Ռուսաստանը միշտ էլ եղել է ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման գործընթացի անսպասելի ու վտանգավոր միջնորդը և նախաձեռնողը, քանի որ տիրապետում էր ամբողջությամբ վերցրած Հարավային Կովկասի, այդ թվում և՝ ղարաբաղյան հակամարտությունների առավել ներգործուն լծակներին։ Ռուսաստանի որոշ զսպվածությունը և նույնիսկ ինքնահեռացումը «կարգավորման» գործընթացից այն պատրանքն էին ստեղծում, թե Ռուսաստանն իրական լծակներ չունի ազդելու շահագրգիռ կողմերի վարքագծի վրա։ Իրականում Ռուսաստանը միշտ էլ ունեցել է հարկ եղած ազդեցությունը ինչպես տարածաշրջանի հակամարտությունների բոլոր մասնակիցների, այնպես էլ այն արտաքին ուժերի վրա, որոնք այս կամ չափով առկա են եղել տարածաշրջանային քաղաքականության թատերաբեմում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության ու գործունեության էությունը հանգում էր ուժերի հավասարակշռության և ազդեցության պահպանմանը, ուժի երեք կենտրոնների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի՝ ի դեմս Ֆրանսիայի, այդ «բևեռների» շահերի ապահովմանը, թեպետ այդ հաշվեկշռման հիմնական խնդիրն առնչվում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերություններին։ Երեք կողմերի գլխավոր խնդիրն էր թույլ չտալ, որ նրանցից որևէ մեկը տիրանա նախաձեռնությանը հակամարտության կարգավորման և արդյունքների հասնելու գործում, երբ ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը կարող էին ավելի նախապատվելի դիրքեր զբաղեցնել Հարավային Կովկասում և ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության մեջ առավել ընդարձակ տարածության վրա։ Բավականաչափ երկար ժամանակ Ռուսաստանն իրական սպառնալիքներ չէր տեսնում իր դրության ու դիրքորոշման համար, քանի որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Եվրոպան շահագրգռված չէին կամ հնարավորություններ չունեին որևէ նոր նախաձեռնություններ ծավալելու։ Այլ դեպքերում Ռուսաստանը շատ լավ էր հասկանում, որ ամերիկացիների և եվրոպացիների կողմից ձեռնարկվող քայլերը իրական հիմք չունեին և դատապարտված էին ձախողման։ Մինսկի խումբն իր կարգավիճակով պարզապես չէր կարող հավասարակշիռ ու փոխշահավետ իրավիճակ ստեղծել երեք համանախագահների համար, քանի որ ավելի վաղ հարավկովկասյան և հարևան տարածաշրջաններում աշխարհաքաղաքական պայքարը ծավալվում էր բացառապես կոշտ առճակատման ձևաչափով։ Աշխարհաքաղաքական պայքարը չի ավարտվել, այլ ընդհակառակը, ավելի նրբահնար ու ծավալուն ձևեր է ընդունել, հագեցած է նոր բովանդակությամբ, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանում որոշ չափով նվազում է ԱՄՆ-ի շահագրգռությունը, և ավելի ընդարձակ սևծովյան-կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում տեղի են ունենում ԱՄՆ-ի, Թուրքիայի և մյուս պետությունների դիրքորոշումների ու շեշտերի լուրջ փոխատեղումներ։ 2008-2009 թվականները բազմաթիվ նոր հանգամանքներ մտցրին քաղաքական գործընթացներում, և Ռուսաստանը, անտարակույս, ձեռք բերեց եթե ոչ նշանակալից, ապա, համենայն դեպս, նոր բարենպաստ դիրքեր։ Ռուսաստանը շարունակում է «խաղալ» «իրանական հիմնախնդրի դաշտում», բայց բնավ ոչ ԱՄՆ-ի հետ՝ որպես առաջատար գործընկերոջ, այլ եվրոպական առաջատար պետությունների հետ։ Ռուսաստանը մեծ եռանդով նախաձեռնում է նոր, խոշորածավալ նախագծեր էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտում եվրոպական և կենտրոնասիական