Վերջին շրջանում ադրբեջանահայության խնդիրները նոր մակարդակով ու սրությամբ են առաջադրվում։ Վերջերս ստեղծված ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն այս հարցի առաջամարտիկն է։ 2011-ի փետրվարի 28-ին նախատեսված է նրանց համագումարը։ Այս ու հարակից այլ խնդիրների շուրջ զրուցեցինք կազմկոմիտեի անդամ ՌՈՄԱՆ ԳՅՈՒԼԲԱՆԴՅԱՆԻ հետ։
-Այսօր նախապատրաստական փուլում ենք,- մանրամասնեց պարոն Գյուլբանդյանը։- Որոշել ենք միջոցառումներն անցկացնել երկու փուլով` համագումար ազատագրված տարածքում (հավանաբար, Քարվաճառում) և Եվրոպայում։ Համագումարի առաջնային նպատակն է ստեղծել մի սուբյեկտ, որը կհամախմբի բոլոր ադրբեջանահայերին։ Արդյունքում ստեղծվելու է ադրբեջանահայության պառլամենտ, որտեղ ներգրավված կլինեն սփյուռքի, Հայաստանի և Արցախի լիազոր ներկայացուցիչները։ Մինչ համագումարը հունվարին լինելու է իրավապաշտպանների ֆորում, որը կքննարկի ադրբեջանահայության դեմ ցեղասպանության փաստն այսօրվա գլոբալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Հանդիպել ենք տարբեր կուսակցությունների անդամների, ԱԺ խմբակցությունների, որոշ հանձնաժողովների նախագահների հետ։
-Ինչպիսի՞ն է նրանց արձագանքը Ձեր նախաձեռնությանը։
-Բոլորն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնում, սակայն միայն բարի խոսքերով ոչինչ չի լինում։ Հարկավոր է լուրջ աշխատանքներ իրականացնել, մանավանդ որ դեկտեմբերին ՄԱԿ-ի ասամբլեայում քննարկվելու է Ադրբեջանի հեղինակած բանաձևը։ Պիտի կարողանանք ապացուցել, որ այնտեղ ոչ մի օկուպացված տարածք գոյություն չունի, իրականացված ցեղասպանության պատճառով հայերն են տեղահանվել իրենց հողերից, այսինքն` 1988-91-ին Ադրբեջանում ցեղասպանություն է եղել, որը շարունակվել է Արցախի տարածքում։ Այնուհետև ազատագրված տարածքներում բնակվել է ցեղասպանությունից փրկված հայության մի մասը։
-Նշեցիք, որ բարի խոսքերով ոչինչ չի լինում, պետք է կուսակցություններն իրական աշխատանք տանեն։ Ի՞նչ նկատի ունեք։
-Կան կուսակցություններ, որոնք դրսում մեծ ազդեցություն ունեն, զորօրինակ ՀՅԴ-ն, ռամկավարները։ Նրանց հետ հանդիպումների ժամանակ առաջարկել ենք սփյուռքին այս հարցում ուղղորդել։ Այսինքն` լուրջ քարոզչություն իրականացնել, ինչպես 1915-ի ցեղասպանության ճանաչման պարագայում է։ Սփյուռքը դեռ 90-ականներին պիտի բարձրաձայներ ադրբեջանահայության խնդիրը, քանի որ նույն ճակատագիրը նաև նրանց էր վիճակվել։ Հիմա էլ ուշ չէ, բայց պետք է ավելի արագ գործել։ ԱԳՆ-ն ևս իր դեսպանատների միջոցով այս հարցը պետք է միջազգայնացնի։ Այս ամենի արդյունքում, կարծում ենք, հիմնախնդրի բանակցային գործընթացում որոշակի բեկում կլինի, որովհետև ստատուս քվոն չի կարող երկար ձգվել։ Պիտի աշխատել նաև իսլամական երկրների հետ` ապացուցելով, որ Ադրբեջանը ոչ մի կապ չունի իսլամի հետ։ Ֆաշիստական երկիր է, որը վարկաբեկում է հենց իսլամը։ Հետաքրքիր է, Իրանի նախագահն ԱՄՆ-ի հասցեին ինչ-որ հայտարարություններ է անում, հաջորդ օրը պատժամիջոցներ են կիրառում այդ երկրի նկատմամբ։ Իսկ երբ Ալիևն է անընդհատ խոսում հայերի ու Հայաստանի մասին, ոչ մի բան չի կիրառվում։ Այսինքն, մենք ավելի ցածր ազգ ենք, քան ամերիկացինե՞րը։ Առաջարկում եմ ցեղասպանության հուշահամալիրի սյուներից մեկի վրա ամրագրել ադրբեջանահայերի ջարդերի վկայակոչումը, որ օտարերկրյա հյուրերն այնտեղ ծաղկեպսակ դնելիս ընդունեն, որ նաև ադրբեջանահայության հանդեպ է ցեղասպանություն իրագործվել։
-Ձեր նպատակը` ադրբեջանահայության խնդրի վերհանումն ու միջազգայնորեն ճանաչումը, թերևս, պետք է ողջունեն բոլոր քաղաքական ուժերը, մինչդեռ այդ իմաստով պասիվություն է նկատվում։ Ինչո՞ւ։
