«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԴԵՊՔՈՒՄ. ԵԹԵ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ «ԿԱՄՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ»

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԴԵՊՔՈՒՄ. ԵԹԵ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ «ԿԱՄՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
21.10.2011 | 00:00

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ամերիկացիների ակներև ու բավականին հետևողական ակտիվացման պայմաններում (նույնը` ամբողջ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում) նկատելի է զարգացման գործընթացների երկու միտում։
Նախ` բացարձակապես ինքնուրույն գործելու փորձը, առանց Ռուսաստանի կարծիքն ու շահերը հաշվի առնելու, և երկրորդ` Մոսկվայի հետ շահերի համատեղման հնարավորությունն ու ներքաղաքական գործընթացներում քայլերի կոորդինացումը (բացառված չէ, որ միայն կարճաժամկետ հեռանկարով)։ Դա հատկապես նախընտրելի էր, ինչպես առաջին հայացքից է թվում, Օբամայի վարչակազմի իշխանության գալուց և «վերաբեռնում» հայտարարելուց հետո։ Ավելին, տարածաշրջանում ծավալված աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացները, կարծես, մի փոքր թուլացրին յանկիների ոգևորությունը։ Անգամ Վրաստանին, որը դարձավ, փաստորեն, Արևմուտքի գլխավոր «ֆորպոստը» ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ «նախկին խորհրդային տարածությունում», թե՛ ավելի քիչ ուշադրություն է նվիրվում, թե՛ ավելի պակաս միջոցներ են հատկացվում, քան առաջ։ Սակայն պատշաճ գաղտնիության պայմաններում անգամ ակնհայտ է, որ ազդեցության կայուն գոտի ստեղծելու ամերիկացիների ջանքերն ունեն մշտական և առաջընթաց բնույթ, որ նրանք դանդաղորեն նորանոր բնագծեր են նվաճում։ Եվ, ամենագլխավորը, հանրության աստիճանական վերափոխման, ավելի ճիշտ վերակողմնորոշման գաղափարները, որոնք որդեգրվել էին մի քանի տարի առաջ, արդեն կայուն և, թերևս, անդառնալի բնույթ են կրում։ Թեև Հայաստանը ներկա պահին հանգրվանում է աշխարհի առավել ռուսամետ երկրների ցանկում, ուր բնակչության 75 տոկոսը պաշտպանում է Ռուսաստանի ղեկավարության քաղաքական կուրսը, այդուամենայնիվ, անգամ առանց հաշվի առնելու սոցիոլոգիական մեղանչումներն ու բնորոշ անբարեհաճությունն ամեն կարգի սոցհարցումների նկատմամբ, կարելի է նկատել «հայերի միակ պաշտպանի» հանդեպ անվստահության աճի բավականին կայուն միտում։ Այսպես, բնակչության 7 %-ը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի ղեկավարության քաղաքականության հանդեպ, 17 %-ը դժվարացել կամ խուսափել է առաջադրված հարցին պատասխանելուց։ Եվ հարկավոր է նկատել, որ այդ թվերը գերազանցում են նախորդ հարցումները։ Սակայն վերադառնանք մեր խոսակցության հիմնական թեմային։
