«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱՆ

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱՆ
29.06.2010 | 00:00

Իսրայելը, իհարկե, շարունակում է մնալ ԱՄՆ-ի, որոշակի իմաստով նաև արևմտյան տերությունների ռազմավարական դաշնակիցը, բայց նախկին հարաբերությունները ձևափոխվում, ավելի զուսպ երանգներ են ստանում։ Այս փաստը Իսրայելին հարկադրում է փնտրել այլ հենակետեր, նոր ոչ ավանդական դաշնակիցներ ու գործընկերներ, նոր տնտեսական շուկաներ, հումքի աղբյուրներ, և միանալ ամենաանսպասելի տարածաշրջանային ռազմավարությունների։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա նա ավանդաբար չի դասվում Իսրայելի բարեկամների շարքին, և կարծում է, որ հրեական պետության ստեղծումը լուրջ խոչընդոտ է եղել Մերձավոր Արևելքի վրա ազդեցության բրիտանական քաղաքականության շարունակման գործում։ Լոնդոնը միշտ համարել է, որ Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը համարժեք չէ, և դա վաղ թե ուշ կհանգեցնի իսլամական աշխարհի հետ Արևմուտքի ընդհարման։ Վարելով ժողովրդականություն չվայելող քաղաքականություն` բրիտանացիներն իրենց, փաստորեն, հակաիսրայելական դիրքորոշումը հաջողությամբ գործի էին դնում արաբական աշխարհի պետությունների հետ հարաբերություններում։
Ժամանակին Բենիամին Նեթանյահուի աջ բլոկի իշխանության գալը սոսկ վերադարձ չէր «Լիկուդի» կամ Մենահեմ Բեգինի քաղաքականությանը, որը երեսուն տարի առաջ Իսրայելը հանեց ճգնաժամից։ Ներկայումս Իսրայելի արտաքին քաղաքականության արևմտյան ուղղության կարևորագույն բաղադրիչն աշխարհառազմավարական կողմնորոշման շեշտը անգլո-ամերիկյան «բևեռից» «մայրցամաքային եվրոպականի» վրա տեղափոխելու փորձն է։ Այսինքն, Իսրայելը ձգտում է ապահովել Եվրամիության մայրցամաքային տերությունների, նախ և առաջ Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությունը` նպատակ ունենալով այդ կերպ ուժեղացնել իր դիրքերն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ երկխոսությունում։ Ավելին, Իսրայելը ԱՄՆ-ից աներկմտորեն պահանջում է մերձավորարևելյան կարգավորման գործընթացում գլխավոր իրավարարի դերը «փոխանցել» Եվրամիությանը։ Ընդ որում, Բրիտանիան, չնայած հարաբերությունների սառնությանը, նույնպես գործընկեր է դիտվում Միացյալ Նահանգներին շանտաժի ենթարկելու հարցում։ Թեև այդ մտադրությունները, ավելի շուտ, արկածախնդրություն են, քանի որ, նախ, Եվրոպան «արդիականացված» հակասեմիտիզմի ժամանակաշրջան է ապրում, իսկ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը ոչ մի խելամիտ ազդանշան չի արձակում Եվրամիության քաղաքականությունը միարժեքորեն արաբամետից ավելի հաշվեկշռվածի վերափոխելու վերաբերյալ։ Արևմտյան ուղղության հետ կապված այդ ռազմավարությանը զուգընթաց, Իսրայելը լրջորեն զբաղված է նաև եվրասիական ուղղության մշակմամբ, որը համարվում է առաջնայիններից մեկը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով։
