Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հարութները չեն, որ պետք է որոշեն 124 տարի գոյություն ունեցող կուսակցության ճակատագիրն ու նրա զարգացման հեռանկարները»

«Հարութները չեն, որ պետք է որոշեն 124 տարի գոյություն ունեցող կուսակցության ճակատագիրն ու նրա զարգացման հեռանկարները»
10.07.2009 | 00:00

«ՌԱՄԿԱՎԱՐ-ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ»
Նոր ստեղծվող արմենական-ռամկավար ազատական կուսակցության, ՀՌԱԿ-ի և Հայաստանում ռամկավարական շարժման խնդիրների շուրջ իր պարզաբանումներն է ներկայացնում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ:
-Պարոն Ավետիքյան, մամուլում, մասնավորապես, մեր թերթում եղել է անդրադարձ նոր ստեղծվող արմենական-ռամկավար ազատական կուսակցության շուրջ սկսված խմորումներին։ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը մեղադրում է Ձեզ, որ օտարերկրյա քաղաքացի լինելով` փորձում եք նոր ռամկավար կուսակցություն ստեղծել։
-Սկսենք նրանից, որ ես քսան տարի ապրում եմ Հայաստանում, 1991-ի փետրվարի 16-ից քաղաքական օրաթերթ եմ հրատարակում և այդ թերթի բաժնետերերից մեկն եմ։ Այսինքն` ես 19 տարի քաղաքական կյանքի մեջ եմ։ Այդ կապակցությամբ Հարութի արտահայտած մտքերն ուղղակի անհեթեթ են և խիստ ուշացած, առնվազն 19 տարով։ Դեռևս 1994 և 1996 թթ. նախ Վիգեն Խաչատրյանը և ապա Վարդան Պետրոսյանը հրապարակավ պահանջել էին ՀՀ առաջին նախագահից, որ ինձ արտաքսի երկրից: Քաղաքական առումով ո՞ւր են հիմա այդ մարդիկ. դարձել են փոշի, և առանց իմ օգնության: Հարութին սպասում է միևնույն ճակատագիրը։ Ի դեպ, Հարութն ինձ մոտ աշխատել է 6-7 տարի առաջ, հիմա նո՞ր է գլխի ընկնում, որ ես օտար երկրի քաղաքացի եմ: Բացի այդ, կարելի է դիմել կուսակցությունների պետական գրանցումն իրականացնող համապատասխան պետական կառույցին և տեղեկանալ, թե արդյոք իմ անունով, ստորագրությամբ արմենական-ռամկավար ազատական կուսակցություն հիմնադրելու հայտ ներկայացվա՞ծ է, թե՞ ոչ։ Ձեզ ավելորդ նեղություն չպատճառելու համար կարող եմ ասել, որ իմ անունը չկա նոր կուսակցության հիմնադիրների ցանկում։
-Սակայն Դուք, այսպես թե այնպես, ողջունո՞ւմ եք այդ ձեռնարկը։
-Իհարկե, ես քաջալերում եմ այդ կուսակցության ստեղծումը և դրա համար որևէ մեկից, մանավանդ Հարութից, թույլտվություն չպիտի հարցնեմ։
-Այնուհանդերձ, սա Հայաստանում նոր ՌԱԿ ստեղծելու փորձ չէ՞։
-Իրավաբանական իմաստով սա նոր կառույց է, նոր կուսակցություն, որի գաղափարախոսությունը, անշուշտ, բխում է 1885-ին հիմնադրված առաջին հայ քաղաքական կուսակցության` արմենականների գաղափարախոսությունից, որի հիմքի վրա էլ հետագա տարիներին ստեղծվել են տարբեր կազմակերպություններ, այդ թվում` սփյուռքում տասնամյակներ շարունակ գործող ռամկավար-ազատական կուսակցությունը։ Այնպես որ, այս գործընթացն իրավական առումով ՀՌԱԿ-ի հետ կապ չունի, մանավանդ դեռ հարց է` արդյո՞ք ՀՌԱԿ, որպես այդպիսին, գոյություն ունի։ Վերջին երեք տարիներին Հայաստանում երեք խոշոր ընտրություն է եղել` Ազգային ժողովի, հանրապետության նախագահի և Երևանի քաղաքային ավագանու, որը նույնպես կարելի է գրեթե համապետական ընտրություն համարել։ Այդ ընտրություններին ՀՌԱԿ-ը որևէ ձևով չի մասնակցել։ Այնինչ Հարութը հայտարարում է, որ 20 հազարից ավելի անդամ ունի, որով կարելի էր քաղաքական կյանքում զգալի դերակատարում ունենալ: Այսինքն` թղթի վրա այդպիսի կուսակցություն միգուցե գոյություն ունի, բայց իրականում դա դեռ մեծ հարցական է։