Ինչ խոսք, այս միտումները, համատեղ աշխատանքը կամ կոշտ մրցակցությունը պայմանավորված են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական խնդիրներով, այդ թվում` Չինաստանի, Իրանի և արաբական աշխարհի հետ ԱՄՆ-ի հեռանկարային փոխհարաբերություններով։ Եվ, ավելի շուտ, դրանք արտացոլվում են ռուսների տրամադրություններում ու քաղաքական գործընթացների պլանավորման մեջ, որոնք, գոնե խոսքով, դիրքերը չեն զիջում։ Առայժմ վաղ է ասել, թե պետությունների վարքագծի աղյուսակում այդ երկու միտումներից որը գերիշխող կդառնա։ Անգամ երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտքաղաքական հակասությունների շերտը հետզհետե ավելի է թանձրանում, միևնույն է, խոշոր հարցերում, մասնավորապես համաշխարհային տնտեսական վայրիվերումների ժամանակ, երկրի ղեկավարները փոխաջակցությունը գերադասում են առճակատումից։ Օրինակ, մի շարք տնտեսագետներ կարծում են, որ մեծ մասամբ Ռուսաստանի շնորհիվ է կանխվել ԱՄՆ-ի 2011 թ. օգոստոսի, ըստ էության, անխուսափելի տեխնիկական դեֆոլտը։ Այն ժամանակ նա վարկատուներին 300 մլրդ դոլար գումարի սեփական ֆինանսական երաշխիքներ տրամադրեց` որպես Միացյալ Նահանգների ընթացիկ պարտավորությունների հաշվանցում և ԱՄՆ-ի դաշնային գանձապետարանի արտաքին պարտավորությունների գրավական։ Ընդ որում, այդ գումարը հավասար է Ռուսաստանի գալիք տարվա պետական բյուջեին և, հետևաբար, ռուսական տնտեսության դոտացիոն ճյուղերը` բժշկությունը, կրթությունը, գիտությունը, գյուղատնտեսությունը, բնակկոմունալ հատվածը (և այլն) 2012-ին ֆինանսավորում, փաստորեն, չեն ստանա։ Ինչո՞ւ։ Կրեմլը դիմեց այդ քայլին` համաշխարհային ֆինանսական համակարգը կործանումից փրկելու համա՞ր, թե՞ առաջնորդվելով ավելի պրոզայիկ և անձնական շարժառիթներով, վիճելի հարց է։ Բայց անպայման համատեղ որոշումների ու գործողությունների փաստը պերճախոս է։ Ընդ որում, այսօր արդեն տարածաշրջանում ազդեցության ապագա բաշխման հարցում սկզբունքորեն տարբեր մոտեցումներն արտացոլվում են Հայաստանի քաղաքական դաշտում (ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական) և կարող են շատ լրջորեն անդրադառնալ ոչ միայն մոտ ապագայի իրադարձությունների վրա, այլև երկրի համար ճակատագրական դառնալ պատմական հեռանկարում։
Հայաստանում աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռության պահպանման կողմնակիցներ են փորձում ներկայանալ կառավարող վարչակազմի և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, բայց, ակներևաբար, նրանց այդ գործողությունները պայմանավորված են ոչ թե գաղափարական ուղղվածությամբ, այլ, առաջին հերթին, ինքնապահպանության բնազդով։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա այստեղ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցերն ավելի սուր են ծառացած, համակրանքները պակաս ընդգծուն են, և, ավելի հաճախ, պայմանավորված են հովանավորության և գերխնդրի` իշխանափոխության հարցի սպասարկման աստիճանով։ Սակայն, թվում է, Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր առաջնորդվում են ոչ միայն անձնական հավակնություններով, այլև անհանգստացած են երկրի հետագա ճակատագրով, կարող են և պարտավոր են, իրենց կողմից, կանգ առնել ազգի համար ավելի հեռանկարային և անվտանգ սցենարների վրա։
