Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ԳԵՐՀԶՈՐ, ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՌՈՒՄԲ Է

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ԳԵՐՀԶՈՐ, ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՌՈՒՄԲ Է
23.12.2011 | 00:00

2010-ի հոկտեմբերի 2-ին «Հետք»-ում տպագրվեց «Մեր տարածաշրջանի տեխնածին (մարդածին) սեյսմիկ վտանգները» շարքի իմ` «Սևանը և տարածաշրջանի սեյսմիկ վտանգները» հոդվածը: Ցավոք, խիստ զբաղվածության պատճառով, չէր հաջողվում ամփոփել մեր տարածաշրջանի մյուս, առավել մեծ վտանգների մասին փաստող տվյալները:
Սակայն, երբ 2011-ի Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո օտարերկրյա մի շարք հեռուստակայանների (այդ թվում` վրացական «Ռուսթավի-2»-ի), թերթերի, ամսագրերի լրագրողներ դիմեցին ինձ` խնդրելով պարզաբանել ոչ միայն այդ ավերիչ երկրաշարժի հետ կապված մանրամասներն ու հնարավոր գլոբալ հետևանքները, այլ նաև կարծիք հայտնել, թե ժամանակը չէ՞, արդյոք, դադարեցնելու Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը և այն կոնսերվացնելու, քանի որ մեծ վտանգ է ողջ տարածաշրջանի համար, հասկացա, որ հարցը պատահական չէր բարձրացվում, և ժամանակն է բարձրաձայնելու մեր տարածաշրջանի առավել ծանր տեխնածին սեյսմիկ վտանգների մասին:
Շատ շուտով (18.04.2011 թ.) մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Հ. Բաղիրովի հայտարարությունը, որում ասվում է. «Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը փաստեր է հավաքում ապացուցելու համար, որ Մեծամորի ԱԷԿ-ը տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում»: Նա նաև հայտարարել է, թե իրենց կուտակած փաստերը կներկայացվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱՏԷՄԻԳ) և միջազգային այլ իրավասու կառույցների: «Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, այլ, նախ և առաջ, հենց Հայաստանի համար, ուստի այդ ԱԷԿ-ի աշխատանքը անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,- ասել է նա: Մեծամորի ԱԷԿ-ի փակմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին ակտիվորեն աջակցում էր Թուրքիան:
Ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում 23.10.2011 թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից (էպիկենտրոնը` Վան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս) անմիջապես հետո «Զաման» թերթը, հղում անելով Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությանը, տեղեկություն տարածեց, իբր Վանի երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, ռադիացիայի արտահոսքն այնքան էլ մեծ չէ, սակայն հասել է Թուրքիայի սահմանին գտնվող ռադիացիայի չափման կայաններին:
Եվ վերջապես, 2011-ի նոյեմբերի 5-ին տարածվեց տեղեկություն այն մասին, որ Թուրքիան դիմել է ԱՏԷՄԻԳ-ին` պահանջելով փակել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, ինչի պատճառը, իբր, «հին ատոմակայանները գործունեության մեջ թողնելուն Թուրքիայի դեմ լինելն է»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թանըր Յըլդըզը: Նա հայտարարել է նաև, որ ԱՏԷՄԻԳ-ն ունի այդպիսի լիազորություն և այլն, և այլն:
Սա է դրդապատճառը, որ, ցավոք, ուշացումով, ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում վաղուց մտահղացած «Մեր տարածաշրջանի տեխնածին (մարդածին) սեյսմիկ վտանգները» շարքի իմ երկրորդ հոդվածը: Այն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում և նրան հարակից ադրբեջանական տարածքներում վտանգավոր չափերի հասած տեմպերով երկարաժամկետ նավթարդյունահանման և գազարդյունահանման հետևանքով ներկայումս մեր տարածաշրջանին սպառնացող տեխնածին (մարդածին) սեյսմիկ վտանգների կտրուկ աճի ու կործանարար, տեխնածին (մարդածին) սեյսմիկ աղետների հնարավոր գեներացման մասին է, ինչն արդեն իսկ Ադրբեջանի տարածքում բացահայտ վտանգավոր սեյսմիկ իրավիճակ է առաջացրել, հղի ծայրահեղ ծանր հետևանքներով, և ինչն անհրաժեշտ է կանխել անհապաղ:
Այս փաստն առայժմ փորձում են «չնկատել», կոծկել Ադրբեջանի իշխանությունները, տարածաշրջանում բիզնես-շահեր հետապնդող տրանսկոնտինենտալ նավթագազային գերհզոր կորպորացիաները, ինչպես նաև համաշխարհային գերտերությունները, ինչն անթույլատրելի է:
