«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
18.10.2011 | 00:00

Ո՞րն է մեր նպատակը: Որո՞նք են մեր միջոցները: Եվ, վերջապես, ինչպե՞ս իրականություն դարձնել մեր նպատակները: Մեր նպատակը Հայաստանը արդար, անվտանգ և համընդհանուր բարեկեցության երկիր դարձնելն է: Մեր միջոցներն են ընտանիքը, դպրոցը, եկեղեցին, համալսարանները, կուսակցությունները, նախագահի ինստիտուտը, Ազգային ժողովը, կառավարությունը, բազմաթիվ այլ պետական և ոչ պետական կազմակերպություններ ու կառույցներ:
Իսկ հիմա փորձենք դիտարկել, թե ինչ որակներ ունեն այն միջոցները, որոնցով մենք պետք է հասնենք վերոհիշյալ արդար, անվտանգ և համընդհանուր բարեկեցության երկրի կառուցմանը:
Հայ ընտանիքների ճնշող մեծամասնությունը, անկախ սոցիալական դիրքից և վիճակից, ապրում է առտնին-առօրեական հոգսերով ու ցանկություններով` հանուն ներընտանեկան գերակա շահի: Եթե սոցիալապես անապահով խավերի առումով սա ունի քիչ թե շատ հասկանալի պատճառներ, ապա միջին, հատկապես հարուստ և մեծահարուստ խավերի պարագայում այս վարքագիծն անընդունելի է ու հանցավոր, քանզի բացակայում է ապագայի տեսլականը և առաջ չեն քաշվում հեռահար նպատակներ: Դպրոցներում շատ են «դասատուները», քիչ են «ուսուցիչները»։ Կան առանձին մտավորականներ, սակայն չկա մտավորականություն` իբրև համակարգ: Համալսարաններում չկան մտավորականության վերարտադրման բավարար պայմաններ: Ազգային եկեղեցին մտահոգևոր ճգնաժամի մեջ է, փոխարենն ակտիվանում են տարատեսակ աղանդավորական շարժումները:
Պետական կառավարման համակարգն էլ այս ամենի տրամաբանական արտացոլանքն է: Զարգանում են քաղաքական կուսակցությունները, սակայն չի զարգանում քաղաքագիտական միտքը, և չկա քաղաքական մշակույթ: Իշխող քաղաքական կոալիցիան, ըստ էության, մի քանի կլաններից բաղկացած ցեղային միություն է, որը սերտաճել է պետական իշխանությանը: Սա իր բացասական ազդեցությունն ունի հանրային կյանքի բոլոր բնագավառների վրա ընդհանրապես և տնտեսավարման վրա մասնավորապես: Տնտեսությունում արտադրության հիմնական միջոցը հողն է, և դիտվում է առևտրի բուռն զարգացում, ինչն իբրև հենքային գործընթաց բնորոշ է մինչարդյունաբերական, ագրարային հասարակություններին: Սա հիշեցնում է ուշ ֆեոդալիզմի ժամանակաշրջանը: Այս ամենի պատճառն այն է, որ, որպես կանոն, քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում անգրագետ կամ կիսագրագետ տարրերը և, որ ավելի վտանգավոր է, ֆեոդալական աշխարհընկալումներով ապրող կլանները:
Հայաստանում տիրապետող գաղափարաբանությունն ազգային պահպանողականությունն է: Այն ինտենսիվ կերպով քարոզվում է ՀՀ-ում իշխող քաղաքական վերնախավի կողմից` տանելով այնտեղ, ուր այժմ գտնվում ենք, այսինքն, ոչ մի տեղ առայժմ չի տանում, քանզի ազգային-պահպանողական գաղափարաբանությունը գործնականում վերածվել է ինստիտուցիոնալացված օլիգարխիայի ունեցվածքի և ազդեցության պահպանման գործիքի: Այսպիսի համակարգում արագ բարելավումներ հնարավոր չեն, փոխարենը հնարավոր են արագ անկումներ: Այս համակարգը կլանում կամ մերժում է բոլոր այլընտրանքները:
Այսօր Հայաստանը կանգնած է համակարգային փոփոխությունների հրամայականի առջև: Ապագա քաղաքական համակարգը չպետք է լինի հասարակության ո՛չ գագաթը, ո՛չ կենտրոնը և ո՛չ էլ համակարգաստեղծ միավորը, ինչպես այժմ է: Այն ընդամենը հասարակությունում գործող համակարգերից մեկն է, թեկուզ և շատ կարևոր:
Ելքը կարող է լինել քաղաքական սերնդափոխությունը: Հարևան Վրաստանի առաջանցիկ զարգացումը սրա վառ օրինակն է: Մեր երկրում քաղաքական սերնդափոխությունն արդեն իսկ ուշացել է: Իրականության մասին այլ, նորարարական պատկերացումներ ունեցող կրթված, բանիմաց, թեկուզ և ոչ բազմափորձ երիտասարդ սերունդը կարող է բարեփոխել իրականությունը: Իրականության մասին պատկերացումների փոփոխությունը կհանգեցնի իրականության փոփոխությանը: Առանց աշխարհընկալման փոփոխության զարգացումն անհնար է: Աշխարհընկալման փոփոխության կարող է հանգեցնել նոր գաղափարաբանական-քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է զարգանալ, կերպափոխվել և հարմարվել արագ զարգացող հետարդյունաբերական քաղաքակրթության տարափոփոխ պահանջներին:
Առաջանցիկ զարգացման համար հայությանն անհրաժեշտ են քաղաքակրթական նոր արժեքներ և գաղափարական, համակարգային այլընտրանքներ: Այն հասարակական կամ քաղաքական ուժը, որը կկուտակի բավականաչափ ինտելեկտուալ ռեսուրս, կդրսևորի անհրաժեշտ կամք և կհամարձակվի տալ այդ այլընտրանքը, նա էլ կդառնա ապագայի ուղղորդողը:
Տիգրան ԵՓՐԵՄՅԱՆ

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