«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԽԱՂԸ ՍԵՓԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԽԱՂԸ ՍԵՓԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
14.10.2011 | 00:00

(սկիզբը` թիվ 63-ում)

ԴՈԿՏՈՐ-ԴՈԿՏՈՐ ԱՅԲՈԼԻՏ
(Ой, ой, ой! Ой, болит!)

Երբ գրվում էր այս նյութը, ՀՀԿ-ն «օրենքով» գործկոմի նիստ պետք է աներ և որոշում պետք է կայացներ` պահպանվո՞ւմ է կոալիցիան, թե՞ ԲՀԿ-ին ասում է` շատ էի՞ր ուզում մենակ գնալ: Բայց ավելի ուշ պարզվեց, որ գործկոմի նիստը տեղափոխվել է և տեղի կունենա հոկտեմբերի 14-ին։
«Давай!, գնացի՛ր»:
Հակված ենք կարծելու, որ այսօր տեղի ունենալիք նիստում երեք տարբերակներից` ա) պահպանել կոալիցիան, բ) ձգել պաուզան, գ) անգլիական ձևով հրաժեշտ տալ կոալիցիոն գործընկերներին, կընտրվի հրաժեշտի տարբերակը:
Այո, ճիշտ որոշումը ցտեսություն ասելն է, որովհետև ա) Հովիկ Աբրահամյան-ԲՀԿ տանդեմը, գրել ենք, փորձում է խաղալ սեփական խաղը, պրոցեսը ձգել մինչև փետրվար` ԲՀԿ համագումար, որից հետո ցույց տալ` կոալիցիայից դուրս գալու որոշումը ոչ թե ՀՀԿ-ինը, այլ իրենն է, մինչ այդ հասցնելով մի քիչ էլ «հերոսանալ» 2012-ի բյուջեի քննարկումների ժամանակ, և «ընդդիմադիր ըլլալով»` իշխանության-նախարարական պորտֆելների ու մնացած բարիքները վայելելով` այդ կառույցներն օգտագործել ընտրությունների համար (գաղտնիք չէ, թե ինչ հսկա ապարատներ ու ազդեցության ամպլիտուդներ ունեն թե՛ սպորտի, թե՛ սոցապ, թե՛ առողջապահության, թե՛ քաղաքաշինության նախարարությունները, որպես ընտրական գործիքներ, ձայներ ապահովող «օրգաններ»), հետո արդեն, երբ էլեկտորատի հարցը լուծած կլինեն, կասեն` դուրս ենք գալիս կոալիցիայից` մի քիչ էլ էդպես «կհերոսանան»` նոր էլեկտորատ կլանելով:
բ) Կոալիցիոն այդպիսի բալաստը, երբ երկու ժամը մեկ խաղեր տալու «приступ» է բռնում հանուն աննկարագրելի ամբիցիաների, վստահության մինուս անսահմանություն, անկախատեսելիության հզոր գեներացիա ունի իր խորքում, նման բալաստով առաջ գնալը խելամիտ չէ, որքան էլ շախմատից հասկացող, ֆուտբոլը բարձրացնող, գեոխաղի մաստեր-կլասներ ցույց տվող լինես:
Եվ այժմ, քանի դեռ ՀՀԿ սինոդը` ձեռը ծնոտին փիքրոտվում է, դիտարկենք կոալիցիոն «հրաժեշտի» բոլոր հմայքներն ու հետևանքները, ընդամենը որպես «մաս-թեմա» և ոչ լրջություն-քննարկում պահանջող ֆակտոր, որովհետև «и так ясно». ԲՀԿ-ն` յուր «սատելիտով» (պարզվում է` դոկտորի կոչում է ստացել. ասա` տալիս էիք, տալիս, պրոֆեսո՞րն ինչ է, ափսոսեցիք, ո՜նց կսազեր. էլ չենք ասում` ակադեմիկոսի կոչումը. խիստ արդարացված կլիներ. չնայած` «ակադեմիկոսը» թող մնա, երբ «թեկուզ մի օրով երկրի նախագահ դառնա», էդ ժամանակ թող շնորհեն, իմիջավորեն) «ֆակտոր» է, երբ իշխանություն ունի, հակառակ դիալեկտիկան իր պարագայում նոնսենս է, իսկ դիդակտիկան` աչքներիս առջև է:
