Օրերս Գագիկ Ծառուկյանը շատ նեղ շրջապատում հարկ է համարել ասել, որ ինքը, այսինքն` ԲՀԿ-ն, ընտրությունների է գնալու մեն-մենակ, ու որ ինքն այլևս ոչ մեկից ու որևէ բանից կախում չունի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հետ առանձնապես գործ չունի, ինքն իր համար գնալու է խորհրդարանական ընտրությունների ու փորձելու է անպայման մեծամասնություն ձեռք բերել` 50+1 տարբերակով: Ծառուկյանը նույն միջավայրում նաև հետաքրքիր որոշ կարծիքներ է հայտնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին:
Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել: Նախ այն, որ, բոլոր դեպքերում, ինչ-որ բան Քոչարյանի և Ծառուկյանի միջև այն չէ, թե Քոչարյանը, այնուհանդերձ և ըստ ամենայնի, հասկացել է, որ իր քաղաքական վերադարձը միֆերի ոլորտից է, և որ ինքն անվերջ հարվածի տակ է դնում իր տնտեսական և քաղաքական նապարնիկին, ուստի ինդուլգենցիայի «թուղթ» է տվել «Բարգավաճին», որպեսզի վերջինս կարողանա հանգիստ գնալ ընտրությունների և հարվածի տակ չընկնել: Կամ էլ Քոչարյանը փորձում է երգով նահանջել` հարկավոր պահին այլ ուժերով առաջ գալու, «Բարգավաճին» կրկին իր գիրկն առնելու համար:
Դժվար է ասել:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը, ապա աղբյուրներն այդ մասին «լռում» են:
Ի դեպ, մենք փորձեցինք Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից ճշտել խնդրի «էությունը», ինչն ինչոցը. վերջինս ասաց, որ նման բան իրեն հայտնի չէ, որևէ հավաք` թե՛ լայն, թե՛ նեղ շրջանակներում, վերջերս «Բարգավաճում» չի եղել:
Վերջին «դրվագն» էլ, որին ականատես եղանք, ԱԺ ծառուղում կազմակերպված ֆուրշեթն էր, որի ժամանակ Սերժ Ազատի Սարգսյանն ու Գագիկ Կոլյաևիչ Ծառուկյանը «զմիմեանս» կոնյակ էին ըմպում, բոլորի ներկայությամբ ջան ասում ու ջան լսում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