-Բայց Դուք ինքներդ ՀՌԱԿ-ի հիմնադիրներից եք եղել։
-Այո՛, 1990-ից մինչև 1994-ը ՀՌԱԿ վարչության անդամ էի։ Դրանից հետո, մեր թերթում հրաժարականի հայտարարություն տալով, դուրս եմ եկել ՀՌԱԿ-ից, որովհետև ճնշումներ կային կուսակցության նկատմամբ, և ես, այլ պետության քաղաքացի հանդիսանալով, դուրս եկա, որպեսզի կուսակցությանը հարվածի տակ չդնեմ։ Սակայն ես մնում եմ սփյուռքում գործող ռամկավար-ազատական կուսակցության անդամ` սկսած 1977-ից։
-Ձեր ընդդիմախոս Հարություն Առաքելյանը նաև պնդում է, որ ՀՌԱԿ-ի «Ազգ» թերթը վերածել եք Ձեր սեփականության։
-Նախ` Հարութին ես ընդդիմախոս չեմ համարում, որովհետև այդ մարդը չունի այդ արժանիքը։ Որևէ հարթության վրա կարելի է բանավիճել միայն խելացի մարդու հետ։ Իմ այս լուսաբանումներն ուղղված են հասարակական կարծիքին: Ինչ վերաբերում է «Ազգին», ապա, ինչպես Հայաստանում գոյություն ունեցող բոլոր թերթերը, մեր օրաթերթն էլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը Հայաստանում տպագրվելու ողջ ընթացքում երբևէ չի եղել ՀՌԱԿ-ի պաշտոնաթերթը։ Հին լրագրողները լավ են հիշում 1996-ին «Ազգը» կուսակցական օրգանի վերածելու տխրահռչակ փորձը, որը ձախողվեց դատարանի որոշմամբ, հատկապես Հայաստանի լրագրողական ընտանիքի ճնշման ներքո: «Ազգը» ռամկավար-ազատական գաղափարախոսությամբ օրաթերթ է, բայց ոչ կուսակցության պաշտոնաթերթ։ Այսպիսով, ես «Ազգ օրաթերթ» ՍՊԸ-ի հիմնադիրն եմ, տնօրենը և թերթի բաժնետերերից մեկը։ Թերթն այդ կարգավիճակով գրանցվել է պաշտոնապես, այստեղ քննարկելու հարց չկա։ Հարութը, եթե թերթ պահելու կարողություն ունի, թող հիմնի իրենը, ձեռքը բռնող չկա:
-Լավ, ամեն դեպքում, ինչի՞ հետևանք է այս խմորումը։ Փաստ է, որ այն կա հայաստանյան ռամկավարների մեջ և, այսպես թե այնպես, առնչվում է ՀՌԱԿ-ին։
-Խմորումն արդյունք է այն իրողության, որ Հարութը զբաղված է կուսակցության ղեկավար լինելու միջոցով իր ապրուստը հոգալով, հացի խնդիր է։ Դրա համար, անշուշտ, ավելի պարկեշտ միջոցներ կային, բայց ինքը նախընտրում է կուսակցության ղեկավար լինել և միաժամանակ այդ քողի տակ պատսպարվել։ Իսկ պատսպարվելու պահանջ, թերևս, ունի, որովհետև հուլիսի 8-ին, ժամը 11-ին, Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ առաջին նիստը, որտեղ «Նաիրիտ» գործարանը հայց է ներկայացրել ընդդեմ Հարություն Առաքելյանի։ Որովհետև 2003-ին նա հիմնել է մի ընկերություն, մի շարք գործարքներ կատարել «Նաիրիտ» գործարանի հետ, կուտակել է 6,5 մլն դրամից ավելի պարտք և քանի որ փողը չի վերադարձրել, «Նաիրիտ» գործարանը դիմել է դատարան։ Մի կողմ թողնենք, թե ինչքանով է այսպիսի մարդն իր կերպարով համապատասխանում կուսակցության ղեկավար լինելուն, բայց այս ամենը շատ նման է կուսակցությունն իր համար օֆշորային գոտու վերածելուն, որովհետև դատարանը պարզել է, որ Հարություն Առաքելյանն այսօր որևէ կապ չունի այն իրավաբանական հասցեի հետ, որտեղ գրանցված է իր ընկերությունը։ Որքան տեղյակ եմ դատական նիստից, հանձնարարված է համապատասխան մարմիններին` օրենքով սահմանված կարգով հետապնդում իրականացնել ու պարզել այս հարցը։ Դրա համար էլ ես խուսափում եմ այս մարդու հետ որևէ թեմայով բանավիճելուց, քանզի նա արժանի չէ։
