ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՄՈՆՐՈՅԻ ԴՈԿՏՐԻՆՆ» ՈՒ «ԹՐՋՎԱԾ ՀԱՎԵՐԻ» ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

«ՄՈՆՐՈՅԻ ԴՈԿՏՐԻՆՆ» ՈՒ «ԹՐՋՎԱԾ ՀԱՎԵՐԻ» ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
29.10.2010 | 00:00

Երբ ԱՄՆ-ում առաջին անգամ սևամորթ նախագահ ընտրվեց, շատերն աշխարհում փոփոխություններ էին ակնկալում, իսկ Ռուսաստանում մի ամբողջ շարք փորձագետներ շտապեցին հայտարարել, թե «Օբաման ամերիկյան Գորբաչովն է», որը եթե չփլուզի էլ երկիրը, ապա այն կտանի լուրջ փոփոխությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։ Համապատասխանաբար, հայտարարում էին նրանք, Կրեմլը պետք է ոչ միայն դրան պատրաստվի, այլև, օգտվելով իրավիճակից, վերադարձնի երկրին դիրքերը։ Եվ, ինչպես ցույց տվեց ժամանակը, «մարգարեները» ճիշտ էին։ Նախագահի պաշտոնում Օբամայի առաջին գործերից մեկը եղավ Ռուսաստանի հետ հարաբերություններում «վերաբեռնում» հայտարարելը։ Այնուհետև հաջորդեցին հրաժարումը Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումից, ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) պայմանագրի ստորագրումը, որտեղ առաջին անգամ միջուկային զինանոցները համադրվեցին հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ։ Այնուհետև ռուսները ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համաձայնություն ստացան (այդ թվում` «կամավոր-հարկադրական» համաձայնություն Վրաստանի կողմից)։ Նրանց նաև խոստացան օգնել արդիականացման և նորագույն տեխնոլոգիաների արմատավորման հարցում։ Ամեն ինչ ուղեկցվում էր նախագահների հաճախակի հանդիպումներով, ճաշկերույթներով, զբոսանքներով և անձնական բարեկամության մասին հայտարարություններով։ Այդ ընթացքում, նկատենք, Մոսկվային հաջողվեց, փաստորեն, լիովին վերականգնել իր դիրքերը «մերձավոր արտասահմանում» (Վրաստանն ու նրա նախագահը` արևմտյան լիբերալիզմի վերջին մոհիկանները, հիմա ԱՄՆ-ի ամենապատվավոր հյուրը չեն), ընդլայնել և ամրապնդել ռազմական ներկայությունն այնտեղ, ուր դեռ վերջերս նման հույս չուներ։ «Կենտրոնից» վերահսկվող վիճակի բերվեց կայսրության ծայրամասերի անսանձ տիրակալների մեծ մասը, իսկ առանձնապես «չափն անցածներին», ինչպիսին էր Բակիևը, հաջողվեց կա՛մ ասպարեզից հանել, կա՛մ էլ, ինչպես Լուկաշենկոյին, խաղից դուրս թողնել մոտ ապագայում։ Արտաքին քաղաքականության գծով ռուս փորձագետ Սերգեյ Կարագանովը վերջերս հայտարարեց, թե Միացյալ Նահանգները դեֆակտո ճանաչել է Ռուսաստանի բացառիկ շահերը նախկին խորհրդային տարածությունում։ Դատելով այն բանից, որ Օբամայի վարչակազմը, փաստորեն, ներողամտություն է ցուցաբերել Ռուսաստանի հանդեպ, դրան դժվար է չհամաձայնել։ Բայց այդ քաղաքականությունը որքա՞ն է հաջող եղել հենց ԱՄՆ-ի համար։ Փորձենք հաշվարկել։ Նախ, Ռուսաստանը թույլատրել է ՆԱՏՕ-ի բեռների ու զինվորների տարանցումն իր տարածքով և օդային տարածությամբ։ Երկրորդ, մասնակցել է Իրանի մեկուսացման միջազգային փորձերին և վերջերս վճռեց չեղարկել այդ երկրին ժամանակակից Ս-300 ՀՕՊ համալիրների մատակարարման պայմանագիրը։ Թերևս, այսքանը։ Առաջին հայացքից այս ամենը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին և Օբամայի վարչակազմի հաղթանակն է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս բոլոր զիջումները, ըստ էության, չեն խարխլում ռուսական շահերի հիմքերը. Բուշերի միջուկային ռեակտորը շուտով կսկսի աշխատել ռուսական վառելիքով, իսկ Աֆղանստանում, թեև ամերիկացիները կամավոր պաշտպանում են Ռուսաստանը հարավից սպառնացող