քաղաքականության մեջ՝ աշխատելով Չինաստանի հետ գործընկերությամբ, որի պատճառով ԱՄՆ-ը և նրա գործընկերները միանգամայն ակնհայտորեն հարկադրված էին ընկրկել եվրասիական նախագծերում։ Ինչ-որ չափով Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերում Արևելյան Եվրոպայում, չնայած այդ տարածաշրջանում պայքարը շարունակվում է բավականին կոշտ ձևով։ Սակայն այդ տարածաշրջանների քաղաքականության մեջ Ռուսաստանի գլխավոր մրցանակը դարձավ Թուրքիայի նոր քաղաքականությունը, որը սկզբունքորեն ընտրել է առնվազն բազմաճյուղ կողմնորոշումներ։ Անցած երկու տարիները զգալիորեն փորձարարարական էին, երբ Ռուսաստանը սպասողական վիճակում հետևում էր Թուրքիայի զանազան քայլերին՝ փորձելով առավել երկարաժամկետ քաղաքականություն մշակել նրա նկատմամբ։ Ռուսաստանը համոզվեց, որ Թուրքիայի նոր քաղաքականությունը կապված է իր վերնախավի և հասարակության շատ խոր նպատակների հետ, և Թուրքիայի հետ կարելի է հարաբերություններ կառուցել, ինչպես մի երկրի, որը ձգտում է դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողության և ազդեցության տակից։ Դրա հետ մեկտեղ, ըստ երևույթին, Մոսկվայում ուշի ուշով քննարկել են Հարավային Կովկասում և ընդհանրապես տարածաշրջաններում լայն քաղաքականություն վարելու Թուրքիայի իրական հնարավորությունները։ Պարզվել է, որ Թուրքիայի հնարավորությունները խիստ սահմանափակ են, և բնավ կարիք չկա նրան ներս թողնել տարածաշրջան՝ որպես «իրավահավասար» տերության և առավել ևս որպես տարածաշրջանային անվտանգության ինչ-որ դաշինքների նախաձեռնողի ու մասնակցի, որպես միջնորդի բանակցություններում ու նաև որպես այնպիսի պետության, որը լուրջ հավակնություններ ունի տարածաշրջանի այս կամ այն պետության նկատմամբ տարբեր խնդիրների առնչությամբ։ Ռուսաստանը փորձում է Թուրքիային որոշ հեռավորության վրա պահել Հարավային Կովկասի տարածաշրջանի առավել էական և հանգուցային խնդիրներից, ինչն առայժմ հաջողվում է։
Ռուսաստանը նշել է Թուրքիայի տեղն ու դերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում և հայտարարել է, որ անթույլատրելի է համատեղել թուրք-հայկական և հայ-ադրբեջանական խնդիրները, որով սահմանել է իր գերակայությունն ու դերը տարածաշրջանում։ Թուրքիան այդպես էլ չփորձեց ինչ-որ բողոք հայտնել այդ առթիվ, և հավանաբար, հույս ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել ավելի լայն ձևաչափով, ինչը նրան թույլ կտա պահպանել իր «դեմքը» Կովկասում՝ իբրև մերձազգակից Ադրբեջանի դաշնակցի, բայց, ինչն ավելի կարևոր է, Ռուսաստանի հետ ձեռնարկել աշխարհատնտեսական նշանակության կարևոր նախագծեր։ Հնարավոր է, որ Անկարան Հարավային Կովկասում Ռուսաստանի նախաձեռնությունը, այդ թվում` Հայաստանի և ղարաբաղյան թեմայի առնչությամբ, դիտում է որպես «հայկական գործոնի» համահարթեցման պայման, քանի որ Ռուսաստանի համապարփակ ազդեցությունը թույլ է տալիս «հայկական գործոնը», որպես միջոց, դուրս բերել ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների քաղաքականությունից։ «Հայկական գործոնը»՝ որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց, եղել և մնում է կարևոր պայման Թուրքիայի հետ արևմտյան հանրակցության հարաբերություններում։ Արևմուտքի քաղաքական զինանոցից այդ գործոնի վերացումը թուրքական քաղաքականության խնդիրներից մեկն է և չի սահմանափակվում տարածաշրջանային քաղաքականության խնդիրներով։ Այսպիսով, Ռուսաստանն ինչ-որ չափով առավելության հասավ ոչ միայն Թուրքիայի, այլև ԱՄՆ-ի նկատմամբ, և արդեն իր նոր քաղաքականությունն է ծավալում Հարավային Կովկասում։ Խոսքը միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները ի շահ Ռուսաստանի կարգավորելու ինչ-որ նոր սխեմա գտնելու մասին չէ, այլ ամբողջ տարածաշրջանի ներկալման, այն առավելապես Ռուսաստանի ազդեցության ներքո ներգրավելու մասին։