Այո, ՕԵԿ-ի մասին է խոսքը. արժե՞ հիշեցնել, թե որքան թուլացավ այդ կուսակցությունը կոալիցիայից դուրս գալուց հետո, և ինչ կլիներ հետո, եթե չկայացներ խելամիտ որոշում` կրկին կոալիցվելու, այլ մնար Լևոնի կողքին` փողոցում, տարրալուծվելով ՀԱԿ 17 կուսակցությունների ջրապտույտում, նրանց վրանների մեջ շուրջօրյա հանրահավաքների ժամանակ ոտատեղ որոնելով:
Իսկ այսօր ահա ՕԵԿ-ը ֆակտոր է: Բավականին լուրջ «ֆակտոր»: Իշխանական ճամբարում: Որ կանգնած է ՀՀԿ-ի կողքին` առանց խաղեր տալու, առանց ամբիցիոզ «приступ»-ների: Որը մնացել է ԲՀԿ-ի` յուր «սատելիտի» կոկորդին, և խոչընդոտում է նրանց խաղի դյուրորեն առաջ գնալուն (որքան մենք ենք տեղեկացված, ջանք ու եռանդ չի խնայվել ՕԵԿ-ի հետ լեզու գտնելու, միասին հանդես գալու, «приступ»-վելու այս խաղում, սակայն բան չի ստացվել):
ՉԻ ԾԽՈ՞ՒՄ. ԷՍ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՀԵՏՈ ԿԾԽԻ
Փորձենք հասկանալ «առաջին դասը» չսկսած` արդեն իսկ «վերջին դասին» հասնող ԲՀԿ-ի և իր «յուրայինի» կամուֆլյաժն ինչ «տեսք» կունենա, եթե այնպես ստացվի, որ ՀՀԿ ծերակույտն այսօր (երեկ) որոշում կայացնի և ազատ անկման ուղարկի երկրորդ պտույտի ելած կոալիցիոն իր գործընկերոջը: Նաև` գործընկերուհիներին:
Ի՞նչ է անում ԲՀԿ-ն, եթե դուրս է մնում կոալիցիայից: Նախ` ահագին կազմակերպչական հարցեր պետք է փորձի լուծել. պորտֆելները` նախարարական, ԱԺ հանձնաժողովների, բոլոր կարգի «վարչական» աշխատողների, և «այլական» վայր պետք է դրվեն` յուրյանց «հետևանքներով» հանդերձ:
Ապա` ստիպված է լինում հաշվապահություն անել` որքան նախարար և պատգամավոր այդ ընթացքում ՕԵԿ-ացվեց, օ՜յ, ներեցե՜ք, ՀՀԿ-ացվեց: Հանում-գումարում է: Հաշիվ-ֆակտուրան (չեն բացառվում` «իրավական» և «այլական» թղթերը» ևս) ձեռն առած, գնում-կանգնում է փողոցում:
Հարց` որտե՞ղ. սա՜ղ ՀԱԿ-ի տեղերն են. Մատենադարանը, Ազատության հրապարակը, Մյասնիկյանի արձանը, Սարյանի արձանը:
ՈՒրեմն` իր համար պետք է տեղ հորինի: Բայց էս դեպքում փողոցն ու հրապարակը, արձանները (Ռոդենի արձանի տեղը հեչ հարմար չէ) ու հրապարակները չորս տարի պահող ՀԱԿ-ն ու նրա ակտիվիստներն ի՞նչ բանի են (նրանք տասն անգամ ԲՀԿ «բետեէռիստներին» կտանեն աղբյուրը, հետ կբերեն), բա չե՞ն ասի` դո՞ւք ով եք, բա իրե՞նք էլ «գործկոմի» նիստ չեն անի ու ասի` «գնացե՛ք ըստուց, давай!»:
Էլ չենք համեմատում նախագահ-վարչապետ և Լևոն-Բագրատյան տանդեմը` ԲՀԿ առաջնորդ-դոկտոր տանդեմի նախագահության-վարչապետության հետ (ի դեպ, շատ հետաքրքիր է` ԲՀԿ-ի «անապատում կանչողի ձայն» Հովիկ Աբրահամյանն այս դեպքում մնո՞ւմ է որպես ԱԺ նախագահ, թե՞… փորձագետները միաբերան պնդում են` «հրաժեշտը» պետք է սկսել հենց այդտեղից. ինչն էլ մեկընդմիշտ էներգաթափ կանի ԲՀԿ-ի բոլոր «դասերն ու դասամիջոցները». արձակուրդները դեռ չսկսած` միևնույն ժամանակ միանգամից ու աննախադեպ բարձրացնելով Սերժ Սարգսյանի ռեյտինգը. ա) կտրուկ քայլերը նրա ուժեղության մասին կարձանագրեն, բ) ժողովուրդը կհասկանա` «ով ով է» վերջապես այս երկրում):