հարձակումներից, Մոսկվային հաջողվել է մի շարք պայմանագրեր նախաձեռնել` Արևմուտքի փողերով ենթակառուցվածքների վերականգնման և տեխնիկայի նորոգման համար։ Ընդ որում, հիմքեր չկան մտածելու, թե Ռուսաստանը, ասենք, ձեռնպահ կմնա հերթական «գազային պատերազմից» կամ այլևս այլախոհների բերանը չի փակի, անգամ եթե արևմտյան ղեկավարները դեռևս հույս ունեն, թե նախագահի պաշտոնում Պուտինի խնամարկյալ Դմիտրի Մեդվեդևի ևս մեկ ընտրության շնորհիվ ժողովրդավարությունը երկրում աստիճանաբար կվերականգնվի։ Իսկ ինչ արժե երկրում շարունակվող հակաամերիկյան հիստերիան, կամ էլ Ամերիկայում ձախողված լրտեսների հանդիսավոր պարգևատրումը։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ հումքի գների անկումը թուլացրել է Ռուսաստանի ֆինանսական դիրքերը և սահմանափակել նրա հնարավորությունները միջազգային ասպարեզում։ Դե, ինչպես ասում են, ով առավել խորամանկ է ու ավելի լկտի, նա էլ շահում է, այդ թվում` մեծ քաղաքականության մեջ։ Իսկ վերջերս Սպիտակ տունն ստացավ մի քանի ակնբախ հաստատում այն մասին, թե «վերաբեռնումն» ամենևին էլ ռուսական նպատակների կամ մարտավարության արմատական փոփոխություն չի նշանակում, իսկ ամերիկյան վարչակազմի ցանկացած վրիպում և սխալ հաշվարկ Կրեմլը կաշխատի հօգուտ իրեն ծառայեցնել։ Այսպես, Օբամայի շատ հակառակորդներ նրան քննադատում են, թե, իբր, բավականաչափ շահագրգռված չէ Եվրոպայով։ Այս առումով, բավականին խորհրդանշական եղան ԱՄՆ-ի նախագահի բացակայությունը Բեռլինում` ի պատիվ սառը պատերազմի ավարտի կայացած արարողությանը, ինչպես և նրա հրաժարումը Եվրամիության նոր նախագահի հետ հանդիպմանը մասնակցելուց։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում ամերիկյան «վերաբեռնումը» և վարչակազմի պատրաստակամությունը Մեդվեդևին որպես Արևմուտքի պոտենցիալ գործընկերոջ վերաբերվելու, ֆրանսիացիներին ու գերմանացիներին զգացրին, որ իրենք կարող են վարվել սեփական պատկերացումներին համապատասխան։ Արդյունքում, Անգելա Մերկելը, Նիկոլա Սարկոզին և Դմիտրի Մեդվեդևը հանդիպեցին Ֆրանսիայի Դովիլ առողջարանային քաղաքում (հնարավոր է` տեղը պատահական չի ընտրվել, քանի որ հենց այդտեղ են ամերիկացիներն իջել 1944-ին)։ Նրանք պարզորոշ հասկացրին, որ մտադիր են ու կարող են քննարկել անվտանգության և արտաքին քաղաքականության հարցեր` առանց իրենց մյուս գործընկերներին, այդ թվում նաև` ԱՄՆ-ը, ներգրավելու։ Անգելա Մերկելն առաջարկեց ստեղծել ԵՄ-ի ու Ռուսաստանի քաղաքականության և անվտանգության կոմիտե, իսկ Սարկոզին ԵՄ-ի և Ռուսաստանի համատեղ տնտեսական տարածության գաղափարն արտահայտեց` անվտանգության ընդհանուր հայեցակարգերով հանդերձ։ Սա հատկապես հետաքրքիր է, քանի որ Ֆրանսիան եկող տարի դառնալու է «մեծ քսանյակի» նախագահ, իսկ երկրի նախագահը հայտարարել է դոլարի, որպես համաշխարհային պահուստային արժեքի դերի նվազեցման պլանի մասին։
Հանդիպումը, համապատասխանաբար կնքեցին «Եվրոպա-ռուսական վերաբեռնում» սկսելու անունով։ Ավելին, արդեն խոսում են այն մասին, թե շուտով այդ բանակցություններին կարող է միանալ նաև Թուրքիան, ինչը, թվում է, ամենևին դուր չի գա Վաշինգտոնին։ Գագաթաժողովը լայն դաշտ ընձեռեց թե՛ մեկնաբանությունների, թե՛ կանխատեսումների համար։ Փորձագետների մի մասն սկսեց խոսել, որ «նկատվում է, թե ինչպես են Բեռլին-Փարիզ առանցքը և նրա շարունակությունը` Բեռլին-Մոսկվա առանցքը վերածվում եռանկյունու, որը մտադիր է իրեն ենթարկել Եվրոպան, և որ վերջին ժամանակներս գործընթացը «քաղաքական ուրվագիծ է ստանում»։ Մյուսներն ասում են, թե դա, ինչպես երևում է, Ռուսաստանին