Ի՞նչն է ամբողջ «նախկին խորհրդային տարածությունում» և, մասնավորապես, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի հերթական, առայժմ ոչ այնքան բացահայտ, բայց բավականին նպատակամետ գործողությունների հիմնապատճառը։ Դա, անշուշտ, պայմանավորված է ինչպես գերտերության նկրտումների բարձր աստիճանով, այնպես էլ հարկադրական որոշումներով։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի շահերը չեն կարող արդարացնել շաբաթը երկու միլիարդ դոլար ռազմական «ներդրումները», այնպես որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի շուտափույթ դուրսբերումն անխուսափելի է։ Արդեն գալիք տարի պետք է զորքերի թվաքանակն իջեցվի 25000-ից և դադարեցվեն մարտական գործողությունները թալիբների դեմ։ ԱՄՆ-ի քաղաքականությունը, դրա փոխարեն, պետք է կենտրոնացվի հակաահաբեկչական գործողությունների, կադրերի ուսուցման և խորհրդականների կազմավորման վրա։ Ընդ որում, շատ ամերիկացիներ կարծում են, որ ԱՄՆ-ը հասել է առավելագույն կետին` սպառելով վերջին տասնամյակների արտաքին ռազմական քաղաքականության համար նախանշված ռեսուրսները, և առաջարկում են ամրանալ ձեռք բերված բնագծերում ու զբաղվել երկրի հզորության վերականգնմամբ։ Սակայն վերականգնումը «մեկուսականություն» չէ, իսկ արդեն առկա «անկայունության գոտին»` Հյուսիսային Աֆրիկայից մինչև Աֆղանստան, չի կարող թույլ տալ աշխարհաքաղաքական վակուումի առաջացում, ինչը հղի է «գոտու» տարակողմ ընդլայնմամբ։ Ընդ որում, առայժմ առանձին ռեսուրսային ու ժամանակային շրջանակներ չկան ուժի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այլ կենտրոնների կազմավորման համար։ Այսպիսով, Արևմուտքը, լայն ընկալմամբ, կարծես թե դատապարտված է ռազմական ներկայություն ունենալու ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ, հետագայում, Հարավային Կովկասում։ Իսկ այդ կապակցությամբ, նկատենք, այդ երկրներում ժողովրդավարական գործընթացների ճակատագրի համար անհանգստությունը դադարել է հրատապ հարց լինելուց։ Ավելի կարևոր է լայնապարփակ մրցակցության հեռանկարը` տնտեսական և աշխարհաքաղաքական առումով։ Եվ այդ խնդիրների լուծման համար ԱՄՆ-ը, բոլոր դժվարություններով հանդերձ, պետք է շտապ կարգով ամրանա այդ տարածաշրջաններում և ստեղծի ճնշման կամ համոզման նոր լծակներ։
Այդպիսիք, թվում է, կարող են լինել, նախ, ԱՄՆ-Եվրոպա երկմիության ինքնուրույն գործողությունները` նախկին խորհրդային տարածության երկրների աստիճանական ներգրավմամբ, երկրորդ, տարածաշրջանների առնչությամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմանավորվածությունները և փոխադարձ փոխարինելիության մի ինչ-որ տարբերակ, և, երրորդ, ամերիկացիների կողմից վերահսկվող «թուրքական աղեղի» (Միջերկրական ծովից մինչև Չինաստանի սահման) ստեղծումը։ Սակայն մինչև վերջերս, թվում է, այս կամ այն տարբերակի հարցում նախընտրելի մոտեցումներ չեն եղել։ Ժամանակը, հավանաբար, «հանդուրժել» է և ամերիկացիներին թույլ տվել այս կամ այն աստիճանի հաջողությամբ զարգացնել բոլոր ուղղությունները, պարբերաբար նախապատվություն տալով մե՛կ Ռուսաստանին, մե՛կ Թուրքիային։ Ակներև է, որ այսօր ԱՄՆ-ի վարչակազմը պետք է գործի ավելի մեծ որոշակիությամբ, կանգ առնի ոչ միայն առավել շահավետ, այլև առավել իրագործելի սցենարի վրա, ձեռնամուխ լինի ազդեցության և ներգործության նոր ոլորտների ստեղծման վճռորոշ ու ավարտական փուլին։ Այդ դեպքում, հրատապ հարցի լուծման համար և՛ «համոզելու» տարբեր եղանակներ, և՛ համաձայնության գալու փորձեր, և՛ ավանդական համակրանքը «զսպելու» մարտավարություն կիրագործվեն Ամերիկայի համար խնդրահարույց երկրներում և այլն։ Հայտնի է, որ բավականին երկար ժամանակ ԱՄՆ-ի տարբեր գերատեսչություններ զբաղված են եղել այդ այլընտրանքային սցենարների մշակմամբ ու մանրամասնմամբ, դրանց իրականացման համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարել։
