Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ԲԱՅՑ ԿՀԱՎԱՏԱ՞Ն, ԱՐԴՅՈՔ, ՊՈՒՏԻՆԻՆ

ԲԱՅՑ ԿՀԱՎԱՏԱ՞Ն, ԱՐԴՅՈՔ, ՊՈՒՏԻՆԻՆ
23.12.2011 | 00:00

ՈՒշադրություն դարձնենք մի շատ հետաքրքրական և միանգամայն բացատրելի օրինաչափության. նախկին խորհրդային տարածքի բոլոր երկրներում ընտրությունները, ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ու քաղաքային, առանձնանում են օրինականության մեծ պակասով։ Ակնհայտ է, որ, փաստորեն, տեղական բոլոր իշխանությունները դեռևս չեն կարողանում մոռանալ իրենց խորհրդային ծագումը, ամեն գնով ձգտում են վերարտադրվել և մեծ մասամբ, երբ շատ պետք է, պատրաստ են «հանուն վեհ նպատակի» զոհաբերելու ոչ միայն սեփական վարկանիշը, այլև ժողովրդի արյունը։ Այլ բան է, որ վերջնական արդյունքները տարբեր են լինում` դեպի ֆեոդալիզմ վերջնական սահքից մինչև համակարգի լիակատար փոփոխություն, և, ինչն ավելի կարևոր է, կողմնորոշիչների և արտքաղաքական նախապատվությունների փոփոխություն։ Ռուսաստանի Պետդումայի անցած ընտրություններն էլ են տեղավորվում նշված սխեմայի մեջ։ Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի բոլոր նախորդ ընտրությունները տեղի են ունեցել, ըստ էության, շատ հանգիստ, գործընթացների վերահսկելիության և ժողովրդի «լայն հավանության» պայմաններում։ Բայց հիմա, կարծես, ռուսական վերջին ընտրությունների առաջադրած հարցերից է կախված եթե ոչ աշխարհի ճակատագիրը, ապա հարևան երկրների ապագան հաստատ։ Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունեցել, և ո՞վ է մեղավոր։
Իհարկե, Հիլարի Քլինթոնի, որ նույնն է` ԱՄՆ-ի «որոգայթները», ինչի մասին շտապեց հաղորդել Վլադիմիր Պուտինը, թվում է, հավաստի չեն, մտացածին են և պարզապես անհեռատես։ Իհարկե, այդ վարկածն ուրախությամբ շրջանառեցին նաև ռուսական շատ լրատվամիջոցներ ու փորձագետներ, իսկ իշխանությունների «սազը չալող» լրատվամիջոցները վերստին սկսեցին հակաամերիկյան ալիք բարձրացնել (հոդվածներ դոլարի առաջիկա փլուզման, Ամերիկայի կործանման, ԱՄՆ-ի բանակում «կենդանապղծության», Ճապոնիայի դեմ պատերազմ սկսելու համար Փիռլ Հարբորի ամերիկյան սադրանքի, Լուսնի վրա վայրէջք կատարելու ամերիկյան «քամու» մասին և այլն, այս օրերին տեղ են գտնում ոչ միայն ռուսական դեղին մամուլի էջերում, այլև առաջին հայացքից լուրջ թվացող հրատարակություններում)։ Մինչդեռ նրանց բոլորին չէր խանգարի հիշել Կռիլովի հայտնի արտահայտությունը` «մեղավորը հայելին չէ», և արժե նշել, որ Ռուսաստանում, ոչ առանց իշխանությունների ջանքերի, ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի ազդեցությունը շատ սահմանափակ է, «հինգերորդ շարասյունը», եթե անգամ կա, խիստ թույլ է. արևմտամետ ազատական ուժերը պառակտված են և գժտությունների մեջ խրված։ Այնպես որ, բանը, երևի, «Ռուսաստանի թշնամիների» նենգ չարամտությունը չէ։
