«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՕԼԻԳԱՐԽՆԵ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ «ՀԵՌՈ՛Ւ ՄԱՆ ԵԿԵՔ»

ՕԼԻԳԱՐԽՆԵ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ «ՀԵՌՈ՛Ւ ՄԱՆ ԵԿԵՔ»
29.07.2011 | 00:00

ԱԺ վերջին արտահերթը խիստ տեսարժան էր: Տեղի էր ունեցել «հողահավաք»: Օլիգարխներն էին եկել: Խելոք, կուլտուրական նստել, ունկնդրում-ակնդրում էին նիստը:
ՀՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԲՀԿ-Ի՞
Արտահերթի քաղաքական «մոմենտին» անդրադարձել ենք. «որոշների» կողմից նպատակ կար նիստը տապալելու, նախագահականը կանխել էր: Աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը զանգել էր խմբակցության ղեկավարներին, հրահանգել` մեկ մարդու պես ներկա լինել, ոչ մեկի համար բացառություն չի լինելու:
Գրիգորիչ «իմաստուն» Գալուստն էլ, որպեսզի «օլիգոլիկներին» մեկ մարդու պես բերման ենթարկի, զանգել-ասել է` բա դե հիմա, տղերք, բարով-խերով էն մի «սազիվն» ավարտվել է, նոր «սազիվ» է սկսվում, շուտ եկեք, թե չէ էլ պառլամենտի երես չեք տեսնի, ձեր շահից է բխում:
Գրիգորիչի խոսքերի մեջ, ինչպես գիտենք, տիեզերքն է «բարբառում»: Գաղտնիք չէ, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունից հետո իշխանությունները ձեռնամուխ են լինելու «սպեցիֆիկ» բարեփոխումների` խորհրդարանի օլիգաթափությանը:
Հազար ու մի պատճառով: Նախ` քաղաքական. Սերժ Սարգսյանը փորձում է ռեֆորմիստի կերպարով հանդես գալ այս ընտրություններում. նախորդ ընտրություններից, մարտի 1-ից հետո սա ամենառեալ աշխատող ուղին է:
Սկսելով ընդդիմության հետ գործընթացից, առաջիկայում նա կանցնի «օլիգոպոլիաների» խնդրին, կփորձի հնարավորինս «տարանջատել» քաղաքականությունը կապիտալից, մասամբ դա անելով նաև ընդդիմության ձեռքով: Մի խոսքով` խորհրդարանը հնարավորինս կմաքրվի օլիգարխիայից: Ընտրական արդարություն կամ գոնե դրա իմիտացիան ապահովելով:
Տնտեսական. գաղտնիք չէ, որ օլիգարխների որոշ մասն «օլիգոլիկ» է դարձել Քոչարյանի օրոք, և առայսօր գտնվում է նրա ազդեցության դաշտում` իր բոլոր «հետևանքներով» հանդերձ:
«Օլիգաթափման» հարցում, փաստորեն, հաճելին կհամակցվի օգտակարի հետ, և գործարարների մեծ մասը, իսկապես, ստիպված կլինի «հեռու ման գալ պառլամենտից»:
ՈՒ քանի որ, ինչպես ասացինք, մուհամեդներն իրենք էին այդ օրը եկել սարի մոտ, փորձեցինք ճշտել` ի՞նչ են մտածում մեր թանկագին ու անմոռանալի օլիգարխներն ապագա պառլամենտում իրենց «լինել-չլինելու» շեքսպիրյան դիլեմայի, իրենց թեկնածությունները մեծամասնականով դնել-չդնելու մասին, և ընդհանրապես, ի՞նչ են անում նրանք «դաբրո» ստանալու ուղղությամբ:
