Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
09.12.2011 | 00:00

2009-ի ապրիլի 7-ին Ախալցխայի շրջանային դատարանը «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանին կեղծ մեղադրանքով դատապարտեց տասը տարվա ազատազրկման: Այսօր ջավախահայ ազգային գործիչը բանտարկված է Վրաստանի Ռուսթավիի N 6 խիստ ռեժիմի բանտում, ենթարկվելով խստագույն պատժամիջոցների:

ԿԱՄ ՈՒԾԱՑՈՒՄ, ԿԱՄ ԱՐՏԱԳԱՂԹ
Վրացական իշխանությունների կողմից Ջավախքի ուծացման քաղաքականությունն առավել խորացավ այդ երկրի անկախացումից հետո: Ջավախքը բնիկ հայկական տարածք է, ջավախահայությունը, սակայն, երբեք չի բարձրացրել Վրաստանից անջատման հարց, պահանջը եղել է ու կա Ջավախքի հայկականության պահպանումը: Բայց ուրիշի ունեցվածքը սեփականածի վախվորած հոգեբանությամբ վրաց իշխանությունները հետևողականորեն շարունակում են Ջավախքի հայաթափման հստակ քաղաքականությունը: Սցենարը նույնն է այսօր էլ, երեկ էլ. հայկական եկեղեցիների անխնա պայթեցում կամ վրացացում, հայկական գերեզմանատների անխնա ոչնչացում: Թբիլիսիի քաղաքականությունն այսօր ամբողջությամբ միտված է մեկ բանի` Ջավախքում ստեղծել ապրելու համար անհնարին պայմաններ և հայությանը պարտադրել կամ ուծացում, կամ արտագաղթ:

«ՈՐՈՇՆԵՐԻ» ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԳԻՆԸ
Թբիլիսիի իշխանությունների շովինիստական քաղաքականությունը չէր կարող չառաջացնել հայության հակազդեցությունը: Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սէֆիլյանը հիշում է, որ դեռ արցախյան ազատագրական պայքարի օրերին Ջավախքի հայ հասարակական գործիչների շրջանում կար արցախցու պես ոտքի կանգնելու և հայկական Ջավախքը վրացական բռնատիրությունից ազատագրելու մեծ ձգտում, քանզի առկա էր այն մտահոգությունը, որ շարունակվող քաղաքականության դեպքում հայկական երկրամասին կարող է սպառնալ հայաթափված Նախիջևանի ճակատագիրը։ Բայց կատարվեց անսպասելին. 90-ականների Հայաստանի իշխանությունները վրացիներից առավել եռանդուն գտնվեցին ջավախահայերի ազնիվ ձգտումը ամեն կերպ խեղդելու մեջ: «Երևանի ռեժիմն իր գործն արեց. չնայած դրան, խմորումները շարունակվում էին, մասնավորապես, երիտասարդության շրջանում»,- ասում է Ժիրայր Սէֆիլյանը:
Երիտասարդական շարժումներն իրենց ակտիվության բարձրակետին հասան 2000-ի սկզբներին: Վահագն Չախալյանն իր հասարակական գործունեությունը սկսեց 2001-ին, երբ դեռ 20 տարեկան էր: Նա իր զինակիցների հետ 2003-ին ստեղծում է «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը» («ՋԵՄՄ»), որի նպատակն էր հայրենանվեր երիտասարդության դաստիարակումը: Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ Ջավախքում ստեղծված հասարակական կառույցները սկսում են արդյունավետորեն հակազդել վրացական իշխանությունների հակահայկական գործողություններին: Տեղի են ունենում Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության բողոքի ակցիաներ ընդդեմ վրացական իշխանությունների խտրական գործողությունների: «ՋԵՄՄ» ակտիվիստների շնորհիվ նույնիսկ կասեցվում է վրացիների կողմից տասնամյակներ շարունակվող ու նորովի դրսևորվող երևույթը` հայկական եկեղեցիների վրացացման արշավը: Կազմակերպության համարձակ գործողություններից վախվորած վրաց իշխանավորներն այլևս չէին հանդգնում իրենց հայտնի հակահայկական սցենարներն իրականացնել հայկական Ջավախքում:
Զուգահեռաբար հասունանում էր քաղաքական գործընթացներում ներգրավվելու անհրաժեշտությունը: Ջավախքի ուժերը միավորելու նպատակով 2005 թ. մարտի սկզբին հիմնադրվում է «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքը, որի կորիզն են կազմում «ՋԵՄՄ»-ի անդամները: Իսկ արդեն 2006-ին, երբ Վրաստանը պատրաստվում էր ՏԻՄ ընտրություններին, առաջին անգամ ջավախահայությունը, հանձին «Միասնական Ջավախքի», ընտրությունների մասնակցության հայտ է ներկայացնում: «Այդ ընտրություններում տղաները փայլուն հաղթանակ տարան, «Միասնական Ջավախքը» իրականում հավաքել էր 70 % ձայն: Բայց Թբիլիսին բացահայտորեն կեղծեց պատկերն ու հայտարարեց` ընդամենը 30 %»: Հայ շրջանակներից իրենց կամակատար մարդկանց հաղթանակը Ջավախքում ապահովելու նպատակով վրաց իշխանությունները դիմում են կոպիտ խախտումների: Իսկ կեղծիքը չէին կարող հանդուրժել Վահագնը և իր ընկերները: Սկսվում են զանգվածային բողոքի ցույցերը: Ժողովուրդը «Միասնական Ջավախքի» կողքին էր, ինչը տղաներին առավել ոգևորում էր, դարձնում համարձակ ու վճռական: Վրաստանի իշխանությունների զայրույթն ու վրդովմունքն անսահման էին, քանզի սարսափած էին ազգային արժանապատվությամբ տոգորված ջավախահայ երիտասարդության քաղաքականապես հասուն ու գրագետ գործողություններից, գիտակցելով, որ Ջավախքում հասունանում է իրենց հակահայկականության դեմ ընդվզող քաղաքական ուժ: Եթե վրացական կողմի մտահոգությունները լիովին հասկանալի էին, ապա տարօրինակ էր հայ քաղաքական որոշ գործիչների բացասական կեցվածքը հայրենանվեր երիտասարդների հանդեպ: Իսկ ովքե՞ր էին այդ «որոշները», որոնց ևս վրդովեցնում էին երիտասարդների` Ջավախքի հայապահպանմանն ուղղված քայլերը: «Նրանք հին սերնդի` 1990-ականների սկզբի հայ հասարակական-քաղաքական այն գործիչներն էին, ովքեր մշտապես եղել են Երևանի իշխանությունների հլու-հնազանդ կամակատարները: Այդ մարդիկ խանդով էին վերաբերվում երիտասարդների գործողություններին: Հրապարակ էր իջել մի նոր սերունդ, որն առավել ամուր կառչած լինելով հայրենի հողին, ավելի մտահոգ էր հայրենի Ջավախքի ճակատագրով, քան նախորդներն էին: Տղաների գործունեությունը նման էր մի օազիսի` համատարած գորշության մեջ»,- գնահատում է Սէֆիլյանը:
Ինչ վերաբերում է հայ ավանդական քաղաքական ուժերի դիրքորոշումներին, ապա այստեղ ևս պատկերը նույնն էր. «Քաջարի երիտասարդներին ոգևորելու, առաջնորդելու փոխարեն սկսեցին խանգարել, պարբերաբար հակադրվել նրանց, հալածել, անգամ նպաստել նրանց մեկուսացմանը»: Հայաստանի առանձին քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները ջավախահայ երիտասարդ ազգային ուժին նեցուկ լինելու փոխարեն սկսեցին դիմել էժանագին քայլերի` վարկաբեկել Վահագն Չախալյանին ու «Միասնական Ջավախքի» ակտիվիստներին, զրպարտել նրանց վրացական կամ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Եվ սա, անշուշտ, ուներ իր պատճառները, որոնք ոչ մի առնչություն չունեն ազգային շահերի հետ և պայմանավորված էին նրանց նեղ անձնական հաշվարկներով: Իսկ իրողությունը հետևյալն է. «Միասնական Ջավախքի»` որպես առաջատար ուժի ի հայտ գալը ստվերում էր որոշ քաղաքական և հասարակական ուժերի գործունեությունը, զրկում նրանց Ջավախքի իրավունքների պաշտպաններ հորջորջվելու մենաշնորհից, դրանով իսկ վտանգում Հայաստանում և սփյուռքում սեփական քաղաքական, ինչու ոչ, նաև ֆինանսական կապիտալի ձեռքբերումը:
ՀՀ իշխանությունները ևս իրենց հերթին չօգնեցին «Միասնական Ջավախքին», ավելին, այն պահին, երբ Սաակաշվիլու վարչախումբը ծրագրեց չեզոքացնել Ջավախքի առաջատար քաղաքական ուժը, առաջին հարվածը եկավ այնտեղից, որտեղից Վահագնն ու իր ընկերներն ամենևին չէին սպասում. դա Հայաստանն էր:

ՈՎՔԵ՞Ր ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ
ՏԻՄ ընտրություններից մի քանի օր անց Վահագնն իր ընտանիքի և Գուրգեն Շիրինյանի հետ մեկնում է Հայաստան: Երևան մտնելուն պես մեքենան շրջապատում է 5-6 այլ մեքենա։ Դրանցից դուրս եկած անհայտ անձինք սկսում են կռվի բռնվել Վահագնի ու Գուրգենի հետ: «Տեղի ունեցածը խուլիգանություն էր, բայց պատվիրված խուլիգանություն»,- համոզված է Ժիրայր Սէֆիլյանը, իսկ դավաճանության կազմակերպիչները, մի կողմից, ջավախքյան այն ուժերն էին, որոնք ուզում էին, Թբիլիսիին հաճոյանալով, իշխանության մեջ սեփական տեղն ապահովել: Մյուս կողմում Հայաստանի իշխանություններն էին: Վերջիններս «պապից ավելի կաթոլիկ գտնվեցին»: Եթե Սաակաշվիլուն չհաջողվեց տղաներին չեզոքացնել Ջավախքում, ապա ՀՀ իշխանավորների ակտիվ աջակցությամբ այն գլուխ բերվեց Հայաստանում: «Նույնիսկ նպատակ ունեին սարքված խուլիգանական սցենարի ընթացքում ֆիզիկապես ոչնչացնելու տղաներին: Փաստորեն, Չախալյանի և Շիրինյանի նկատմամբ իրականացվեց մահափորձ: Բայց իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ տղաները կարողացան դիմադրել` 5 հոգով 40-ի դեմ: Վահագնը և Գուրգենն անզեն էին, մինչդեռ հարձակում գործած խուլիգանները զինված էին մետաղյա լոմերով, ատրճանակներով, դանակներով»: Հետևանքը եղավ այն, որ Գուրգենը թիկունքից դանակահարվում է, իսկ Վահագնը ծանր առարկայով գլխին հասցված ուժեղ հարվածից կորցնում է գիտակցությունը: Դանակահարվում են նաև Չախալյանի հայրն ու եղբայրը և տեղափոխվում հիվանդանոց: Հաջորդ օրը տարածվում է հնարովի մեղադրանք` Վահագն Չախալյանը հայկական սահմանը հատել է ապօրինաբար: Եվ ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցները, փոխանակ խուլիգանական հարձակում իրականացրած անձանց որոնելու, ձերբակալում են Վահագնին: Սկսվում է դատական գործընթացը: Ամիսներ անց, Գյումրիի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Վահագն Չախալյանը դատապարտվում է մեկ տարվա պայմանական ազատազրկման` 1,5 տարվա փորձաշրջանով, և վտարվում Հայաստանից:
Հայաստանի իշխանությունների նման վերաբերմունքն արդարացիորեն որակվեց դավաճանություն, քանզի ակնհայտ էր վրաց և հայ իշխանությունների գործողություններում ներքին պայմանավորվածությունը: Սէֆիլյանը նկատում է, որ Հայաստանում դատական գործընթացն անվերջ ձգձգվում էր, նպատակը պարզ էր` ժամանակ ու հնարավորություն ընձեռել վրացական կողմին իրենց ուզած իրավիճակը Ջավախքում հաստատելու համար: Հնարավոր բոլոր մեթոդները կիրառվեցին Ջավախքի ձայնը լռեցնելու համար: Հայկական կողմի` յուրայիններին թիկունքից խփելու քայլերը նախ վրացիներին առավել համարձակ գործելու հնարավորություն ընձեռեցին: Վերջիններիս համար եկել էր երկար սպասված պահը` հաշվեհարդար տեսնել «Միասնական Ջավախքի» ակտիվ անդամների նկատմամբ: Եվ օգտվելով Չախալյանի Երևանում կալանված լինելու հանգամանքից, Վրաստանի իշխանությունները քրեական գործեր սարքեցին մի շարք ակտիվիստների նկատմամբ, անգամ ճնշեցին «Միասնական Ջավախքին» աջակցած տեղական ձեռներեցներին:
Սակայն Թբիլիսին իր գործն ավարտված չէր համարում: «Միասնական Ջավախքի» ակտիվիստների նկատմամբ հալածանքների հաջորդ ալիքը սկսվում է 2008-ի հուլիսի 17-ին` Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից 20 օր առաջ: «Օսիայի դեմ ռազմական գործողություններից առաջ Սաակաշվիլին որոշում է ապահովել թիկունքը և Ջավախքում դիմում սադրանքի»,- մեկնաբանում է Ժիրայր Սէֆիլյանը։ ՈՒ մոգոնվեց առիթը` Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի ունեցած հանելուկային պայթյունը: 2008-ի հուլիսի 17-ին 300-հոգանոց հատուկ ջոկատը, զենք փնտրելու պատրվակով, ապօրինաբար ներխուժում է «ՋԵՄՄ»-ի գրասենյակ: Խուզարկման ընթացքում զենք չհայտնաբերվեց, և քանի որ չկարողացան հասնել իրենց ուզածին, 5 օր անց, 2008-ի հուլիսի 21-ին, հատուկ ջոկատայինները ներխուժում են Վահագն Չախալյանի բնակարան և խուզարկության ժամանակ Վահագնի, նրա հոր և անչափահաս եղբոր մահճակալների տակ հանկարծ «հայտնաբերում» զենք ու զինամթերք: «Դա մի թատերականացված ներկայացում էր, տղաները չէին կարող տանը զենք պահել, փաստված է, որ դա հատուկջոկատայինների ձեռքի գործն էր: Վահագնը նույնիսկ տնից չէր հեռացել, քանի որ վստահ էր իր անմեղության մեջ, անգամ չի դիմադրել վրացի ոստիկաններին, նույնիսկ ինքն է ասել` ձերբակալեք ինձ: Մինչդեռ Գուրգենը, համոզված լինելով վրացիների նենգության մեջ, դիմում է փախուստի»: Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սէֆիլյանը ցավով տեղեկացրեց, որ այսօր անկախ Հայաստանի Հանրապետության ոստիկանական բաժիններում կարող ենք տեսնել Գուրգեն Շիրինյանի նկարը, որ ցուցադրվում է որպես գլխավոր հետախուզվողի: «ՀՀ ոստիկանությունը փնտրում է հայազգի լավագույն զավակներից մեկին` Գուրգեն Շիրինյանին, ի՞նչ է, բեն Լադե՞ն է: Անգամ Քարվաճառի ոստիկանությունում կտեսնեք նրա նկարը որպես հետախուզվողի: Սա պատիվ չի՛ բերում մեզ, ամո՛թ է»:
Չախալյաններին ձերբակալում են ապօրինի զենք, զինամթերք պահելու կեղծ մեղադրանքով, հարուցվում է քրեական գործ: Վահագնի նկատմամբ առաջադրվում են ևս մի քանի նոր մեղադրանքներ, որոնց հիմքում ուղղակի ընկած է 2005-06 թթ. նրա ծավալած քաղաքական գործունեությունը, մասնավորապես` զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպումը: Իսկ նախաքննությունն ու դատական գործընթացը կատարյալ խեղկատակություն էին, որ իրականացվեցին Վրաստանի