Սեպտեմբերի 21-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայերը տոնեցին հայոց անկախ պետականության 20-ամյակը։ Հայաստանն ապացուցեց, որ կարող է լինել հաղթանակած երկիր, կարող է արարել և զարգանալ անգամ շրջափակման պայմաններում։ Սակայն, ցավոք, ստիպված ենք փաստել, որ Անկախության 20-ամյակի տոնակատարությունը զերծ չէր քաղաքական գզվռտոցներից, անհարկի ամբիցիաների դրսևորումներից։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Փորձեցինք ճշտել նախկին և ներկա քաղաքական գործիչներից։
«ՄԵՆՔ ԱՅԴ ՆԿԱՐԻ ՄԵՋ ԵՆՔ»
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ (ԼՂՀ նախկին վարչապետ)
-Երևի նրանով, որ տոնում ենք անկախության ընդամենը առաջին քսանամյակը։ Եթե համեմատենք հետխորհրդային երկրների հետ, ապա կտեսնենք, որ գրեթե ամեն երկրում էլ Ձեր ասած քաղաքական գզվռտոցը կա, ուղղակի այն տարբեր ձևերով և հարթակների վրա է արտահայտվում։ Կարծում եմ, սա բնորոշ է կայացման շրջան ապրող երկրներին։ Ամեն մի երևույթ պետք է դիտարկել պատմական բարձունքից։ Չի բացառվում, որ 60-70 տարի հետո մեր այսօրվա խնդիրները և դրանց լուծման ժամանակահատվածը շատ ավելի փոքր երևան։ Սակայն քանի որ մենք ենք ապրում այս ժամանակահատվածում... Ժվանեցկին լավ է ասում. «Մենք այդ նկարի մեջ ենք», դրա համար մենք ավելի զգայուն ենք այդ գզվռտոցների նկատմամբ։ Մյուս կողմից, քանի որ մենք այս ժամանակահատվածն ենք ապրում, ապա, բնականաբար, ցանկանում ենք, որ ավելի արագ տեմպերով զարգանանք։ Բայց երկրում կա նաև որոշ բաների դեֆիցիտ, որով և պայմանավորվում են այսօրվա ոչ ցանկալի երևույթները։ Հատկապես արտագաղթի երևույթը, որն այսօր առկա է։
-Իսկ տնտեսական գործընթացնե՞րը...
-Արտագաղթի երևույթն ինքնըստինքյան փաստում է, որ որոշ բաների դեֆիցիտ կա երկրում, այդ թվում` տնտեսական, աշխատատեղերի, աշխատավարձերի, բիզնես ծավալելու հետ կապված հարցեր, նաև, ինչու ոչ, կա արդարության դեֆիցիտ։ Եթե տարբեր սանդղակներով որոշենք այս բոլորի դասավորվածությունը, ապա առաջին տեղում կդնեմ արդարության դեֆիցիտը։ Եթե պետությունը կարողանա ապահովել արդարություն երկրում, ապա մնացած խնդիրներն աստիճանաբար կլուծվեն։ Նշեմ, որ արդարության ապահովումը թվարկածս բոլոր դեֆիցիտներից ամենահեշտ լուծելին է։ Այն պարզ պատճառով, որ չի ենթադրում ներդրումներ, ծախսեր, այլ անհրաժեշտ է քաղաքական կամք և ցանկություն։
-Սակայն 20 տարվա ընթացքում, բոլոր իշխանությունների ժամանակ, ժողովուրդն արդարություն է պահանջում։ Այն ժամանակ, երբ Դուք ԼՂՀ վարչապետ էիք, ժողովուրդը նույնպես դժգոհում էր արդարության բացակայությունից։ Ի՞նչն է խնդիրը, որ բոլոր իշխանությունների օրոք դժգոհությունը նույնն է։
-Դա վկայում է այն մասին, որ իսկապես արդարության ապահովման խնդիր կա։ Եվ բոլորովին կապ չունի` այն վերաբերում է ի՞մ ժամանակաշրջանին, թե՞ ինձնից հետոյին, սակայն պետք է նկատել, որ տարբեր ժամանակահատվածներում արդարության դեֆիցիտի չափերը տարբեր էին։ Եթե ժողովուրդը բողոքում է, ուրեմն խնդիր կա։ Պատճառները տարբեր կարող են լինել։ Սակայն, կարծում եմ, այն հիմնականում պայմանավորված է երկու գործոնով. առաջինը արհեստավարժության բացակայության խնդիրն է, այսինքն` ցանկանում են, բայց չեն կարող, երկրորդը` կամքի և ցանկության։ Եթե կա ցանկություն և կամք, դրա հետ մի փոքր էլ արհեստավարժություն, ապա, կարծում եմ, հնարավոր է մեզ մոտ ապահովել արդարություն։
-Ըստ Ձեզ` այս պահին մեզ մոտ ավելի շատ ի՞նչն է կաղում` ցանկությունն ու կամքը, թե՞ արհեստավարժությունը։
-Եթե կա արդարության դեֆիցիտ, ապա, կարծում եմ, երկու գործոններն էլ առկա են։
«ՄԵՆՔ ԱԶԳՈՎԻՆ ՈՒՐԱԽԱՆԱԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱԶԳՈՎԻՆ ՍԻՐԵԼ, ՀԱՐԳԵԼ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ»
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ (ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր)
-Անկախ նրանից, թե ինչպիսին են քաղաքական դիրքորոշումները և ուժերը, կարող եմ հաստատ ասել, որ այն, ինչ մեզ մոտ պակասում է, մեկն է. մենք ազգովին ուրախանալ չենք կարող, չենք կարողանում ազգովին սիրել, հարգել մեր պետական խորհրդանիշները։ Տարվա ընթացքում կան օրեր, որոնք պետք է վեր լինեն բոլոր տեսակի քաղաքական դիրքորոշումներից և հակասություններից։ Այդ օրերին պարզապես պարտավոր ենք միատեսակ ընկալել և արտահայտել պետության նկատմամբ սերը։
-Ի՞նչ եք կարծում, որքանով է ճիշտ, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները չեն ցանկանում մասնակցել Սերժ Սարգսյանի հրավերին` Անկախության 20-ամյակի առթիվ։
-Երկիրը բոլորինս է։ Երևի թե դեռևս չենք կարողացել ձևավորել, կառուցել քաղաքական ճիշտ, պետականությունն ամրապնդող ավանդույթներ։ Մինչդեռ դրանք խիստ անհրաժեշտ են, քանի որ վստահ եմ` մեր երկիրը, անկախության 20-ամյակից բացի, տոնելու է նաև 200-ամյակը և էլի ու էլի շատ ամյակներ։ Դրա համար անհրաժեշտ է ձևավորել և հիմնադրել այդ ավանդույթները։ Սա մեր երկիրն է, մեր պետությունը։ Մեր անկախությունը բոլորինս է։ Շատ շատերս, ժամանակին չնայելով` ով որ կուսակցությունից է կամ բարիկադների որ կողմում է գտնվում, արյուն ենք թափել, ջանք ենք գործադրել։ Յուրաքանչյուրն իր լուման է ներդրել այս պետության կայացման գործում, և հենց այդ պատճառով ազգովին պետք է ուրախանանք։
Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