«Գազային խաղերը» Ադրբեջանը Ռուսաստանի հետ «շաղկապելու» պայմաններից մեկն է ընդամենը, թեև տվյալ դեպքում տնտեսական գործոնը պակաս կարևոր նշանակություն չունի։ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանը հուսալի գործընկեր ու նեցուկ է տարածաշրջանում, բայց դա բնավ բավական չէ ողջ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, առանց որի Մոսկվան հանգիստ չի ունենա։ Չնայած Վրաստանի և Ադրբեջանի բավականաչափ հեռավորությանը Ռուսաստանից, Մոսկվայի քաղաքական գործիչները երբեք չեն հրաժարվել Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունը վերադարձնելու նպատակներից։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Վրաստանում «հինգերորդ շարասյուն» ստեղծելու համար, ընդ որում՝ ամենևին էլ ոչ ինչ-որ աննշան կուսակցությունների ու ձախ բնույթի խմբավորումների հիմքի վրա, այլ ավելի լայն հակակառավարական կոալիցիայի խարսխի վրա։ Քաղաքական գրականությունից և քարոզչությունից զգացվում է, որ այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։ Ռուսաստանը փորձում է ներթափանցել և դիրքեր ձեռք բերել Վրաստանի բոլոր կառույցներում, այդ թվում և զինված ուժերում։ Վրաստանի վարչակազմը և կառավարող կուսակցությունը «լեփ-լեցուն են» Ռուսաստանի հետ որոշակի հարաբերությունների մեջ մտնելու «հավակնորդներով»։ Աշխատանք է տարվում վրաց հասարակության լայն խավերի մշակման համար, և այդ գործունեությունը շատ հաջող է ընթանում, քանի որ վրացիներին բնորոշ են համահաշտեցման (կոնֆորմիզմի) տրամադրությունները ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանը երբեք անհաղթահարելի խնդիրներ չի ունեցել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ադրբեջանական հասարակությունը բաղկացած է սոցիալապես ակտիվ բազմաթիվ ինքնավար խմբավորումներից, որոնք կարող էին նեցուկ ու սոցիալական հիմք դառնալ ռուսաստանամետ քաղաքական գծի ծավալման համար։
Մոսկվայում լիովին զգացին, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններն ում ասես օգտակար եղան, բացի Ռուսաստանից։ Ռուս քաղաքական գործիչներն ու մեկնաբանները չէին ցանկանա խոստովանել, որ վրաց-ռուսական պատերազմում Ռուսաստանի գործողությունները «խաղարկվել էին» ամերիկացիների կողմից, որոնք իրավիճակը հանգեցրել էին Ռուսաստանի մեկուսացմանն ու շրջափակմանը Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ն անչափ շահագրգռված է տվյալ իրավիճակի շարունակմամբ, քանի որ դա նրանց վրայից «գցում է» ամեն տեսակի պատասխանատվություն և խոստումներ Վրաստանի կորցրած նահանգների համար։ Վրաստանն ինքը դարձավ «տեխնիկական միջանցք» էներգետիկ ու ռազմական տարանցման համար, ոչ թե երկիր բառիս լիակատար իմաստով։ Ռուսաստանը հասկանում է, որ պետք է դուրս գա այդ իրավիճակից և, ըստ երևույթին, արդեն մանրամասն պատկերացնում է, թե ինչ կերպ դա անի։ Ռուսաստանի համար բարդ կլիներ Աբխազիան «հանձնել» վրացիներին, քանի որ դա կապված է շատ խնդիրների հետ, բայց Հարավային Օսիայի «հանձնումը» կարող