Իսկ ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա կանգ չենք առնի թվերի ու թվացյալ հաղթանակների վրա, այլ կանցնենք մի քանի, մեր կարծիքով, հետաքրքիր և պերճախոս փաստերի։ Հասկանալի է, վաղուց փորձարկված «ընտրական տեխնոլոգիաների» համաձայն, լայնորեն օգտագործվել են թե՛ վարչական ռեսուրսները, թե՛ անհավասար քարոզչությունը, թե՛ «կարուսելը», թե՛ «լցոնումները», թե՛ «մեռած հոգիները», թե՛ քվեների համապատասխան հաշվարկը։ Սակայն անհանգստություն է պատճառում այն, որ այդ ամբողջ «ջենթլմենական փունջն» օգտագործվել է ծայրաստիճան թափթփված և ցուցադրական։ Ամեն ինչ արժե թեկուզ կենտրոնական ալիքների եթերում ընտրական հանձնաժողովների այն տվյալների ուղիղ ցուցադրումը, որտեղ ընդհանուր թվերը մեծապես գերազանցել են քվեների 100 %-ի սահմանը։ Ի՞նչ է սա` ապաշնորհությո՞ւն, թե՞... Այդ աչք ծակող առանձնահատկությունն անմիջապես մտորումների սնունդ տվեց գաղտնաբանության սիրահարներին։ Այսպես, մեզ քաջ ծանոթ ռուսական իսլամական գործիչ Հեյդար Ջամալը ենթադրում է, որ տեղի ունեցածի հետևում կանգնած են Մեդվեդևի թիմի «արևմտամետները»։ Իբր նրանք գիտակցաբար աշխատել են Դուման դարձնել առավելագույնս անօրինական, նոր վարչապետ ընտրելու անընդունակ և որպես հետևանք, այդ դեպքում այն պետք է արձակվի, և պետք է նշանակվեն նոր ընտրություններ։ Եվ այս ամենն ինքնըստինքյան ուղղված է ընդդեմ Պուտինի և Ռուսաստանի։ Իհարկե, այսպիսի հնարամիտ սխեմաներն անիրագործելի են, առավել ևս Ռուսաստանում, և, անշուշտ, դրանք ոչ ոք միտք չունի գործի դնելու։ Իսկ այդպիսի ծայրաստիճան վտանգավոր ֆանտազիաները, թվում է, կարող են հասունանալ միայն ոչ այնքան համարժեք ուղեղներում։ Իհարկե, ինչպես վկայում են Հայաստանի ու Ղարաբաղի վերաբերյալ ջամալական մյուս «փորձագիտական գնահատականները», այստեղ, ընդհանուր առմամբ, կարելի է ծանր ախտահարություն արձանագրել։ Լրատվամիջոցների էջերում կարելի է հանդիպել նաև մեկ այլ գնահատականի. այս ամենի հետևում, իբր, կանգնած է ամենահաս «դարի հանճար» և «չեչենական դրածո» Սուրկովը։ Իսկ նա ձգտել է ամեն կերպ թույլ չտալ «Միասնական Ռուսաստանի» սահմանադրական մեծամասնություն` Մեդվեդևի գլխավորությամբ, ապահովել է Պուտինի համար ձեռնտու կոալիցիայի ստեղծում և Դումայում հենց նրա կողմից լավ կառավարվող ընդդիմության ներկայություն։ Սակայն, համարձակվենք ենթադրել, որ ամեն ինչ շատ ավելի թեթևամիտ է ու ցինիկ, իսկ ժողովուրդն արդեն անչափ հոգնել է այս ամբողջ «ամենաթողությունից»։ Բայց, միաժամանակ, ակնհայտ է դառնում նաև այն, որ տարածաշրջաններում իշխանության վերահսկողության ուղղաձիգը թուլացել է, իսկ միջին օղակներում գնալով ավելանում է դժգոհների թիվը։ Բացառություն են ազգային ինքնավարությունների առավել հեղինակավոր շրջանները (արդեն կարելի է ասել, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը երկրի ոչ ռուս հատվածի կուսակցություն է)։ Շատ հետաքրքրական է նաև այն, որ կոմունիստներն ու ժիրինովսկիականներն անսպասելիորեն շատ ձայն են հավաքել, ընդ որում, երիտասարդների ձայներ։ Եվ դա այն դեպքում, երբ թե՛ Զյուգանովը, թե՛ ՌԼԴԿ-ի ղեկավարը բոլորին, ինչպես հարկն է, ձանձրացրել են, նրանց ընտրախավը, բոլոր տվյալների համաձայն, չի աճել, իսկ կոմունիստներինը, բնական պատճառներով, անգամ նվազել է։ Նրանց աճի հետ «չար կատակ» են արել, երևի, քվեաթերթիկներում «բոլորին դեմ» տողի բացակայությունը և ընդդիմության բոլոր գործիչների կոչերը` «քվեարկելու ցանկացածի օգտին, բացի խարդախների ու գողերի կուսակցությունից»։ Թե որքան էր դա նպատակահարմար, այլ հարց է, բայց, դատելով հիմնականում համացանցի միջոցով տարածվող կոչերի արդյունքներից, լսարան է գտել և աջակցություն ստացել։
