«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԱՌԱՅԺՄ ԶՈՐԱՎԱՐԺՎՈՒՄ ԵՆՔ

ԱՌԱՅԺՄ ԶՈՐԱՎԱՐԺՎՈՒՄ ԵՆՔ
15.02.2011 | 00:00

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղում կրկին տեղի կունենան զորավարժություններ: Թվում էր, թե նախորդ հզոր ու լայնածավալ, պատերազմականին մոտ զորավարժություններով արդեն իսկ ամեն բան ասվել էր:
«ՀԱՍԿԱՑՈՂԻՆ` ՄԻՆ, ՉՀԱՍԿԱՑՈՂԻՆ` ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻՆ»
Թե՛ ռազմական ուժի, թե ռիտորիկայի առումով: Սերժ Սարգսյանն էլ դժվար գտնի այնքան դիպուկ ու ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք հնչեցին այդ օրերին: Մանավանդ որ «ձևակերպումները» համահունչ էին ոչ միայն հայաստանյան, տարածաշրջանային, այլև համաշխարհային ուժային կենտրոնների մոտեցումներին:
ՈՒստի այսքան կարճ ժամկետում երկրորդ նման զորավարժությունները կարող են, չէ՞, տեսակետ առաջացնել, թե՝ էս հայերն աչքներիս մի տեսակ շատ «ռազմատենչականն» են երևում՝ «ռազմվում են ու տենչում, ռազմվում են ու տենչում»: Կարծես թե՝ առավել պրագմատիկ հաշվարկով: Ի տարբերություն ռիտորիկա բանեցնող ու սպառնալիքներից դենը գնալու կարողությամբ չօժտված (վկա՝ իննսունչորսի պարտությունն ու զինադադարի արձանագրումը) ադրբեջանական կողմի, որն էլ կարծես շատ վատ է հասկանում նույն միջազգայինների՝ իրեն հղված մեսիջները, որոնք սկսվում են պատերազմի անթույլատրելիության մասին հրովարտակումներից, ավարտվում Ադրբեջանում ահաբեկչությունների հնարավորությամբ (Դոմոդեդովոյի «պատկերով» և «նմանությամբ»), ընդդիմադիր «Մուսաֆաթի» ակտիվացմամբ, եգիպտական դեպքերի կրկնության զգուշացմամբ (ի տարբերություն Հայաստանի), Ալիևների կլանի և գերդաստանի ուղղությամբ արվող ակնարկներով:
Այսպիսով, Ղարաբաղում կազմակերպվելիք նոր զորավարժությունները, ըստ ամենայնի, նույն՝ «Հասկացողին` մին, չհասկացողին` հազար ու մին» կոնտեքստում են:
ԲԱ ՀԵՏՈ՞
Բա էն, որ նկատեցի՞ք՝ ձեն-ձուն չկա Մոսկվայում սպասվելիք հանդիպման (Մեդվեդև-Ալիև-Սարգսյան) մասին: Ընդ որում, եթե հանդիպումը չի կայանում (ինչի հավանականությունն այս պահին բավականին մեծ է), դա նշանակո՞ւմ է՝ ԱՄՆ-ն ընդհանրապես այս փուլի համար կանգ է արձանագրում (ՃՄԽ-ի Սաբինան այդպես էլ ասում է՝ խաղաղ բանակցային գործընթացը սառեցված է), որպեսզի աշխարհն ու հատկապես «արաբստանները» «կարգի» բերելուց հետո ձեռնամուխ լինի այս տարածաշրջանի խնդիրների լուծմանը: Մասնավորապես, փորձելով «փաթեթով» Իրանի հարցը ևս հորով-մորով անել: Ինչն էլ իր հերթին փոփոխության կհանգեցնի ղարաբաղյան հարցում հաստատված ստատուս քվոյում:
Հետաքրքիրն այս ամենում, սակայն, այն էր, որ արևմտյան երեք հայտնի կենտրոնները՝ «Ջենիս», «Ստրատֆոր», ՃՄԽ, երբ տարածաշրջանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հանդես եկան գրեթե նույնական՝ Ղարաբաղյան հայաստանյան-ղարաբաղյան արձագանքներով:
Ասել է՝ ԱՄՆ-ը փորձում է հնարավորինս «կանգնեցնել», չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը հիմնախնդրի, տարածաշրջանային զարգացումների վրա, հետ քաշելով Ալիևին՝ սպասվող մոսկովյան հանդիպումի՞ց, թե՞ այս «մարշ-բրոսոկում» կա նաև Ռուսաստանի կամքը ևս, որը շատ լավ հասկանալով, որ այս փուլում, երբ վերաձևվում է աշխարհը, այդ հանդիպումը բացարձակապես ոչինչ չի տա, բացի «գալըչկայից», այդ իսկ պատճառով էլ չպնդեց, որ այն տեղի ունենա (հիշենք, որ, բոլոր դեպքերում, փորձագետները հանդիպման հնարավորությունը չեն բացառում):
Փորձենք հասկանալ:
ՄՈՒՄԻԱՆԵՐԸ ՇԱՐԺՎՈՒՄ-ՈՒՏՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՄԵՆԱԿ ՊԱՌԿՈՒՄ ԵՆ
Ո՛չ, ո՛չ մի քաղաքական ենթատեքստ մեր հարցադրման մեջ չկա: Էն որ Թութան համոնի (ի՜նչ անամոթն եք, ո՞վ է այս ամենի տակ դնում Ռոբերտ Քոչարյանի կոդը) արձանը գողացել են, դա նկատի ունենք:
Այսպիսով, ինչպես ցայս պնդել ենք, էլի ենք պնդում. Եգիպտոսը մնում է բանալի՝ աշխարհի համար: ՈՒ դեռ հայտնի չէ` զարգացման ի՞նչ ուղի կընտրի Եգիպտոսը: Իզուր է Թուրքիան կրկին մեյդան ընկել ու փորձում է ցույց տալ, թե ինքն է ամենաօրինակելին, ամենաթուրքը՝ իսլամական ողջ աշխարհում: Իմա՝ թուրքական չափավոր իսլամական (՞) մոդելն «ամենալավիկն է», և այն պետք է ընդօրինակի ողջ արաբական աշխարհը:
Իրենից առաջ էլ Իրանն էր պնդում, որ Եգիպտոսում ընթացող զարգացումներն իրենց «լավիկության» փաստն են արձանագրում: Իմա՝ դրանք շատ նման են 1979 թ. իրանական իսլամական հեղափոխությանը:
Արևմուտք-ԱՄՆ-ն էլ, բնականաբար, առաջ քաշեց եգիպտական բանակը՝ մտքում փայփայելով լիբերալ ուժերի գերակայության տեսլականը, իրականում հասկանալով, որ դա հնարավոր բան չէ, ու ըստ ամենայնի, ԱՄՆ-ը փորձելու է մի յուրօրինակ հիբրիդ-պատրաստուկ ստանալ Եգիպտոսում՝ բանակից-լիբերալներից-«մուսուլմանական եղբայրներից» կազմված միքս ստեղծելով:
Չմոռանանք, որ այս ամենի համար ժամանակ է պետք: Մինչև սեպտեմբեր այս տվայտումները կշարունակվեն: Ինչն էլ իր հերթին կնշանակի, որ որոշակի հստակեցումներ գլոբալ-տարածաշրջանային առումներով չեն լինի:
Տարածաշրջանում ԱՄՆ-ն ընտրել է լենինյան հայտնի սկզբունքը՝ «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» կոնֆիգուրացիան: Որքան էլ պարադոքսալ է:
Իրանի գլխին պահելով «մեկ քայլ առաջը»՝ Մուբարաքի ճակատագրի դամոկլյան սուրը (համենայն դեպս, երկու տարի առաջ ԱՄՆ-ը հիմնովին ձախողվեց Ահմադինեժադին երիտասարդների և «Ֆեյսբուքի» միջոցով ներսից շարժելու, խաղից հանելու ձեռնարկում, այդ իսկ պատճառով էլ եգիպտական մոդելը շատ ուսուցողական է լինելու ոչ միայն արաբական կողմերում, այլև Իրանի):
«Երկու քայլ հետով» Արևմուտք-ԱՄՆ-ն ասպարեզ է նետում «Ջեյնիսի» և ՃՄԽ-ի զեկույցները:
ՀԱՄԱԿՐԵԼԻ ՄԵԹ, ԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԱ՞Ր
Այսպիսով, մեր մասով ի՞նչ է ասում Արևմուտքը:
Դիմելով ՀԱԿ-ին, իսկ առաջին հերթին հոգեխանգարմունքի («մունք» բառի՞ց է առաջացել այդ եզրույթը) մաստեր-կլասների մեծ մասնագետ Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև վերջերս իբր թե բզբզացող, «հոգեխանգարմունքի» մեծ արվեստից ոչինչ չհասկացող (մարդը կրակելով է զբաղված եղել… նկատի ունենք մազերը) Քոչարյանին ու նրա մերձավորներին ասում է՝ չի՜ լինելու որևէ կարգի՝ սոցիալական, եգիպտական հեղափոխություն:
...Օրերս լուր առանք, թե իբր Քոչարյանը Ռոբերտ Նազարյանին ասել է՝ վեց ամսով երկարաձգիր, «բրատան», գազի թանկացումը. հետո էլ շուռ եկել Սերժին թե՝ ախպերն ախպորն էս խորհուրդը չէր տա: Իսկ մենք, որպես գործող իշխանություն՝ չորրորդ իշխանություն, Քոչարյանին խորհուրդ կտանք՝ վիրտուալ խորհրդատվական գործունեությունն առանձնապես չշարունակել, որովհետև մեր թե՛ գազի խողովակները, մանավանդ Իրանից Հայաստան մտնող այլընտրանքային գազամուղը, թե՛ մնացած բոլոր ենթակառուցվածքներն ինքն է տվել Ռուսաստանին, ու ճիշտ կանի՝ երիտթոշակառուի խորհուրդներն իր «Սիստեմայում» իրականացնի, որի գործերն էլ, ասում են, Լուժկովից հետո, շատ վատ են, ու առաջին հերթին այդ է պատճառը, որ նա համառորեն, բայց խիստ անարդյունավետ, փորձում է «խորհուրդներ տալ» Հայաստանին:
Մի խոսքով՝ հեղափոխություն Հայաստանում չի լինի, և եթե 2008-ի բուռն օրերին, երբ Ազատության հրապարակը եռում ու պարում էր Լևոնի «տակ», իսկ Քոչարյանը (որոշ գնահատումներով) ծափ էր տալիս այդ պարերի հանգի վրա, որպեսզի Սերժը թուլանա ու թուլանա, ինչը դրսի ուժերին, խաղացող կենտրոններին նույնպես ձեռնտու էր, այս անգամ ևս նույների գործառույթները այդ նույն շրջանակում են լինելու: Եվ՝ ոչ ավելին: Այնպես որ, «գիտահետազոտական-միտահետազոտական», վարչապետի պաշտոն, դեղնագույն, բայց բութ ճուտիկներ, թիթիզություն են: Սա՝ ի միջի այլոց:
Հասանք Ջենիսին: Էս էն Ջենիսը չէ՞, որ Ռիչարդ Կիրակոսյանն էլ էր էնտեղ «պարապում»: Էն է: Էն Ջենիսը չէ՞, որ գրեթե մշտապես դրական բաներ է ասում Սերժ Սարգսյանի մասին: Ոնց որ՝ էն է:
Բայց պարոնայք, այն նաև երբեմնի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Փենինգթոնի կնոջ ամսագիրը չէ՞: Պիտի որ: Ճիշտ է, վերջինս թրքուհի է (համ էլ կներեք, բայց ոնց որ պարոն Փենինգթոնն ու նա մեկ տարի է բաժանված են. դե Wikileaks-ն էդքան լուրեր է տալիս, մի անձնական լուրի էլ մենք անդրադառնանք. Wikileaks-ի ու մուլտի-կուլտի տեսությունը մի քիչ մեզանում «զարգացնենք», ի՞նչ կլինի որ)… Պաուզան ձգե՞նք ու տրվենք, այսպես ասած, աշխարհիկ խոսք ու զրույցի՞ն: Մի հետաքրքիր հարցադրում անելու համար: Լավ, որ ուզո՜ւմ եք: Էրեխեք, ինչ-որ շա՞տ չեն ամերիկացիք ամուսնանում թուրքերի հետ: Էդ ամուսնացածներին մի քիչ շատ չե՞ն մեր կողմերն ուղարկում` մեր հարցերով զբաղվելու։
