«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
12.11.2010 | 00:00

Եթե մենք լինեինք դեկտեմբերի 1-ին Աստանայի հավաքի մասնակիցը, հրապարակ կնետեինք մի շարք անշրջանցելի հարցեր, որ ազերթուրքերին հավասար ուրանում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Առաջին հերթին Ադրբեջան կեղծանունով թմբկահարվող հանրապետության տարածքային ամբողջականության մասին ալիևյան ճամարտակությունները կհասցնեինք զրոյական աստիճանի: Դրա համար մեծ բան չէր պահանջվի. անհրաժեշտ կլիներ ընդամենը ժամանակին գործող համապետական օրենքները դնել սեղանին` որպես անշրջանցելի իրողություն:
Հայտնի է, որ երբ Լենինը նվաճեց ռուսական կայսրությունը, ստեղծեց հիերարխիկ կախման մեջ գտնվող հինգ ազգային-պետական կազմավորում. ընդհանուր պետություն` ԽՍՀՄ, նրան ենթակա ազգային հանրապետություններ, վերջիններիս ենթակա ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր, ինքնավար օկրուգներ: Բացի ընդհանուր պետությունից, որ բոլոր տարածքների մեկտեղումն էր, մյուս չորս պետական կառույցներն ստեղծված էին ազգային-տարածքային հատկանիշով` յուրաքանչյուրին տրամադրված ինքնուրույն պետական կառույցներ` ինքնուրույնության ու կախվածության որոշակի չափաբաժիններով: Որ դրանք, իրոք, հարաբերականորեն ինքնուրույն պետական կառույցներ են եղել, իր օրինական դրսևորումն է ունեցել գերագույն օրենսդրական մարմնում` Ազգությունների խորհրդում: Ի հակակշիռ Միութենական խորհրդի, ուր ներկայացվում էին երկրի քաղաքացիներն առանց ազգային պատկանելության, Ազգությունների խորհրդում ազգային-պետական կառույցների ներկայացուցիչներն էին, և յուրաքանչյուր կառույց ներկայացնում էր իր շահերը` պայմանավորված ընդհանուր պետության կազմում ունեցած իր տեղով ու նշանակությամբ: Այդ տրամաբանությամբ Ազգությունների խորհրդում ընդգրկված էին յուրաքանչյուր հանրապետություն` 25 պատգամավորով, ինքնավար հանրապետություն` 11, ինքնավար մարզ` 5, ինքնավար օկրուգ` 3 պատգամավորով:
Որ վերոհիշյալ 4 կառույցները հիերարխիկ կախման մեջ գտնվող ինքնուրույն պետական կառույցներ էին, մի վերջին անգամ հաստատվում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրապարակած վերջին օրենքներից մեկով ևս: Երբ վերջապես Գորբաչովին հաջողվեց իր ՃՀձ-ական վարժապետների սցենարով կազմալուծման հասցնել ԽՍՀՄ-ը, Գերագույն խորհուրդը հրապարակեց օրենք, որով սահմանվում էր ընդհանուր պետությունից դուրս գալու կարգը: Համաձայն այդ օրենքի` վերոհիշյալ 4 պետական կառույցներից յուրաքանչյուրը պետք է առանձին ու ինքնուրույն որոշեր իր անելիքը, ընդհուպ մինչև սեփական պետության հայտ ներկայացնելը:
Վերոհիշյալ պետական օրենքները, որ անխափան գործել են ընդհանուր պետության ողջ պատմության ընթացքում, մանավանդ վերջին օրենքը, հաստատում են այն իրողությունը, որ ինչպես հանրապետություններն են կախման մեջ եղել վերադաս կառույցից, այնպես էլ ինքնավար հանրապետությունները, մարզերն ու օկրուգներն են կախման մեջ եղել վերադաս հանրապետություններից և կապ չունեն վերադասների տարածքային ամբողջության հետ: Նրանք կախման մեջ գտնվող ինքնուրույն ազգային-տերիտորիալ պետական կազմավորումներ են եղել:
Այս համատեքստում ԼՂԻՄ-ը ժամանակին գործող օրենքների տառին ու ոգուն համապատասխան վերականգնել է իր կորցրած պետականությունը` ազատագրվելով ազերթուրքական գաղութային ենթակայությունից: Ալիևները շահարկում են տարածքային ամբողջականության հարցը` համոզված, որ ոչ ոք նրանց չի հակադարձելու համարժեք պատասխանը. «Իսկ դուք ինչպես՞ պոկվեցիք առավել մեծ ու հզոր պետության «տարածքային ամբողջականությունից», որ ուրիշների կողմից նույնը կատարելու դեմ աշխարհով մեկ փոթորիկ եք բարձրացնում»: Այնպես որ, ԼՂՀ-ն ոչ միայն անկախ Ադրբեջանի, այլև ԱդրՍՍՀ-ի մաս չի կազմել, այլ դրված է եղել նրա ենթակայության տակ գաղութային կարգավիճակով: Եվ եթե այսօր Անգլիան իր հարյուրամյակների գաղութ Հնդկաստանի նկատմամբ իրավունք ունի, Ադրբեջանն էլ կարող է իր տասնամյակների գաղութ Ղարաբաղի նկատմամբ ներկայացնել նման իրավունք։
Բայց երկրորդ անշրջանցելի անհրաժեշտությունն այն է, որ տարածքային ամբողջականության մասին ալիևյան զառանցանքները չպետք է թողնել օդից կախված, այլ պետք է իջեցնել իրական դաշտ` իրեղեն ապացույցներով ցուցադրելու համար ազերթուրքական զավթողական նկրտումները:
Հանրահայտ է, որ Լենին-Աթաթուրք գործարքով իրականացվող պանթուրանական ծրագրից երես առած` մի գիշերում բոլշևիկ դարձած մուսավաթականները պահանջեցին, որ Լեռնային Ղարաբաղն էլ նվիրեն իրենց: Լենինը 1921 թ. հուլիսի 5-ին Կովբյուրոյի կուսակցական որոշումով կատարեց նրանց ցանկությունը` ազերթուրքերի ողորմածությանը թողնելով հայկական ինքնավար մարզ ձևավորելու իրավունքը: Ազերթուրքերը երկու տարի կյանք չմտցրին այդ որոշումը` հուսալով, որ կարող են շրջանցել այն: Բայց «կողմնակի» պարտադրանքով 1923 թ. ձևավորեցին ինքնավար մարզ, պատմականորեն ձևավորված Լեռնային Ղարաբաղի 1/3 տարածքում միայն: Մարզի կազմից դուրս թողեցին Շամխորի, Քարհատ-Դաշքեսանի, Էլենդորֆ-Խանլարի, Գյուլիստան-Շահումյանի այն տարածքները, որտեղ առկա էր 86 հազար հայ, 7595 ռուս և գերմանացի, բայց ոչ մի ազերթուրք: Մարզի շրջանակից դուրս թողեցին նաև վարելահողերը, որ հարավում հասնում էին մինչև Արաքսի ափերը, արևելքում` Պարտավի մերձակայքը, չնայած այն շարունակում էին մշակել հայերը: Շահումյանի Կարաչինար գյուղի վարելահողերը Պարտավից 3-4 կմ արևմուտք գտնվող Ղարբանդում էին, Գետաշենի հողերը` Գերանում: 1949 թ. մի կարգադրությամբ այդ հողերը խլեցին տերերից ու թուրքացրին: Իսկ արաքսամերձ հողերում էլ 1928-38 թթ. մարզի բնակչության