Սահմանադրության և քրեական-դատավարական օրենսգրքի, նաև Վրաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով: Վահագնի ու նրա ազգականների դեմ թխած շինծու գործը տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով Ախալցխայի դատարանը ստիպված դիմեց աղաղակող խախտումների: Այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել, քանզի այն վրաց իշխանությունների քաղաքական պատվերն էր ուղղված հայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի քաղաքական գործունեության դեմ:
Հարկ է հստակ գիտակցել, որ Վրաստանի դատարանի` կեղծիքի ու անօրինությունների վրա կայացրած դաժան դատավճիռը ուղղված է ոչ միայն Վահագնի, այլև Ջավախքի ու ողջ հայության դեմ:

ՈՐ ՉՊԱՏՌՎԻ ԿԵՂԾ ԴԵՄՈԿՐԱՏԻ ԴԻՄԱԿԸ
Այս տարվա հոկտեմբերի 5-ին Վահագնը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին, այն բողոք էր ի նշան իր նկատմամբ սահմանված անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների: Ի դեպ, բանտի ադմինիստրացիան սկզբում ցինիկաբար հրաժարվել էր հացադուլի փաստը գրանցելուց: Վրացական կողմի` Վահագնի դեմ կիրառվող նման խստացումներն աննպատակ չեն: Հայտնի է, որ Չախալյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և, ինչպես հավաստում են «Երկիր» միության ներկայացուցիչները, հնարավոր է, որ այս տարեսկզբին այն քննության առնվի: Սա է, որ խիստ անհանգստացնում է ժողովրդավար ներկայացող Սաակաշվիլու իշխանությանը, քանզի գիտակցում է, որ միջազգային դատարանում պատռվելու է դեմոկրատի կեղծ դիմակը: Ահա թե ինչու են ոտք ու ձեռք ընկած, Վահագնին տարբեր գործարքներ առաջարկելով, փորձում գործը դուրս բերել Եվրոպական դատարանի շրջանակներից: «Վրացական կողմը, համոզվելով, որ Վահագնի հետ չի կարող պաշտոններ առաջարկելով լեզու գտնել, փորձում է նրանից հետևյալ խոստումը կորզել` բանտից դուրս գալուց հետո չզբաղվել քաղաքականությամբ և հեռանալ Ջավախքից: Մինչդեռ Վահագնը շարունակում է մերժել ու մնալ անհողդողդ: Իսկ հայությունը պետք է լավ հասկանա, որ Վահագն Չախալյան նշանակում է հայկական Ջավախք: ՈՒ քանի դեռ բանտված է Վահագնը, բանտված է և Ջավախքը»,- ասում է Ժիրայր Սէֆիլյանը:
Վահագն Չախալյանի ձերբակալությունից անցել է երեք ու կես տարի, ցավով պիտի արձանագրենք, որ հայաստանյան քաղաքական, հասարակական ուժերի կողմից (բացառությամբ 1-2-ի) գրեթե մոռացության է մատնված այն փաստը, որ արժանապատիվ ու ազգանվեր հայորդին կեղծ մեղադրանքով շարունակում է բանտված մնալ թբիլիսյան բանտում, իսկ Վահագն Չախալյանի ազատ արձակումը ողջ հայության պատվի գործն է: Ջավախահայ ազգային գործչի ազատ արձակումը հնարավոր է միայն պաշտոնական Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու ճանապարհով, որում կարևորագույն դերակատարումը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, որպես հայության համահավաք հայրենիքի: Ներկայիս իշխանությունները պե՛տք է ու կարո՛ղ են հանդես գալ Վահագնի ազատման միջնորդությամբ, թերևս այդ վճռորոշ քայլով փոքր-ինչ մեղմելով նաև նախորդի «բացթողումները»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