«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՆԵՐՔԻՆ ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՕՍՄԱՆԻԶՄԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼՐՋՈՐԵՆ ԲԱՐԴԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՆԵՐՔԻՆ ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՕՍՄԱՆԻԶՄԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼՐՋՈՐԵՆ ԲԱՐԴԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
25.10.2011 | 00:00

Ժամանակին Ջոն Քենեդին մի առիթով դառնությամբ նկատել է. «Եթե ներքին քաղաքականության մեջ մենք ենթարկվում ենք միայն պարտություն կրելու վտանգին, ապա արտաքին քաղաքականությունը կարող է մեզ գերեզման տանել»։ Երևի այս բառերը Էրդողանին ծանոթ չեն, բայց շատ հավանական է, որ դրանք, վերջին հաշվով, մարգարեական լինեն նրա համար։ Չէ՞ որ վերջին ժամանակներս անզուսպ թուրք վարչապետն իր սկանդալային պահվածքով սկսել է գերազանցել բարձրագույն քաղաքականության մեջ եղած համարյա բոլոր «մերժյալներին»։ Նա, երևի, անվերապահորեն համոզված է իր անպատժելիությանը, և տարրական շանտաժը դարձրել է գլխավոր գործելակերպը թե՛ դիվանագիտության մեջ, թե՛ տնտեսական հարաբերություններում։
Ահա և վերջերս Թուրքիան որոշեց չերկարացնել գազամատակարարման պայմանագիրը Ռուսաստանի հետ։ Դրանով իսկ նա իրականացրեց իր նախազգուշացումն այն մասին, որ կարող է հրաժարվել գազամատակարարման գործարքից, եթե Ռուսաստանը «էական զիջումներ» չանի (ռուսական երկնագույն վառելիքի մատակարարման վերաբերյալ գործող պայմանագիրն այդ երկրի ու ԽՍՀՄ-ի միջև կնքվել էր դեռևս 1986-ին 25 տարի ժամկետով, որը լրանում է այս տարվա դեկտեմբերին)։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան ՌԴ-ից տարեկան գնում է մոտ 30 մլրդ խմ գազ, ինչը կազմում է այդ երկրի սպառած երկնագույն վառելիքի ամբողջ ծավալի 60 %-ը, իսկ գազի գինը թրքերի համար եվրոպականից մի բան էլ ցածր է սահմանված (2011-ին Եվրոպայի համար գազի միջին գինը հազար խմ-ի համար 402 դոլար է, Թուրքիայի համար` մոտ 350 դոլար։ Համեմատության համար` համաձայն պայմանավորվածության, Հայաստանը Ռուսաստանից հազար խմ գազը գնում է 180 դոլարով, իսկ ներքին շուկայում այն բնակչությանը վաճառում է 340 դոլարով)։ Բացի այդ, երկիրն այս տարի ռուսական գազը լրիվ չի վերցրել, 22 մլրդ խմ նվազագույն ծավալի դիմաց գնելով 18 մլրդ, և «Գազարդին» պարտք է առնվազն 1 մլրդ դոլար։ Թուրքիան տույժերը պետք է վճարի ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի վերջը, բայց ռուսները մինչև վերջերս էլ դեռ գնում էին տույժ-տուգանքների շեմի իջեցման։ Իհարկե, խոսքն այժմ միայն ՈՒկրաինայով, Մոլդովայով, Ռումինիայով և Բուլղարիայով անցնող այսպես կոչված, «արևմտյան երթուղու» մասին է, բայց այդ երթուղով սնվում է առաջին հերթին Ստամբուլը, իսկ դա 15 մլն բնակչություն է։ Հասկանալի է, որ պայմանագրի չեղարկումը հազիվ թե ազդի «Գազարդի» ֆինանսական ցուցանիշների վրա։ Սակայն միևնույն ժամանակ Թուրքիային ֆինանսական զեղչումները կարող են վտանգավոր նախադեպ դառնալ ռուսական գազի գներից դժգոհ մի շարք այլ երկրների համար։ Անկարան արդեն դիմել է Մոսկվային` առաջարկելով իջեցնել գազի գինը, բայց 2011-ի մարտին Մոսկվայում կայացած բանակցություններում Էրդողանին չհաջողվեց համաձայնության հասնել։ Սակայն Ռուսաստանի հետ պայմանագիրը չերկարացնելու և գազի գնումները կրճատելու պատրաստակամության մասին Թուրքիան առաջ չէր խոսել, դա «ամբարիշտ» ՈՒկրաինայի և Բուլղարիայի «փեշակն» էր։