Մենք լռելու իրավունք չունենք: Եկել է ժամանակը ի լուր աշխարհի բարձրաձայնելու այն վտանգավոր իրողությունները, որ առկա են Կասպից ծովի ադրբեջանական հատվածի և նրան հարակից Ադրբեջանի տարածքներում, որոնք սեյսմիկ առումով կործանարար վտանգ են ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար և այսպես շարունակվելու պարագայում շատ շուտով հանգեցնելու են տարածաշրջանային, հնարավոր է նաև` գլոբալ էկոլոգիական աղետի:
2001-ի մարտի 14-ին ադրբեջանական 1news.az-ը, ANS Press-ը և այլ լրատվամիջոցներ տարածեցին խիստ սահմանափակ հաղորդագրություն այն մասին, որ Ադրբեջանի տարածքի երկրակեղևում, 15 կմ խորության վրա տեղի է ունեցել տեկտոնիկ խզում (նկ.1-3)` երկրակեղևի մակերևույթին առաջացնելով հարյուրավոր կիլոմետրեր ձգվող 5-10 սմ բացվածքով նոր ճաք, ինչի հետևանքով, խզվածքից արևելք ընկած երկրակեղևը նույնքան տեղաշարժվել է դեպի Կասպից ծով: Չափումները ցույց են տվել, որ երկրակեղևի խորքում բացվածքն իրականում 2 մ և ավելի է, իսկ արդեն 5 մ խորության վրա երկրակեղևի կառուցվածքի ավերված մասի լայնությունը` 4 մետր: Երկրակեղևում այդ խզումն սկսվել է 2011-ի մարտի սկզբին` Սալյան շրջանի տարածքում և ապա, ըստ ադրբեջանցի մասնագետների, ընթացել երկու ուղղություններով` նախ` դեպի Շիրվանի շրջան, ապա անցնելով այն, հասել է Հաջիքաբուլի տարածք և շարունակում է ընթանալ հյուսիս-արևելյան ուղղությամբ, մի կողմից դեպի Ապշերոնյան թերակղզի ու Բաքու (նկ. 1-հաստ գիծ` «հյուսիսային ճառագայթ»), մյուս կողմից` Լենքորանի շրջան (նկ. 1-հաստ գիծ` «Հարավային ճառագայթ»):
Ըստ Ադրբեջանի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) մասնագետների, նոր տեկտոնիկ խզվածքի ու ճաքի առաջացման պատճառը 15 կմ և ավելի խորություններում ընթացող ակտիվ պրոցեսներն են, ինչի ապացույցը 2011-ի փետրվարի 14-28-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ տարածքներում տեղի ունեցած 2,3-2,8-5-բալանոց (3,2-3,6 մագնիտուդ) երկրաշարժերն են և մի շարք ցեխային հրաբուխների ու սողանքների կտրուկ ակտիվացումը: Նրանց պնդմամբ, 2011-ի ապրիլի սկզբին նոր տեկտոնիկ ճաքում պրոցեսները կայունացել են, իսկ ճաքի ընթացքը դեպի Ապշերոնյան թերակղզի և Բաքու դադարել է:
Սակայն ԱԳԱԱ երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիայի ու գեոդինամիկայի բաժնի վարիչ Ֆ. Քադիրովն այդ հարցում հակառակ կարծիքի է և հենց նույն այդ օրերին հայտարարեց, թե Ադրբեջանի տարածքում գոյացած տեկտոնիկ նոր խզվածքը խիստ վտանգավոր է և շարունակում է լայնանալ: Ըստ Քադիրովի, իրենց տեսական հաշվարկները ցույց են տվել, որ նոր ճաքը կարող է ընթանալ դեպի Ապշերոնյան թերակղզի և Բաքու, ինչը գլխավոր վտանգն է, քանի որ Բաքվի տարածքում հնարավոր երկրաշարժը բազմաթիվ զոհերի և ավերածությունների կհանգեցնի: Մեջբերեմ Ֆ. Քադիրովի խոսքը. «Արաբական սալի ազդեցության տակ երկրակեղևի խորքում, 15 կմ և ավելի խորություններում, ընթանում են հորիզոնական պրոցեսներ: Երկրակեղևը մի կողմից կարծես պոկում են, իսկ մյուս կողմից` պահում, ինչի արդյունքում էլ տեղի է ունենում երկրակեղևի սալի խզվածք, որը, հնարավոր է, գոյություն է ունեցել հնուց և հիմա ակտիվացել է: Սա վախի զգացում է առաջացնում, քանի որ Ապշերոնում, հին ժամանակներից ի վեր, կան երկրաշարժային օջախներ ու երկրակեղևի խզվածքներ, օրինակ, 1842 թ. Զաբրատի (Բաքվի արվարձան) երկրաշարժի արդյունքում նույն այդ տարածքներում տեկտոնիկ խզվածք է գոյացել, որն այժմ նույնպես կարող է ակտիվանալ (նկ. 1` ոչ հոծ գծեր)»:
Ադրբեջանի բնապահպանական կանխատեսման կենտրոնի ղեկավար Թ. Զեյնալովն «Էխո»-ի հետ հարցազրույցում նոր տեկտոնիկ խզվածքի առաջացման այլ պատճառներ է ներկայացրել: «Ապշերոնյան թերակղզու ընդերքում, 150 տարուց ավելի, ակտիվ նավթագազարդյունահանման արդյունքում, դատարկություններ են գոյացել, որոնք ժամանակին անհրաժեշտ էր լցնել ջրով, ինչը չի արվել: Ներկայումս Ապշերոնի թերակղզու տարբեր քաղաքներում, հատկապես Բաքվում, հսկա շենքերի կառուցման արդյունքում խիստ մեծանում է երկրակեղևի վրա ճնշումը, ինչն էլ հանգեցնում է Ապշերոնյան թերակղզու անջատմանը Ադրբեջանի մնացած տարածքներից, և այս հարցն առայսօր որևէ ուսումնասիրության չի ենթարկվել: Ջուրը կարող է հոսել առաջացած նոր խզվածքի ու ճաքի ողջ երկայնքով (նկ. 1-3), էրոզիայի ենթարկելով հողը, ինչը, ի վերջո, կհանգեցնի Ապշերոնյան թերակղզու ոչնչացմանը: Երկրակեղևի խզումը կարող է պայմանավորված լինել սողանքներով կամ հողի աստիճանական իջեցումով ներքև, դեպի մեծ տեմպերով նավթագազարդյունահանման արդյունքում երկրակեղևում առաջացած մեծածավալ խորքային դատարկ խոռոչները և լցնելով դրանք: Եթե միջոցներ չձեռնարկվեն, և նոր տեկտոնիկ խզվածքը շարունակի իր ընթացքը, ապա Բաքուն ամբողջությամբ կանցնի ջրի տակ: Այս ծանր իրավիճակից մեկ ելք կա` Կասպից ծովի ափին զուգահեռ կառուցել պատնեշ-ամբարտակներ»։
Նույն այդ օրերին, 2011-ի մարտի 13-ից սկսած, Ադրբեջանի տարածքում ակտիվացան նաև գործող և անգամ հանգստի փուլում գտնվող մեծաթիվ ցեխային հրաբուխներ (նկ. 5-13)` Գոբուստանի շրջանի Շիխզաիրլի ու Արաբշահվերդի ցեխային հրաբուխները և Բաքվի Ղարադաղի շրջանի Ալյաթ ավանին մոտ տեղաբաշխված Դաշգիլ ու Այրանթոքեն ցեխային հրաբուխները (նկ. 7-11): Դրանց ժայթքումն սկսվել է ուժգին աղմուկով ու հզոր պայթյուններով ուղեկցվող գազի և նավթի արտահոսքով ու ցեխանավթագազային խառնուրդի բռնկումով, որի բարձրությունը կազմել է 60-70 մ, իսկ դրանից արտածվող տաքությունը զգացվել է 3 կմ և ավելի հեռավորության վրա: Արդյունքում երկրի մակերևույթին առաջացել են 40-50 սմ լայնության ճաքեր:

12.05.2011 թ. Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Հաջիքաբուլի շրջանի տարածքում, Գուբալը-Բալողլան և Ռաջաբլի գյուղերից 30 կմ հեռավորության վրա, Բյոյուկ Հարամի լեռնաշղթայի Հարամի լեռան վրա տեղի է ունեցել 15-50 մետր բարձրությամբ հրե-ցեխային հրաբխի ժայթքում, ինչը տեսանելի է եղել 80-90 կմ վրա:
21.06.2011 թ. Ֆ. Քադիրովն ավելի ծանր հայտարարություններ արեց. «Ադրբեջանը շատ վտանգավոր գոտում է գտնվում: Արաբական տեկտոնիկ սալի տեղաշարժի պատճառով տեղի են ունենում սեղմման անընդհատ պրոցեսներ, գեներացնելով երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ, երկրակեղևում առաջացնելով նոր խզվածքներ ու ճաքեր: Այս ամենը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ողջ ենթակառուցվածքի, հատկապես նրա նավթագազային ենթակառուցվածքի համար: Ադրբեջանի ներկա գեոդինամիկ վիճակը բարենպաստ չէ, որոշ տարածքներում հզոր, վտանգավոր դեֆորմացիոն պրոցեսներ են ընթանում: Ներկայումս, ԱՄՆ-ի փորձագետների հետ համատեղ, լուրջ աշխատանքներ ենք իրականացնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի (տե՛ս քարտեզը) սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Այս պահին, սեյսմիկ անվտանգության առումով, ԲԹՋ նավթամուղի վիճակը նորմայի սահմաններում է»:
12.07.2011 թ. Ադրբեջանի Շիրվանի շրջանում, նոր խզվածքի հյուսիսային ճյուղի եզրում (նկ. 1), միջինբալանոց չորս երկրաշարժ գրանցվեց, ըստ տեղեկատվության` բնակչությունը դրանք չի զգացել: Իսկ 25.07.2011 թ. միջին` 3,9 մագնիտուդով երկրաշարժ գրանցվեց Կասպից ծովի ադրբեջանական հատվածում (էպիկենտրոնի կոորդինատները չեն նշվում, հիպոկենտրոնի խորությունը` 128 կմ):
04.11.2011 թ. երեք նոր թույլ երկրաշարժ է գրանցվել` մեկը Աղստաֆայից 22 կմ դեպի արևելք, ինչպես նաև Մասալլըում և Լենքորանից 45 կմ դեպի հարավ-արևելք, Կասպից ծովում (երկրաշարժերի հիպոկենտրոնների խորությունը` 10 կմ): Նշենք, որ վերջին երկու երկրաշարժի էպիկենտրոնները գտնվում էին նոր տեկտոնիկ խզվածքի և երկրակեղևի մակերևութային ճաքի հարավային ճառագայթի վրա, ինչը նշանակում է, որ նախ` նոր խզվածքի, առնվազն հարավային ճառագայթի եզրում, ակտիվ-գեոդինամիկ պրոցեսները շարունակվում են, և երկրորդ` Ադրբեջանի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության և Ադրբեջանի գիտւթյունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) մասնագետների հայտարարությունն այն մասին, թե «...ապրիլի սկզբին նոր տեկտոնիկ ճաքում պրոցեսները կայունացել են, իսկ ճաքի ընթացքը դեպի Ապշերոնյան թերակղզի և Բաքու դադարել է», անհիմն են: 15.11.2011 թ., Կասպից ծովի Ադրբեջանական հատվածում, Բաքվից 62 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը Բաքվում 3 բալ ուժգնություն է ունեցել:
Կասպից ծովն իրականում լիճ է, քանի որ չունի ելք դեպի օվկիանոս, սակայն նրա հատակի միջին և հարավային մասերն օվկիանոսային տիպի երկրակեղևից են կազմված: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ 70 մլն տարի առաջ, Սարմատյան ծովը, Համաշխարհային օվկիանոսի հետ կապը և ծանծաղելով, մոտ 10 մլն տարի առաջ բաժանվել է երկու մասի` Կասպից և Սև ծովերի:
Իր ողջ պատմության ընթացքում Կասպից ծովում ջրի մակարդակն անոմալ տատանումների է ենթարկվել, ինչի պատճառներն առայժմ ամբողջությամբ բացահայտված չեն: Նրա մեջ է թափվում 130 գետ, իսկ նրանից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Դեպի Կասպից ծով ջրի տարեկան ներհոսքը նախկինում, ջրառատ տարիներին, կազմել է մոտ 250 կմ3, ներկայումս այն 200 կմ3 է: Վերջին 2000 տարում Կասպից ծովում ջրի մակարդակի տատանումները 7 մ են կազմել (-32 մ-ից մինչև (-25 մ): 1929-1977 թթ. ընթացքում նրանում ջրի մակարդակը կտրուկ նվազել է (-25,88 մ-ից մինչև -29,01 մ), ապա սկսել է սրընթաց բարձրանալ և 1995 թ. կազմել է -26,66 մ: 2000 թվականից սկսած Կասպից ծովում ջրի մակարդակը համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է 27 մետրով (-27 մ):
Կասպից ծովում ջրի մակարդակի տատանումները պայմանավորված են կլիմայական փոփոխություններով, ծովի ջրավազանի ջրային հաշվեկշռով (դեպի ծով ջրի ներհոսքի, դրա գոլորշացման ու «կորուստների» միջև), ծովի հատակի և տարածաշրջանի երկրակեղևում տեղի ունեցող (բնածին ու տեխնածին` մարդածին) տեկտոնիկ պրոցեսներով և այլն:
03.06.2009 թ. Համաշխարհային բանկի փորձագետների տարածած տվյալների համաձայն` 21-րդ դարի վերջին, միայն կլիմայական փոփոխությունների հետ կապված, Կասպից ծովի մակարդակը 6 մետրով կիջնի: Ավելին, 23.11.2011 թ. Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարության Հիդրոմետեորոլոգիայի ազգային դեպարտամենտի փոխտնօրեն Ռզա Մահմուդովն արդեն իսկ հայտարարել է, որ Կասպից ծովում նկատվում է ոչ թե ջրի մակարդակի բարձրացում, այլ իջեցում: «2010 թվականին Կասպից ծովի մակարդակն իջել է 9 սմ-ով, 2011-ին` 20 սմ-ով: 2014-2015 թթ. կանխատեսվում է 13-14 սմ նվազում»,- նշել է նա:
Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հատակին և հարակից ցամաքային տարածքներում դինամիկ-ակտիվ կամ դադարի փուլում գտնվող մեծ թվով ցեխային հրաբուխներ կան: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր հրաբուխների (հսկա մագմատիկ կամ փոքր ցեխային հրաբուխներ) «աշխատանքը» պայմանավորված է գլոբալ գեոդինամիկ պրոցեսներով` լիտոսֆերային սալերի տեղաշարժերով և բոլոր տիպի հրաբուխների «արմատները» երկրակեղևում 20 կմ ու ավելի խորությունների վրա են տեղաբաշխված:
Հատկանշական է, որ երկրագնդի վրա (ցամաքում և ծովերի ու օվկիանոսների հատակին) հայտնաբերված մոտ 800 ցեխային հրաբուխներից առնվազն 350-400-ը գտնվում են Ադրբեջանի ցամաքային և ծովային տարածքներում, որոնց բարձրությունը 400 մետր և ավելի է, նրանց ժայթքման ընթացքում ցեխանավթագազային խառնուրդ է դուրս ժայթքում, ինչն էլ արագ բռնկում է (նկ. 7-13): Ադրբեջանական ցեխային հրաբուխների 21 %-ը ցամաքային է, իսկ 79 %-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հատակին է տեղաբաշխված: Դրանք, առայժմ, որևէ լուրջ գիտական ուսումնասիրության չեն ենթարկվել:
01.07.2011 թ. ԱԳԱԱ ակադեմիկոս Ա. Իսմայըլզադեն Day.Az-ի հետ հարցազրույցում հայտարարել է. «Ադրբեջանի տարածքում ցեխային հրաբուխների կտրուկ ակտիվացում է նկատվում: Որոշ բնակավայրեր ցեխային հրաբուխներին շատ մոտ են գտնվում, ինչը խիստ վտանգավոր է և կարող է նպաստել հրաբուխների ակտիվացմանը: Տարիներ առաջ, Կասպից ծովում հորատանցք փորելիս, հանքափորները դեմ առան հրաբխի օջախի, որն էլ ժայթքեց օդ շպրտելով հորատող սարքը: ՈՒստի անհրաժեշտ է շենքերի և ծովային պլատֆորմների կառուցման ընթացքում, նախօրոք երկրաֆիզիկական ուսումնասիրության ենթարկել տեղանքում առկա ցեխային հրաբուխների խորքային արմատները»:
Այսպիսով, Կասպից ծովի ադրբեջանական հատված և նրան հարող ցամաքային տարածքներում տարեցտարի սեյսմիկ իրավիճակի կտրուկ և վտանգավոր ակտիվացում է դիտվում: Տեղի են ունենում.
