«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՀԱԿ-Ը ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ»

«ՀԱԿ-Ը ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ»
04.11.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ «Իրատես de facto» ակումբում ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ և ՀԺԱՄ վարչության նախագահ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՆ իրենց տեսակետները ներկայացրին ներքաղաքական զարգացումների առնչությամբ: «Ամեն ինչ բերվում է հավատարմության, մեկը մյուսի թրի տակով անցնելու դաշտ: Այս գործընթացների ժամանակ արհամարհվում են գաղափարական տարաձայնությունները, մոտեցումների տարբերությունը: Մեր լրատվամիջոցներն էլ միայն իշխանական խոհանոցի նկարագրությամբ են զբաղված: Պիտի վերջ տալ այս մոտեցմանը, փոխել փոխադարձ համաձայնությունների, երդումների պատկերը»,- նշեց 4-րդ խոսափողի երբեմնի «տերուտնօրենը»՝ հավելելով, որ այսօր քաղաքական ուժերի միջև, բացի անհատների ամբիցիաներից, այլ տարբերություն չկա:
Վահրամ Մկրտչյանն էլ, մեկնաբանելով վերջին հրաժարականների շղթան, փաստեց. «Քաղաքական երևույթների հիմքում տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանում հեղաշրջման փորձ էր հասունանում, որը վերջին հրաժարականներով կանխվեց: ԲՀԿ-ին և մյուս ուժերին հանրապետականը զրկեց իր թիկունքում խաղալու հնարավորությունից՝ պարտադրելով ԱԺ նախագահի հրաժարականը»: Ըստ ՀԺԱՄ վարչության նախագահի, եթե հրաժարական տված մարդկանց գործունեությանը գնահատական չի տրվում, նշանակում է` դա ընդամենը «պրոֆիլակտիկ քայլ է»: «Կոալիցիան արհեստական է, մտացածին, և, քանի որ չի ծառայում իր նպատակին, պիտի փլուզվի: Կարծում եմ՝ գարնանն այդպիսի իրավիճակի ականատեսը կլինենք, քանի որ այնտեղ չկա գաղափարական ընդհանրություն, կորցրել են իրատեսության զգացողությունը: Մեկը կառուցված է վարչական ռեսուրսի վրա, մյուսը՝ բացառապես փողի, ու երկուսն էլ 21-րդ դարում ֆեոդալիզմով տառապող ուժեր են»,- ընդգծեց Վահրամ Մկրտչյանը:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, «մազութի գործը» մշտապես վկայակոչող Արշակ Սադոյանը զայրույթով արձանագրեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ գաղափարի մասին չի խոսում, նրա համար ավելի կարևոր է` քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանին երդում տալո՞ւ են, թե՞ ոչ: Թքած ունի Հայաստանի ապագայի վրա: Որևիցե բառ չկա, թե ինչպիսի Հայաստանի համար են պայքարում այնտեղ հավաքված կուսակցությունները: Ի՞նչ է նշանակում՝ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է, կամ ի՞նչ արտահերթ ընտրություններ, երբ չեն հասցնում հերթական ընտրություններին նախապատրաստվել: Ծիծաղելի չէ՞, արդյոք, արտահերթ ընտրությունների մասին խոսելը: Նրանց մեջ էնպիսի հակասություն կա, որ Արամ Զ. Սարգսյանն ասում է՝ արտահերթ ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ միգուցե հնարավոր է առանց արտահերթի: Ասելիք էլ չունեն, դարդուցավը մենակ էս է: Մեկը լինի ասի՝ ի՞նչ տարբերություն, արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ, գնացեք, հաղթեք: ՀԱԿ-ը ի՞նչ գաղափար է առաջ քաշում, որ չեն ասում, օրինակ, ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը: Գալու են իշխանության ի՞նչ անելու, ավգյան ախոռներ մաքրող եք` 1995-96-ին մաքրեիք: Դուք ստից ռևոլյուցիոներ եք, համարձակվո՞ւմ էիք` մարտի 1-ին հեղափոխություն անեիք»:
Համամիտ լինելով Սադոյանի դիտարկումներին` Վահրամ Մկրտչյանն ավելացրեց. «Ինչպես կոալիցիոն ուժերը, ՀԱԿ-ն էլ ֆեոդալական մոտեցումներ ունի: Կա մի ֆեոդալ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, մնացածը նրա համար վազվզողներ են: Այնտեղ չկա ակտիվ քաղաքական միտք, գաղափար: ՀԱԿ-ը չի կարող կոալիցիային այլընտրանք լինել: Առայժմ դժգոհ զանգվածը կառավարող ուժ է: Իսկ նոր ընտրությունները լինելու են գաղափարի և քաղաքական նոր մշակույթի թատերաբեմ»:
Ինչ վերաբերում է ազգային ժողովրդավարական ուժերի հնարավոր միավորմանը և դաշինքով ընտրություններին մասնակցելուն, բանախոսները միակարծիք էին` դրա կայացումը շատ ցանկալի է, սակայն առաջիկայում պարզ կլինի, թե որքան է գործընթացն իրատեսական: Ըստ Սադոյանի, եթե ընտրությունների ընթացքում պայքար ընթանա գաղափարների միջև, ազգային ժողովրդավարները կլինեն խորհրդարանում, այսինքն` և՛ ԱԺԴ-ն, և՛ ՀԺԱՄ-ը: «Քանի որ ԱԺԴ-ն, ԱԺԿ-ն, ԱԺՄ-ն և ՀԺԱՄ-ն ունեն նույն արմատները, գաղափարախոսություններն այնքան էլ իրարից չեն տարբերվում, քայլ կատարվեց մեկտեղելու մեր հնարավորությունները»,- շեշտեց ՀԺԱՄ վարչության նախագահն ու այդ միավորի հնարավոր լիդերի առնչությամբ էլ հավելեց. «Չենք ընդունում մեկ անձի գերակայությունն ամենուր: Անձը կարող է լինել առաջնորդ, բայց խնդիրները պիտի լուծվեն թիմային տարբերակով»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