Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին մեկուկես տարվա ընթացքում սկսված «հաշտեցման» գործընթացն ամենից առաջ պարտադրված է արտաքին ուժերի, համաշխարհային ուժային կենտրոնների կողմից։ Դրա լավագույն ապացույցն էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի (այսինքն` Եվրամիության) արտգործնախարարների միաժամանակյա և հանդիսավոր ներկայությունը Ցյուրիխում։ Հետևաբար, հենց խոշոր տերություններն էլ առաջնահերթ ակնկալիքներ և օգուտներ ունեն այս գործընթացից քաղելու։ Սակայն «հաշտվող կողմերը» ևս սոսկ կամակատարներ չեն։ Նրանցից յուրաքանչյուրն այս գործընթացից ինչ-որ բան շահելու և ինչ-որ կորուստներ ունենալու հրամայականի առջև է կանգնած։
ՄԱԿԵՐԵՍԻ ՎՐԱ
Ռուսական շահերը, ավելի շուտ՝ Մոսկվայի խիստ շահագրգռությունը հայ-թուրքական «հաշտեցմամբ», առավել քան ակնհայտ է։ Շարժառիթները պետք է որոնել 2008-ի ռուս-վրացական պատերազմի հետևանքներում, երբ Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանին նվիրելով, Վրաստանն ԱՄՆ-ի դրդմամբ ամբողջությամբ դուրս եկավ ռուսական ազդեցության դաշտից։ Երկու պետությունների փաստացի թշնամական հարաբերությունների պայմաններում Մոսկվայի համար, բնականաբար, բարդացան Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների շահերի պաշտպանությունը և հատկապես Հարավային Կովկասում միակը մնացած Գյումրիի 102-րդ ռազմակայանի սպասարկումը։ Հենց այդ պահից սկսած՝ Ռուսաստանն ինքը նախաձեռնեց Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում՝ նպատակ ունենալով այդ միջոցով լուծել մի քանի խնդիր։
Դրանցից առաջինը ռուս-թուրքական որոշակի պայմանավորվածությունների ձևավորումն է՝ ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում չեզոքացնելու և ԱՄՆ-ի հարավկովկասյան «ավիակիր» Վրաստանին մեկուսացնելու նպատակով։ Միաժամանակ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում Ռուսաստանին ձեռնտու է տնտեսական առումով։ Պատահական չէ, որ Մոսկվան հենց Անկարայի հետ է կապում ամենամեծ էներգետիկ ծրագրի` «Հարավային հոսքի» իրագործումը։ Դրա դիմաց, ըստ ռուս վերլուծաբանների, Ռուսաստանը երաշխիքներ է ստացել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Հյուսիսային Կովկասի ուղղությամբ թուրքական շարունակական էքսպանսիան կդադարեցվի, սակայն Ռուսաստանը տարածաշրջանային բոլոր գործընթացներում Անկարայի հետ կհամաձայնեցնի իր դիրքորոշումներն ու մտադրությունները։ Այս համատեքստում պատահական չէ, որ հենց Մոսկվայում սկիզբ առավ հայ-թուրքական ներկայիս «ջերմ» երկխոսությունը, երբ Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի նախագահը հայտարարեց Թուրքիայի իր գործընկերոջը ֆուտբոլի խաղին հրավիրելու իր մտադրության մասին։ Հայ-թուրքական երկխոսությունը խթանելիս, անշուշտ, երկրորդական նշանակություն չեն ունեցել ռուսական բիզնեսի շահերը Հայաստանում և ռազմաբազան սպասարկելու անհրաժեշտությունը։ Քանի որ Վրաստանը որևէ պայմանով Ռուսաստանին ռազմական տրանզիտ չի տրամադրի իր տարածքով, ուստի Մոսկվային այլ բան չի մնում, քան Հայաստանում գտնվող բազայի սպասարկման խնդիրը լուծել Իրանի կամ Թուրքիայի տարածքով։ Թուրքական «մարշրուտն» ընտրված է բազմաթիվ, այդ թվում` վերը նշված շարժառիթներից ելնելով, ենթադրվում է, որ ռուսական ռազմական բեռները ծովով հասնելով Տրապիզոն, այնտեղից Կարս-Գյումրի երկաթուղով կմտնեն Հայաստան։ Միևնույն ժամանակ արդեն հայտարարվել է, որ Հայաստանում արդյունաբերական և հատկապես էներգետիկ հզորությունների տիրապետող ռուսական ձեռնարկությունները շահավետ պայմանավորվածություններ ունեն Թուրքիայի հետ, և սա էլ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացում Ռուսաստանին շահագրգռող ևս մի ազդակ է։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ 1921-ին Ռուսաստանն ու Թուրքիան են համատեղ «հավաքել» տարածաշրջանի անվտանգության համակարգն ու գծել հայ-թուրքական ու թուրք-վրացական սահմանները։ Սա ևս լրացուցիչ շարժառիթ է կողմերի դիրքորոշումների համադրման, քանզի երկուսն էլ շահագրգռված են Կարսի՝ 1921-ի հոկտեմբերի 13-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ պահելու հարցում։ Հանրագումարում Ռուսաստանը հուսով է պահպանել իր վերջին ռազմական հենակետը Հարավային Կովկասում և Թուրքիայի հետ համագործակցության շնորհիվ նոր փաստարկներ ձեռք բերել ընդդեմ ԱՄՆ-ի։
ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆ
Եթե անդրադառնալու լինենք ամերիկյան շահագրգռություններին հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացում, առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կառավարության կողմից թույլ չտալու համար ամերիկյան վարչակազմը դավադիր պայմանավորվածության է հանգել Անկարայի հետ ու միաժամանակ պարտադրում է Հայաստանին՝ կրավորական դիրքորոշմամբ հնարավորություն տալ իրագործելու այդ մարտավարությունը։
Այդպես է, սակայն, առաջին հայացքից։ Որովհետև անցած ժամանակահատվածում, մասնավորապես, Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից սկսած, ամերիկա-թուրքական հարաբերությունները գնալով բարդանում են։ Բազմաթիվ հեղինակավոր վերլուծաբանների պնդմամբ՝ Թուրքիան վաղուց արդեն դուրս է եկել ԱՄՆ-ի վերահսկողությունից ու տարածաշրջանում սկսել սեփական խաղը։ Դա արտահայտվեց ոչ միայն նրանով, որ Անկարան հրաժարվեց իրաքյան պատերազմի ժամանակ Վաշինգտոնին ռազմական տրանզիտ տրամադրելուց, այլև արգելեց նրան օգտագործել իր տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանները։ Հետագա ժամանակահատվածում Թուրքիան, ի հեճուկս ԱՄՆ-ի, գնալով ավելի թեքվեց դեպի «իսլամական արժեքները», և արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հակառակորդ պետություններ Սիրիայի ու Իրանի հետ։ Սիրիական ուղղությամբ թուրքական ջանքերն արդեն իսկ որոշակի արդյունքներ տվել են, Անկարան ամեն կերպ ձգտում է լեզու գտնել նաև Թեհրանի հետ։ Միմյանց հետ վիճելի խնդիրներ ունեցող և նույնիսկ տարածաշրջանային հակառակորդներ համարվող այս երեք պետություններին այսօր միավորում է քրդական պետություն ստեղծելու հեռանկարի կանխարգելման անհրաժեշտությունը։ Իսկ քանի որ ամերիկյան քաղաքականությունը, այսպես թե այնպես, խրախուսեց այդ գործընթացն ու քրդերին վերածեց տարածաշրջանային գործոնի, Թուրքիան գնալով ավելի է հեռանում Վաշինգտոնից ու աշխատում իսլամական աշխարհում իր դերի վերականգնման ուղղությամբ։
Այս տարվա ապրիլին ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբամայի այցը Անկարա նպատակ ուներ Թուրքիային վերադարձնել դեպի նախկին ուղեծիրը` ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները։ Դրա համար շատ լավ առիթ էր Մոսկվայի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական «երկխոսությունը»։ Ամերիկացիները շատ արագ «գրեթե խաղից հանեցին» ռուսներին ու ստանձնեցին գործընթացի լոկոմոտիվի դերը։ Կան կարծիքներ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ սխեման, անգամ արձանագրությունների տեքստերը, հեղինակվել են ԱՄՆ-ի պետդեպարտամենտում, և այս գործընթացն առաջ մղելով, Վաշինգտոնը փորձելու է ոչ թե սպանել հայկական հարցը, այլ, ընդհակառակը, վերակենդանացնել այն` հայ-թուրքական կենդանի քաղաքական հարաբերություններ ստեղծելով։ Հայ-թուրքական սահմանի բացումը, ըստ որոշ կանխատեսումների, ԱՄՆ-ին անհրաժեշտ է հարավկովկասյան «միջանցքի» լիարժեք կենսագործունեությունն ապահովելու և դեպի իրադարձությունների գլխավոր թատերաբեմ` Կենտրոնական Ասիա, ռազմական տրանզիտ ունենալու համար։ Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ հայ-թուրքական «հաշտեցումով» ու սահմանի բացումով գործնականում աստիճանաբար վերանալու է Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության անհրաժեշտությունը։ Այսինքն, չի