Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

«ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

«ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
28.10.2011 | 00:00

Տասներկու տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը գրվեց: Գլխատվեցին հայոց խորհրդարանը և կառավարությունը:
Երեկ, ինչպես ամեն տարի, խորհրդարանի բակում պատգամավորներն այդ սև օրը հիշատակող կոթողի մոտ հարգանքի տուրք էին մատուցում: Միջոցառմանը ներկա չէին Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը, և Կարեն Դեմիրճյանի այրին` տիկին Ռիման, ովքեր գրեթե ամեն տարի այստեղ են լինում: ԱԺ մտնելուց առաջ, ձեռքի հետ մի-մի ծաղիկ դնելով հուշարձանին, ազգընտիրները հերթով անցան: Անցավ նաև խոսնակը` առանց մի բառ ասելու: Փաստը շատ տարօրինակ էր, նույնիսկ լրագրողների խնդրանքին Արգամիչն անհաղորդ մնաց: Բան չուներ ասելու: Սպասում էինք, թե նիստից առաջ խորհրդարանի խոսնակը ողբերգական օրվան պատշաճող ծանրակշիռ ինչ-որ բան կասի, սակայն նիստն սկսվեց, ինչպես միշտ, ԱԺ խոսնակի ուրախ տրամադրությամբ ու ռեպլիկների առատությամբ: Հերթական օրենքի անվանումը կարդալու տոնայնությամբ ու դեմքի արտահայտությամբ Արգամիչն ընդամենը փաստեց. «Այսօր մենք ոգեկոչում ենք այդ ոճրագործությանը զոհ դարձած մեր երկրի անկախության, պետականության կայացման, բանակաշինության գործում խոշոր ներդրում ունեցած գործիչներին»: Այսքանը: Մեկ րոպե լռություն, ու վերստին կատակահումորային քվեարկության արդյունքների արձանագրում: Միայն դահլիճում ներկա տիկին Անահիտը` Յուրի Բախշյանի այրին, ողջ ընթացքում լուռ, հուզմունքը մի կերպ խեղդելով, սրբում էր աչքերից գլորվող արցունքները:
«Շատ դժվար է առանց Յուրայի, բայց ես քրիստոնյա եմ, և սուգն ինձ ժանգի նման չի կերել: Շարունակում եմ պատվով ապրել, Յուրայի հիշատակով: Ինքը միշտ իմ կողքին է: Փորձում եմ Յուրայի երազանքն իրականացնել, ունենալ ժողովրդավար հանրապետություն: Մինչև վերջ նա ապրեց դրանով: Միշտ զգում եմ իր թիկունքը, ձեռքը, որ ուսիս էր դնում՝ ասելով` ջան, էս բանը շատ լավ ես արել: Իհարկե, քննադատում էլ էր: Հուսամ, որ քիչ մեղքեր կգործեմ, ու Աստված կարժանացնի Յուրայի հետ հանդիպման պատվին»,- կարոտի խոսքերն արցունքախառն աչքերով մեզ փոխանցեց տիկին Բախշյանը:
Իսկ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ տվեց ողբերգության քաղաքական որակումը: «1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրություններում Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի կողմից ղեկավարվող «Միասնություն» դաշինքի տպավորիչ հաղթանակից հետո ժողովրդի մեջ հույսեր առաջացան, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ համակարգային լուրջ փոփոխություններ, որոնք, ցավոք, գնդակահարվեցին 99-ի հոկտեմբերի 27-ին: Դա կազմակերպված, պլանավորված, պետական-քաղաքական հեղաշրջման փորձ էր: Այս գնահատականը տվել եմ նաև ողբերգությունից անմիջապես հետո: Նպատակը 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաձևումն էր: Տեղի ունեցավ աննախադեպ ահաբեկչություն, և, ըստ էության, գնդակահարվեց Հայաստանի Հանրապետությունը»:
Ամեն ինչ և՛ խորհրդարանում, և՛ նրա պատերից դուրս օրվա պես սառը, մռայլ ու անհաղորդ էր: Լուսավոր էին միայն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի մասին հիշողությունները:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