Առաջին տարբերակին կանդրադառնանք հետո։ Երկրորդ` «ամենամեղմ» տարբերակի առնչությամբ որևէ առանձնակի պայմանավորվածություն առայժմ չի երևում, ինչպես նաև չկա այնպիսի տպավորություն, թե Ռուսաստանը պատրաստ է խոսքից անցնելու գործի և իր վրա լիակատար պատասխանատվություն վերցնելու (ՀԱՊԿ-ի զորամասերի ստեղծման հարցի ձգձգումը ձեզ օրինակ)։ Պակաս կարևոր չէ և այն, որ ավանդաբար ամերիկյան հանրությունը երկյուղում է Ռուսաստանի կայսրապետական նկրտումներից, և ռազմավարական գործընկերությունը երեկվա թշնամու հետ դեռևս, հնարավոր է նաև դեռ երկար, պատշաճ աջակցություն չի գտնում Ամերիկայի քաղաքական վերնախավում։
Հարկ է նշել, որ «թուրքական աղեղի» ստեղծման տարբերակը, առաջին հայացքից, առավել հեշտ իրագործելին ու տնտեսապես շահավետն է։ Մինչև վերջերս այն առավել նախընտրելին էր Իսրայելի և Ամերիկայում հրեական հզորագույն լոբբիի համար և դիտվում էր որպես զորեղ «մահակ» արաբական աշխարհի գլխին։ Թվում էր, թե այն պաշտպանություն կգտնի Եվրոպայում, որին ուղղակի զզվեցրել է Թուրքիայի «սողքը» դեպի Եվրամիություն, և հնարավոր է, որ նա պաշտպանի «նոր խաղալիքի» ստեղծումը հավակնոտ հարևանի համար։ Շատերը կարծում էին, որ հավանականությունը, թե թուրքական տարբերակին նախապատվություն կտրվի, բավականին մեծ է, իսկ Թուրքիայի` որպես բացարձակապես կառավարելի վասալի հետ տևական հարաբերություններն ամերիկյան ընկալման մեջ զգալիորեն բթացրել են շատերի համար կանխատեսելի ու ակնհայտ` «թուրքական աղեղի» ստեղծման վտանգը։ Առավել ևս, չէր խանգարի հիշել նաև ամերիկացիների մասնակցությունը «Թալիբան» շարժման ստեղծմանը և նրանց «սիրախաղը» իսլամականների հետ` մարտավարական խնդիրներ լուծելու նկատառումով։ Աշխարհընկալման որոշակի իներցիային զուգընթաց, հավանականությունը, որ ԱՄՆ-ը, հերթական անգամ, կգործի մարտավարական խնդիրների լուծման սովոր ու մշակված սխեմայով, բավականին կանխատեսելի է։ Երևի այս ամենից ելնելով էլ Անկարան միանգամայն լրջորեն իրեն երևակայում է տարածաշրջանի փրկիչ, ընդունել է «Զրո պրոբլեմ» դոկտրինը և սկսել է եռանդուն գործել։ Թուրքիայի հետ Հայաստանի «հաշտեցման» գործընթացը և, դրանով իսկ, «հայկական գործոնի»` «թուրքական աղեղի» ստեղծման ճանապարհին ամենագլխավոր խոչընդոտներից մեկի վերացումը, ինչպես նաև ղարաբաղյան հարցի արագ հանգուցալուծումը, նույն շղթայի օղակներն են։ Ընդ որում, թվում է, ոչ ոք հաշվի չի առել, որ այդ սցենարն առավել կոշտ ու կոպիտն է մի շարք երկրների ու ժողովուրդների հանդեպ։ Թե նման պարագայում ինչ կլինի Հայաստանի, նաև Վրաստանի հետ, դժվար չէ կանխատեսել, բավական է մի հայացք նետել աշխարհագրական քարտեզին և ծանոթանալ ժողովրդագրական տվյալներին։