է իրականություն դառնալ։ Կամ էլ ռուս քաղաքական նախագծողներին պատկերանում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման որոշակի համապարփակ սխեմա՝ հիմնված հետխորհրդային տարածությունում նոր հարաբերությունների ձևավորման վրա։ Ռուսները հասկացել են, որ «փոքր հարթակները», ինչպիսիք են չճանաչված պետությունները կամ սահմանափակ շրջանակներում ճանաչված կեղծ պետությունները, կատարել են իրենց գործառույթները և չեն կարող այսուհետ էլ օգտակար լինել Ռուսաստանին։ Մոսկվան ենթադրում է, որ եկել է ժամանակը թոթափելու այդ անցանկալի բեռը, և դա իրացնել որպես քաղաքական գործոններ եզրափակիչ փուլում։ Ռուսաստանի քաղաքական դասի մեջ, անշուշտ, ուժեղանում է նոր, ավելի երիտասարդ քաղաքական խմբերի և առանձին քաղաքական ու կուսակցական գործիչների ազդեցությունը, որոնք պատրաստ են դիմելու ամենավճռական քայլերի «թոթափելու» համար այնպիսի բարդ բեռ, ինչպիսին նախկին միութենական հանրապետություններից առանձնացած նոր պետություններն են։ Նրանք, որպես փակուղային իրավիճակի օրինակ, բերում են Կոսովոն, որտեղ ամերիկացիներին և եվրոպացիներին, չնայած այդ պետության լայն ճանաչմանը, այդպես էլ չհաջողվեց լիովին լուծել խնդիրը։ Բացի այդ, Մոսկվային շարունակում են անհանգստացնել նոր պետությունների ստեղծման նախադեպերը, որոնք առկա են Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի ժողովուրդների անջատողական տրամադրությունների մեջ։ Ավելի շուտ այդ կարծիքին են նաև հետախուզական ծառայությունները, որոնք բոլորից շատ են կրում պատասխանատվությունը պետության ճակատագրի համար։ Առայժմ Մոսկվայում չկան վերջնական ավարտուն հանձնարարականներ, իսկ եթե մոսկվացի քաղաքական գործիչներին թվում է, թե այդ հանձնարարականներն ու մշակումները կան, ապա դա միայն պատրանք է և կեղծ պատկերացում։ Ռուսաստանում այդ առնչությամբ չկա համարժեք քիչ թե շատ լայն հասարակական բանավեճ։ Նույնիսկ քաղաքական գրականության մեջ չկան քիչ թե շատ համապատասխան բանավիճային խնդիրներ, որոնք քննարկվեին պատշաճ անկեղծությամբ։ Միանգամայն ակներև է, որ ինչպես Ռուսաստանի ղեկավարությունը, այնպես էլ երկրի հասարակությունը երկյուղ են կրում հրապարակային բնույթի նման բանավեճից, ինչը բնորոշ է ժամանակակից ռուսական քաղաքական դասին ու հասարակությանը և վկայում է ռուսական քաղաքականության թուլության, արտաքին քաղաքականության ու անվտանգության հիմնական խնդիրների վերաբերյալ մշակումների անավարտության մասին։ Դրա հետ մեկտեղ հենց նորանկախ պետությունների խնդիրները կարող են տվյալ ու հարակից տարածաշրջանային խնդիրների ձախողման պատճառ դառնալ։
Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել 2008 թվականի նոյեմբերին ստորագրված մայնդորֆյան համաձայնագիրը և նրան նոր բովանդակություն հաղորդել։ Այդ սխեման, որը խայտառակ կերպով ձախողվեց 2008 թվականի վերջերին, կարող է իրատեսական դառնալ նոր պայմաններում՝ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի ծավալած գործընթացից հետո, երբ Ադրբեջանը սկսեց իրեն որոշակի հեռավորության վրա պահել Թուրքիայից։ Հայտնվելով մեկուսացման մեջ, ապակառուցողական պետության դերում, ոչ միայն վիրավորված է Թուրքիայից, չնայած նրան իր պահանջները ներկայացնելու ջանքերին, այլև փորձում է բազմաճյուղ քաղաքականություն ծավալել։ Ադրբեջանը հասկացավ, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով հեռանկար չունի՝ կողմնորոշվելով