կօգնի բաժանելու Եվրոպան, շրջափակելու ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, ուժեղացնելու հակասությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջև` Լիսաբոնի գագաթաժողովի նախօրեին։ Իսկ ի՞նչ է փորձում ձեռնարկել Վաշինգտոնը` իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Հիմնավորումներ, դատելով ըստ ամենայնի, Օբաման չունի, մնում է միայն ժպտալ և ողջունել Ռուսաստանի նախագահին ՆԱՏՕ-ում։ Իսկ ամբողջ դժգոհությունը հանգել է Պենտագոնի մի ինչ-որ ներկայացուցչի արտահայտությանը, որը պտտվում է լրատվամիջոցներում` «Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց է Եվրոպայի անվտանգության հարցն արդեն ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի մտահոգության առարկա»։
Այդ զգուշավոր դիտողության վրա Մոսկվայում, բնականաբար, ձեռք թափ տվեցին և, ինչը միանգամայն տրամաբանական է, ոտնձգություն ձեռնարկեցին ԱՄՆ-ի «սրբություն սրբոցի»` Լատինական Ամերիկայի վրա։ Դմիտրի Մեդվեդևն ու ՈՒգո Չավեսը վերջերս պայմանավորվածության հանգեցին, որ Ռուսաստանը երկու միջուկային ռեակտոր կկառուցի Վենեսուելայում։ Իր ընկերոջ` Ահմադինեժադի նման, Չավեսը վստահեցնում է, որ իրեն միանգամայն խաղաղ միջուկային ծրագիր է պետք, և ինքը չի ծրագրում ատոմային ռումբ ստեղծել։ Այս տարի ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հետազոտություն է անցկացրել և այն ենթադրությանն է հանգել, որ Վենեսուելայի նավթի պաշարները կարող են կրկնակի գերազանցել Սաուդյան Արաբիայի պաշարները, համապատասխանաբար, հարց է ծագում իսկ Վենեսուելայի ինչի՞ն է պետք ապահովագրել իրեն միջուկային էներգիայով։ Թվում է, առաջին հերթին այն բանի համար, որ ուղղակի մարտահրավեր նետի ԱՄՆ-ին և ցուցադրի սեփական ժողովրդի «անկոտրում կամքը»։ Ռուսաստանի ղեկավարին, անշուշտ, դուր է եկել այս ձեռնարկումը և նա ասել է, թե որոշ երկրներ կարող են «ցնցումների մեջ ընկնել» այդ փաստաթղթի տեսքից։ Պարզ է, թե ում պարտեզն է քար նետվում։ Առավել ևս, որ Ռուսաստանն այս տարվա սկզբին պարտավորվել է Չավեսին ևս 5 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել (չորս միլիարդ դոլարի զենք արդեն վաճառվել է)։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, թեև «անհանգստություն է արտահայտել բռնակալական վարչակազմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու» առիթով, բայց զգուշորեն ավելացրել է` «Վենեսուելայի և Ռուսաստանի հարաբերությունները մեր գործը չեն»։
Իսկ այստեղ ամերիկյան լրատվամիջոցներում իսկական տոռնադո է մոլեգնել։ Փորձագետներն ու քաղաքական գործիչներն սկսել են հարց տալ. «Ժամանակը չէ՞, արդյոք, նախագահ Մեդվեդևին հիշեցնելու, որ փոխհարաբերություններում փոխադարձությունն է կարևոր», և որ «Մոնրոյի դոկտրինը դեռևս կենսունակ է և չի կորցրել իր հրատապությունը»։ Հիշեցնենք, որ «Մոնրոյի դոկտրինը» ԱՄՆ-ի հնագույն արտաքին քաղաքականության հայեցակարգերից մեկն է, ծնունդ է առել 1823-ին, երբ այն ժամանակվա նախագահ Մոնրոն Կոնգրեսի անդամներին հղած ուղերձում հայտարարել էր, որ արևմտյան կիսագնդի գործերին միջամտելու եվրոպական երկրների ցանկացած փորձ կդիտվի որպես սպառնալիք ԱՄՆ-ի անվտանգությանը։ Այս դոկտրինին ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ վերադարձել է։ Հավանաբար, առավել մեծ ճանաչում է ստացել նախագահ Քենեդիի արտահայտությունը, որը 1962-ի Կարիբյան ճգնաժամի ժամանակ հայտարարել է, որ «երկիրն ամեն ինչ կանի պաշտպանելու իր և իր դաշնակիցների անվտանգությունը»։ Հիմա ամերիկյան մամուլը պնդում է, թե