«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԿԶԱՐԹՆԻ՞ ԱՐՋԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԿԶԱՐԹՆԻ՞ ԱՐՋԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
16.12.2011 | 00:00

Մինչ ռուսական վերջին զարգացումներն ու ցույցերը` հայ պուտինիստները նիրվանայոտ արտաբերում էին` հրե՜ս կգա: Պուտինը: Վլադիմիր Վլադիմիրովիչ: ՈՒ Հայաստանում կասի իր տղամարդկային խոսքը: Առանց որի մեզանում լիքը մարդ կա, որ չի կարողանում ապրել:

ՊՈ՛ՒՏԻՆ, ԷԼ ԿՅԱՆՔ ՉԵՍ ՀԱՎԻՏՅԱՆ
Մենք գրել էինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ի պատասխան մեր հարցմանն ասել էր, որ չի նախատեսվում պարոն Պուտինի այցը Հայաստան: Համենայն դեպս, մինչև նախորդ ամսվա վերջ:
Մեր պուտինիստները հիմա էլ պնդում են, թե մինչև տարեվերջ է «ինքը գալու»: Ֆորմալ մոտիվացիան հետևյալն է։ Պուտինը գալու է մասնակցելու Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի բացմանը (սա առանձին խոսակցության թեմա է, ընդ որում, Հայկական ատոմակայանի և «մնացյալ» խնդիրների ֆոնին): Այցը, ըստ պուտինիստ-լավատեղյակների, ուրույն «գազային» մեսիջ է լինելու առ այն, որ Հայաստանի մտքով չպետք է անցնի այս փուլում և ընդհանրապես անկանոն շարժումներ անել, այլապես չի բացառվում, որ տեղի ունենա գազի գնի վերանայում:
«Իսկ թե դա ի՜նչ է նշանակում «այս փուլում» Հայաստանի համար, ուր սոցիալական խնդիրներն առանց այն էլ քանդում են իշխանությունների տուն ու տեղը, ինքներդ եք հասկանում»,- գլխի, մտքի, «աշկերի» իմաստուն արտահայտությամբ բարբառում են հայոց պուտինիստները` հասցնելով «մույս աշկով» էլ գլուխները թեքել դեպ «հյուսիս», այն է` խորհրդարան, ու ցուցանել, թե «դիմակայության» ինչ ֆոնով ընդունվեց հայոց բյուջեն. հենց էնպես չեղավ էդ ամենը, էդ միայն «օբիժնիկների» ձեռի գործ չէր. Ռուսաստանն էլ «փայ-բաժին» ուներ. իր «մանկանց շուրթերից ճշմատությունն» է շաղ տալիս Ռուսիո-«մատը»:
Ընդ որում, «անկանոն» շարժում ասելով էլ, առաջին հերթին, նկատի է առնվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը (հետաքրքիր է` ռուսաստանյան վերջին զարգացումների ֆոնին դեկտեմբերի 20-ին տեղի ունենալիք ԱՊՀ գագաթնաժողովն ինչ «ընթացակարգ» կունենա, որքան տեղյակ ենք` Սերժ Սարգսյանն ու ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պետք է մասնակցեն դրան), որն իսպառ «կկտրի» Հայաստանին արևմուտքներից:
Վերոնշյալ հարցերի մանրամասն դիտարկումը թողնելով արևապայծառ օրերին, թույլ տանք մեզ կարծել` ո՛չ Պուտինը կգա, ո՛չ էլ Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը: Ո՛չ էլ այդ Միությունը կկայանա (ապացույցներն այլ անգամ):
Ոչ միայն վերջին զարգացումների, նախագահական ընտրություններով Պուտինի գլուխը խառը լինելու, այլև անչափ տրիվիալ պատճառով` տարին ավարտվում է: Մեկ: Եվ երկու` ամեն րոպե աշխարհաքաղաքական ստատուս քվո է փոխվում, և չկայացած ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի կողքին ևս մի կառույց ստեղծել այդ ընթացքում` պատմության անիվը հետ պտտելով, երբեք չի ստացվի:
Եվ այն էլ ա՛յս Պուտինին: Որն ամեն օր նոր մարտահրավերի առաջ է կանգնում: ՈՒ թե սկզբում թվում էր, որ «мировое сообщество»-ն ընդամենը նպատակ ունի նրա «չեկիստ» ճակատին խարանելու ոչ լեգիտիմության դրոշմը, որպեսզի «мочить»-ի սիրահարը մտքով չանցկացնի դիմակայություն հանդես բերել նոր աշխարհակարգի ստեղծմանը, ապա եվրոպական կառույցների կողմից ընտրությունները չեղյալ համարելու «հրահանգները» գալիս են ասելու, որ «нано свист»-ից վերջիններս անցում են կատարում առավել գործառնական դաշտ, իսկ դրան դեմ հանդիման պուտինյան վարչակազմի տրանսֆորմացիոն գործառույթները` Պրոխորովի վերահայտնություն, Գռիզլովի անհայտացում, ժողովրդական ճակատի վրա հիմնվելու «մարտունակություն», ցույցերի թույլատրելիություն, «օմոն»-ի չխառնվում, այն է` օդ բացթողում, ամենևին էլ համաչափ չեն այն ամենին, ինչ իրականում անում է Արևմուտքը` ռուսաստանյան քնած արջի հետ:
Բոլոր դեպքերում, սպասենք դեկտեմբերի 24-ի ցույցին` հիշելով համաշխարհային դավադրությունների տեսությունը, որն իր ռեալ իրականացումն է գտել մշտապես և ամենուր. «сообщество»-ն սիրում է ոչ միայն տնտեսական ճգնաժամեր ու պատերազմներ, գունավոր և ձմեռային (չմոռանաք` ռուսական հեղափոխությունն անվանվել է ոչ թե գարնանային, այլ «ձյունային», ու թարսի պես էլ Մոսկվայում ձյուն չկա ու չկա. նավթի գինն է կրկին նվազում) հեղափոխություններ հրահրել` այս կամ այն հայտնի «կորպորացիան» աշխարհի ղեկավարումից հետ քաշելով, այլև Սուրբ ծննդյան օրերին հետաքրքիր ծննդյան «նվերներ» մատուցելով:
Հիշենք` այդ դաժան «общество»-ն հենց Նոր տարվա գիշերը կախեց հյուծված ու հիվանդ Սադամին:

ՄԻԱՍԻ՞Ն, ԹԵ՞ ԱՌԱՆՁԻՆ. Ո՞ՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱԶՆԻՎ
Ռուսաստանին թողնենք իր «սնեժնի» դարդերի մեջ, մենք դառնանք մեր դարդերին: Այսպիսով, խորհրդարանական ընտրություններին մոտենալուն զուգընթաց «թոփ» թեման կոալիցիայի միասնական ցուցակով գնալ-չգնալու հարցն է:
Էս գլխից ասենք. ՀՀԿ-ի համար հարցը բաց է: Համոզված ենք, Սերժ Սարգսյանն առայժմ «դիտում» է:
Շատ բան, որքան էլ պարադոքսալ է, կախված է արտաքին ազդակներից, շուրջը տեղի ունեցող զարգացումներից: Նա, ըստ ամենայնի, կայացնելու է իրադրային որոշում: Եկեք այս գլխից ֆիքսենք` ներքին դաշտում նա հաստատ և այս պահին խնդիրներ չունի. եղածը թույլատրելիության սահմաններում է, և եթե որոշեց, որ գնալու են միասին, չկասկածեք, նույն ԲՀԿ-ն ասելու է` ոնց կասես, նախագահ ջան:
Մանավանդ հիմա, երբ վերջինս, որպես կուսակցություն, պրոբլեմ ունեցավ ԵԺԿ-ի անդամակցության հետ կապված: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ առժամանակ առաջ ԲՀԿ առաջնորդը եվրոպական բիզնես ասամբլեայի կողմից պարգևատրվել էր բավականին լուրջ մեդալով: Իսկ Միջազգային եվրոպական շարժումը ԲՀԿ խաթեր էր Հայաստանում հերթական համաժողովն անում (այս համաժողովի պատմությունը նույնպես հետաքրքիր է, բայց այս մասին` այլ անգամ):
Մնում էր Ռուսաստանը:
Հասկանալի է, ԲՀԿ-ն մեզանում ավանդորեն համարվում է «մաքուր» ռուսիստ: Նրա ներքին ֆավորիտներին դեռ մինչև ռուսական արջի վերջին արթնացում, ասվել էր` ռուսական խաղաքարտը չպետք է օգտագործեք հայաստանյան ներքաղաքականում: Իսկ հիմա, երբ Պուտինն ինքը «խաղաքարտերի» կարիք ունի, երբ պարոն Գռիզլովն արդեն Պետդումայի խոսնակ չէ (մեր խոսնակն էլ ուրիշ է, չէ՛, էդ չէինք ասում. ուզում էինք հիշել, թե ինչ խանդավառություն ապրեցինք բոլորս` հայաստանյան մեր գործիչների կողմից Գռիզլովի ձեռքը սեղմելու առիթով), հայաստանյան ստատուս քվոն ուղղակի օդի պես պետք է Ռուսաստանին (մանավանդ որ մենք օբյեկտիվ պատճառ ունենք Ռուսաստանին «գոու հոմ» անելու), որովհետև ա) զենք է վաճառում. մի ուրիշ ձև, Ադրբեջանին, բ) Գաբալայի դիմաց, ըստ ամենայնի, պատրաստվում է վճարել, հետն էլ` նոր ռադիոլոկացիոն կայան է ուզում կառուցել Ադրբեջանում:
Փաստորեն, «սնեժնի» դարձող Ռուսաստանի հետ այսօր հույսեր կապելն անհուսություն է (ընդ որում, Սերժ Սարգսյանի համար` նույնպես, Ռուսաստանի այսօրվա վիճակը գուցե թե «բավարար» կարող է համարվել հայաստանյան իշխանությունների համար, որովհետև «այսպիսի» Պուտինն ավելի «հետաքրքիր» է ոչ միայն Սերժի, այլև հետխորհրդային բոլոր մյուս երկրների համար, սակայն սրանից առավել «սնեժնիությունն» արդեն վտանգավոր է թե՛ Սերժի, թե՛ մյուսների համար` Ռուսաստանի անկանխատեսելիության և «умом не понять»-ի մասով):
Այսպիսով, ԲՀԿ-ին մնում է մեկ լոտ` բարեգործությունը, որն առաջին հայացքից կարծես թե գործում է (ժամանակ լիներ` մի հատ անդրադառնայիք երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ ԲՀԿ-ի հանդիպմանը), սակայն «խոցելիության» նոմինացիաներն այս դեպքում նույնպես քիչ չեն: Ինչևէ:
Հա, ի դեպ, ՀՀԿ-ի` մերձԲՀԿ-ական հատվածն անչափ` շատ անչափ (ինչու անչափ, խիստ հասկանալի է), շահագրգիռ է, որ կոալիցիան միասնական ցուցակով «մեկնի» ընտրությունների:
Բոլոր դեպքերում, ասացինք` Սերժ Սարգսյանը կայացնելու է իրավիճակային որոշում: Եթե նա զգաց, որ ներ և արտքաղաքական դասավորություններն ու «աստղերը հուշում են», որ կարող է ապահովվել առանձին մասնակցություն, առաջին հերթին կայացնելու է` առանձին գնալու որոշում: Մանավանդ որ, ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ էլ ՕԵԿ-ում բացառապես ոգևորված չեն միասին գնալու հեռանկարով, և փորձում են ապացուցել` «հեչ նպատակահարմար չէ». առաջին հերթին դաշտը ծածկելու, երկրորդ հերթին` միասնական ցուցակում «այսպիսիից» հետո «այնպիսի» մեկից հետո լինելու, և վերջապես` լիարժեք գործոն լինելու մասով (որ հետո չկռվեն. ով` ինչքան ձայն բերեց ցուցակին):
Ընդ որում, այս պահին կարծես «քննարկվում» է` 6-3-2 կոալիցիոն համամասնությունը. վեց` հանրապետական, երեք` ԲՀԿ-ական, երկու` ՕԵԿ-ական:
Ի դեպ, ՕԵԿ-ի մասով. այս կուսակցությունը բավականին «սողացող», մասամբ անտես, նորեն հայտնվում է իր աստղային ժամի մոտերքում: Վերջինիս եվրոպացիք կրկին սկսել են շատ բուռն նկատել: Ճիշտ է` EPP-ին առանձին կառույց ու «նկատում» է, ԵՄ-ն ու իր տիկին Էշտոն առանձին (չէ՛, չասացինք` անգլո-սաքսոնական վեկտորը ՕԵԿ-ն էլի զբաղեցրեց, շառ է), այնուհանդերձ, ՕԵԿ «ռասկրուտկան» միջնամասային այս խաղում ահագին հետաքրքիր հուն է տեղափոխվում: Նույնիսկ Ռուսաստանի մասով: Այնպես որ, ՕԵԿ քմահաճությունը (լավատեղյակներն ասում են` շահագրգռված է միայնակ գնալու), նույնպես հետաքրքիր է:
Չնայած` որո՞ւ երթա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