առավելապես դեպի Արևմուտք, և իրեն անհրաժեշտ են նոր գործընկերներ։ Ներկայումս ամերիկացիները լռում են՝ սպասելով Ռուսաստանի քաղաքականության հերթական ձախողմանը։ Ըստ էության՝ ԱՄՆ-ը ոչ մի ձևական պատճառ չունի պահանջներ ներկայացնելու համար, քանի որ Մինսկի խումբը հետևողականորեն առաջ է մղում այսպես կոչված նախապես դատապարտված մադրիդյան սկզբունքները՝ ամեն կերպ հարմարեցնելով դրանք և նորանոր նրբերանգներ մտցնելով։ Դա կարող է վկայել, որ Ռուսաստանը անազնիվ մտադրություններ չունի և ոչ էլ մտադիր է տիրել ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ը, նկատելով թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի լիակատար ձախողումը, չի փորձում իր որոշակի առաջարկություններով եռանդագին միջամտել ղարաբաղյան գործընթացին։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը, Մայնդորֆի համաձայնագիրը չընդունելով որպես օրինական, այս անգամ չի կարող թույլ տալ նման միտումնավոր «մեկուսացված» որոշում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱՄՆ-ն անպայման կսկսի արձագանքել, և այդ հակազդեցությունը այսպես թե այնպես շատ համոզիչ կլինի։ Ղարաբաղյան թեմայի շուրջ ռուս-ամերիկյան ինչ-որ ընդհատակյա պայմանավորվածությունների մասին զանազան լուրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ լիակատար անհեթեթություն։
Ինչևէ, Հայաստանը հայտնվել է հարկադիր, փաստորեն, անձնատուր լինելու որոշման անհրաժեշտության առջև, ինչը պայմանավորված է Մոսկվայից Հայաստանի ղեկավարության խիստ կախվածությամբ։ Ռուսաստանն այնքան ներդրումներ է արել և «փրկարար ֆինանսական օգնություն» ցույց տվել Հայաստանին, որ երկիրը դրել է անհնարին ընտրության առջև։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Ռուսաստանը չէին ցանկանա աղետ Հայաստանի համար, նրա հեռացում միջազգային քաղաքական ասպարեզից՝ որպես քաղաքական գործոնի։ Ամենից առաջ` միայն ԱՄՆ-ը, ոչ թե Ռուսաստանը, կցանկանար Հայաստանի պահպանումը՝ որպես իրապես ինքնիշխան պետության, և երկրորդ՝ դա որպես աղետի բացակայություն կարող է նշանակել միայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ եվրոպացիների պատկերացումներով, բայց հայ հասարակության մեջ բոլոր դիրքորոշումները հեշտությամբ կարող են ի չիք դառնալ, եթե ղարաբաղյան գավառում տեղի ունենա այն, ինչը նախատեսվում է ռուսաստանյան սցենարով։ Ռուսները ենթադրում են, թե ձևականորեն Ադրբեջանին ենթարկված Ղարաբաղը կմնա, ինչպես առաջ, որպես Ադրբեջանին և Հայաստանին զսպող գործոն։ Բայց դա բնավ այդպես չէ և կարող է նշանակել միայն աղետ Հայաստանի համար։ Դաշտային Ղարաբաղի նույնիսկ մի մասի հանձնումը կհանգեցնի այն «պարզ» իրավիճակին, որը կանխատեսվում է առանց դժվարության։ Հայկական Ղարաբաղը կդադարեցնի իր գոյությունը, իսկ ժամանակի ընթացքում անհնար կլինի հայտնաբերել քաղաքական գործիչների ու գեներալների։ Անգամ եթե ռուսները դա չեն ցանկանում, ապա, բախվելով աղետին, նրանք արագ կմոռանան այդ մասին, ինչպես եղել է անցյալում։ Ամենաբարենպաստը, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի համար այս պայմաններում ու հանգամանքներում, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն է։ Առանց երկրորդ ղարաբաղյան պատերազմի Հայաստանը քաղաքական ապագա չունի։ Հենց դա էլ ենթադրվում է Մոսկվայի քաղաքական նախագծողների կողմից։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