-Գերտերություններն իշխանությունների վրա այս հարցում մշտապես ճնշումներ են գործադրում, որովհետև նրանք իրենց նավթային, գազային շահերն ունեն։ Սա հանգեցրեց նրան, որ ադրբեջանահայության հարցը չմտցվեց բանակցային գործընթացի մեջ, այլապես լուծումը հայանպաստ կլիներ ու արդեն պատժամիջոցներ կկիրառվեին Ադրբեջանի նկատմամբ։ Շուրջ քսան տարի Ղարաբաղում վերաբնակեցման գործընթացը դանդաղել է։ 1994-95-ին կանխատեսում էինք, որ 2010-ին ազատագրված տարածքները բնակեցված կլինեն հարյուր հազար բնակչով։ Այսքան բնակչություն ունեցող երկրի համար դժվար թե այս կարգի բանակցություններ ընթանային։ Հասկանալով դրսի ազդեցությունն ու ճնշումները, գիտակցում էինք, որ իշխանությունները գրկաբաց չէին կարող ընդունել մեր նախաձեռնությունը։ Սակայն միևնույն ժամանակ պիտի արձանագրել, որ իշխանությունների կողմից բարի նոտաներ, արձագանքներ կան, պարզապես տեմպերն են դանդաղ։ Մյուս ուժերը, որոնք առավել ազատ են իրենց գործունեության մեջ, կարող են ավելի ակտիվ ներգրավվել այս գործընթացում։
-Ֆաշիստական Ադրբեջանի հետ, ինչպես Դուք նշեցիք, գործ ունենալը բարդ է։ Ի՞նչ եք կարծում, ադրբեջանահայության հարցի միջազգայնացումը շատ արագ չի՞ կասեցվի ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով, որը բավականին հզոր է։
-Մինսկի խումբը և մյուս երկրները պիտի գիտակցեն, որ բանակցություններում ադրբեջանահայության հարցը քննարկումների դաշտ ստեղծելու միակ ճանապարհն է։ Ի՞նչ կարող են նրանք մեզ առաջարկել` վերադառնալ Ադրբեջա՞ն։ Մեզ ոչ մեկը չի կարող սրա համար երաշխիք տալ, քանի որ մենք մեր մաշկի վրա ենք ամեն ինչ զգացել։ Աշխարհին պիտի ցույց տալ, որ մենք կողմ ենք հարցի կարգավորմանը։ Այս պարագայում պատերազմի ցանկացած կոչ անիմաստ է դառնում։ Ինչ վերաբերում է հարցի քարոզչական մասին, հարկ եմ համարում ընդգծել ԶԼՄ-ների դերը։ Նրանք պետք է լրջորեն վերաբերվեն այս հարցին։
-Եթե ադրբեջանահայության խնդիրը քննարկումների նոր դաշտ է բացում, Ադրբեջանն արդյոք կցանկանա՞ մուտք գործել այդ տարածք, այն դեպքում, երբ չի ընդունում, թե նման գործողություն է իրականացրել։
-Հնարավոր է` Ադրբեջանի այսօրվա ռեժիմը չի ցանկանում։ Սակայն եթե այդ դաշտը լինի, Ադրբեջանին կստիպեն բանակցել այդ մակարդակում։
-Ադրբեջանը բազմազգ պետություն է և ներքին խնդիրներ ունի հենց իր տարածքում ապրող ազգությունների հետ։ Սա հաշվի առնելով` մտավախություն չունե՞ք, որ ադրբեջանահայության հարցը չի կարող լուծվել, քանի որ այդ պարագայում Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված կլինի լուծել նաև թալիշների, լեզգիների և այլոց հարցերը։
-Անշուշտ, Ադրբեջանն առաջնահերթ պիտի մտածի իր ներքին խնդիրների մասին։ Մեր պարագայում Ադրբեջանն ունի երկու տարբերակ` պատերազմ կամ բանակցություններ։ Առաջինը նրան պետք չէ։
-…Չնայած Ալիևն օրումեջ պատերազմի կոչ է հնչեցնում։
-Այդ կոչերը պայմանավորված են նրանով, որ միջազգային հանրությունը որոշ բանաձևերում դեռևս ընդունում է «օկուպացված տարածքներ» ձևակերպումը։ Հակառակը պիտի ապացուցել` ադրբեջանահայության տարածքներն են օկուպացվել (Գանձակ, Նախիջևան, Շամխոր և այլն)։ Փաստորեն, այս խնդիրն այնքան են ադրբեջանցիները խեղաթյուրել, որ այսօր խոսում են ղարաբաղյան կոնֆլիկտի մասին, մինչդեռ պիտի բանակցությունների սեղանին դրվի հայության դեմ կատարված ցեղասպանության հարցը։ Այսինքն, ոչ մի կոնֆլիկտ չկա, կար բնաջնջման գործընթաց, որը կասեցվեց։ Ադրբեջանը ողջ իրավիճակը դիտարկում է անջատողական դաշտում, ինչը լիովին անհեթեթություն է։ Երբ Չեչնիայում առաջ եկավ անջատողական շարժումը, ոչ մեկը Ռուսաստանում չսկսեց չեչեններին մորթել։ Իսկ երբ 88-ին Ղարաբաղը հայտարարեց իր որոշումը, Սումգայիթում հայերին սկսեցին մորթել, որոնք ոչ մի կապ չունեին Ղարաբաղի հետ։ Ղարաբաղը և ադրբեջանահայության հարցը չպետք է առանձին դիտարկել։ Կա Կոսովոյի փորձը. եթե ուզում ես, որ քեզ ճանաչեն, դու պիտի ապացուցես, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել, և այդ ազգի հետ համատեղ գոյակցությունն անհնար է։ Վերջում ուզում եմ մեկ անգամ ևս կոչով դիմել ողջ հայությանը` հուսալով, որ խնդրի շուրջ համախմբվածություն կցուցաբերվի, ինչը կհանգեցնի իրավիճակի փոփոխման։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