-Սակայն ՀՌԱԿ-ն ունի անցած պատմություն։ Դուք ՌԱԿ-ի անդամ եք 1977-ից, կուսակցությունը Հայաստանում վերականգնողներից մեկն եք եղել։ Հետո շատ ջրեր հոսեցին, և ահա ի հայտ է եկել արմենական-ռամկավար ազատական կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը։ Այդ կուսակցությունը որևէ առնչություն ունենալո՞ւ է սփյուռքում գործող ՌԱԿ-ի հետ։
-Անշուշտ, ունի և ունենալու է։ Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարի հայտարարության մեջ նշված է, որ այս աշնանը սփյուռքի ռամկավար-ազատական կուսակցության հետ պետք է կազմակերպվի միավորիչ համագումար կամ, ինչպես մենք ենք ասում, պատգամավորական ժողով։ Որովհետև, դժբախտաբար, սփյուռքում ռամկավար-ազատական կուսակցությունը պառակտված վիճակում է։ Կուսակցության ԱՄՆ-ի արևելյան շրջանի, Կանադայի, Լոնդոնի և ծանրակշիռ ձայն ունեցող Լիբանանի շրջանակները չեն ընդունում ՌԱԿ-ի վերջին պատգամավորական ժողովի արդյունքում ձևավորված նոր վարչության լեգիտիմությունը։ Մինչդեռ միայն Բեյրութում մենք 11 ակումբ ունենք, դպրոցներ, մշակութային միություն, խորհրդարանի պատգամավոր, հսկայական կենտրոն, ուր տպագրվում է «Զարթօնք» թերթը։ ԱՄՆ-ի և Կանադայի շրջանակներն ունեն իրենց լրատվամիջոցները և լոբբինգային հիմնական գործունեությունն էլ Հայաստանի օգտին այս շրջանակների կողմից է տարվում։
-Ինչո՞ւ է ստեղծվել այդպիսի վիճակ։
-Որովհետև բոլոր շրջանակները, գրեթե առանց բացառության, պահանջում էին, որ ռամկավար-ազատական կուսակցության պատգամավորական ժողովը գումարվի Հայաստանում։ Դրան դեմ էր մարդկանց մի փոքր խումբ, ովքեր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում իրենց ժողովը գումարեցին և ՌԱԿ ատենապետ վերընտրեցին Մայք Խարապյանին։ Հիմա արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը մտադիր է նոր պատգամավորական ժողով գումարել Հայաստանում, որը լինելու է միավորիչ համագումար։
-Հիմա, փաստորեն, երկու ՌԱԿ վարչություն և երկու ատենապե՞տ գոյություն ունի սփյուռքում։
-Ո՛չ, նշածս փոքրաթիվ խմբի ընտրած Մայք Խարապյանն է հանդես գալիս որպես ատենապետ, որի լեգիտիմությունը չեն ընդունում ԱՄՆ-ի, Լիբանանի, Լոնդոնի, Փարիզի, Կանադայի մեր շրջանակները։ Այս տարվա հունվարին նրան հրավիրեցինք Հայաստան, ես էլ եմ հանդիպել հետը և փորձել եմ բացատրել իրավիճակը, որ անհրաժեշտ է նոր, միավորիչ համագումար անցկացնել Երևանում։ Նա խոստացավ, որ իր ընկերների հետ կքննարկի այդ առաջարկը, բայց երևի մտավախություն ունի, որ այդ պարագայում ինքը չի վերընտրվի ատենապետ, քանզի ռամկավար-ազատական կուսակցության մեջ իրենից շատ ավելի ծանրակշիռ անուն, վաստակ ու գործունեություն ունեցող գործիչներ կան բոլոր շրջանակներում։ Թեպետ ես իրեն ասել եմ, որ կարևոր չէ` ով կընտրվի, այլ որ ՌԱԿ վարչությունն ու ատենապետը լինեն բոլոր շրջանակների համախոհությամբ ընտրված, և կուսակցությունը կարողանա նորմալ կենսագործել։ Որովհետև ՌԱԿ-ն առաջին և իրականում միակ ազատական կուսակցությունն է հայ իրականության մեջ, և ափսոս է նման ավանդույթներ ու ցանցային կառույց ունեցող կազմակերպության անգործությունը:
-Ձեր նախաձեռնությունը շատ է նմանվում դաշնակցության ձեռնարկած քայլին, երբ կուսակցության բյուրոյի գրասենյակն արտասահմանից տեղափոխվեց Երևան։ Նպատակ ունեք ՌԱԿ-ը դարձնել հայաստանակենտրո՞ն։
-Այո, և դա միակ ճիշտ ճանապարհն է։ Մենք ՀՅԴ-ից ավելի վաղ, դեռ 1990-ին, Մոնրեալում կայացած պատգամավորական ժողովում ենք ընդունել այդպիսի որոշում։ Բայց ինչ-ինչ պատճառներով, նաև Հայաստանի այն ժամանակվա անկատար օրենսդրական դաշտը նկատի ունենալով, դա հետաձգվեց։ Հիմա փորձում ենք այդ խնդիրը լուծել, և դրան նպաստում է նաև պետությունը սփյուռքին բացվելու իր նոր քաղաքականությամբ, նաև երկքաղաքացիության մասին օրենքը։
-Ի դեպ, Հարություն Առաքելյանն այդ կապակցությամբ էլ նշել էր, թե հանրապետության վարչապետն է հովանավորում Ձեզ այդ հարցում։
-Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ երկրի գլխավոր դեմքը հանրապետության նախագահն է։ Ընդունենք, թե իշխանությունն օժանդակում է մեզ այդ հարցում, բայց ի՞նչ վատ բան կա, եթե պետությունը նպաստում է, որ սփյուռքում գործող ավանդական կուսակցությունը, որն ինքնին ազգային արժեք է, վերամիավորվի, դառնա հայաստանակենտրոն։ Այլ հարց է, թե ինչ ձևով պետք է ղեկավարման խնդիրը լուծվի։ Բազմաթիվ տարբերակներ կան, որոնք մենք կքննարկենք աշնանը կայանալիք միավորիչ համագումարում ու որոշում կընդունենք։
-Սակայն սփյուռքյան ՌԱԿ-ի շրջանակներն իսկապե՞ս ցանկանում են դա։
-Անկասկած, դա հենց սփյուռքյան շրջանակների ցանկությունն է։ Ես վերջին շրջանում` այս տարվա գարնանը, հինգ գաղթօջախ եմ այցելել, հանդիպումներ անցկացրել ՌԱԿ-ի մեր շրջանակների հետ, և բոլորի ցանկությունն այն է, որ կուսակցությունը դառնա հայաստանակենտրոն։ Որովհետև սփյուռքում էլ բավականին բարդ իրավիճակ է։ Տարբեր երկրներում ապրող հայությունը հաճախ դժվար կացության մեջ է հայտնվում, երբ այդ երկրների քաղաքականությունը դառնում է հակադիր։ Օրինակ, Սիրիան ու Լիբանանը որոշ պրոբլեմներ ունեն այսօր, երկու երկրներում էլ ՌԱԿ-ն ունի իր կառույցները։ Եթե կենտրոնը լինի Հայաստանում, ավելի հեշտությամբ կկարողանա համակարգել նման խնդիրները։
-Որքան հասկացա, Մայք Խարապյանի կողմնակիցները, իբրև հայաստանյան ռամկավարների միակ կառույց ճանաչում են ՀՌԱԿ-ը` ի դեմս Հարություն Առաքելյանի։
-Թերևս, հնարավոր է, որ իրար ձեռք են լվանում։ Բայց երբ արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը կգրանցվի, և կնախաձեռնվի միավորիչ համագումար, Մայք Խարապյանին և իր կողմնակիցներին էլ հրավեր կուղարկվի` պատգամավորական ժողովին մասնակցելու։ Եթե համաձայնեն, մենք միայն կողջունենք։ Ցանկացած դեպքում համագումարը նախատեսել ենք անցկացնել աշնանը` սեպտեմբերին։
-Փաստորեն, ստացվում է, որ ռամկավարական շարժումը Հայաստանում չկայացավ։ 1990-ին ՌԱԿ-ը վերադարձավ հայրենիք, հաջորդ տարի ստեղծվեց ՀՌԱԿ-ը, հիմա նորից փորձում եք նոր բան ստեղծել։