l մեծ թվով անոմալ տարբեր (հիմնականում միջին և փոքր) մագնիտուդով երկրաշարժեր,
l 2011 թ. մարտի սկզբին երկրակեղևում առաջացել է հարյուրավոր կիլոմետրեր ձգվող, երկրի մակերևույթի վրա 5-10 սմ, իսկ 5 մ և ավելի խորությունների վրա 2-4 մետր լայնությամբ երկրակեղևի նոր ճաք, որում ակտիվ գեոդինամիկ պրոցեսները շարունակվում են,
l ժայթքում են տարբեր հզորությամբ ցամաքային և ստորջրյա նավթագազացեխային, բռնկվող բազմաթիվ հրաբուխներ, այդ թվում նաև մայրաքաղաք Բաքվի արվարձաններում, և դրանց թիվը, անգամ ադրբեջանցի մասնագետների հավաստմամբ, տարեցտարի ահագնացող-կտրուկ արագությամբ աճում է,
l մեծամասշտաբ սողանքային պրոցեսներ և այլն:
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում և հարակից ցամաքային տարածքներում տարեցտարի բարդացող սեյսմիկ իրավիճակի պատճառների, մեր տարածաշրջանում (Կասպից ծովին հարող և հարևան տարածքներ) դրանց հնարավոր վտանգավոր, կործանարար հետևանքների բացահայտումն ու այդ ծանր, աղետալի հետևանքներից խուսափելու ելքերի առաջարկումը խիստ կարևոր են:
Հայտնի է, որ երկարաժամկետ նավթագազարդյունահանման, ստորգետնյա հզոր պայթեցումների և մի շարք այլ դեպքերում տարածաշրջանում գեներացվում են տարբեր մագնիտուդով ու բալայնությամբ, շատ հաճախ` կործանարար տեխնածին (մարդածին) երկրաշարժեր, առաջանում են երկրակեղևի խորքային խզվածքներ ու մակերևութային ճաքեր, մեծամասշտաբ փլուզումներ ու սողանքներ և այլն: Հայտնի է նաև, որ այդպիսի տեխնածին (մարդածին) երկրաշարժերի մագնիտուդը, բալայնությունը, դրանց առաջացրած ավերածությունների չափը կախված են տարածաշրջանում իրականացվող նավթա-գազարդյունահանման տևողությունից, դրանց ինտենսիվությունից, պայթյունների հզորությունից և շատ այլ պարամետրերից:
Այսպես, 1976-ին և 1984-ին ՈՒզբեկստանի տարածքում, Կզլկումի թույլ սեյսմիկ ակտիվության գոտում, գրանցվեց կործանարար երեք երկրաշարժ (M=7,0, M=7,3 մագնիտուդներով, 9-10 բալ ուժգնությամբ 1976-ին և M=7,2 մագնիտուդով, 8-9 բալ ուժգնությամբ` 1984-ին): Հենց առաջին կործանարար երկրաշարժի պատճառով նավթագործների Գազլի քաղաքն ամբողջությամբ ավերվեց, եղան մեծ թվով մարդկային զոհեր: Երկրակեղևում առաջացած ահռելի ճեղքերի վտանգից խուսափելու նպատակով քաղաքը տեղափոխվեց լրիվ այլ վայր: 1995 թ. Սախալինի Պերվոմայսկի նավթահանքի շահագործման ավարտից 30 տարի անց, տեղի ունեցավ M=6,6 մագնիտուդով կործանարար երկրաշարժ, ինչի պատճառով հողին հավասարվեց Նեֆտեգորսկ քաղաքը, եղան բազմաթիվ մարդկային զոհեր: Հետազոտություններից պարզվեց, որ Գազլիի և Նեֆտեգորսկի կործանարար երկրաշարժերը տեխնածին էին, որոնց գեներացման պատճառը երկարաժամկետ, ինտենսիվ նավթարդյունահանումն էր և Պերվոմայսկի նավթահանքի շահագործման ավարտից հետո նավթի դատարկված ստորգետնյա պահեստարանների չկոնսերվացումը:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում տարեցտարի կտրուկ աճում է տեխնածին (մարդածին) կործանարար երկրաշարժերի թիվը, ինչից, սակայն հասարակությունը անտեղյակ է:
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում և նրան հարող ներկայիս Ադրբեջանի ցամաքային տարածքներում սեյսմիկ առումով ներկա բարդ իրավիճակը արդյունք է.
l մեր տարածաշրջանի երկրակեղևում ընթացող բնական գեոդինամիկ և այլ պրոցեսների ակտիվացման (բնածին բաղադրիչ),
l մարդու գործունեության, մասնավորապես Կասպից ծովի, հատկապես նրա ադրբեջանական հատվածի, հատակից և հարակից ցամաքային տարածքների ընդերքից երկարաժամկետ, ինտենսիվ նավթարդյունահանման, գազարդյունահանման պատճառով ընթացող տեկտոնիկ պրոցեսների ակտիվացման (տեխնածին (մարդածին) բաղադրիչ):
Տարածաշրջանի սեյսմիկ առումով ներկա բարդ իրավիճակի բնածին բաղադրիչը պայմանավորված է Արաբական, Աֆրիկյան և Եվրասիական տեկտոնիկ սալերի շարժման տարբերություններով: Արաբական սալը շարժվում է հյուսիս-հյուսիսարևմտյան ուղղությամբ 18-25 մմ/տարի արագությամբ, իսկ Աֆրիկյանը շարժվում է դեպի հյուսիս` 10 մմ/տարի արագությամբ, ինչի պատճառով էլ նրանցում մեծանում են մեխանիկական լարումներն ու դեֆորմացիաները, հանգեցնելով տարածաշրջանի երկրակեղևում առկա խզվածքների երկայնքով դեպի ձախ ուղղված տեղաշարժերի: Այս գեոդինամիկ պրոցեսների արդյունքում են միլիոնավոր տարիներ առաջ ձևավորվել ներկայիս Արևելյան Թուրքիայի բարձրլեռնային բարձրավանդակը (Հայկական լեռնաշղթան) և Մեծ ու Փոքր Կովկասի լեռնազանգվածները:

Մեր տարածաշրջանի սեյսմիկ առումով ներկա բարդ իրավիճակի տեխնածին (մարդածին) բաղադրիչը պայմանավորված է.
ա) նավթի ու գազի երկարաժամկետ, ինտենսիվ արդյունահանման պատճառով Կասպից ծովի հատակի և հարակից ցամաքային տարածքների երկրակեղևի խորքում տեղաբաշխված նավթա-գազային բնական պահեստարանների դատարկման արդյունքում մեծածավալ դատարկ խոռոչների առաջացմամբ, որոնց վրա վերևից ազդում է երկրակեղևի շերտի ծանրության չկոմպենսացված ուժը, իսկ ներքևից` մագմայի ճնշման չկոմպենսացված ուժը և այլն: Արդյունքում, այդ խոռոչների պատերը, ի վերջո, ճզմվում են, փշրվում, առաջացնելով երկրակեղևի գրունտի խորքային, մեծամասշտաբ փլուզումներ, տեկտոնիկ խզվածքներ ու մակերևութային ճաքեր, գեներացնում տարբեր ուժգնության տեխնածին երկրաշարժեր և այլն:
բ) Նշենք, որ հնարավոր են դատարկված խոռոչների պատերի ոչ ամբողջական, մասնակի փլուզումներ և միջնաժամկետ թույլ ու միջին մագնիտուդով տեխնածին (մարդածին) մեծ թվով երկրաշարժերի շարք, ինչի արդյունարար հետևանքները տարածաշրջանի համար աղետալի ու ծանր կլինեն:
գ) Երկարաժամկետ, ինտենսիվ նավթագազարդյունահանման պատճառով դատարկված խորքային հսկայածավալ խոռոչների չկոնսերվացման, դրանց հերմետիկացման բացակայության պարագայում ջրի հսկայական զանգվածների մեծ ճնշման տակ ու ահռելի արագությամբ հնարավոր ներհոսքով դեպի այդ դատարկ խոռոչներ և նոր գոյացած կամ հնուց առկա խորքային խզվածքներով դեպի երկրակեղևի ավելի ցածր տեղաբաշխված տարածքներ, ինչի արդյունքում տեղի կունենան.