Եվ էլի մի հետաքրքիր հանգամանք. թրքական դեմարշը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ եվրոպական տասը երկրներում խուզարկություններ եղան «Գազպրոմի» հետ կապված ընկերություններում։ Խուզարկությունները կապված էին «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ պետություններին բնական գազի մատակարարումների բնագավառում հնարավոր հակամրցակցային պրակտիկայի» հետաքննության հետ։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում էր, որ նման ստուգումը չի նշանակում ընկերությունների մեղքի ինքնաբերական ընդունում, բայց չարժե մոռանալ նաև այն, որ այդ խուզարկությունների ընթացքում դրանք իրականացնողները հնարավորություն են ունեցել տեղեկանալու կլիենտների հետ «Գազպրոմի» ստորագրած փաստաթղթերի պայմաններին, այսինքն, եվրոպացիները ձեռք են գցել այնպիսի տեղեկություն, որը մենաշնորհատերերը միշտ թաքցրել են` բացառելու համար իրենց բիզնեսի վրա ճնշման հնարավորությունը։ Հիմա, երևի, Եվրոպան շատ բան կիմանա նաև «Հարավային հոսք» նախագծի մասին, ինչը նրան հնարավորություն կընձեռի այդ ուղղությամբ լրացուցիչ դժվարություններ ստեղծելու Ռուսաստանի համար և ավելի հաջողությամբ առաջ մղելու «Նաբուկոն»։ Այնպես որ, շատերն սկսել են խոսել, թե հիմա ռուսական «ազգային հարստության» համար դժվար օրեր են, իսկ Թուրքիան որոշել է ուժերը ներածին չափ ավանդ մուծել «Գազպրոմի» վրա եվրոպական գրոհի մեջ։
Բայց արդյոք ճի՞շտ է, որ թրքերը որոշել են ծառայություն մատուցել Եվրոպային։ Արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը ռուս շատ փորձագետների կարծիքն այն մասին, թե Թուրքիայի գործողությունները պետք է գնահատել որպես «Եվրամիության աչքում միավորներ հավաքելու նպատակով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու բացահայտ փորձ»։ Առավել ևս, որ թրքական կողմի պահանջով վերջին վեց ամսում արդեն երրորդ անգամ դադարեցված է նաև իրանական գազի ներմուծումն այդ երկիր, իսկ պայմանագրի չկատարման պատճառով իրանական կողմն արդեն սպառնացել է Թուրքիային բազմամիլիոն տույժեր ներկայացնել։ Իսկ դա առաջին հայացքից շատ նման է Թեհրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման։
Սակայն չի կարելի բացառել, որ Անկարայի շանտաժն ուղղված կլինի առաջին հերթին, միգուցե և միայն, աշխարհաքաղաքական շահերի ապահովմանը։ Այստեղ ուշադրություն դարձնենք` մատակարարումների ցանկից հանվում է ընդամենը մեկ գազամուղ, որն անցնում է այլ երկրներով։ Մինչդեռ «Երկնագույն հոսք» գազամուղն անցնում է Սև ծովի հատակով, և այստեղ «ճշգրտումներն» անհնար են։ Այսինքն, թրքերը պահպանում են բացառիկության հանգամանքը։ Եվ շատ հնարավոր է, որ հիմա Թուրքիան շանտաժի է ենթարկում Ռուսաստանին, որպեսզի Սև ծովի իր բացառիկ տնտեսական գոտով «Հարավային հոսքի» անցկացման թույլտվությունը լինի իր համար առավել շահեկան պայմաններով։ Նկատենք, որ թեև դեռ անցած տարվա մայիսին Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտարարել էր, թե 2010-ի նոյեմբերին Թուրքիան կթույլատրի այդ գազամուղի շինարարությունը, սակայն մինչև հիմա դա տեղի չի ունեցել։ Անկարան, ի դեպ, համաձայնություն չի տվել նաև «Նաբուկոյի» շինարարության առնչությամբ։ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը կարծում է, որ իրականում Թուրքիայի ղեկավարությունը ձգտում է ներդրումներ պոկել «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի շինարարության համար, որը բացարձակապես պետք չէ Ռուսաստանին, և որի գինը կազմում է մոտ երկու մլրդ եվրո։ Ավելին, նա ընդգծում է, որ այսօր ծառանում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները շրջանցելու հարցը, քանի որ միշտ խնդիրներ են առաջացել դրանց անանցանելիության կապակցությամբ։ Եվ այստեղ, երևի, հարկ է ավելացնել, որ այն պայմաններում, երբ Միջին Ասիայից, Ադրբեջանից և Իրանից դեպի Եվրոպա գազամատակարարումների հեռանկարային բոլոր երթուղիներն անցնում են Թուրքիայով, Անկարան, դատելով ըստ ամենայնի, մտադիր է նույն բանին հասնել նավթի հարցում, ընդ որում, իր համար նվազագույն ֆինանսական ծախսերով։