Նիկիտա Խրուշչովը, մինչ հրթիռները Կուբա ուղարկելը, հայտարարել էր, որ այդ դոկտրինը մեռած է, և որ «այն պետք էր թաղել, ինչպես ցանկացած մեռած մարմին, որպեսզի իր քայքայմամբ օդը չապականի», և որ «համարյա 50 տարի հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերադարձել է Խրուշչովի արտահայտած մտքին»։ Մոտավորապես նույն ոգով են խոսում հանրապետական քաղաքական գործիչները. «Միջուկային հզորություն ձեռք բերելու գործում ՈՒգո Չավեսին օգնելու Մոսկվայի պատրաստակամությունը, թող որ դա լինի միայն էլեկտրաէներգիա արտադրելու խաղաղ նպատակով, ոչ բարեկամական քայլ է` կատարված արդեն մեր աշխարհաքաղաքական հետնաբակում»։ Եվ որպես հետևանք, նրանց կարծիքով, «չարդարացված պայմանավորվածությունները ոչնչացնում են «վերաբեռնման» ամեն մի հեռանկար»։
Ընդ որում, չպետք է մոռանալ, որ շուտով Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու Կոնգրեսի ու Սենատի ընտրություններ, և ձայների մեծ մասը, նախնական քվեարկության արդյունքների համաձայն, կստանան հանրապետականները։ Այդ կուսակցության ներկայացուցիչները միշտ ագրեսիվ են վերաբերվել Ռուսաստանին և ակտիվ արտաքին քաղաքականություն են վարել։ Արդեն այժմ Կապիտոլիումի բլրում «նիզակներ են ճոճում» ՌՀՍ-2 պայմանագրի վավերացման շուրջ։ Նախագահ Օբաման դեռևս ջանում է խորհրդարանականներին համոզել վավերացնելու այն, իսկ վարչակազմը պնդում է, թե այդ փաստաթուղթը ոչ միայն կարևոր է, այլև կդառնա դեպի համընդհանուր միջուկային զինաթափում` «միջուկային զրո» տանող սանդուղքի մեկ աստիճան։ Սակայն շատ սենատորներ արդեն լուրջ անհանգստություն են արտահայտում և հայտարարում են, որ «Կրեմլը ճիշտ է, երբ պնդում է, թե նոր պայմանագրի նախաբանը և դրա այլ դրույթներ, փաստորեն, Ամերիկային զրկում են իր ժողովրդին ու դաշնակիցներին պաշտպանելու հնարավորությունից»։ Ընդ որում, Մոսկվան արդեն Օբամային ահազանգել է, որ երկու երկրների փոխհարաբերությունների հետագա հաջողությունը հիմնվում է ՌՀՍ պայմանագրի վավերացման կարևոր գործոնի վրա։ Դժվար չէ ենթադրել, որ նոր հանրապետականների սենատ գալու հետ մեկտեղ վավերացումը, առհասարակ, կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Հենց դրա համար էլ դեմոկրատները հույսները կապում են «թրջված հավերի» (պարտված, բայց դեռ մանդատները վայր չդրած քաղաքական գործիչների) նստաշրջանի հետ, որը կայանալու է ընտրություններից 30 օր անց։ Մինչդեռ մի նոր աղմուկ է ահագնանում. նոր ՌՀՍ-ի քննադատներն ահավոր զայրացել են, իմանալով, որ Օբամայի վարչակազմը Մոսկվայի հետ բանակցություններ է սկսել ևս մեկ համաձայնագրի առնչությամբ, որը կարող է նոր սահմանափակումներ մտցնել ՀՀՊ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի գործողություններում։ Նրանք պահանջում են ներկայացնել «այն բոլոր փաստաթղթերի (ներառյալ հրթիռային սպառնալիքի ռուսական վերլուծության) պատճենները, որոնք փոխանակվել են Ռուսաստանի Դաշնության հետ», և մտադիր են լրջորեն ուսումնասիրել դրանք։ Դա, ամենայն հավանականությամբ, դուր չի գա Մոսկվային, որը, չի բացառվում, ինքը կարող է դիմել իրավիճակի սրման։ Այսպիսով, շատ հնարավոր է, որ «վերաբեռնման»` իր սիրելի հոգեզավակի մասին Օբաման, այդուամենայնիվ, ստիպված կլինի ոչ հեռու ապագայում, գոնե ժամանակավորապես, մոռանալ։ Չէ՞ որ աշխարհի ուժեղներն ուզում են, թե ոչ, այնուամենայնիվ, պետք է ընդունեն, որ «ճշմարտությունը ժամանակի դուստրն է, ոչ թե հեղինակությունների», իսկ իրական քաղաքականությունը պատրանքներից վեր է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