Լավ, գլուխը քարը, որ Սաբինայի ամուսինը նույնպես թուրք է: Բա էն Բրայզա՜ն: Յուր Զեյնո Բարանով (ինչ էլ համակրելին է Զեյնոն:): Նաև՝ դիվանագետ: Իսկ որ ամենակարևորն է՝ ահագին խելացի: Չէ, Բրայզան էլ է համակրելի ու խելացի (էն ո՞վ է ասում՝ ավանտյուրիստական հակումներ ունի), էդ Բրայզան չէ՞ր, որ համանախագահ եղած ժամանակ կարողացավ ղարաբաղյան գործընթացը բավականին սահուն տանել-դնել ԱՄՆ-ի «տակ»: Էդ ի՞նքը չէր, որ լիքը արտահոսքեր կազմակերպեց նույն խնդրով՝ քողազերծելով պայմանավորվածություններն ու փաստաթղթերը:
Ինքն էր: Ընդ որում, որոշ գնահատումներով, այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես անչափ անդեմ կառույց է դարձել (մի կերպ ենք տեղը բերում՝ ո՞վ է Ռուսաստանի այսօրվա համանախագահը, ու Պոպովի փոխարեն էլի Մերզլյակովի անունն ենք տալիս, իսկ Բրադկեին, բացի Քոչարյանի մոտ հայտնի, ավելին՝ սիրելի այցից հետո, երբ նա գնաց ու ասաց՝ տեղդ խելոք նստի, «մայ բրատան». մի րոպե. քանի կալի վրա ենք, մի խորհուրդ էլ չտա՞նք պարոն Բրադկեին առ այն, որ մի հատ էլ թող ելնի-գնա Քոչարյանի մոտ, ասի՝ հանգի՜ստ, անկանոն շարժումներն էլի ավելորդ են, և վնասելու են լոկ քեզ. մեր «միակը թյուրիմացաբար»: Թե էն մի անգամը լիուլի բոլ էր, որ Քոչարյանը չթպրտա, բավարարվի Տանզանիայում առյուծ-վագր-կատու… մորթելով):
ԵԱՀԿ ՄԽ անդեմ լինելն է, թերևս, պատճառը, որ Լավրովն իր ձեռքն է վերցրել ՄԽ ողջ գործընթացը, որին էլ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել նույն Բրայզան: Խաղի մեջ հնարավոր հավասարակշռություն ապահովելով:
ՈՒ գալով դեպ նյութի սկիզբ, ասենք, որ փորձագետների մի մասը կարծում է, որ հենց Բրայզան է, ըստ ամենայնի, հորդորել Ալիևին՝ չմեկնել Մոսկվա՝ անպտուղ բանակցությունների, այլ սպասել մեկ-երկու ամիս, երբ ԱՄՆ-ը, ձեռքը վերցնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման հսկիչ փաթեթը, ինչպես եղավ Բրայզայի ՄԽ համանախագահության ժամանակ, կասի՝ ինչպես անել, ումով անել, ինչքան «վերաբեռնել» Ռուսաստանը, ինչքան՝ ոչ:
Ինչ վերաբերում է Ջեյնիսի արտահայտած մտքերին, ապա հակամարտող կողմերին թե՛ Ջեյնիսը, թե՛ ՃՄԽ-ն վախեցնում են պատերազմի ուրվականով: Ասենք, մեզ «սպասվող» օդային հարձակումներով: Իսկ Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարմարավետ դիրքով: Ջեյնիսը նախանձից չի ասում նաև C-300-ներով՝ Ռուսաստանից գնված, արձանագրում է պարզապես, որ «զրահամեքենաների թվով երկու կողմերն էլ հավասար են»:
Այնպես որ, պատերազմի ուրվականով վախեցնելը մնացել է միակ խաղաքարտը, որին կհաջորդի կամ իրոք պատերազմը, կամ…
Մենք առայժմ զորավարժվում ենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