l մեծ թվով տարբեր մագնիտուդով և բալայնությամբ լրացուցիչ տեխնածին (մարդածին) երկրաշարժեր,
l Կասպից ծովում ջրի մակարդակի նվազում` կլիմայական պայմանների, ծովի ավազանի ջրային հաշվեկշռի և ջրի մակարդակի վրա ազդող այլ պարամետրերի անփոփոխության պարագայում,
l Կասպից ծովի հատակի և նրան հարակից ցամաքային տարածքների երկրակեղևում առկա խորքային խզվածքների երկայնքով գրունտի լվացում ու էրոզիա, ինչն էլ, ի վերջո, կհանգեցնի խորքային տեկտոնիկ խզվածքների եզրերի փշրման, լայնացման ու երկրակեղևի աստիճանական փլուզման, իր վտանգավոր տեխնածին (մարդածին) կործանարար հետևանքներով և այլն:
դ) Կասպից ծովի հատակի և հարակից ցամաքային տարածքների երկրակեղևում խորքային հզոր պայթեցումներով (5 կմ և ավելի խորությունների վրա), պայմանավորված նավթի ու գազի ստորգետնյա, դեռևս լիքը պահեստարանների պատերի վնասման պատճառով, նավթի ու գազի մեծածավալ զանգվածներն ահռելի ճնշման տակ, մեծ արագությամբ կհոսեն դեպի երկրակեղի ավելի ցածր տեղաբաշխված տարածքներ, գեներացնելով տարբեր մագնիտուդով և բալայնությամբ լրացուցիչ տեխնածին (մարդածին) երկրաշարժեր, առաջացնելով երկրակեղևի գրունտի խորքային փլուզումներ, երկրակեղևի խորքային խզվածքներ ու մակերևութային ճաքեր և այլն:
ե) Նշենք, որ Կասպից ծովի հատակի երկրակեղևում խորքային հզոր պայթեցումներն իրենք նույնպես կարող են գեներացնել տարբեր մագնիտուդով և ուժգնությամբ տեխնածին (մարդածին) երկրաշարժեր, երկրակեղևում առաջացնել խորքային մեծածավալ դատարկություններ, տեկտոնիկ խորքային և մակերևութային ճաքեր և այլն:
զ) Նավթի և գազի երկարաժամկետ արդյունահանման պատճառով, Կասպից ծովի հատակի և հարակից ցամաքային տարածքների երկրակեղևի վիճակով, որը, հատկապես, Կասպից ծովի ադրբեջանական հատվածի և հարակից ցամաքային տարածքների երկրակեղևը, նախ լուրջ «թեթևացել» է (փոքրացել է նրա ծանրության ուժը): Բացի այդ, նվազել է Կասպից ծովի հատակի երկրակեղևի, հատկապես վերը նշված մասի «մեխանիկական ամրությունը», երկարաժամկետ, ինտենսիվ նավթագազարդյունահանման, խորքային հզոր պայթեցումների և այլնի արդյունքում: Իսկ մագմայի դեպի վեր ուղղված ճնշման ուժը երկրակեղևի նշված մասի վրա անփոփոխ է մնացել: Այսպիսի իրավիճակում տարածաշրջանի երկրակեղևի վրա ներքևից դեպի վեր կազդի մագմայի չկոմպենսացված ճնշման ահռելի ուժը, դեֆորմացնելով, «բարձրացնելով» տարածաշրջանի երկրակեղևը, փքելով ու տալով նրան գմբեթի տեսք, ինչի արդյունքում.