Միևնույն ժամանակ չմոռանանք հարցնել` գաղափարական ի՞նչ մունդիրով (կամուֆլյաժ չասացինք, ասացինք` մունդիր) է ներկայանալու իրապես գաղափարական ՀԱԿ-ի կողքին ԲՀԿ ընդդիմադիր այս «մույս» ուժը (կարծո՞ւմ եք` հնարավոր է Քոչարյանը և «մույսն» ստվերային, տակից, խաղի ինչ-որ պահի ընդդիմադիր նոր երկյակին պասաժի տանե՞ն. երբեք չենք ասում` երբեք, այնուհանդերձ, բա՛-ցա՛-ռո՛ւմ ենք):
Բայց քանի որ կալի վրա ենք, «հոտնկայս» հիշենք նաև Արկադի Վարդանյանին և նրա մարդաքանակային «ֆուրորը», հիշենք, թե ուր է նա հիմա. ինքներս էլ պատասխանենք մեր հարցին` նա Գոնսալեսի (Իռլանդիայի հետ խաղի դատավորն է, հասկացաք) հայրենիք Իսպանիայում մեծ դասամիջոցի է, և տանք հաջորդ հարցը։
Միանո՞ւմ են «նրանք»` ԲՀԿ-ն և յուր սատելիտը Լևոնին:
Ահա՜: Հաջորդ հարցն ենք հղում` ի ծագս չորս: Ո՞վ է այդ դեպքում «ասողը» դառնում: Լևոնը, որ բովանդակ կյանքն «ասող» է (էն էլ` ի՜նչ «ասող». մի ողջ կյանք է պետք նրա ասքով հիանալու. մտքի խորության, այդքան բարձր պրոբի մտավորական միշտ չէ, որ ունեցել ենք), կարո՞ղ է մի ուրիշ «ասող» հանդուրժել իր կողքին: Չէ՞: Բա էս դեպքում, ինչպես կասեր հայտնի պատմիչը, «ինչպե՞ս կարող էի հիվանդ ոչխարս փոխել այլոց առողջ գայլի հետ». իմա` օլիգարխի ու ԱԺ նախագահի «պատվավոր» մունդիրը փողոցում անհայտ ճակատագրի հետ։
Հաջորդ հարցը. բացի «գումարային» հաշիվ-ֆակտուրաներից, ուրիշ ի՞նչ ֆունկցիա է նախատեսվում ԲՀԿ-ի համար «ընդդիմության» մեջ (էն Խաչիկ Սուքիասյա՞նն ուր է. ասում են` էս «շուրջօրյային»` էս միտինգին, իր անունից լիքը ջրեր են բաժանվել):
Գաղափարական ի՞նչ պասաժով է հանդես գալիս այս նոր «ընդդիմադիրը»` օլիգոպոլիաների, կոռուպցիայի, սոցիալական անարդարությունների դեմ պայքարող ԲՀԿ-ն:
Հաջորդիվ` ո՞վ է ընդդիմադիրների (եթե միանում է ՀԱԿ-ին) համամասնական ցուցակը կազմում և ումո՞վ, ո՞վ է բռնում ոտները, ո՞վ է Հալեպն ասում… հետո՞ ինչ, որ Լևոնը Հալեպից է…
Հարցեր են, չէ՞, որ պետք է պատասխանվեն:
«Ա ՊՈ՞ԼՇԱ»
Բա արտաքին քաղաքակա՞ն մասը:
Ինչպես կասեր Վանոն, երկոտանու ո՞ր տեսակը պետք էր լինել, որ այս փուլում, երբ Սերժ Սարգսյանը հարաբերականորեն պինդ է, նրա կողքից կոալիցիոն ուժը հեռանա (իսկ գուցե այդ ԲՀԿ-ի՞ն է թվում, թե ինքն «ուզում» է մենակ գնալ. իսկ եթե շատ նուրբ ձևով նրան «մենակացրե՞լ» են… եսի՞մ):
Բոլոր դեպքերում, ԲՀԿ արտաքին խաղը «հասկանալու» համար արժե հիշել կես տարի առաջ ստորագրված հուշագիրը, ուր ԲՀԿ-ն` «չեմ ու չեմ», Հովիկը` «պարոն նախագահ, գնամ-համոզեմ… պարոն նախագահ, չի ուզում, Գագոն չի ուզում, բայց կարող է, գուցե թե, իցիվ եթե, բայց երևի ու նամանավանդ ձիս որ կապեմ` գա՜մ»: Իսկ էս «պարոն նախագահը» ոչ մի կերպ չի հարցնում. Հովի՜կ, որ քեզ վարչապետ նշանակեմ, կարո՞ղ է, «ձիդ նամանավանդ կապես ու գաս»… չէ՜, չի հարցնում:
Գալիս է Կարասինը: Էլի չի ստացվում: Գնում է Կարասինը: Ռուսաստանից, ասում են, զանգում են ԲՀԿ-ին ու «ասում»` ստորագրիր, «փլիզ»: Ասել է` «անտես» ու հզոր մի ձեռք մշտապես խաղում է հօգուտ Սերժ Սարգսյանի՞: Եսի՞մ:
Հիմա, դարձյալ «ասում» են, որ Ռուսաստա՛նը, փլա՛նը, փստա՛նը… ԲՀԿ-ին էն «ղդա՜ր են պաշտպանում, էն ղդար»:
Նախ` «փլանի», հետո «փստանի» մասով: Յանուկովիչի (մոռացեք Բատկային. նա իր երկրում և որևէ տեղ այլևս գործոն չէ): Այո՛, «մեր լավ ընկեր» Յանուկովիչի: Ի՞նչ է անում նա. դե, ասենք, զանգում է, ասում Սերժին. «Գիտե՞ք, Սերժ Ազատիչ, Գագիկ Ծառուկյանը մեր ընկերն է` բան»։
Ներեցե՛ք արտահայտությանս համար. էս էն Յանուկովիչը չի՞, որ իր ընդդիմադիրին յոթ տարի «տվեց»: Կին ընդդիմադիրին: Երկրի նախկին վարչապետին: Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողմից պաշտպանվող Տիմոշենկոյին:
Ո՞նց է զանգելու «բան ասի»:
Խորվաթիան հանեք: Մնացին Ռուսաստանն ու Գրիզլովը:
Գրիզլովն էն է, որն ընդունել է Գագիկ Ծառուկյանին (Ծառուկյանի կողքին եղողները չհասկացա՞ն, թե ինչ անհարմար վիճակի մեջ դրեցին մեր անչափ հարգելի, մարդկային գծի վրա հաստատ լոտեր ունեցող Ծառուկյանին, երբ շուխուր դրին, թե` բա չե՞ք ասի, Գրիզլովի նման մեծության աստղն ընդունել է նրան Ед. Рос.-ի համագումարին, երբ Մեդվեդև կա, Պուտին կա, որոնց, որպես «կոսմոնավտներ», տեսնում է Սերժ Սարգսյանը. ասել ենք` Ռուսաստանը, ընտրությունների գնացող Պուտինը, մանավանդ այս պահին, չի՜ ասելու որևէ մեկին` գնա-խաղա Սերժի դեմ):
Ինչ վերաբերում է մնացածին (չենք անդրադառնալու նաև հանգամանքին, որ Հովիկը ոչ մի գործուղում բաց չի թողնում, շատ դեպքերում էլ հայտնվում է անհարմար վիճակների մեջ, որովհետև մասնակցում է «ճ» կլասի արտասահմանյան միջոցառումների, որոնց կարող էին մասնակցել նույնքան «ճ» կլասի չինովնիկները), «Լութիկի» Արթուրին ու Սամվել Կարապետյանին, որոնք Կրեմլում, հասկանում եք, «դվիժենի» ունեն` «մի ուրիշ ձև»: Այս դեպքում արդեն դժվար է դիմանալ գայթակղությանն ու չասել. նույնք չկարեցան խաղն առաջ տանել անգամ Սամվել Կարապետյանի եղբոր պարագայում, վերջինս խաղից դուրս մնաց` նույնքան «մի ուրիշ ձև», էլ ուր մնաց այսքան բարդ, գեոխաղն առաջ տանեն:
Եվ հետո, պետք է հաշվի առնել, որ նույն Ռուսաստանում անգամ Պուտինը չի խաղն առաջ տանողն ու որոշողը. ինչպես ցանկացած կայացած ու մեծ երկրում կա «ժրեցների» խումբ, որոնք նախանշում են տվյալ երկրի վեկտորը` բոլոր ուղղություններով (նրանց հաստատ «ծանոթ» ու հասկանալի է Սերժ Սարգսյանը):
Իսկ ա՛յ, «մնացածների» համար այս խաղում «այլ» դեր է նախանշված: Ինչպիսին ասենք` նախանշված էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար 2008-ին, մենք ասում ենք «դագանակի» (փորձագետները պնդում են` հարամողի, փսորողի) դեր, ինչի արդյունքում նախ` երկրին է վնաս հասնում, նոր միայն երկրի ղեկավարը մասամբ դառնում է խոցելի…
Մտածե՞լ են այս մասին ԲՀԿ-ում:
Գուցե փորձե՞ն:
Քանի դեռ ուշ չէ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