Սակայն շատ շուտով «թուրքական երազանքի» իրացման ճանապարհին սկսեցին լուրջ խութեր առաջանալ, ինչի պատճառը, որքան էլ տարօրինակ լինի, հենց Անկարայի գլխապտույտն ու ինքնահիացումն էր։ Նախկին լիովին աշխարհիկ Թուրքիան, որը երկար ժամանակ մի տեսակ լուսանցքային էր իսլամական աշխարհում, ստանձնելով աշխարհաքաղաքական նոր գործառույթներ, որոշեց «սրբագրել» իր հարաբերությունները Իսրայելի հետ ու հավանաբար անդառնալիորեն փչացրեց դրանք։ Ընդ որում, նա սկսեց իրացնել «թուրքական մեսիականության» գաղափարը և խոսել նեոօսմանիզմի «երփներանգ հեռանկարների» մասին։ Իսկ դա կտրականապես անընդունելի է արաբական աշխարհի բոլոր երկրների, բալկանյան երկրների, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի համար։ Բացի այդ, թուրքական անհագ ախորժակը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի մտածող վերնախավը գիտակցի, որ եթե միառժամանակ հետո տեղի ունենա նոր մակարդակի թուրքական միաձուլումը, ապա շատ կասկածելի կդառնա գործընթացների կառավարելիությունն Արևմուտքի կողմից, և ջինը, հերթական անգամ, դուրս կթողնվի սափորից։ Հետևաբար, անգամ եթե անհրաժեշտություն մնա էլ Անկարային օգտագործելու որպես գործընթացների հարիչ, ապա պետք կլինի զսպել նրա ախորժակը, հնարավոր է նաև` հսկողության տակ առնել։ Թվում է, որ հենց դրա համար էլ սկսեցին արագորեն ստեղծել «զսպման կետերը» (Քրդստանը` տարածաշրջանի կենտրոնում, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան` Բալկաններում, և անգամ Սաուդյան Արաբիան` արաբական աշխարհում), ընդ որում հիմնական խթանները, բացահայտ, թե քողարկված, հավանաբար նաև համաձայնեցված, բխում էին Թել Ավիվից։ Եվ հասկանալի է, որ տվյալ պարագայում Կովկասում կհասունանա «հյուսիսի ազդեցության սահմանափակման» խնդրի արդիականացումը` նույն ԱՄՆ-ի հովանավորությամբ։ Այսինքն, առաջին տարբերակը։ Սակայն պետք է նկատել, որ Հարավային Կովկասի երեք պետություններից և ոչ մեկը ո՛չ ներքին ու ազգային պատճառների բերումով, ո՛չ էլ օբյեկտիվ ռեսուրսային ապահովվածությամբ ինքնուրույն ի վիճակի չէ լուծելու խնդիրը։ Ով է մտնելու պահանջվող ձևաչափի մեջ և ով է դուրս մնալու, առայժմ հայտնի չէ, բայց նախադրյալներ կան տարածաշրջանի քրիստոնեական մասի միավորման։ ՈՒ ևս մեկ հանգամանք. մեծ է հավանականությունը, որ Աֆղանստանից հեռանալը Կովկասը կվերածի Արևմուտքի կարևոր հենակետի, ինչի համար կան քաղաքակրթական, մշակութային և այլ նախադրյալներ։ Տարածաշրջանը կարող է դառնալ մի հրապարակ, ուր Արևմուտքը «դիրքերը վերադառնալու» անհրաժեշտ կարողություն կկուտակի։ Ընդ որում, «կովկասյան հենակետը» պահպանելու համար այնքան էլ մեծ ռեսուրսներ չեն պահանջվում։ Եվ ամենագլխավորը` այդ միտումները հստակորեն երևում են առաջատար փորձագետների մի շարք վերլուծական նյութերում, որոնք այժմ քննարկում են ԱՄՆ-ում ընդունվելիք արտքաղաքական նոր դոկտրինը։
Իսկ ինչ վերաբերում է հայ քաղաքական վերնախավին, ապա կուզենայի ինչպես իշխանական, այնպես էլ իշխանության ձգտող քաղգործիչների ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա։ Ավելին, հիշեցնել նրանց, որ թե՛ իրենք, թե՛ բուն Հայաստանն աշխարհում որևէ մեկին կարող են հետաքրքրել միայն մեկ դեպքում` եթե լինեն կանխատեսելի և հուսալի «կամուրջ քաղաքակրթությունների միջև»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