l կփոքրանա Կասպից ծովի «պատերի տարողությունը», և նրանում ջրի մակարդակը կբարձրանա, անփոփոխ ջրի ծավալի պարագայում,
l տարածաշրջանում տեղի կունենան մեծամասշտաբ սողանքային պրոցեսներ, կառաջանան երկրակեղևի խորքային բազմաթիվ մեծ և փոքր խզվածքներ ու մակերևութային ճաքեր և այլն։
l «գմբեթաձև» փքված Կասպից ծովի հատակի պարագայում, նրան հարակից ցամաքային տարածքների երկրակեղևում առաջացած խորքային խզվածքների բացվածքը երկրի մակերևույթի վրա անհամեմատ ավելի փոքր կլինի, քան երկրակեղևի ստորին շերտերում, ինչն էլ, փաստացի, ներկայումս դիտվում է Ադրբեջանի տարածքի երկրակեղևում գոյացած նոր ճաքի պարագայում,
l դեպի վեր ընթացող մագմայի առաջացրած ահռելի ճնշման ուժի ու բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ երկրակեղևի տարբեր խորություններում տեղաբաշխված պահեստարաններից դուրս կմղվեն մեծ քանակությամբ նավթ և գազ, որոնք ահռելի արագությամբ, խառնվելով իրար և երկրակեղևի գրունտի հետ, խորքային ճեղքերով կսլանան դեպի երկրի մակերևույթ կամ Կասպից ծովի հատակ, առաջացնելով տարբեր մագնիտուդներով ու բալայնությամբ տեխնածին (մարդածին) երկրաշարժեր, ցեխային հրաբուխներ, երկրակեղևի խորքային և մակերևութային նոր ճաքեր և այլն:
է) Կասպից ծովի հատակից և դրան հարող ցամաքային տարածքների ընդերքից նավթագազարդյունահանման անհավասարաչափությամբ. Կասպից ծովի ադրբեջանական սեկտորի հատակից և դրան հարակից ադրբեջանական ցամաքային տարածքներից վերջին 150 տարիներին անհամեմատ ավելի մեծ քանակությամբ նավթ ու գազ են արդյունահանվել, քան մերձկասպյան մյուս 4 երկրներից միասին վերցրած, ինչը մեծ վտանգ է պարունակում:
Նշենք, որ բոլոր այս վտանգավոր, տեխնածին (մարդածին), սեյսմիկ պրոցեսները կամ դրանց համադրման արդյունք պրոցեսները ներկայումս արդեն դիտվում են Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում ու նրան հարակից ադրբեջանական ցամաքային տարածքներում:
Այսպիսով, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում և նրան հարակից ցամաքային տարածքներում ներկայիս սեյսմիկ բարդ իրավիճակի տեխնածին (մարդածին) բաղադրիչը պայմանավորված է հենց Ադրբեջանի տարածքում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում վերջին 150 և ավելի տարիներին ինտենսիվ նավթագազարդյունահանման նպատակով մարդու կողմից իրականացվող վտանգավոր գործունեությամբ, քանի որ Կասպից ծովի ՌԴ, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի հատվածներում և դրանց հարակից ցամաքային տարածքներում ինտենսիվ նավթարդյունահանման ու գազարդյունահանման պատմությունն ու ծավալներն անհամեմատ կարճ ու համեստ են:
14.08.2011 թ. Ղազախստանի կանաչների «Ռուխանիաթ» կուսակցության նախագահ Սերիկժան Մամբետալին «Բաց նամակ»-ով դիմել է Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևին և ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևին, որում ասվում է «Ըստ տարբեր գիտնականների տվյալների, այսօրվա դրությամբ, Կասպից ծովում արդյունաբերական աղտոտման մակարդակը կրիտիկական նիշից ավելին է: Դիմում եմ Ձեզ, կոչ անելով համատեղ քննարկել Կասպից ծովի հյուսիսային մասում հետախուզական և արդյունաբերական հորատումների վրա ժամանակավոր արգելանքի (մորատորիումի) ներդրման հնարավորության հարցը»:
Կարևորելով Ղազախստանի կանաչների կուսակցության նախագահի առաջարկը, նշենք, սակայն, որ.
l անհասկանալի է, թե ինչ կտա Կասպից ծովի միայն երկու հատվածներում նավթագազարդյունահանման բոլոր էտապների վրա ժամանակավոր մորատորիումի կիրառումը, հատկապես եթե հիշենք, որ Կասպից ծովի արդյունաբերական աղտոտման հարցում ադրբեջանական հատվածն է առաջատար: Բացի այդ, պարզ չէ նաև, թե ինչպես է իրականացվելու Կասպից ծովի հյուսիսային հատվածի էկոպաշտպանությունը դրեյֆող հսկայածավալ նավթաբծերի ու այլ արդյունաբերական աղտոտումների ներխուժումից, ինչը, պարզապես, անհնար է: Բացի այդ.
l պարոն Մամբետալին, ցավոք, լռության է մատնել ամիսներ առաջ Ադրբեջանի տարածքի երկրակեղևում և նրա մակերևույթին առաջացած տեկտոնիկ խզվածքն ու հարյուրավոր կիլոմետրեր ձգվող վտանգավոր նոր ճաքի գոյության փաստը, ինչի հետագա ընթացքն աղետալի է լինելու ոչ միայն այդ տեկտոնիկ ճաքից արևելք ընկած տարածքների, այդ թվում` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի, այլև Ադրբեջանի, Կովկասի և մերձկասպյան ողջ տարածաշրջանի համար:
Այսպիսով, հապաղելը կործանարար է լինելու ողջ տարածաշրջանի համար, ուստի անհրաժեշտ է շտապ.