ձեռքով ստեղծեցին 13 սովխոզ, կամայականորեն կտրեցին մարզից և դարձրին հանրապետական ենթակայության շրջան, Երկրորդ աշխարհամարտից հետո` մինչև 1988 թ., հետևողականորեն դուրս մղելով հայերին, լցրին թուրքերով: Զուգահեռաբար ինքնուրույն շրջան դարձրին Աղդամն իր շրջակա ինը ղշլաղներով, որ ուներ 2094 բնակիչ, որից 260-ը Աղդամի` հայերով խառը բնակչությունն էր: Ազերթուրքական զավթողական քաղաքականությունը շոշափելի դարձնելու համար արձանագրենք, որ նույն ժամանակ միայն Գետաշեն գյուղն ուներ 5057 բնակիչ, որը դուրս թողեցին մարզի կազմից, որպեսզի հետագայում գորբաչովյան տանկերով ու «Կոլցո» օպերացիայով բռնազավթեն: Իսկ Աղդամի շրջանի 2094 բնակչությունն էլ հետևողականորեն դարձնեն 135,9 հազար բնակիչ` հիմնականում 1954 թ. Իրանից ներմուծած փախստականներով: Ազերթուրքական մարդակերության վկայությունը չէ՞ այն իրողությունը, որ մի քանի տասնամյակում 2094-ը դառնում է 135,9 հազար, իսկ նույն ժամանակ Ղարաբաղի բնակչությունն աճ չի տալիս, որովհետև զինվորական զորակոչի տեսքով հավաքագրում էին հայ պատանիներին, լցնում ֆեզեոներ, որպեսզի նրանց ձեռքով Ադրբեջան կառուցեն: Եվ վերակառուցեցին հետպատերազմյան Բաքուն, ստեղծեցին Մինգեչաուրի, Սումգայիթի արդյունաբերական կենտրոնները, նույնիսկ այդ միամիտ հայերի ձեռքով սրեցին երկաթաձողերը սումգայիթյան ցեղասպանության համար: Սկսած Ադրբեջան անունով ստեղծված պետական կառույցից` նրա ղեկավարության քաղաքականության առանցքային պլանում եղել է հայտնի մուսավաթ-բոլշևիկ Ասադ Կարաևի հանձնարարականը` հայերի ոտքը կտրել Ղարաբաղից:
Ավելին: ԼՂԻՄ-ը Հայաստանից կտրելու հեռահար ծրագրով 1929 թ. Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին հավասար մի տարածք` Արաքսի ափից մինչև Կրասնոսելսկի շրջան, Կարմիր Քրդստան ստեղծելու խաբկանքով կտրեցին Հայաստանից, միացրին Ադրբեջանին ու 1930 թ. ձևավորեցին Զանգելանի, Ջեբրայիլի, Կուբաթլուի, Լաչինի ու Քելբաջարի արհեստական շրջանները: Մի Բաշքենդ-Արծվաշեն կարողացավ ոտքի կանգնել ու անկլավի տեսքով մնալ Հայաստանի կազմում:
1929 թ. այդ ակտից հետո հետևողականորեն Դիզակի հայաստանամերձ ինը գյուղ ավերեցին, 3 գյուղ կամայականորեն միացրին Կարյագինո-Ֆիզուլիին, մեկ գյուղ` Լաչինին: Իսկ Դիզակի բնակչությունն էլ ունեցավ թվակազմի այսպիսի վայրընթաց. 1912 թ.` 35 հազար բնակիչ, 1923 թ.` 27 հազ. 500 բնակիչ, 1959 թ.` 16 հազար բնակիչ, 1988 թ.` 13 հազար բնակիչ, որից 4000-ը` արդեն ազերթուրք: Ինչպես ցույց են տալիս պատմական անշրջանցելի իրողությունները, Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը խախտվել է հենց մարզի ձևավորման պահից սկսած և շարունակել է խախտվել ողջ խորհրդային ժամանակներում:
Բայց քանի որ մեր «հրեշտակ-փրկիչ» համանախագահները, ոտնահարելով արդարության և իրավունքի ամեն մի դրսևորում, հետևողականորեն մեզնից տարածքներ են պահանջում` հեռանկարում ամբողջ Ղարաբաղը թուրքերի երախը նետելու ծրագրով, անընդհատ ու անընդմեջ մեր Ստեփանակերտը դարձնում են Խանքենդի, անհրաժեշտաբար պետք է հիմնահարցը դիտարկել ավելի լայն շրջանակներում, թռուցիկ ներկայացնել, թե ինչ ճանապարհ է անցել Ադրբեջան կեղծանունով ստեղծված Արևելյան Անդրկովկասը, չնայած նրանք` համանախագահները, մեզնից տասնապատիկ լավ գիտեն այն, բայց չիմանալու են տալիս:
Որ այդ տարածքը հայոց հայրենիքի անկապտելի մասն է եղել, վկայված է և սեպագիր արձանագրություներով, և հնչյունագիր պատմություններով: Վանի Արարատյան թագավորության տիրակալ Արգիշտի Երկրորդը մ.թ.ա. 8-րդ դարի վերջերին երկրի սահմանները հասցրել է Կասպից ծովի արևմտյան ափերը և այնտեղ հիմնարկել Բագուն ու Մարդականը` բնիկ հայերեն բառերով անվանակոչված տեղանուններ` հետևելով իր անվանակից պապին, որը հասնելով Արարատյան դաշտ` կառուցեց Էրեբունի-Երևանը և Արգիշտիխինիլին: Իսկ դրանից 800 տարի հետո` մ.թ. 1-ին դարի սկզբին, Պոմպեոսն իր պատմության մեջ արձանագրել է. «Չի կարելի լռությամբ անցնել այնպիսի թագավորության կողքից, ինչպիսին է Հայաստանը, քանի որ նրա սահմանները Պարթևաստանից հետո իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմանները, ըստ որում՝ Հայաստանը Կապադովկիայից մինչև Կասպից ծովը 11 հազար քայլ տարածություն ունի» (ՀԺՊ, 1971 թ., հ. 1, 707, 838):
Թռչելով հազարամյակների գլխավերևով` վայրէջք կատարենք 18-րդ դարի սահմանագլխին և տեսնենք, թե այդ երկրատարածքի մասին ինչ է վկայում Իսրայել Օրին 1699 թ. Եվրոպայի տիրակալներին հղած իր տեղեկատվության մեջ: Օրին մատնանշում է, որ Հայաստանն ազատագրելու համար արևմտյան տիրակալների զորքերը Կասպից ծովից դուրս կգան մի ամայի նավահանգիստ, որը տասը մղոնով է հեռու Բաքվից: «Այստեղ է ահա Հայաստանի սահմանագլուխը»,- ավելացնում է Օրին: Շարունակելով ներկայացնել Հայաստանը` Օրին գրում է. «Հարուստ և առևտրական քաղաք է Շամախին… Մենք այնտեղ ունենք 7 հայ ծխական համայնք… Հենց որ նրանք տեսնեն ծածանվելիս ձեր կայսրընտրիչ բարձրության դրոշակները…. անմիջապես դուրս կգան այդ քաղաքից 10 հազար հայ մարդիկ, ամենքն էլ հեծյալ, կազմ ու պատրաստ: Ահա առաջին մուտքը Հայաստան, որ սկսվում է Շամախուց: Պարսկաստանի թագավորությունը Հայաստանի թագավորությունն է ներս մտնելիս» (Լեո, հ. 3, էջ 53):
Իսրայել Օրու կազմած վիճակագրությամբ` այդ ժամանակ Արևելյան Հայաստանում` Շամախուց մինչև Երևան, հայերը կարող էին դուրս բերել 192 հազար զինվոր: Իսկ նույն տարածքից, որը բաժանված էր երեք բեկլերբեկությունների, համաձայն պետական-պաշտոնական «Թաղքիրաթ-ալ-մուլուքի» տվյալների, կարող էր մահմեդական զորք դուրս բերվել հետևյալ կազմով` Չուխուչ-Սադ (Երևան)՝ 4297, Ղարաբաղ` 6084, Շիրվան` 5856, ընդամենը` 16237 զինվոր: 17-րդ դարի վերջին այսպիսին է եղել հայերի ու մահմեդականների հարաբերակցությունն Արևելյան Հայաստանում:
Պետրոս Առաջինի կովկասյան արշավանքով սկիզբ դրվեց հայերի` շարունակվող երեքհարյուրամյա ցեղասպանությանն Արևելյան Հայաստանում: 1724 թ. Պոլսում կնքված գաղտնի համաձայնագրով Պետրոս Առաջինը Պարսկաստանին ենթակա Անդրկովկասը ճանաչեց որպես թուրքական սեփականություն, և թուրքերը նվաճեցին այն` քթները ջարդելով Ղարաբաղում ու Զանգեզուրում: Մյուս տարածքներում, մանավանդ Կուր գետի ձախափնյակում մինչև Դերբենդի փեշերը, կոտորածներին զուգահեռ իրականացրին հայերի բռնի մահմեդականացում: 1916 թ. ցարական վիճակագրության համաձայն` նախկին Շաքիի խանությունում բռնի մահմեդականացրած հայերը 188523-ն էին` 45 հազար հայերի և 27,5 հազար շիա մահմեդականների հետ:
10 տարի հետո Նադիր Շահը, օգտվելով նաև Զանգեզուրի ու Ղարաբաղի զինական ուժերից, թուրքերին դուրս շպրտեց Անդրկովկասից: Բայց միաժամանակ Թբիլիսիից մինչև Շամախի ընկած տարածքից 700 հազար հայ ու վրացի գերի տարավ: Շամախի քաղաքը, որը, Օրու վկայությամբ, ուներ 100 հազար հայ բնակիչ, այնպես հողին հավասարեցրեց, որ այնտեղ այլևս ապրող չլինի: Փոխարենը երկրատարածք մտցրեց թուրքախոս քոչվոր ցեղերի, որպեսզի ռուսական հարավային ծավալման դեմ ունենա մահմեդական հոծ զանգված: Չէ՞ որ քրիստոնյա հայերն էին ռուսներին հրավիրում Անդրկովկաս: Այնպես որ, ժամանակակից ազերթուրքերի առաջին քոչը Նադիր Շահն է Արաքսի վրայով անցկացրել Արևելյան Անդրկովկաս:
Բայց թե մինչև ցարիզմի տապալվելն ինչքա՞ն ազերթուրք է ավելացել տարածաշրջանի մահմեդական ժողովուրդների թվին, պարզելը հնարավոր չէ, որովհետև վիճակագրությունները կատարվում էին ըստ կրոնական դավանության և ոչ թե ազգային պատկանելության: Նշենք միայն, որ 1926 թ. մարդահամարում Ադրբեջանում արձանագրվել է 10 մահմեդական ժողովուրդ:
Բարեբախտաբար, 1891 թ. Թիֆլիսում հրապարակվեց մի անկախ վիճակագրություն, որը ճեղք է բացում գոնե հայերի ու ազերթուրքերի թվական հարաբերակցությունը ճշտելու վերաբերյալ: «Բաքուն և իր արվարձանները» գրքույկում արձանագրված է քաղաքի բնակչության կազմն ըստ ազգությունների: Այնտեղ կային թաթեր` 29631, հայեր` 25897, ռուսներ` 22693, թաթարներ (ազերթուրք)` 9877, այլ ազգություններ` 5520: Հայերն ավելի քան երկուսուկես անգամ գերազանցել են ազերթուրքերին, և ազերթուրքերը երեք անգամ պակաս են եղել մյուս մահմեդականներից: Իրական թվերի այս տրամաբանությունը հուշում է, որ այսօր 9 մլն բնակչություն կրակող Ադրբեջանի իրական ազերթուրքերը 1/3-ն են միայն, մյուսներն այն 9 մահմեդական ժողովուրդներն են, որոնց գոյությունն ուրանում են ալիևները:
Հետագա երեսուն տարիների արդյունաբերական բուռն վերելքը Բաքվում հայերի թիվն ավելի քան քառապատկեց: 1918 թ. փետրվարին Բաքվում ձևավորված Կոմունան, անկախ բոլշևիկյան ծրագրերից, մանավանդ մուսավաթականների ապստամբության պարտությունից հետո, ազգային կազմով դարձավ հայկական` իր 16 հազար զինվորներով: Սուլթանական յաթաղանով կործանվեց Կոմունան, 30 հազար հայ սրի ճարակ դարձավ, բայց 1926 թ. մարդահամարով Բաքվում վկայվում է 77 հազար հայ: Երբ 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակը մտավ Բաքու և երկիրը հռչակեց խորհրդային, այդ պահին ևս Բաքվի հայերը թվաքանակով գերազանցում էին իրական ազերթուրքերին, չնայած 1891 թ. իրենց թվակազմն ազերթուրքերն արդեն բազմապատկել էին 12-ով` ի հաշիվ տեղաբնիկ մահմեդականների: Իրերի այս դրությունն էր, որ ստիպեց Լենինին` հռչակելու ինտերնացիոնալ, վերազգային հանրապետություն, որի պետականաստեղծ ժողովուրդներն էին հայերը և մահմեդականները: Մահմեդականները, ոչ թե միայն ազերթուրքերը:
Եվ այսպես, ստեղծվեց վերազգային, ինտերնացիոնալ հանրապետություն, որի իրավահավասար կողմերն էին հայերն ու մահմեդականները: Ձևավորման պահին հանրապետության կուսակցական ղեկավարը ազերթուրք Նարիման Նարիմանովն էր, տնտեսական կյանքի ղեկավարությունն իրականացնում էր Լևոն Միրզոյանը: Եթե ազերթուրքերը կարող էին զարկ տալ միայն ոչխարաբուծությանը, հայերն ու տեղաբնիկ մահմեդականները զարգացրին արդյունաբերությունն ու շինարարությունը, ստեղծեցին նորանոր արդյունաբերական կենտրոններ: Մոսկվայի հովանավորությամբ ու գործուն աջակցությամբ ազերթուրքերը հետևողականորեն դարձան դրության տերերը, ուրացան տեղաբնիկ մահմեդական ժողովուրդներից շատերի գոյության փաստն իսկ, իրականացրին հայերի ցեղասպանություն հանրապետության ողջ տարածքով մեկ` սեփականելով մեր հազարամյակների հայրենիքը, նյութական ու հոգևոր ժառանգությունը:
Ահա թե ինչու հակամարտության լուծման փոխզիջումային խորամանկ պարտադրանքի փոխարեն մենք պետք է հարցը տեղափոխենք պատմաիրավական դաշտ: 1920 թ. Լենինը մեր հազարամյակների հայրենիքում ձևավորեց խորհրդային հանրապետություն` եկվոր ազերթուրքերին ևս համարելով երկրի սեփականատեր: 1988-ից սկսած, գրգռելով ազերթուրքերի վայրենի բնազդները, Գորբաչովը ազերթուրքերի ձեռքով մեզ վերջնականապես զրկեց մեր Բաքվից ու Գանձակից, մեր Շաքիից ու Շամախուց, մեր նոր կառուցած Մինգեչաուրից ու Սումգայիթից: Նույն Գորբաչովն ընդհանուր պետության տանկերով ու հրանոթներով բռնազավթեց նաև Լեռնային Ղարաբաղի Շամխորի ու Քարհատ-Դաշքեսանի, Էլենդորֆ-Խանլարի, Գյուլիստան-Շահումյանի շրջանները: Այդ ամենի համար մենք պետք է հատուցում պահանջենք: Մենք պետք է պահանջենք, որ գոնե վերադարձնեն գորբաչովյան տանկերով Լեռնային Ղարաբաղից բռնազավթված տարածքները և ոչ թե կուզուկուչ անենք փոխզիջումային խորամանկ ու խարդախ պահանջի առաջ:
Անշրջանցելի այս իրողությունները համանախագահների դիմացը դնելուց հետո, մանավանդ օգտվելով այն հանգամանքից, որ Աստանայում ավելի լայն շրջանակներ են ընդգրկված, պետք է պսակազերծ անենք նաև համանախագահող կողմերի դիրքորոշումը հակամարտության ողջ ընթացքում: Քանի դեռ ԽՍՀՄ փլուզման հարցն էր մեջտեղ, նրանք հետևողականորեն բորբոքում էին հակամարտությունը, ղարաբաղյան շարժմանը վերագրում համաշխարհային պատմական դերակատարում, նրանով պայմանավորում Բեռլինի պատի փլուզումը, մեզ խոստանում Եվրոպոլիս, այն էլ` ոչ ավելի, ոչ պակաս, Նախիջևանի սահմանագլխին: Բայց միաժամանակ «նրբանկատորեն» չտեսնելու էին տալիս մարդակերությամբ ուղեկցվող այն վայրագությունները, որոնց շնորհիվ հայերին հերթական անգամ զրկեցին իրենց բնական հայրենիքից: Ոչ ոք բերան չբացեց` ասելու, թե այդ ի՞նչ եք անում: Նրանց հետագա պահվածքը հաստատում է, որ այդ ամենն ազերթուրքերի վաստակած իրավունքն են համարում և ամեն անգամ Ստեփանակերտը Խանքենդի հայտարարելով` աշխատում են այդ իրավունքը հաղթական ավարտին հասցնել:
Համանախագահների այդ դիրքորոշման վկայությունը չէ՞ այն, որ ամեն անգամ մոնիտորինգ անցկացնելու անվան տակ ԼՂՀ-ի տարածքներն են հոտոտում, ոչ մի անգամ ոտք չեն դնում այն տարածքները, որոնք բռնազավթվել են գորբաչովյան տանկերով: Համանախագահների կեցվածքով չե՞ն ոգևորվում ազերթուրքերը, որ մարդկային ցեղասպանությունը լրացնում են մշակութային ցեղասպանությամբ` բորենիների պես ոչնչացնելով անգամ գերեզմանոցները: Աննախադեպ այդ բարբարոսությունն ի՞նչ գնահատականի է արժանացել համանախագահների կողմից. միայն հետևողական ու լուռ խրախուսանքի:
Ո՞վ չգիտի, որ քոչվոր ժողովուրդները հազվադեպ են ունենում գրավոր վավերացված պատմություն: Ազերթուրքերն ունեն 60-ամյա նման մի պատմություն, երբ 18-րդ դարի երկրորդ կեսին ռազմակալեցին Ղարաբաղը: Ցարական տիրապետության ժամանակ էլ` 19-րդ դարի վերջերին, արձանագրվել են Ղաչաղ Նաբու ավազակախմբի ալան-թալանը և Նաբու վախճանն իր տեղակալի ձեռքով` թալանը բաժանելու ժամանակ: Իսկ խորհրդային տարիներին էլ ունեցել են նույն պատմությունը, ինչ ունեին Միության մյուս ժողովուրդները: Նախորդ հազարամյակներին ազերթուրքերն իրենց ոչխարների հետևից քայլել են «բանավոր» ճանապարհով:
Մինչդեռ երբ 1935 թ. Ստալինն այդ ժողովրդին վերակնքեց ադրբեջանցի անունով և հանձնարարեց նրանց համար պատմություն ստեղծել` ինքն էլ տալով առաջին օրինակը` պարսկական պոեզիայի դասական Նիզամուն հայտարարելով ադրբեջանցի, ազերթուրքերը ժրեցին, ուրիշների պատմությունը կողոպտելով՝ ստեղծեցին դարերի խորքը թափանցող մի պատմություն, ուր ամեն ինչ կա, բացի ազերթուրքերից: Առանձնապես ավազակային կողոպուտի թիրախ դարձրին հայոց արևելյան մարզերը, իրենցը հռչակեցին հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, հոգևոր, նյութական մշակույթը, պատմական, մտավոր գործիչներին: Այդքանով էլ չբավարարվելով՝ Հեյդար Ալիևի հանձնարարությամբ ներկայիս ՀՀ-ն էլ դարձրին Արևելյան Ադրբեջան, նրա երկրորդ պետական լեզու հռչակեցին ադրբեջաներենը և այդ ավազակային նենգափոխումները ցրեցին աշխարհով մեկ: Արդարության և իրավունքի համար քուն ու հանգիստ կորցրած համանախագահող կողմերից որևէ մեկը գոնե կես բերան զգուշացրե՞ց նրանց, որ չի կարելի այդ աստիճանի չափը կորցնել: Բնավ: Նրանք հանդես եկան այդ աննախադեպ կեղծիքն ու զրպարտությունը տարածելու նախաձեռնությամբ` այն բազմացնելով համաշխարհային տարածում ունեցող անգլերենով ու ռուսերենով:
Եվ վերջապես, Մադրիդյան սկզբունքներ անունով հրապարակ նետված վեց պարտադրանքները, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած հավասարազոր է հայոց Ղարաբաղի ոչնչացմանը: Մանավանդ խաղաղարար ուժեր մտցնելու պարտադրանքը: Նրանք գալիս են սաֆոնովյան բանդիտների ավերածությունների պակա՞սը լրացնելու: Ղարաբաղցին ինչպե՞ս կարող է մոռանալ խաղաղարարների բերած չարիքները: Կամ ի՞նչ նոր կամարտահայտություն են փաթաթում Ղարաբաղի վզին: Չէ՞ որ ղարաբաղցին ամեն անգամ այնպիսի համընդհանուր միակամությամբ, արդարամտությամբ ու թափանցիկությամբ է իր կամքը ցուցադրում աշխարհին, որ համանախագահները պետք է սովորեն նրանից` նույնն իրենց երկրներում արմատավորելու համար:
Համանախագահների շուրջ 20-ամյա գործելակերպը հերթական անգամ ապացուցեց, որ կողմերից յուրաքանչյուրը հետամուտ է միայն սեփական պետության աշխարհակալական նկրտումներին, երկրատարածքում ունենալիք իր դերակատարմանը, որի հիմքում ընկած է Բաքվի նավթից ու գազից սպասվող ակնկալությունը: Հենց այդ դիրքերից էլ ձգտում են Ղարաբաղը զոհաբերել ազերթուրքերին: Դրա ապացույցն է Մադրիդյան սկզբունքների 6 պարտադրանքը: Նույն կերպ, մի այլ անհրաժեշտության թելադրանքով ազերթուրքերին կբարձրացնեին զոհասեղանին, որովհետև իրենց աշխարհակալական շահերից այն կողմ չեն ճանաչում արդարություն և իրավունք:
Ահա թե ինչու Աստանայից վերադառնալուց հետո ղարաբաղցուն կրկին կհիշեցնեինք պատմության դասերը: Կհիշեցնեինք, որ հայ ժողովուրդը հաջողության է հասել միայն պատմության այն կրիտիկական պահերին, երբ իրենով հետաքրքրվող բարի քեռիները դավաճանել, լքել են իրեն, և ինքը մնացել է միայն սեփական ուժերի հույսին: Վերջինը՝ գորբաչովա-պանթուրքական մարդակերների երախից իր փրկվելը: Հույս ու հավատ կներշնչեինք ղարաբաղցուն, որ պատմության մեջ այս էլ վեցերորդ անգամ վերակերտեց իր ազատ ու անկախ պետականությունը, որը կոչված է դառնալու ինքնուրույն ու ազատ ժողովուրդների, ինքնուրույն ու ազատ պետությունների ընտանիքի լիարժեք անդամը: Փառք ու պատիվ հազար ու մի մարտահրավեր հաղթահարած հայ ժողովրդին ու նրա եզրապահ, համառ ու հաստակող ղարաբաղցուն:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