Այնպես որ, Թուրքիայի հրաժարումը «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրերից մեկի երկարացումից էներգետիկ պատերազմի քայլերից մեկն է միայն։ Եվ Ռուսաստանում, անկասկած, շտապել են նրանք, ովքեր դեռ մի երկու տարի առաջ համարյա «Էներգետիկ եղբայր» էին անվանում Թուրքիային, իսկ երկու երկրների տնտեսական կապերը` անխզելի ու հիմնարար։ Ի դեպ, «գազային բազարի» բառացիորեն նույն օրերին ռուսական լրատվամիջոցներում ի հայտ եկան Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական կապերի մեկ այլ գլխավոր ուղղության` զբոսաշրջության վերաբերյալ պերճախոս տվյալներ։ Պարզվում է, Թուրքիան ոչ միայն մնում է ռուսների նախընտրած զբոսաշրջային ուղղությունը, այլև ամենավտանգավորներից մեկն է։ «Ռուստուրիզմի» վիճակագրության համաձայն, ընթացիկ տարվա ութ ամսում այդ երկրում զոհվել է 43 ռուս զբոսաշրջիկ, 167-ը տուժել է ավտոպատահարներից, 41-ը Թուրքիայից վտարվել է, և 15000 դոլարը (սովորաբար այսքանով են ռուսներն ապահովագրվում Թուրքիա մեկնելիս) արդեն չի բավարարում արտակարգ ծախսերի համար։ Այնպես որ, դատելով ըստ ամենայնի, Թուրքիան ռուսների համար ավելի շատ խնդրահարույց երկիր է դառնում, և ոչ միայն էներգետիկ բնագավառում։
Թե ինչով կավարտվի Անկարայի համար քաղաքական շանտաժի ևս մեկ փորձը, առայժմ վաղ է միարժեքորեն ասել։ Բայց հարկ է նկատել, որ ճնշման նման եղանակներն առհասարակ արդյունք են տալիս միայն այն դեպքում, երբ երկիրն ուրիշ լուրջ արտքաղաքական խնդիր ու թշնամի չունի։ Հիմա Թուրքիայի մասին այդ բանը չես ասի։ Իսկ տվյալ պարագայում, առավել ևս, հետևանքները կարող են լուրջ լինել։ Չէ՞ որ Ռուսաստանն ինքը միշտ էլ չի խորշել նման մարտահրավերներին ու վիրավորանքներին պատասխանելուց, և դա արել է «առանձնակի ճաշակով» ու առանց որևէ նրբանկատության։ Այդպես էլ հիմա, «պատասխանը թրքական սուլթանին» հետևեց անհապաղ. Նիկոզիայում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ Մոսկվան լիովին պաշտպանում է իր բնական պաշարները շահագործելու Կիպրոսի անկապտելի իրավունքները, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրամիության կարգավորմանը, «այնպես որ այստեղ կասկածներ լինել չեն կարող», իսկ Թուրքիայի վարքագիծը, պարզվում է, Մոսկվան չի համարում «շատ իմաստուն»։ Իսկ այդ խոսքերը, որոնք ամենահաճելիները չեն կարող լինել թրքական լոշտակների համար, Կրեմլը որոշել է համեմել Կիպրոսին 2,5 մլրդ եվրո կառավարական փոխառություն տրամադրելու որոշմամբ։ Վարկային գիծը կբացվի 2012-ի հունվարին, փողը կտրամադրվի 4,5 տարով և 4,5 տոկոսով։ Հասկանալի է, որ այդ փողերը կօգնեն Կիպրոսին հաղթահարելու ճգնաժամը եվրագոտում, իսկ Ռուսաստանը, իր հերթին, կկողմնորոշվի իր համակրանքների հարցում։ Եվ էլի մի խիստ հետաքրքրական հանգամանք. այն բանից հետո, երբ Անկարան որոշեց «պարեկել» Միջերկրական ծովում` Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ, և սպառնալ այդ երկրներին, շատերի համար անսպասելիորեն ռուսները հիշեցին տարածաշրջանում իրենց շահերի մասին և որոշեցին ռազմանավեր ուղարկել Միջերկրական ծով։ Հայտնի դարձավ, որ ռուսական ռազմածովային նավատորմի միակ ծանր ավիակիր հածանավը` «Ծովակալ Կուզնեցովը», պատրաստվում է մեկնելու այդ գոտի։ Նրան կուղեկցի մի նավախումբ, այդ թվում հակասուզանավային «Ծովակալ Չաբանենկոն», իսկ գլխավոր շտաբի տվյալներով, խմբի մեջ կընդգրկվեն Սու-33 տիպի ութ կործանիչ, մի քանի ՄԻԳ-29Կ և մի երկու հակասուզանավային ուղղաթիռ։ Եվ նրանք մտադիր են Միջերկրական ծովում բավականին երկար մնալ։ Զուգադիպությո՞ւն է։ Գուցե։ Բայց նաև շատ խորհրդանշական է։
Այնպես որ, թվում է, վերջին հաշվով, էներգետիկ դեմարշի հետևանքը, չնայած հետագա բոլոր շողոքորթություններին և խաղաղասիրության մասին հայտարարություններին, թրքական կողմի համար առաջին հերթին առճակատումային է։ Եվ հարևանների հետ լարվածությունը մեծանում է։ Հիմա արդեն նաև Ռուսաստանի հետ։ Թեև, պետք է նշել, այսօր էլ երկրների հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, և նրանք համատեղ նախագծեր շատ ունեն, սակայն դժվար չէ ենթադրել, որ Թուրքիայում ներքին պանթուրքական ուժերի և օսմանիզմի տրամադրությունների հետագա ակտիվացումը կարող է լրջորեն բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև ապակայունացնել իրադրությունն ընդարձակ տարածաշրջանում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