բացառվում, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու դրա վերահսկողությունն ԱՄՆ-ի կողմից կդառնան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթացի վերջին սերիան։ Այսպիսով, որքան էլ տարօրինակ, բայց միանգամայն հավանական է, որ Ռուսաստանը ցանկանում է հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու, իսկ ԱՄՆ-ը` Ռուսաստանին Հայաստանից և Հարավային Կովկասից առհասարակ դուրս մղելու համար։ Միևնույն ժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների այս ձևաչափը, մի շարք տեղյակ վերլուծաբանների կանխատեսմամբ, ԱՄՆ-ի համար կդառնա լծակ՝ Թուրքիային իր վերահսկողության տակ վերադարձնելու։ Այսինքն` ակտիվացած քրդական գործոնի կողքին ԱՄՆ-ը կունենա յուրօրինակ ձևով ակտիվացված հայկական գործոն և երկու ուղղություններով էլ կկարողանա ճնշել Անկարային ու վերադարձնել նրան իր քաղաքականության ուղեծիր։
ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆԳԱՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԽԱՂԻՆ
Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի ներկայությունը հիմք տվեց ենթադրությունների, որ Ֆրանսիան և նրա մերձավոր դաշնակից Գերմանիան նույնպես շահագրգռված են հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացով։ Սակայն, զուտ պաշտոնական ու շատ անգամ վերացական հայտարարություններից բացի, Եվրամիության կողմից իրականում չի եղել այս պրոցեսը ողջունելու որևէ առարկայական դրսևորում։ Ավելին, բազմաթիվ և ոչ անհիմն կանխատեսումների համաձայն, Եվրամիությունը բոլորովին էլ շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորմամբ», որովհետև այդ դեպքում զրկվում է Թուրքիայի անդամակցությունը մերժելու հիմնավոր փաստարկներից։ Այլ հարց է, որ, բնականաբար, քաղաքական կոպիտ սխալ կլիներ այդ գործընթացին առհասարակ չմասնակցելը, իսկ ֆրանսիացիները նման շքեղություն իրենց թույլ տալ չէին կարող։ Այդ իսկ պատճառով այս պահին չունենալով ռուսական ու ամերիկյան դիրքորոշման վրա ազդելու, թերևս, բավարար լծակներ, եվրոպական կողմը, միևնույն է, մասնակցում է խաղին, գործընթացից դուրս չմնալու և հնարավորինս դրա բոլոր նրբերանգներին տեղյակ լինելու համար։ Բայց այն հանգամանքը, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի հայկական համայնքները կտրականապես բացասական դիրքորոշում արտահայտեցին հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ, ինքնին կարելի է դիտարկել նաև որպես այդ պետությունների որոշակի դիրքորոշման դրսևորում։
ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
Այսպիսով, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Անկարան, իսկապես, հայտնվել է լուրջ ընտրության առջև։ Մի կողմից՝ Թուրքիային ակնհայտորեն հաջողվել է արձանագրություններում ամրագրել իր երեք վաղեմի նախապայմաններից երկուսը` հայ-թուրքական սահմանի ճանաչումն ու պատմաբանների հայտնի հանձնաժողովի ստեղծումը։ Արձանագրությունների նախաստորագրումից հետո արդեն թուրքական կողմը փորձեց առավելագույնս քարոզչական օգուտ քաղել դրանից։ Սակայն, միաժամանակ, Անկարայում շատ լավ հասկանում են, որ եթե նույնիսկ Հայաստանը համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ձևավորմանը, դա բոլորովին չի նշանակում, թե իրենց կհաջողվի ցեղասպանության հարցը դարձնել ակադեմիական հարց և հանել ակտիվ քաղաքականության օրակարգից։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ նույնիսկ Հայաստանը ոչ մի լծակ չունեն 7-միլիոնանոց հայկական սփյուռքի բերանը փակելու, եթե սփյուռքը համախմբված շարունակի իր պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման համար և այդ ճանապարհին, ի հեճուկս անգամ Հայաստանի իշխանությունների, կունենա շահագրգիռ ու ազդեցիկ դաշնակիցներ։ Ինչ վերաբերում է սահմանի ճանաչմանը, ապա թեկուզ և արձանագրություններով դա ամրագրված է, սակայն այդքան մեծ ձեռքբերում չէ Թուրքիայի համար, քանի որ Հայաստանը, այսպես թե այնպես, դուրս չի եկել 1921-ի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրից, իսկ այդ պայմանագրի անդամ մյուս երկրները պաշտոնապես վերահաստատել են, որ այն մնում է ուժի մեջ։
