«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԽԱՂԸ ՍԵՓԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԽԱՂԸ ՍԵՓԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
11.10.2011 | 00:00

Սարկոզիի այցը մասամբ ստվերեց ներքաղաքական ավանսցենայում կատարվողը: Ի դեպ, Սարկոզիին ճանապարհելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը երեկոյան` ֆուտբոլից առաջ, իր մոտ է կանչել Հովիկ Աբրահամյանին:
Կիրակի օրն էլ է նա «կանչվել»: Երկուշաբթի առավոտյան արդեն կանչված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչի՞ մասին է խոսվել: Չգիտենք: Բայց փորձենք հասկանալ: Ինչպես միշտ` հերթո՜վ:
Այսպիսով, բոլորը շունչները պահած սպասում էին, թե Սարկոզիով գլուխը խառը, պատասխանելու մեջ մշտապես դանդաղ Սերժ Սարգսյանն ի՞նչ է ասելու Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մեսիջների մասով:
Որքան էլ տարօրինակ կամ գուցե խիստ օրինաչափ...
ՍԵՊԸ ՀԱՆՎԵՑ ՍԵՊՈՎ
Պատասխանը տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գիտենք` ինչ ասաց. «Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ընկերներ են, ապագայում էլ լինելու են ընկերներ, ինչպես տասը տարի Սերժ Սարգսյանն է եղել Քոչարյանի ամուր թիկունքը, այնպես էլ համոզված եմ»… գիտեք, չերկարացնենք:
Նախ. ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը: Շատ պարզ: Վարչապետ դառնալու պատրաստ բոլորին ազդանշանվեց` ինչ է մտածում Սերժ Սարգսյանը, ումով է նպատակահարմար համարում խաղալ, ինչպես է փորձում լուծել քաղաքական թիվ մեկ դիլեման` Քոչարյանի վերադարձի խնդիրը, ինչպես նաև` կոալիցիայի ճակատագիրը (Տիգրանն ասաց, չէ՞, կոալիցիան ի զորու է լուծելու երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները. չէ, չենք ասում` նկատի ուներ խորհրդարանական ընտրություններին միասնական համամասնական ցուցակով գնալը, այլ…):
Բայց դեռ Քոչարյանի մասով. վարչապետական մտքերը երկու տարբեր ենթաշերտեր կարող էին ունենալ. ա) Քոչարյանին հանդուրժողականության, ազգային համաձայնության դաշտ տանել` զարգացնելով այն կոմպոնենտը, որը վերջին շրջանում խաղարկվում է Սերժ Սարգսյանի կողմից` սկսած ընդդիմության հետ երկխոսությունից, Անկախության տոնի համաժամանակյա հրավերից մինչև այս` Տիգրան Սարգսյանի խոսք, երբ բոլորը սպասում էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև` «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» կոնֆիգուրացիային:
Բայց եղավ առավել քան նուրբ «ֆիգուրացիա»: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը «քաղաքական» էր այնքան, որ ձայնի «ելևէջներում» նույնիսկ նկատվեց Քոչարյանի հետ իր աշխատած տարիների «ընկերայնությունը»… Եթե շատ հեռուն գնանք, գուցե և միջազգային հանրության կողմից ազդանշանումներ էլ տեսնենք Տ. Սարգսյանի խոսքում:
Հասկանալի է` Սարկոզիի այցի, Պուտինի` Տիգրան Սարգսյանին անկախության տոնի առիթով անձամբ շնորհավորելու և «բոլոր մնացած բաների» ֆոնին (բա «Հազարամյակների» շարունակությո՜ւնը. հիշենք` վերջերս Հայաստան ժամանած «Հազարամյակի» տնօրենի լա՜յն ժպիտը` գոհ լինելու և Տ. Սարգսյանի «մոմենտով»), այնպես որ, հնչեցված հայտարարությունը, ընդհանուր առմամբ, չէր կարող նաև այդ առումով կոդային չլինել:
Տիգրան Սարգսյանի խոսքում կար նաև քաղաքական պայմանավորվածության տարրը` ներհայաստանյան մասով: Հիշենք. Հայաստանում պայմանավորվածությունը (Լևոնի` տասը տարի չվերադառնալու և Քոչարյանին չխանգարելու, դրանից առաջ` Կարեն Դեմիրճյանի` նույնպես տասը տարով չվերադառնալու և Լևոնին չխանգարելու մասով), որպես չգրված օրենք գործում է առավել կենսունակ ու հստակ, քան ցանկացած օրենսդրական այլ «նախագիծ»:
Ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանի մեսիջը կառուցողականության այդ ենթատեքստում էր նաև:
Իսկ մենք իրականում հակված ենք «բ» կետին. այն է` հայտարարությունն արվել է արդեն իսկ ձեռք բերված «ընկեր» կատեգորիան քաղաքական կատեգորիայի չվերածելու կոնտեքստում: Ասել է` Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը պայմանավորվել են: Քանզի պատճառները պայմանավորվելու ավելին են, քան հակառակը:
Պատճառաբանություն առաջին` Սերժ-Տիգրան Սարգսյանների հղած մեսիջի առնչությամբ Քոչարյանի թիմը խոհեմաբար լռեց: Ասում են` լռությունը համաձայնության նշան է: Համենայն դեպս, առ այս պահը որևէ ազդակ չկա այլ կերպ մտածելու:
Ընդ որում, երկու «նախկին և ապագա ընկերները» կարծես թե շատ լավ հասկացել են, թե երկու այլ «ընկերներ» ինչ խաղ են հյուսում հայաստանյան դաշտում` փորձելով օգտվել Քոչարյան-Սարգսյան թափ չհավաքող անհամաձայնությունից:
Ի դեպ, դեռ ժամանակներ առաջ, երբ ՀՀԿ-ում կրկին խաղարկվում էր ՀՀԿ «թևեր-ոտներ-տոտիկներ և վզիկներ» կոնֆիգուրացիան, էլի բյուջեի նախաշեմն էր, էլի ԲՀԿ-ն միավորվել էր ՀՀԿ-ի հայտնի «տոտիկի ու վզիկի» հետ, ինչի արդյունքն էլ եղավ Տիգրան Սարգսյանի և նրա թիմի ՀՀԿ-ացումը:
Ռոբերտ Քոչարյանի մերձավոր, սակայն չՀՀԿ-ացված մեկը մեզ հետ ՀՀԿ այդ համագումարի ընդմիջմանն անչափ անկեղծ զրույցում ասաց մի բան, որին թերահավատորեն կարելի էր մոտենալ այդ պահին, սակայն անցնող «բոլոր պահերը» դրա հաստատումը եղան: Քոչարյանին մինչև վերջին խազը ճանաչող մտերիմն ասաց բառացիորեն հետևյալը. «Եթե այնպես ստացվի, որ Գագոն ու Հովիկը դուրս գան Սերժ Սարգսյանի դեմ, հավատացե՛ք, Քոչարյանն ավելի շուտ և անպայմանորեն կպաշտպանի Սերժ Սարգսյանին, և ոչ երբեք որևէ այլ մեկին. որովհետև Սերժ Սարգսյանը լուրջ մարդ է և ո՛չ թե…»:
Դո՛ւ ասացիր:
Թե՞… դո՛ւք ասացիք:
«ԱՅԴ ՄԱՍԻՆ` ՎԵՐՋԻՆԴԱՍԻՆ». Ո՞Վ Է «ԱՍՈՂԸ»
Նկատեցի՞ք, բացի վարչապետի` կոալիցիոն որոշակի բարձրաձայնումից, գումարած` «մեր խոսքի ու գործի» մասին հիշեցումը, այլ պատասխան առ այս պահը չի «հնչել»: Ծառուկյանի հարցազրույցի «մոմենտով»:
Երեկ արդեն մեզ ԲՀԿ-ի խորքից «խոստովանեցին», որ իրենք հեչ էլ Քոչարյանի համար չեն խաղում. իրենք գիտեն` Քոչարյանը ցանկություն չունի վերադառնալու, Ծառուկյանի հարցազրույցը նրա համար էր, որ Քոչարյանին ժեստ արվեր, որ «ինքը չմտածի` իրեն չենք ուզում»:
Հետաքրքիր է:
Ընդ որում, ըստ մեր աղբյուրների` «հարկավոր» տեղում (նախագահականում) ոչ այնքան «այդ մասին` վերջին դասին» խիստ «քաղաքական և գեոպոլիտիկ» հանգերգից են զայրացած, այն է` «խոսքի և գործի», ստորագրված կոալիցիոն հուշագրի և այն որևէ «կերպ» չհիշատակելուց, որքան այդ ստորագրության ֆոնին դրսևորած նյու մոտեցումից, թե ԲՀԿ-ն մտադիր է առավել լայն կոալիցիայով գնալու ընտրությունների («լայն կոալիցիան» էն օրն Արամ Հարությունյանի դեմքում վռազ գլուխը հանեց ծակից, ու թե` ես եմ էդ «լայնը». հասկանալի է` այս անգամ ևս կգտնվի «մեկը», որը կհոգա դռնեդուռ ընկնող Արամի` նախընտրական «ամեն ինչ կարամի», այն է` գրավի ծանր հոգսը. ի դեպ, մոռացել ենք` ինչպե՞ս էր սույն Արամի կուսակցության անունը` նո՞ւռ, չէ՜, վայ թե` «բո՛ւռ»):
Այլ կերպ ասած` այդ «լայն» կոալիցիան առայժմ գնում է խորհրդարանական, այնտեղից էլ` «դուզ Համզաչիման»` նախագահական ընտրությունների. «Ծառուկյանը չի ուզում նախագահ դառնալ, բայց կուզի այնպիսի մեկը լինի, որին ինքը «ասող» լինի», արձանագրում են ԲՀԿ-ում:
Դուք «վաբշե» «ասացիք»:
ԲՀԿ-ում (բացի նախարարական, գործարարական, չինովնիկական, էլ չենք ասում` Գեղարքունիքա-մարզպետական, Գյումրիա-բալասանյանական շերտերից, որոնք վախեցած ու կապտած սպասում են` կարո՞ղ է իսկապես նախագահականից իրենց «ղրկեն» ընդդիմություն. հետն էլ պնդում են, թե երբե՛ք Գագոն ընդդիմություն գնացողը չի) խորախորհուրդ արձանագրում են. միանշանակ է` իրենք 50+1-ը ջեբներում ունեն, իրենց համար կարևորը խորհրդարանական ընտրություններն են, իսկ նախագահականն ածանցված կլինի դրանից:
Ոնց հասկանում եք` ընթանում է ներկոալիցիոն, իսկ իրականում` ներիշխանական «մաստեր-կլաս»: Կամ` կամ:
Գագիկ Մելիքյանի վրա ուժեղ գոռացած Հովիկ Աբրահամյանը (ասա, թե բան ունեիր «հարկավորներին» ասելու, գնայիր դիմացի մայթ, «մոտիկից» ասեիր, էլի. խորհրդարանի ամբիոնից ու աթոռից դեպ մյուս մայթ գոռա՞լս որն է), մեզ անհայտ պատճառներով, գնում-գալիս է նախագահական:
Նրա լավն ուզողները պնդում են, թե Արգամիչի ուզածն ընդամենն ապագայում ԱԺ պորտֆելը պահելն է, որ ԱԺ իմիջը մի քիչ էլ բարձրացնի… գաղտնիք չէ, ԱԺ-ն իր օրոք և այս օրերին «մեռնում» է «մի ուրիշ հանգուցյալի ձևով». իր քսանամյա կենսագրության ընթացքում ԱԺ-ն այսօր մի այնպիսի պարապուրդի է մատնված, որ ԽՍՀՄ որևէ կիսաքանդ-ավերված «շինություն» այդպիսի «շինիչ» կազմաքանդում չէր կարող ենթադրել. նիստերի դահլիճն անվերջ ու խիստ փառահեղ դատարկ է, օրինագծերի քննարկումները դիտմամբ` խնդրել-աղաչելով ձգձգում են, որովհետև ԱԺ-ում ոչ մեկն օրենսդիր գործունեությամբ չի զբաղվում, օրենք գրող չկա, անմիաստ հարցեր են տալիս բոլորը, եթե ներկա են, որպեսզի ժամանակ ձգեն, չորս օր տևող նստաշրջանը մեկ օրում չավարտեն, խայտառակ չլինեն, իսկ թե ինչ է կատարվում խորհրդարանական երբեմնի ամենահետաքրքիր ասուլիս-բրիֆինգների ժամանակ, անիմաստ է ասելը, որովհետև ո՛չ խմբակցություններն են գալիս, ո՛չ էլ լրագրողները:
Բոլոր դեպքերում, խիստ հարցական է ապագայում Արգամիչի ԱԺ-ում «մնալու» հանգամանքը: Եթե չասենք` իսպառ բացառվում է: Պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնց այսօր չենք անդրադառնա:
ՈՒ հիմա (ՀՀԿ-ական Ջոնիկ-եղբայրն արդեն իսկ ԲՀԿ-ում է. հասկանալի է` նա ևս ՀՀԿ ցուցակում չի լինելու) նրանք փորձում են սեփական խաղը սեփական փաթեթավորմամբ ներկայացնել ալամ Հայաստանին (ըստ չար լեզուների` հարյուր միլիոն գումար նետելով խորհրդարանական ընտրությունների համար, բոլորին և ամենքին իրենցով անելով «բեզ պրոմոխ». Արամ Հարությունյանի մասին արդեն ասացինք` «զնմանների» և նրանց «գտանումների մասին» առաջիկայում հերթով ասելու ենք) և խորհրդարանում «մեծամասնություն» ունենալ:
Ի դեպ, նույն ԲՀԿ աղբյուրները տեղեկացնում են, որ իրենց լիդերներին ահավոր դուր չեն գալիս ընդդիմության հետ ՀՀԿ-ի («պոդրազումիվայեմ»` ում) երկխոսությունը (բա չէ. թողնելու էին, որ ԲՀԿ-ն «խաղար»-երկխոսեր ՀԱԿ-ի հետ, ինչպես 2008-ին, ինչպես Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղավ), չնայած այս առնչությամբ ինչ-որ տեխնոլոգիա նույնպես ասպարեզ նետվեց. այն է` ԲՀԿ-ն կմիանա ՀԱԿ-ի հետ:
Հարցնում եք` ինչո՞ւ «ծնվեց» այդ լուրը:
Որովհետև ԲՀԿ-ում շատ լավ են հասկանում, որ ինչ-որ իքս պահի (ընդ որում, որքան մենք ենք տեղեկացված, «իքս» պահը, «կամ` կամը», շատ մոտ է. ընդհուպ մինչև այս շաբաթ) կառաջարկվի` կամ ստորագրել երկրորդ թուղթը` առաջինի ոգուց բխած. այն է` կոալիցիան միասնական ցուցակով է գնում խորհրդարանական ընտրությունների, որպեսզի «խաղեր» տալու ամպլիտուդը իշխանությունում լինելու հաշվին բացառվի, կամ առաջարկ կլինի գնալ ընդդիմություն և ընդդիմադրաբար ու օլիգարխորեն պայքարել խորհրդարանական ընտրություններում «ցանկալի» 50+1-ի համար:
Մեկ անչափ լուրջ, գուցե ոչ տեղին հարց էլ. ո՞վ է «սատարում» ԲՀԿ-Արգամիչ տանդեմին դրսից. Ռուսաստա՞նն արդյոք (լավ, մի՛ ծիծաղեք, կնեղանան). Հայաստանում «հավասարակշռություն», Սերժ Սարգսյանի վրա «դագանակ» ունենալու համար… հանա՜ք բան չէ. Սամվել Կարապետյան կա Մոսկովում։ Քավոր: Լութիկի Արթուր, որն ամեն օր «կոսմոնավտին» է տեսնում, Իշտոյանին, իմա` «նստում-վեր է կենում» Պուտինի ու Պուտինենց հետ…
Իսկ «այդ մասին` վերջին դասին»:
(շարունակելի)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