Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ՊՈՒՏԻՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄՈՒԲԱՐԱՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ՊՈՒՏԻՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄՈՒԲԱՐԱՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»
09.12.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Ռուսաստանում դասական իմաստով ընտրություններ տեղի չեն ունեցել։ Իրական ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցել։ Զանգվածային խախտումներ, ձերբակալություններ են եղել, Մոսկվան այսօր վերածվել է ռազմաքաղաքի»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով ՌԴ ընտրություններին, հայտարարեց քաղաքագետ, բլոգեր ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ` հընթացս շեշտելով, որ այս ընտրություններն իրենց որակով ավելի վատն էին, քան Հայաստանի ցանկացած ընտրություն, և, ըստ բանախոսի, ռուս հասարակությունն սկսում է «զզվել կառավարող զույգից»։ «Եթե այս տեմպերով ամեն ինչ շարունակվի, որոշ ժամանակ անց Պուտինին սպասում է Մուբարաքի ճակատագիրը, որովհետև Ռուսաստանում շատ արագ հեղափոխական տրամադրություններ են զարգանում»։ Քաղաքագետը հույս ունի, որ Հայաստանի ընտրություններն ավելի լավը կլինեն, չնայած պատրանքների էլ չի տրվում։ «Մեզանում որոշակի քաղաքական ինտրիգ կա, և Ռուսաստանի օրինակով Հայաստանում ամեն ինչ կանխատեսելի չէ։ Որևէ մեկը հարյուր տոկոսով չի կարող պնդել, թե ինչ կազմ կունենա խորհրդարանը, կամ նախագահական ընտրություններն ինչպիսի ընթացք կունենան։ Հայկական իրականությունը, իհարկե, շատ քննադատելու տեղեր ունի, բայց ռուսական իրականությունից անհամեմատ լիբերալ է»։ Այն դիտարկմանը, թե Ռուսաստանում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի խորհրդարանի պատգամավորները, չնայած Սուրենյանցի խիստ գնահատականներին, բավականին գոհ էին ՌԴ ընտրություններից, քաղաքագետը հակադարձեց. «Իրենք կարող է և ուրախ են, քանի որ խախտումների նոր ձևեր են հայտնաբերել։ Հայաստանի պատգամավորների զգալի հատվածը նույն մեթոդներով է ընտրվել։ Նրանք հոգու խորքում Պուտինի նման չեկիստի կարիքն ունեն»։
Հայաստանի ընդդիմության գործողությունների տրամաբանությանն անդրադառնալով, Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն համագործակցի, ու Տեր-Պետրոսյանն այդ համագործակցության մասին խոսել է բոլորովին այլ նպատակներով։ «Նա փորձել է ԲՀԿ-ին մանևրելու հնարավորությունից զրկել ու գցել նրա վարկանիշը։ ՀԱԿ-ը, հավանաբար, ցանկանում է գործ ունենալ միայն մեկ իշխանական կուսակցության հետ։ Եթե արդար ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը գրեթե նույն հնարավորությունները կունենան, սակայն, կարծում եմ, արդար ընտրություններ տեղի չեն ունենալու»,- ասաց քաղաքագետը, միաժամանակ ընդգծելով, որ ՀԱԿ-ն այլևս միակը չէ ընդդիմադիր դաշտում, քանի որ այսօր չունի հասարակական վստահության այնքան ռեսուրս, որ ամբողջ ընդդիմադիր դաշտի վարքագիծը միայնակ որոշի, հայտնվել են նաև այլ խաղացողներ։ Ի դեպ, Սուրենյանցը նշեց, որ եթե Հայաստանում լինեն հերթական նախագահական ընտրություններ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չի առաջադրի։
Քաղաքագետը նաև համեմատություն անցկացրեց Հայաստանի երեք նախագահների միջև` արձանագրելով, որ Հայաստանի քաղաքական դաշտը պտտվում է այդ երեք անձերի շուրջ ու, թերևս, օբյեկտիվ պատճառով նոր դեմքեր ի հայտ չեն գալիս։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, Սուրենյանցի կարծիքով, առաջինը «քարանձավային մտածողություն» ունի, իսկ մյուսն «ավելի բաց է»։ «Անկեղծ չենք լինի, եթե չտեսնենք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տարբերությունները։ Քոչարյանը քարանձավային մտածողության տեր անձ էր, որը ոչ մի քաղաքական ուժի հետ կոնտակտի չէր գնում, նա մենթալիտետով շատ ավելի մոտ է Պուտինին։ Սերժ Սարգսյանն ավելի բաց մարդ է, բաց արժեհամակարգի կրող»։
ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի երիտասարդացման հարցը ևս չշրջանցվեց։ Ակումբի հյուրի կարծիքով, դա շատ դրական քայլ է։ «Իհարկե, կցանկանայի, որ դա կոմսոմոլություն չնշանակեր, կուզենայի, որ այդ երիտասարդացումը նոր գաղափարների, դեմքերի ձևով արտահայտվեր։ ՀՀԿ-ի երիտասարդների մեջ կցանկանայի քաղաքական մրցակցություն լիներ, ոչ թե` ով ինչքան կքծնի Սերժ Սարգսյանին։ ՀՀԿ-ում և՛ շատ կարիերիստներ կան, և՛ շատ կարգին երիտասարդներ։ Օրինակ, կրթության և գիտության նախարարության աշխատանքներն ավելի արդյունավետ եմ գնահատում Արմեն Աշոտյանի կառավարման շրջանում։ ԱԺ ամբիոնում ավելի հաճելի է տեսնել Էդուարդ Շարմազանովին, քան թառամած դեմքի։ Ինչքան թարմացում գնա, այնքան լավ։ Եթե Սերժ Սարգսյանը կարողանա անել այդ քայլը, նրա իշխանության որակն էապես կփոխվի»,- եզրահանգեց Սուրեն Սուրենյանցը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