l հայտարարել միաժամանակյա, ժամանակավոր մորատորիում Կասպից ծովի բոլոր հինգ հատվածների հատակից ու հարակից ցամաքային տարածքներից ողջ նավթագազարդյունահանման վրա:
l Իրականացնել Կասպից ծովի, հատկապես նրա ադրբեջանական հատվածի հատակի և հարակից ցամաքային տարածքների երկրակեղևում առկա, երկարաժամկետ, ինտենսիվ, անհավասարաչափ նավթագազարդյունահանման արդյունքում գոյացած նավթի ու գազի դատարկված բնական մեծածավալ պահեստարան-խոռոչների կոնսերվացում` մեծ ճնշման տակ դրանց ջրալցում ու հերմետիկացում և այլն:
l Իրականացնել Կասպից ծովին հարակից ադրբեջանական տարածքի երկրակեղևում գոյացած նոր ու, նաև հնուց առկա, տեկտոնիկ ճաքերի մանրակրկիտ ուսումնասիրություն` պարզելու համար դրանցում գեոդինամիկ պրոցեսների ընթացքը և դրա հնարավոր կործանարար հետևանքները:
l Իրականացնել Կասպից ծովի հատակի մանրակրկիտ հետազոտում` բացահայտելու համար նրա երկրակեղևում բնածին և մարդածին խզվածքների հնարավոր առկայությունը, հետազոտել դրանք, քարտեզագրել և այլն:
l Իրականացնել Կասպից ծովի, հատկապես նրա ադրբեջանական հատվածի, հատակի տարբեր կետերի հարաբերական բարձրության շարունակական չափումներ, պարզելու համար ծովի հատակի տարբեր մասերի, առկա տեկտոնիկ խզվածքների գեոդինամիկ վիճակը, հնարավոր զարգացումները և այլն:
l Իրականացնել Ադրբեջանի տարածքի երկրակեղևում գոյացած նոր ճաքից արևելք, դեպի Կասպից ծով ընկած շերտի մանրակրկիտ, այդ թվում նաև` գեոդինամիկ ուսումնասիրություններ, ցամաքում և Կասպից ծովի հատակի նրան հարող մասերում և այլն:
l Կասպից ծովում և նրան հարակից ցամաքային տարածքներում իրականացնել արդյունաբերական աղտոտումների, նավթային հսկայածավալ բծերի մաքրման աշխատանքներ, որոնց նպատակն է լինելու Կասպից ծով-նրան հարող ցամաքային տարածքներ էկոհամակարգի համար ստեղծել պայմաններ քայլ առ քայլ ինքնամաքրվելու և հավասարակշռվելու համար:
l Այս ամենի համար անհրաժեշտ կլինի ձևավորել միջազգային լուրջ գիտական խումբ, որն էլ հետազոտությունների արդյունքում պարտավոր կլինի սպառիչ պատասխաններ տալու տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող վերը ներկայացված և շատ այլ հարցերի, այդ թվում` Կասպից ծովի հատակից ու հարակից ցամաքային տարածքներից հետագա ինտենսիվ նավթարդյունահանման և գազարդյունահանման արգելանքի (մորատորիումի) երկարաձգման կամ անժամկետ արգելանքի (մորատորիումի) հաստատման անհրաժեշտության մասով:

Ո՛չ Կասպից ծովի հատակից և հարակից ցամաքային տարածքներից նավթարդյունահանման ու գազարդյունահանման վրա անժամկետ մորատորիում հաստատելով, ո՛չ նավթի ու գազի դատարկված բնական ու մարդածին մեծածավալ բազմաթիվ պահեստարան-խոռոչների կոնսերվացման և այլ գործողությունների արդյունքում հնարավոր չի լինելու տարածաշրջանի սեյսմիկ վտանգավոր վիճակի մարդածին բաղադրիչի ամբողջական չեզոքացում: Վտանգը պահպանվելու է ու շարունակելու դամոկլյան սրի պես կախված մնալ տարածաշրջանի, հատկապես Ադրբեջանի երկրակեղևում գոյացած նոր ճաքից արևելք ընկած տարածքների համար: Սակայն անժամկետ մորատորիումի և շատ այլ քայլերի արդյունքում կարելի կլինի կործանարար վտանգի չափը հասկանալ և հնարավորինս մեղմել, ոչ ավելին:
2011 թ. մարտին ներկայիս Ադրբեջանի տարածքում գոյացած նոր տեկտոնիկ խզվածքի ու մակերևութային ճաքի արդյունքում մեր հարևան երկրի տարածքի մի լուրջ հատված` խզվածքից արևելք, դեպի Կասպից ծով ընկած մասը, իր բնակչությամբ, ենթակառուցվածքներով և այլն, հայտնվել է ծայրահեղ ծանր ծուղակում, փաստացի, օդում կախված վիճակում և ցանկացած պահի նրանց ոտքի տակ երկրակեղևը կարող է փլուզվել` տանելով իր հետ ամեն ինչ, այդ թվում նաև` մայրաքաղաք Բաքուն, միլիոնավոր մարդկանց, ողջ ենթակառուցվածքը` առաջացնելով քաոս:
Դեպքերի նման կործանարար ընթացքի պարագայում Ադրբեջանի մնացյալ տարածքներում, ողջ տարածաշրջանում կգեներացվեն մեծ մագնիտուդով ու բալայնությամբ մարդածին կործանարար երկրաշարժեր, կառաջանան նոր տեկտոնիկ խզվածքներ, ահռելի մակերևութային ճաքեր, մեծածավալ սողանքներ, Կասպից ծովում` ցունամի և այլն: Այս ամենի արդյունքում աղետալի վիճակում կհայտնվեն ողջ Կովկասյան տարածաշրջանը, Կասպից ծովի առափնյա բոլոր երկրների տարածքները և այլն:
Կասպից ծովի ավազանում, հատկապես նրա ադրբեջանական հատվածում և հարակից տարածքներում, երկարաժամկետ, վտանգավոր չափերի հասած տեմպերով և անհավասարակշիռ նավթարդյունահանման և գազարդյունահանման արդյունքում մերձկասպյան ողջ տարածաշրջանն արդեն իսկ հայտնվել է մարդածին, սեյսմիկ առումով ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, ինչն էլ, հապաղման պարագայում, շատ շուտով անպայման հանգեցնելու է տարածաշրջանային, հնարավոր է` գլոբալ տեխնածին (մարդածին) կործանարար երկրաշարժերի և այլ աղետների գեներացման:
Պատրա՞ստ ենք մենք` տարածաշրջանի երկրների, հատկապես ներկայիս Ադրբեջանի ողջ բնակչությունը այսպիսի ծանր գին վճարելու մի խումբ մարդկանց, տրանսկոնտինենտալ նավթա-գազային գերհզոր կորպորացիաների ու գերտերությունների շահի, նրանց կողմից ժամանակավոր նավթադոլարներ և գազադոլարներ կուտակելու հիվանդագին տենդին հագուրդ տալու համար: Իհարկե ո՛չ:
ՈՒստի Կասպից ծովին հարակից երկրների կողմից ծովի հինգ հատվածում և հարակից ցամաքային տարածքներում նավթի ու գազի արդյունահանման վրա առայժմ ժամանակավոր մորատորիումի (արգելանքի) հայտարարումն ու վերը ներկայացված աշխատանքների իրականացումն այլընտրանք չունեն:
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ



Դիտվել է՝ 3394

Մեկնաբանություններ

սնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am