-Ես այսպես կմեկնաբանեի, որ արմենական-ռամկավար ազատական կուսակցությունն այսօր փորձում է հավաքել ՀՌԱԿ-ի բեկորները։ Կուսակցության նախաձեռնող խումբը ղեկավարում է Արմեն Մանվելյանը, որը Հայաստանում մեր առաջին կուսակցականներից մեկն է, դեռևս երբ ՌԱԿ-ը նոր էր վերահաստատվում հայրենիքում, նա «Արմենական» ակումբի ատենապետ ընտրվեց, իսկ դա մեր կուսակցական առաջին օղակներից մեկն էր հայրենիքում` ՌԱԿ-ի գործունեությունը վերսկսելուց հետո։ Նա հիմնադիրներից է ՀՌԱԿ-ի` վերջինիս գրանցման պահից: Այսինքն` արմենական-ռամկավար ազատական կուսակցությունն այսօր հիմնադրող մարդիկ կանգնած են եղել Հայաստանում ռամկավարական շարժման վերականգնման ակունքներում և մինչև 2003-ը եղել են ՀՌԱԿ-ի շարքերում։ Ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր, ՀՌԱԿ-ից դուրս գալուց հետո, այլ կուսակցության չեն անդամակցել, կարող են դիմում ներկայացնել ու անդամագրվել արմենական-ռամկավար ազատական կուսակցությանը։
-Նոր կուսակցություն ստեղծելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ր լինի ՀՌԱԿ-ի պատգամավորական ժողով հրավիրել և ատենապետի պաշտոնից հեռացնել Հարություն Առաքելյանին, եթե համարում եք, որ նա վատ է կառավարում կուսակցությունը։
-Ոչ ոք չի ցանկանում այդ մարդու հետ այլևս գործ ունենալ։ 2003-ից ատենապետ դառնալով` նա իր բոլոր հնարավոր ընդդիմախոսներին տարբեր պատճառներով ուղղակի հեռացրել է կուսակցությունից` խախտելով կուսակցության կանոնադրությունը։ Ընդ որում, կանոնադրության կոպիտ խախտմանն այն ժամանակ ուշադրություն չդարձրեց կուսակցությունը գրանցող մարմինը: Երկու ուրիշների հետ համաատենապետ դառնալուց հետո (տրիումվիրատ` որի մյուս երկու անդամներին Հարութը խարդավանքով չեզոքացրեց ավելի ուշ) նա առաջին իսկ օրը կուսակցությունից հեռացրեց հինգ հոգու, այդ թվում` ՀՌԱԿ հիմնադիր ատենապետ Ռուբեն Միրզախանյանին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանին։ Հայ դատի համար պայքարող կուսակցության ղեկավարին հարի՞ր պահվածք է սա։ Մանավանդ որ Ռուբեն Միրզախանյանը հրապարակավ հայտարարել էր արդեն, որ հրաժարվում է կուսակցությունում ունեցած բոլոր պատասխանատվություններից ու մնում է շարքային անդամ։ Այսինքն` սա մի գործելաոճ է, որի դեմ ՀՌԱԿ-ի ներսում պայքարելը ենթադրում է շարունակական քաշքշուկ։ Մինչդեռ նոր կուսակցություն հիմնելը շատ ավելի տրամաբանական է ու նպատակահարմար, մանավանդ որ այն հիմնում են հին ռամկավարները։ Բոլոր նրանք, ովքեր վերջին շրջանում եկել են անդամագրվելու արմենական-ռամկավար ազատական կուսակցությանը, առաջին հերթին պահանջ էին դնում, որ Հարութը որևէ առնչություն չունենա այս նախաձեռնության հետ։ Մանավանդ որ ՀՌԱԿ` որպես քաղաքական ակտիվ կառույց, գոյություն չունի։
-ՀՌԱԿ ատենապետը հակառակն է պնդում։ Ո՞րն է չգոյության Ձեր հիմնավորումը, այն, որ կուսակցությունը երեք ընտրությունների չի՞ մասնակցել։
-Իսկ դա քի՞չ է։ Ի դեպ, Հայաստանի օրենսդրությամբ, եթե քաղաքական կուսակցությունը երկու խորհրդարանական ընտրությունների անընդմեջ չի մասնակցում, ինքնաբերաբար լուծարվում է և վերածվում հասարակական կազմակերպության։ Այսինքն, մեր մտավախություններից մեկն էլ այն է, որ հաջորդ ընտրություններից հետո Հարութի շնորհիվ մենք կկանգնենք նաև այդ փաստի առջև, երբ ՀՌԱԿ այլևս գոյություն չի ունենա, ու ամեն ինչ հարկադրված կլինենք սկսել զրոյից։ Դե, եթե այդպես է, ավելի լավ է սկսել հիմա, քան 2012-ին։ Հարութները չեն, որ պետք է որոշեն 124 տարի գոյություն ունեցող կուսակցության ճակատագիրն ու նրա զարգացման հեռանկարները։ Նա փոքր մարդ է:
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