի հետևողական կանխարգելումը: Մեծ ուշադրություն է դարձվում ապօրինի թմրամիջոց իրացնող անձանց հայտնաբերմանը, ինչն իր հերթին հանգեցնում է ապօրինի թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրների թվի նվազեցմանը: Ինչ վերաբերում է թմրաբիզնեսին, ապա դրա նպատակը միանշանակ շահն է։ Եթե խոսենք թմրամոլության մասին, ապա այստեղ խոսքը կախվածության և սոցիալական վիճակի մասին է:
-Թմրամոլների և թմրաբիզնեսի «գործարարների» շրջանակներում ո՞ր տարիքային խումբն է գերակշռում, և ռիսկային տարիքը ո՞րն է համարվում։
-2010 թ. 9 ամիսներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 605 հոգի: Նշված անձանց տարիքային խումբը հետևյալն է. մինչև 18 տարեկան` 2, 18-ից 24 տարեկան` 42, 25-ից 29 տարեկան` 61, 30-ից 49 տարեկան` 416, 49-ից բարձր` 84: Ռիսկային տարիք է համարվում 18-ից 25 տարեկանը:
-Անցած տարի ոստիկանությունը մշակեց թմրաբիզնեսի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը։ Կոնկրետ ի՞նչ է ենթադրվում այդ ծրագրով, ի՞նչ աշխատանքներ են մինչ օրս իրականացվել, և ո՞րն է դրա արդյունավետության երաշխիքը։
-ՀՀ նախագահի 2009 թ. սեպտեմբերի 25-ի հրամանով հաստատվել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը, իսկ ՀՀ կառավարությունը 2010 թ. հաստատել է այդ ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Դրանից բացի, ՀՀ կառավարությունը 2010 թվականի ապրիլի 1-ին հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշումը, որտեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը նշվել է որպես այդ ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը:
Վերջերս ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանապետի գլխավորությամբ մեկնել էր Թեհրան, որտեղ վերջինիս և ԻԻՀ կարգապահական ուժերի գլխավոր հրամանատարի կողմից ստորագրվել է ԻԻՀ և ՀՀ միջև ոստիկանության բնագավառում համագործակցության մասին արձանագրություն, որում նշանակություն է տրված հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը կարող է հարմար տարանցիկ երկիր դառնալ նշված բիզնեսի համար։ Համամի՞տ եք այդ կարծիքին։ Ընդհանրապես, ո՞ր երկրներից է ներմուծվում թմրանյութ, ի՞նչ տեսակի, ո՞ր տեսակն է արտահանվում, և որքա՞ն է արտադրվում տեղում։
-Մտավախություն կա, որ ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ երկիր, սակայն ՀՀ ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը, ոստիկանությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները նշված դեպքերը կանխելու ուղղությամբ:
2010 թ. 10 ամիսներին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ն կազմակերպել և անցկացրել է «Կանեփ-կակաչ» օպերատիվ կանխարգելիչ համալիր միջոցառումը, որի նպատակն էր հայտնաբերել և ոչնչացնել վայրի աճած, ապօրինի աճեցրած ու մշակած կանեփի և կակաչի կանաչ զանգվածները, ինչպես նաև «Կանալ-2010» օպերատիվ կանխարգելիչ համալիր միջոցառումը, որի նպատակն էր կանխել սահմանային կետերից թմրամիջոցների ապօրինի ներթափանցումը ՀՀ:
Ափիոն խմբին պատկանող թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվող հիվանդների նկատմամբ ՀՀ-ում իրականացվում է մետադոնային փոխարինող բուժում:
ՀՀ-ում տեղական ծագում ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցը: Ափիոն տեսակի թմրամիջոցը հիմնականում ներմուծվում է հարևան երկրներից ցամաքային ճանապարհով, իսկ սինթետիկ թմրամիջոցները քիչ քանակությամբ ներմուծվում են հիմնականում Եվրոպայից և ՌԴ-ից օդային ճանապարհով:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