ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար)
-Օբամա-Էրդողան հանդիպումից հետո, հակառակ հայկական կողմի սպասումներին, կրկին մեջտեղ բերվեց ղարաբաղյան հակամարտությանն ու արձանագրությունների չվավերացմանն առնչվող խնդիրը։ Ի՞նչ եք կարծում, սա հայկական դիվանագիտության հերթական ձախողո՞ւմն էր։
-Հերթական անգամ հայկական դիվանագիտության հաշվարկները չիրականացան, այսինքն` այդ հանդիպումից ակնկալում էինք, որ Օբաման պետք է պահանջի Թուրքիայի վարչապետից շուտափույթ վավերացնել արձանագրությունները, սահմանը բացել և հարաբերությունները կարգավորել։ Այնինչ Օբաման բառացիորեն հայտարարեց. «Շնորհավորում եմ վարչապետին այն որոշ համարձակ քայլերի համար, որոնք նա կատարել է հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու համար։ Խրախուսել եմ նրան շարունակելու շարժվել այդ ճանապարհով»։ Ասել է` բավականին մեղմ ձևակերպում, որը ոչ մի կերպ չես կարող համարել ճնշում Թուրքիայի վրա։ Քանի որ Օբամա-Էրդողան հանդիպումը լակմուսի դեր խաղաց այս գործընթացների իրական էությունը հասկանալու համար, ուստի պահն է լուրջ խմբագրումներ մտցնելու հայկական դիվանագիտության մեջ, որի առաջին քայլը պաշտոնական մակարդակով համարժեք պատասխան տալն է։ Ոչ պաշտոնական հայտարարություններն անլուրջ ընդունելու կարիք չկա, էլ ուր մնաց պաշտոնականը։ Այս ամենը լռության մատնելը կնշանակի, որ այն, ինչ Թուրքիան մշտապես Հայաստանին ներկայացրել է, նախապայման չէ, այլ արդարացի պահանջ։ Եվ միայն Հայաստանն է, որ նախապայմանների լեզվով է խոսել ու այսօր էլ հրաժարվել է դրանից։
-Փաստորեն, եթե Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում նման հայտարարություններին, ենթադրվում է, որ Հայաստա՞նն է «նախապայմանների լեզվով խոսել»։
-Այո, որովհետև գնահատականներ չեն տրվել։ Վերջին հաշվով, հարաբերությունների նորմալացման գնացող երկրի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը և գործը պետք է համապատասխանեն։
-Այսինքն, արձագանք ո՞ր օղակից պետք է սպասել` արտգործնախարարությունի՞ց, նախագահականի՞ց...
-Պատասխան կարող է տրվել վարչապետի, եթե ոչ նախագահի մակարդակով` անընդունելի համարելով գործընթացի ուղղվածությունը։ Ստացվող ուղերձն այն է, որ եթե հարկ համարեցին ընդունել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ճանաչումը, պատմական հարթության վրա միջկառավարական հանձնաժողովի ամրագրումը, ուրեմն ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Թուրքիայի հաջորդ պահանջը ևս Հայաստանում կընկալվի որպես արդարացի պահանջ։ Սրա դեմը չառնելը կամ ՀՀԿ մամուլի խոսնակի պատասխանը, թե «շուտ-շուտ հալվա ասելով բերանը չի քաղցրանա», կարծում եմ` ստեղծված իրավիճակին համարժեք դիրքորոշում չէ։
-Կարելի՞ է ենթադրել, որ մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չի շտապի վավերացնել արձանագրությունները։
-Այո, Թուրքիան ստացել է ժամանակային պատուհան։ Ավելին, ինքն է խնդիր դրել միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահող երկրների առջև, որ արձանագրությունների համար չի պատրաստվում որևէ քայլ անել, քանի դեռ ղարաբաղյան խնդրում առաջընթաց չկա։
-Ասել է` հակառակ էֆե՞կտը եղավ` Թուրքիա՞ն ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրեց։
-Տվյալ պարագայում, իսկապես, Թուրքիան կարողացավ իր կշիռն ավելացնել։ Այս տարիների ընթացքում նա մեծ կարևորություն ձեռք բերեց բոլոր պետությունների համար։
-Այս ամենը հիմք տալի՞ս է ենթադրելու, որ ԱՄՆ-ի նախագահն այս տարի ևս «ցեղասպանություն» բառը չի արտասանի։
-Գրեթե վստահ եմ, որ այդպես էլ կլինի, անկախ այն հանգամանքից` արձանագրությունները վավերացված կլինե՞ն, թե՞ ոչ։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