Մեր բախտն ուղղակի բերեց. ՀՀԿ ֆրակցիայում հենց այդ պահին, «երկնքից» աթոռի վրա հայտնվեց ոչ անհայտ ինքը` Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը: Լիմինդրովիչից փորձեցինք նախ ճշտել. այդ ի՞նքն է, որի «քուղերը պետք է կապենք». ասել է թե` ճի՞շտ է, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսության նախակարապետն ինքն է` դեռ մ.թ.ա., երբ ՀՀՇ-ի գրասենյակը դեռ Խանջյանի վրա էր, ու ինքն էր հոգում շենքի արենդայի հոգսերը, գումարն անմիջապես փոխանցելով Մանուշակ Պետրոսյանին: Մինչ կձևակերպեինք հարցը, Լիմինդրիչի աթոռն արդեն դատարկ էր. աթոռը վայրկյանների տակ լքած, աստրալ մարմնի վերածված գործարարը դռների մոտից հասցրեց արտաբերել. մի լավ բան մարդու համար չեք անի, փոխանակ լրագրողներով փող հավաքեիք, օգնեիք տուժած մարդուն, ի՞նչ հարցեր եք տալի… (գործարարը նկատի ուներ իր վառված ու «շլանգով» իր հանգցրած «Փարվանայի» հրդեհը):
Իսկ ընդհանրապես, պետք է հարկավորը մատուցել Սամվել Ալեքսանյանի արագությանն ու անհետանալու կարողությանը. նա կա ու չկա, պահի տակ այնպես է կարողանում ծլկել լրագրողների ձեռքից, որ «նեուլավիմի Ջոն» ղալաթ է արել:
Բայց, դե, մենք էլ միամիտներից չենք. քիչ հետո նրան բերման ենթարկեցինք միջանցքում. բազմոցին նստած զրուցում էր ԲՀԿ-իստ Կարո Կարապետյանի հետ, երբ տեսավ, որ հեռվից մոտենում ենք, նույն աստրալ ճարպկությամբ մոտեցավ-մոտեցավ Կարոյի քիթ-բերանին, իբր ահավոր կարևոր բան է խոսում, ու ոչ մեկն իրենց չպիտի խանգարի, ոչ մեկի համար տեղ չկա, հետո, երբ տեսավ` հանգիստ գլխին կանգնած սպասում ենք` ավարտի, երբ հասկացավ` պրծում չկա, հանդա՜րտ` էքստրասենսորիկ ամենակարողությամբ գրեթե տեղավորվեց Կարոյի ողնաշարում. իբր` ինքը չկա՜:
-Եվ այնուհանդերձ, պարոն Ալեքսանյան, առաջադրվելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններում, թե՞ ոչ:
-Ես Կարոյի հետ խոսում եմ: Տե՛ս, խոսում եմ:
-Պարոն Ալեքսանյան, առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Իսկ ինչի՞ չպիտի առաջադրվեմ: Կարա՞ս ասես, հը՞ը. կարո՞ղ ա, ուրիշներից պակաս եմ… լավ էլի, ինչ կլնի, գնա, ուրիշին մի քիչ հարցրու. ուժեղ-վաժնի խոսում եմ Կարոյի հետ:
Եվ, «այնուհանդե՜րձ», մեր տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանին Հայրապետյան Ռուբոյի (Նեմեցի) նման հետ են քաշելու, որպես դիդակտիկ նյութ` այլոց համար, թույլ են տալու նրանք իրենց ներկայացուցիչներն ունենան պառլամենտում` ինտելեկտուալ, գրագետ, ինչի փորձը Սամվել Լիմինդրիչն արդեն ունի` ի դեմս Կորյուն Նահապետյանի:
Այս երկուսի (Սամվել-Ռուբո) պառլամենտում չընդգրկվելն ամենաէականն է բոլոր մնացած օլիգարխների հետ համեմատած. նրանք հիմնականում նախագահականի թևն են ներկայացնում, և «իրեններին» հետ քաշելով` իշխանությունն ազդանշան է ուղարկում մնացածներին, մասնավորապես ԲՀԿ-ի օլիգոպոլիկ բավականին հայտնի ներկայացուցչությանը, որ նոր խաղատախտակ ու նոր խաղ է գծվում:
ՄՆԱՑՅԱԼՔ ԲԱԼԱՍՏ ԵՆ
Հասկանալի է, մնացածի դեպքում ևս խնդիրները Սերժ Սարգսյանի համար հեշտ չեն: Վերջիններս, ի դեպ, բացի իրենց այլ այիբներից, երբեք չեն գալիս պառլամենտ: Զորօրինակ` Ս. Սարգսյանի ֆավորիտներից Հարություն Փամբուկյանը: Այս «դեպքն» ընդհանրապես ամենաարտառոցն է` ոչ միայն երբեք պառլամենտ չգալու (ասում են, որ մեծ կոնֆլիկտ ունի Հովիկ Աբրահամյանի հետ), այլև շատ նուրբ մի հանգամանքի պատճառով. Փամբուկյանը ՀՀԿ գործկոմի անդամ է և գործկոմի նիստերին նույնպես չի մասնակցում: Այնպես որ, այստեղ «թեմա» իսկապես կա, չնայած կարծիք կա, որ նրա հարցը մեխանիկորեն է լուծվելու: «Հեռու է ման գալու»:
Իսկ մնացածները երազելով երազում են կրկին պառլամենտում հայտնվել: Պատճառներին չանդրադառնանք, շատ է գրվել. նրանք վստահ չեն, որ առանց անձեռնմխելիության, առանց պատգամավորական մանդատի, կարող են այս երկրում «գոյատևել», շարունակել իրենց բիզնեսը, մոնոպոլիան…
Այսպիսով, ի՞նչ է մտածում ոչ անհայտ Ջերմուկի Աշոտ Արսենյանը (Հանս Քլոսը) իր ապագայի մասին. հիշենք, որ այս ընդհատակյա և բացահայտ Կորեյկոն նստել է նէպի, Ալեքսանդրի, բոլորի օրոք, նա բարեհաջող մոնոպոլիզացնում է Ջերմուկի անտառներն ու հանքային ջուրը, համ էլ` «օսոբո պրիբլիժոննո կ իմպերատորու» (նրա մասին անչափ հետաքրքիր ու տխուր պատմություններ են պատմում Ջերմուկում` ոչ Կայծակ Զեյթելյանի, այլ` «թեմայով». մի օր գուցե և պատմենք)։
-Կմտածեմ` կասեմ: Բայց դե` ինչի՞ չպիտի առաջադրվեմ, որ:
-Տեսակետ կա, որ Ձեր ներկայացուցիչներին պետք է ուղարկեք պառլամենտ:
-Հլը ժամանակ կա դրա մասին մտածելու:
-Եթե «դաբրո» չստանաք, կհարմարվե՞ք Ձեր վիճակի հետ, թե՞ կգնաք համալրելու Քոչարյանի «շարքերը»:
-Ես իմ շարքերն ունեմ ու ոչ մի տեղ չեմ գնալու:
-Ի՞նչը Ձեզ կխանգարի, որ առաջադրվեք:
-Ոչ մի բանն էլ չի խանգարի, ես կամ համամասնականով, կա՛մ մեծամասնականով անպայման կառաջադրվեմ:
-«Դաբրո» ունե՞ք:
-Իհարկե` ոչ:
-Բա որ թույլ չտա՞ն:
-Թույլ տան-թույլ չտան, ո՞վ պիտի թույլ տա:
-Չգիտե՞ք: Ո՛չ ես:
-Խնդիր չկա:
-Կեցցե՛ք:
Օհո՜, սա հո արդեն Սեյրան Սարոյանն է` յուր ամբողջությամբ. այդ օրը նա հագել էր վարդագույն «մայկա»: Շատ էր սազում: Ռոզովի:
-Պարոն Սարոյան, առաջադրվելո՞ւ եք:
-Քեզի կասեմ աշունը: Մենակ քեզի կասեմ` իմացի:
Ասաց ու թփթփալեն աստիճաններից իջավ, վազելով գնաց, որ պրծնի մեզնից… Տառապանքը փորձ ունի. առաջին հարցազրույցը, որպես պատգամավոր, մեզ հետ է ունեցել. ինչ ուզել-ասել էր, գրել էինք` բոլոր «հետևանքներով» հանդերձ:
Այս ողջ ընթացքում խորհրդարանի միջանցքը զարդարում էր ոչ անհայտ Տիգրան Արզաքանցյանը. իր դեպքում կարելի էր կարծել, որ լռությունը ոսկի է, համա` չէ. ոչ մի վայրկյան տիտիկ չարեց նա նիստերի դահլիճում, դուրս եկավ մարդամեջ` միջանցք, հետո ժամերով պատասխանեց բոլոր լրագրողների հարցերին` իր «ոսկեղենիկ» հայերենով:
ՈՒ էկզոտիկն ամենևին էդ չէր. դահլիճից ընդմիջման դուրս եկող պատգամավորների դեմքերն էր պետք տեսնել, երբ նրանք տեսնում էին լրագրողներին հարցազրույց տվող Արզաքանցյանին, չէին դիմանում` ծլթացնում էին, ինքնակորույս հեռանում:
-Պարոն, Արզաքանցյան, առաջադրվելո՞ւ եք:
-Այո: Իհարկե:
-Արդեն «դաբրո» ունե՞ք:
-ՈՒմի՞ց պիտի ստանամ:
-Աստծուց:
-Դե, հիմա ես որոշել եմ, ես մեծամասնական որոշել եմ, որ պետք է, որ ես այս վերջի ժամանակներում, որ բոլոր տարածաշրջաններում ման եմ եկե, հանդիպել եմ իմ ժողովրդի հետ, համայնքի ղեկավարների հետ, տեսել եմ այսօրվա իրավիճակը` սոցիալական, աշխատատեղերի համար, մեծ խնդիրներ կան, մանավանդ պետբյուջեի ներդրումները նույնպես կարիք ունեն շատ, որ աշխատանքներ կատարելու համար, ես իմ աշխատանքն ունեմ խորհրդարանում շարունակելու, որ կարանանք մյուս նստաշրջաններում (ասում էր, չէ՞, Գրիգորիչը` սա այլ «սազիվ» է- հեղ.) կատարենք:
-Արզաքանցյան ջան, էս անգամ աչքիս շատ պարապած եք երևում, շատ գրագետ եք խոսում, բառերը հատ-հատ ընտրում եք, սիրասուն ժպտում եք: Իմիջմեյքե՞ր եք վարձել, ակնո՜ց եք դրել:
-Ակնոցներս դրեր եմ, որ լավ տեսնեմ:
-Մինչ էդ լավ չէի՞ք տեսնում: Որ հիմա դրել եք ու լավ եք տեսնում, կարո՞ղ է տեսնեք, որ լրատվամիջոցները ճիշտ են գրում:
-Որ լրատվամիջոցներն իրենց կոռեկտ չեն պահում, սխալ «լուռեր» են տալիս, պետք է պատժվեն:
-Դուք էլ հայերեն լավ չեք խոսում, ի՞նչ անենք:
-Հայերեն ես վատ չեմ խոսում, հայերեն ես խոսում եմ իմ ծննդավայրի լեզուն, թե ես գտնում եմ, որ ճիշտն ավելի լավ ա, քան սուտ խոսեն մարդիկ:
-Դուք սուտ չե՞ք խոսում:
-Ամեն մարդիկ իրենց կյանքում սխալներ թույլ են տալիս, բայց լրատվական ընկերությունները ժողովրդին չխաբեն, թուրիմացության մեջ չքցեն: Լրատվական ընկերությունները, որ «սութ» «լուռեր» են տարածում, լրատվական նորմալ թղթակիցները, որ կարում են որակով «լուռ» բաց թողեն, ես նրանց հարգում եմ, իսկ սուտ «լուռ» գրողներն իրենց պատիժը պետք է ստանան:
-Մեկ էլ Ռոբերտ Քոչարյանն է թերթերին ուզում «պատժել». կարո՞ղ է, թաքուն երազում եք, որ նա հետ գա…
-Հա՜-հա՜-հա՜ (հոգեցունց ծիծաղում է- հեղ.), իմ երազները թաքուն են, անձնական են:
-Ճի՞շտ է, որ Վոլոչկովային Հայաստա՜ն եք բերել, բա՜ն…
-Ես Վոլոչկովային չեմ բերե:
-Ձեզ ծանո՞թ է ինքը:
-Այո, ես մշակույթի` բոլոր մշակույթի հետ լավ ծանոթ եմ:
Էդ է, ուզում էինք ճշտել «բոլոր մշակույթի» հետ ինչ է արել Հայաստանում մեր ակնոցավոր Արզաքանցյանը, երբ խորհրդարանի դռների միջից դո՜ւրս եկավ նույն ինքը` Սարգսյան Լևոնը (Ալրաղացի), ու դա նրա առաջին երևումն էր այս ողջ գումարման խորհրդարանական պատմության մեջ, և մենք ստիպված էինք լքելու անգամ «այնպիսի» էկզոտիկ «դեպք», ինչպիսին Արզաքանցյանն է` է՛լ ավելի մեծ էկզոտիկայի մեջ հայտնվելու համար:
Լևոն Սարգսյանը լրագրողներից ոչ մեկի հարցին չպատասխանեց… բացի մեր հարցերից:
-Առաջադրվելո՞ւ եք:
-Անպայման:
-Ե՞վ:
-Առաջադրվելու եմ: Նույն ընտրատարածքից: Բա ուրիշ որտեղի՞ց:
-Եկել եք` մասնակցելու խորհրդարանի աշխատանքների՞ն:
-Այո:
-Ո՞նց է ստացվել:
-Արդեն ժամանակ ունեմ, դրա համար էլ գալիս եմ, առաջ ժամանակ չունեի, չէի գալիս:
-Ի՞նչ էիք անում, որ «ժամանակ չունեիք»:
-Էդ արդեն մյուս խորհրդարանում: Կգամ-կասեմ:
…Պատկերացնո՞ւմ եք, և այս ամենը` առանց քաշքշուկի, առանց էքսցեսների… և նույնիսկ առանց ինձ «սպանելու»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ

Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 22.07.2024