Հետևաբար, հայ-թուրքական գործընթացն այդքան մեծ առավելություններ չի ընձեռում Թուրքիային այս պահին, եթե նրան չհաջողվի բավարարել նաև երրորդ հայտնի նախապայմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հօգուտ Ադրբեջանի։ Իսկ Թուրքիային անհրաժեշտ է ոչ այնքան կարգավորումը, որքան դրա հետևանքով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկմանը զուգահեռ, վերագործարկվի նաև Գյումրի-Նախիջևան-Մեղրի երկաթուղային հանգույցը, և Անկարան հնարավորություն ստանա ոչ միայն ամենակարճ ճանապարհով երկաթուղային կապ հաստատել Ադրբեջանի հետ, այլև ծրագրեր իրագործել Նախիջևանի թուրքաթափումը կանխելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ի փլուզմանը հետևած 18 տարիների ընթացքում Նախիջևանի 300 հազար բնակիչների 2/3-ից ավելին հեռացել է տարածաշրջանից` անտանելի կենսական պայմանների պատճառով։ Դրա մեջ, անշուշտ, երկրորդական դեր չի ունեցել Իրանը, որը, տարեցտարի մեծացնելով իր ազդեցությունը Նախիջևանի վրա, տնտեսական առումով այսօր այս տարածաշրջանում ավելի գերակա դիրքեր ունի, քան Կարսի պայմանագրով Նախիջևանի վրա որոշակի իրավունքներ ունեցող Թուրքիան։ Իսկ Նախիջևանը 1921-ին Թուրքիայի ճնշումով հանձնվեց Ադրբեջանին այն հույսով, որ հետագայում կվերածվի Անկարան ու Բաքուն կապող օղակի։ Այժմ այդ օղակը վերանալու վտանգի առջև է, ու Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանի բացումն իմաստավորված կլինի միայն հայ-ադրբեջանական կոմունիկացիաների միաժամանակյա բացման դեպքում։
Բացի այդ, դեռ հարց է, թե արդյոք վերջին տարիներին բավականին լուրջ ինքնուրույնություն ձեռք բերած Թուրքիան կհամաձայնի՞ հայ-թուրքական գործընթացով մտնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ընթացող պայքարի մեջ և երկու կողմից էլ հարվածներ ստանալ։ Միանգամայն պարզ է, որ սահմանի բացման դեպքում Ռուսաստանը ճնշելու է Թուրքիային` իր շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, իսկ ԱՄՆ-ը պահանջելու է անտեսել ռուսական շահերը, ավելին` նպաստել Ռուսաստանին դուրս մղելու իր քաղաքականության իրագործմանը։ Չկա որևէ հիմք պնդելու, որ նման կախյալ վիճակն այսօր ձեռնտու է վերջին տարիներին համաիսլամական կարգախոսներով հանդես եկող Թուրքիայի ներկայիս կառավարող էլիտային, որն արդեն մի քանի անգամ ապացուցել է, թե ավելի է գնահատում անկախությունը և հարևան երկրների հետ սեփական հայեցողությամբ հարաբերություններ կառուցելու քաղաքականությունը, քան բավականին թանկ արժեցող ամերիկյան բարեկամությունը։ Այնպես որ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում իսկապես մեծ հարցականի տակ է։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ. Գ. -Միակ բանը, որ Հայաստանը կարող էր շահել հայ-թուրքական սահմանի բացումից, այլընտրանքային երկաթուղին է, Վրաստանի համար տրանզիտային երկրի վերածվելը, ուստի և նրա նկատմամբ համապատասխան ճնշում կիրառելու հնարավորությունը։ Սակայն ղարաբաղյան հարցում իր նախապայմանի բավարարման Թուրքիայի ակնհայտ քաղաքականությունը (չնայած արձանագրություններում այդ դրույթի բացակայությանը) գլխի գցեց Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, որ գործընթացն ամենևին էլ վարդագույն երանգներով չի զարգանալու, ու չի բացառվում, որ արձանագրություններն առաջինը վավերացնելուց հետո հետագայում դրանք Թուրքիան մերժի, ու մենք հայտնվենք ուղղակի հիմար վիճակում։ Այդքանը Հայաստանի քաղաքական պատասխանատուները, կարծես, հասկացել են ու, թերևս, որոշել, որ Երևանը կվավերացնի միայն Անկարայից հետո։ Եթե, իհարկե, Անկարան վավերացնի։