Իհարկե, եվրասիական ուղղությունում գլխավոր հաջողությունը Ռուսաստանի չեզոքացումն էր մերձավորարևելյան կարգավորման գործընթացում, քանի որ Ռուսաստանն արդեն մոտ տասը տարի ի վիճակի չի լինի վերադարձնելու կորցրած դիրքերն այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել միայն ծայրաստիճան սուր իրավիճակները. այստեղ առաջին հերթին նկատի է առնվում Իրաքը։ Եվրասիայում Իսրայելի գլխավոր խնդիրն է մասնակցել տարածաշրջանային կամ նույնիսկ միջտարածաշրջանային աշխարհառազմավարական «առանցքների», «բլոկների» և դաշինքների ստեղծման նախաձեռնություններին, ինչպես նաև օգտագործել Ռուսաստանի դեռ բավական մեծ ազդեցությունն Իսրայելի հակառակորդների վրա ճնշում գործադրելու համար։ Սկզբում իսրայելական շահերի ոլորտներում ներառված էր այն, ինչը գտնվում էր մակերեսին, այսինքն, խոսքը տարածաշրջանի ոչ արաբական երկրների` Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին է։ Դա Իսրայելի համար ապահովում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական մեկուսացման ճեղքում, նավթի, պարենի հուսալի աղբյուրներ, ռազմավարական զանազան արտադրատեսակներ, որոնք բնապահպանական նկատառումներով չեն կարող արտադրվել Իսրայելում` պողպատ, ալյումին, օրգանական սինթեզի մթերք և, միգուցե, ամենակարևորը սակավաջուր երկրի համար` քաղցրահամ ջուր Թուրքիայի հարավային գետերից, հեռանկարում նաև` Վրաստանի գետերից։ Նույնպիսի քաղաքականություն Իսրայելը փորձում է վարել Կենտրոնական Ասիայում, նախ և առաջ Ղազախստանում և ՈՒզբեկստանում։ Դա լիովին համապատասխանում է Դավիթ Բեն Գուրիոնի` «ոչ արաբական շրջապատի», այսինքն` դաշնակիցների ու գործընկերների «գոտի» ստեղծելու դոկտրինին։
Իսրայելն ակտիվորեն մասնակցում է Վրաստանին ու Ադրբեջանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելուն և նրանց զինված ուժերի համար կադրեր պատրաստելուն։ Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում` վարչապետի, առաջին այցերը «Մերձավոր Եվրասիա» կատարված են, հերթը Կենտրոնական Ասիայինն է, որը նույնպես ընդարձակ շուկա և հումքի աղբյուր է համարվում։ Սակայն ո՛չ Անդրկովկասի, ո՛չ էլ Միջին Ասիայի պետությունները միջազգային ասպարեզում չեն կարող հանդես գալ որպես Իսրայելի գործընկերներ կամ նրա շահերի պաշտպաններ։ Նրանք պարզապես առնչություն չունեն նման խոշորածավալ խնդիրների լուծման հետ։ Բայց նրանց մասնակցությունն իսրայելամետ «առանցքներին» և «բլոկներին», անշուշտ, ուժեղացնում է Իսրայելի միջազգային դիրքերն ու անվտանգությունը։ Նախ պետք է նշել, այսպես կոչված, ՎՈՒԱՄ բլոկը` Վրաստանի, ՈՒկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի մասնակցությամբ։ Այդ պետությունների հետ գործընկերային և դաշնակցային հարաբերություններն Իսրայելը, անկասկած, իր ձեռքին եղած լծակներ է համարում Իրանի հետ քաղաքական հարաբերությունների վերականգնման աշխարհաքաղաքական գերնախագծի իրականացման գործում։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Իսրայելը մեծ հույսեր է կապում Իրանի հետ հարաբերությունների վերականգնման հետ և քաղաքական քայլեր է ձեռնարկում ինչպես ուղղակի շփումներ հաստատելու, այնպես էլ նրան համընդգրկուն շանտաժի ենթարկելու ուղղությամբ։ Շանտաժի առարկան, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, Իրանի մասնատումն է, անջատականներին աջակցելը, և այդ շանտաժի իրականացման համար օգտագործվում են ոչ միայն հարևան պետություններն ու տարածաշրջանի պետությունները` Ադրբեջանը, ՈՒզբեկստանը, Աֆղանստանի ամերիկամետ կրոնական շարժումները, այլև Ռուսաստանը։ Սակայն միանգամայն պարզ է, որ, օրինակ, այնպիսի փոքր պետություն, ինչպիսին Ադրբեջանն է, չի կարող իրեն թույլ տալ վարել 70-միլիոնանոց Իրանը մասնատելու քաղաքականություն` չվայելելով խոշոր ու հզոր տերությունների լայն աջակցությունը, որոշակի պարտավորություններն ու երաշխիքները։ Եվ, դատելով Բաքվի հակաիրանական և բացահայտ անջատական կազմակերպությունների գործողություններից, նման երաշխիքներ տրվել են։
Իսրայելի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղության կապակցությամբ Մոսկվայի հրեական ֆինանսաօլիգարխիկ շրջանակները չեն սահմանափակվել միայն համապատասխան նախագծերի սովորական պաշտպանությամբ, այլ փորձեր են արել իրենց լոբբինգն ապահովել ինչ-որ տեսական հիմքով, թե հրեաները պատմականորեն ու անգամ վախճանաբանորեն նախատրամադրվածություն ունեն եվրասիական գաղափարի նկատմամբ։ Այդ «երիտեվրասիացիների» դատողությունները հոսում են հետևյալ կերպ. ռուս-լեհական հրեությունը քաղաքական մտածելակերպով միշտ բաժանվել է երկու բաղկացուցիչի` խռովված հրեաներ, որոնք ստեղծել են իրենց հարմարավետ, փոքրիկ, խռովված Իսրայելը, ու որոնք արդեն հիմնականում «իրար գլխի են հավաքվել», և «իմպերիալիստ հրեաներ», որոնց չէր հետաքրքրում նեղ ու տխուր Իսրայելը և որոնք ձգտում էին ստեղծել ամբողջատիրական կայսրություն ու գլխավորել այդ կայսրությունը։ Դա մի ամբողջ «աստղաբույլ» է` Տրոցկի, Զինովև, Կամենև, Ռադեկ, Կագանովիչ։ Եվ նրանց այդ մտադրությունն ամենևին էլ անիրագործելի չէր, քանի որ ստալինյան եվրասիական կայսրությունը, իրոք, հաջողությամբ մասնակցեց սոցիալիստական Իսրայելի ստեղծմանը, այսինքն` դարձավ Իսրայելի դաշնակիցը, և, հավանաբար, միայն պատմական թյուրիմացությունը կամ անգլիական հետախուզությունը կարողացան պառակտում մտցնել Ստալինի և նորաստեղծ Իսրայելի պարագլուխների միջև։ Պետք է նշել, որ բուն մոսկովյան հրեական օլիգարխներին շատ ձեռնտու էր եվրասիական կայսրության ստեղծումը, եթե այն գլխավորեին իրենք, այսինքն` Վլադիմիր Գուսինսկին, Բորիս Բերեզովսկին, Ալեքսանդր Սմոլենսկին, Ալեքսանդր Գաֆինը, Միխայիլ Խոդորկովսկին, Վլադիմիր Վաքսելբերգը և ուրիշներ, քանի որ նրանց ամենևին ձեռնտու չէ երկրորդական դեր ունենալ օլիգարխների համաշխարհային շղթայում։ Համաշխարհային ֆինանսական բիզնեսի մեծերը նրանց հետ հաշվի կնստեն միայն այն դեպքում, եթե նրանց թիկունքին ուժեղ տերություն լինի։ Մոսկվայի հրեական և ռուս ազգայնական կապիտալի սերտաճումը իշխանության հետ, անկախ դրոշի գույնից, արդեն լուրջ հենք ունի, հաշվի առնելով առեղծվածային հարաբերությունները Վ. Գուսինսկու և Գ. Զյուգանովի միջև։ Հասկանալի է դառնում, որ Իսրայելի եվրասիական քաղաքականության հաջող իրականացումը զոհաբերություն է պահանջում, գրեթե ծիսական զոհաբերություն։ Ընդ որում, հավանական զոհերից մեկը դառնում է Հայաստանը։ Իրավիճակը չափազանց հիշեցնում է 20-րդ դարում արդեն հայտնի սյուժեները։ Այս կապակցությամբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է ուշադրությամբ ուսումնասիրի քաղաքական գործընթացները` կապված Եվրասիայի ներքին շրջաններ առանձին տերությունների թափանցման հետ, և ընդհանուր առմամբ ձևավորի իր եվրասիական քաղաքականությունը։ Եթե Վ. Պուտինը շատ անհարմար գործընկեր էր Իսրայելի համար, ապա նոր նախագահ Դ. Մեդվեդևը, իր մեղմաբարո հոգեբանությամբ, կարող է ավելի ընդունելի դառնալ իսրայելական շահերի համար։
Հարկ է նշել, որ իսրայելական քաղաքականության եվրասիական ուղղությունը բավական արագ բախվեց Եվրասիայում առկա էական հակասություններին։ Ձգտելով իր քաղաքականությունն ու Եվրասիայում ունեցած շահերը «չշաղկապել» անմիջականորեն ԱՄՆ-ի ռազմավարության հետ, այդուամենայնիվ, Վրաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու, նրան սպառազինություններ մատակարարելու փորձերն Իսրայելին առճակատման վիճակի մեջ դրեցին Ռուսաստանի հետ։ Համանման իրավիճակ է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ու սպառազինությունների մատակարարման գործում, ինչը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասում ուժերի հաշվեկշռի վրա։ Կարելի է հասկանալ, որ միաժամանակ Իսրայելի գլխավոր նպատակն է վնաս հասցնել Իրանի անվտանգությանը և նրան խոցելի կացության մեջ դնել հյուսիս-արևմտյան ռազմավարական ուղղությամբ, բայց դա, այսպես թե այնպես, վնաս կպատճառի Հայաստանին։
Աշխատանքներ են տարվում նաև գաղափարաքաղաքական ճակատում։ Այսպես, Իսրայելում ստեղծվել է ոչ ավելի, ոչ պակաս «եվրասիական կուսակցություն», որը գլխավորում է ոչ անհայտ Էվիգդոր Էսկինը, որը, չնայած շատ է «նստել-ելել» իսրայելական բանտերում, Մոսկվայում «ֆռֆռում» է Իսրայելի դեսպանատան «Մերսեդեսով»։ Էվիգդոր Էսկինը հիմա հաջողությամբ որպես յուրային է ընդունվում Մոսկվայի եվրասիական «տուսովկաներում», քարոզելով իսրայելա-ռուսական համակեցություն։ Եվ այս ամենը ոչինչ չէր նշանակի, եթե չլիներ բացահայտ հակումը հակահայկական թեմատիկային։ Այս հեղինակի խելքն իրենը չէ հակահայկական խզբզոցներ մոգոնելու համար, որոնք միանգամայն որոշակի թուրքամետ և ադրբեջանամետ ուղղվածություն ունեն։
Կարելի՞ է, արդյոք, միստիկա համարել այն, որ իսրայելական քաղաքականության բացարձակապես բոլոր ուղղությունները շոշափում են հայկական շահերը։ ՈՒստի, եթե ռուս ազգն ի վիճակի չէ իրացնելու այդ պարզ, այնքան հասկանալի եվրասիական գաղափարը, ապա թող այդ գաղափարը, այդ նախագիծն իրականացնեն ուրիշ ժողովուրդներ` հրեաները, կովկասցիները, գերմանացիները և այլք, ովքեր պատասխանատվություն, շահագրգռություն ու պատրաստակամություն են զգում նոր հարյուրամյակի մարտահրավերներն ընդունելու։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