Հիմա անցնենք ռուսաստանյան ընտրությունների գլխավոր հանգամանքներին` բացախոսության միանգամայն նոր պայմաններին, ինչը դեռ մինչև վերջերս տեղ չուներ ոչ միայն Ռուսաստանում։ Ալժիրում և Եգիպտոսում ժողովրդի դժգոհության պոռթկումից հետո սկսեցին խոսել «համացանցային հեղափոխությունների» տեխնոլոգիայի մասին, սակայն ռուսական իշխանությունները տաքացած հայտարարում էին, որ իրենց նման բան չի սպառնում։ Թեև նրանք, այդուամենայնիվ, որքան կարող էին, ջանացին հսկողության տակ առնել սոցիալական ցանցերը և անգամ աշխատում էին համացանցի միջոցով ազդել հասարակական կարծիքի վրա։ Բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ լրատվության այդ հատվածը, փաստորեն, ոչ միայն դժվար ու մեծ ծախսերի գնով է վերահսկվում, այլև սկսել է գերիշխել հեռուստատեսության և տպագիր մամուլի նկատմամբ։ Արդեն հայտնի է, որ տպագիր հրատարակությունների և հեռուստատեսության լրատվությունից հիմնականում օգտվում են տարեց մարդիկ ու աղքատները։ Իսկ երիտասարդներն ու միջին խավը «նստած են համացանցի մեջ», ուր ոչ միայն ազատորեն կարծիքներ են փոխանակում, այլև չվերահսկվող տեղեկություններ տարածում։ Դրանից հետո մնացած լրատվամիջոցներին այլևս ոչինչ չի մնում, եթե ոչ աջ ու ձախ անցնել մեծ բացախոսության գործելակերպի։ Հենց համացանցն էլ հիմա Ռուսաստանում դարձել է դժգոհության գլխավոր խոսափողը և ամբողջ երկրում բողոքների կազմակերպման գլխավոր միջոցը։ Այնպես որ, ուզես-չուզես, իր բոլոր հետագա դրսևորումներում իշխանությունը (և ոչ միայն ռուսական) պարտավոր կլինի հաշվի նստել այս նոր, իհարկե, իր համար ոչ այնքան նպաստավոր իրողությունների հետ։
Ոչ պակաս կարևոր մյուս հանգամանքը հանրահավաքների մասնակիցների սոցիալական կազմն է. դրանք երիտասարդներն են, մտավորականները, միջին խավը։ Բայց չէ՞ որ դեռ մինչև վերջերս նրանք հիմնականում, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ, ամենալռակյացն էին և «խոհանոցներում քչփչացողները»։
Իսկ այժմ բողոքողների շարքերում և՛ հեղինակավոր, և՛ բնավ էլ ոչ այնքան աղքատ մարդիկ են։ Այսինքն, նրանց «հոգուն էլ է հասել», նրանց էլ են վիրավորել ու խիստ նվաստացրել։ Իսկ, ինչպես հայտնի է դասական գրականությունից, «հեղափոխությունը նախապատրաստում են խելոքները»։ Ի դեպ, շտապենք նկատել, որ, ամենայն հավանականությամբ, մենք առայժմ ականատեսն ենք միայն նախավարժանքի. իշխանությունները մտադիր չեն արագորեն հանձնվելու, ասենք, բողոքի շարժումն էլ առայժմ կուռ չէ, չափազանց շատ են հույզերը, և դեռևս չկան բացահայտ քաղաքական առաջնորդներ։ Սակայն դա էլ Ռուսաստանի համար ևս մեկ վտանգ է պարունակում. ինչպես մեկ անգամ չէ, որ եղել է պատմության մեջ, քաղաքական հստակ առաջադրանք չունեցող բողոքի քայլերն այնտեղ ժողովրդական խռովության վերածվելու միտում ունեն, որոնք կարող են լինել «արյունալի ու անխնա»։ Ի դեպ, մի առանձնահատուկ չարագուշակ խորհրդանիշ կա այն բանում, որ Մոսկվայում բազմահազարանոց հանրահավաքը տեղի է ունեցել հենց Բոլոտնայա հրապարակում, ուր մի քանի դար առաջ քառատել են Եմելյան Պուգաչովին։ Բայց առայժմ, փառք Աստծո, միայն կրեմլյան երիտասարդական ջոկատների «թափթփուկներն» են հանրահավաքների մասնակիցներին ահաբեկում «թնդանոթի մսի» հեռանկարով։ Իշխանությունները թեև հրաժարվում են կատարել ժողովրդի պահանջները, սակայն առայժմ բավական զուսպ են և, կարծես, հանդուրժող։ Որքա՞ն կտևի նրանց համբերությունը։ Ինչպես երևում է, այս բանը չգիտեն նաև Կրեմլում։ Չէ՞ որ մի բան է ջանալ բարետես լինել աշխարհի ու երկրի աչքին, այլ բան են, ու ավելի կարևոր, ժամանակի պահանջը և ղեկի մոտ մնալու գերխնդիրը։ Իսկ այս հանգամանքները, համաձայնեք, չեն տրամադրում առանձնակի սեթևեթանքի ու հանդուրժողականության։ Ավելին, առջևում նոր ընտրություններ են, որին Ռուսաստանն ընդառաջ է գնում արդեն որպես նոր և առայժմ ոչ այնքան հասկանալի երկիր։
Այնպես որ, թվում է, Վլադիմիր Վլադիմիրովիչը դժվար վիճակի մեջ է հայտնվում։ Մի կողմից, կարծես, նա լուրջ մրցակիցներ չունի, որոնք շատ թե քիչ ընդունելի լինեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. աջերը լիովին վարկաբեկված են, Նավալնու նոր դեմքն ավելորդ ամբոխավարություն է ճառագում, և որպես քաղաքական գործիչ դեռ հասուն չէ, հավերժական արբանյակ-մրցակիցներ Զյուգանովն ու Ժիրինովսկին արդեն բացահայտորեն խփված խաղաթղթեր են, ազգայնականները, ի դեմս Լիմոնովի կամ Իվաշովի, առհասարակ անցանկալի անձինք են թվում։ Իսկ Պուտինը, ասես, ստուգված դեմք է և անգամ կանխատեսելի։ Ավելին, թեև Արևմուտքում նրանից հոգնել են և չէին ցանկանա տեսնել ընտրյալ վերնախավի շարքում, այդուամենայնիվ, նա աշխարհում բավականին շատ բարեկամներ ունի և անգամ մի շարք բիզնես-նախագծեր Եվրոպայում հենց նրա անվան հետ են կապվում։ Այնպես որ, ինչպես ասում են` «լավ է փորձած թանը»։ Իհարկե, կարող է էլի ինչ-որ մեկը մեջտեղ գալ, բայց ժամանակն աղետալիորեն «նեղում» է։ Մյուս կողմից` այդ կարճ ժամանակամիջոցում ժողովրդի ցասումը հազիվ թե թուլանա, իսկ արմատական զիջումների գնալ, «կարգուկանոն հաստատել», ինչպես խորհուրդ են տալիս քաղտեխնոլոգները, և բարձրացնել «ազգային առաջնորդի» իր անձնական վարկանիշը, նա բացահայտորեն չի համարձակվի, քանի որ, ինչպես հայտնի է, «գետանցման», առավել ևս փոթորկի ժամանակ, ձիերին չեն փոխում։ Այնպես որ, Պուտինի գործողությունների դաշտն անսպասելիորեն շատ նեղացել է, իսկ ընտրությունը, փաստորեն, մեկն է` հնարավորինս հեռու մնալ իշխանության ժողովրդականություն չվայելող բոլոր քայլերից, ինչը նա առայժմ անում է։ Եվ հայտարարությունները, թե անձամբ ինքը ոչ մի կապ չունի «Միասնական Ռուսաստանի» գործողությունների հետ, այդ շարքից են։ Բայց կհավատա՞ն, արդյոք, նրան։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