«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՆԵՐՎԱՅԻՆՆԵՐԸ ԼՔԵՆ ԴԱՀԼԻՃԸ

ՆԵՐՎԱՅԻՆՆԵՐԸ ԼՔԵՆ ԴԱՀԼԻՃԸ
09.12.2011 | 00:00

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Թե՛ «արևմտից», թե՛ «արևելից», էլ առավել` «հյուսիսի» կողմերում:
Բայց ինչպես միշտ` հերթով։

«Ա՛Յ, ԸՍԵ՛ՆՑ»
Բա ո՜նց. Արևմուտքը մեզ` Հայաստանին, նրա իշխողներին գովում-ասում է` կարգին տղերք եք, մալադեց, գործ եք անում, հարևանություն` թե՛ եվրոպական, թե՛ ասոցիացված, թե՛ արևելյան, թե՛ Թուրքիո ու Իրանո (Վրաստանո էլ), նույնիսկ` Ռուսիո, շարժեր կազմակերպում:
ՈՒ ճիշտ է անում, որ գովում է:
Որովհետև հարավկովկասյան երեք երկրներից տևական ժամանակ ամենակայուն, ամենահավասարակշռված խաղը Հայաստանն է տանում` էն էլ Ռուսաստանի օրհնված ոտքի և 49 տարվա ռազմաբազայի պայմաններում:
«Արևմտիցը» կանչում է Սերժ Սարգսյանին «Յուրոփ» ու ասում` «թուենթի փոինթս գոո՜ւ… գոո՜ւ… գոու թու Արմենիա»:
ՈՒ նույնքան անհամբեր ԵԺԿ-ն (բոլորդ էլ գիտեք` ինչ ասել է ԵԺԿ և կուսակցականների-ղեկավարների համաշխարհային ինչ բարձրաստիճանների փաղանգ է ներառում) կրծքանշանը փակցնում է Սերժ Սարգսյանի կրծքին, ՀՀԿ կրծքանշանի կողքին` դիֆիրամբաձոնման մի ուրիշ ձևով:
Եվ դա նախ և առաջ` հանդեպ Հայաստան, քանզի մեր Հայաստանը դարպաս է արևելքի ու արևմուտքի միջև (իսկ սա, սըրեր ու սըրուհիներ, միստրներ ու միստրուհիներ, ամենամեծ խաղաքարտն է Հայաստանի, որն էլ այս իշխանությունները խաղարկում են բավականին խելամիտ, որպես չունեցած նավթա-գազա-հումքային ռեսուրսների այլընտրանք):
Եվ ապա` հանդեպ Սերժ Սարգսյանի, որի խելքը հասավ մանևրել ղարաբաղյան հարցում (իսկ ՀԱԿ-ին և նրա հետ փոխկապակցած ու չերերացող «համագործակիցներին» թվում էր, թե հրես` Սերժը մի ժամից տալիս է Ղարաբաղը` հենց միայն նրա համար, որ «փոխկապակցվածները» գան իշխանության` վարչապետ-բան դառնան), համ էլ հարևանություն անել, իսկ առավել ստույգ` փորձել շարժել այնպիսի խաղաքարտ, ինչպիսին Թուրքիայի հետ հարաբերություններն են` բացառապես շահելով այդ խաղում (որքան էլ այլք «ֆուտբոլային դիվանագիտության» վրա կառուցեն իրենց բաբելոնյան աշտարակը` փլվելու համար):
Այսպիսով և այո, Արևմուտքն ակնհայտորեն քարտ բլանշ է տալիս Հայաստանին (ինչո՞ւ` այդ մասին առաջիկա նյութում), օգնում է ֆինանսապես (հիշենք` օրերս Բրյուսելում էր Տիգրան Սարգսյանը` «Յուրոփի» հետ ազատ առևտրի գործերով. համապատասխան փաստաթուղթը կստորագրվի առաջիկա հունվարին), քաղաքականապես, հետն էլ չի թողնում, որ օրվա իշխանությունները ներքին խնդիրների առջև կանգնեն:
ՈՒրիշ ինչ կերպ բացատրել այն հանգամանքը, որ առաջինը կրծքանշանը փակցվեց ՀՀԿ-ի «մե՜ծ» կրծքին, հետո` փետրվարին, այն կփակցվի նաև ՕԵԿ-ի ու «Ժառանգության» կրծքերին:
Ճիշտ է, մեր ԵԺԿ-ն` ի դեմս «Յուրոփի», մի քիչ անհանգիստ է «Ժառանգության» ապագայով. ուզում է հասկանալ. կկարողանա՞ սույն սափրաբեղ ու շատ նիհարած կուսակցությունը 2012-ին դառնալ պառլամենտական («Ազատ դեմոկրատների» ջանը սաղ լինի, իրար օգնելով-բանով, Յովանովիչով-Հեֆերնով, մի բան կանեն), այնուհանդերձ, «Ժառանգության» կրծքում ԵԺԿ-ի համար նույնպես տեղ կա:
Իսկ ՕԵԿ-ի հարցում ամենահետաքրքիր պասաժն է` մանավանդ տիկին Էշթոնի Հայաստան, համապատասխանաբար էլ Արթուր Բաղդասարյանի` դեպ Ռուսաստան այցերից հետո:
Այո, այդով ՕԵԿ-ը հայտնվում է («թեն փոինթս գոու թու ՕԵ՜Կ») առաջանցիկ կուսակցությունների ցանկում` նույնքան հետաքրքիր հեռանկարներով և պեյզաժներով:
Իսկ ԲՀԿ-ի կրծքին` ոչ մի կրծքանշան: (Ասում են` երբ ԵԺԿ համապատասխան հանձնաժողովի անդամները Հայաստանում են եղել, ԲՀԿ-ն նրանց դոշին ահագին «անկեղծացել» է` ՀՀԿ-ի մասով):
Եվ ուրեմն` ԲՀԿ-ին, բացի ՀԱԿ-ից, ոչ ոք կրծքանշան «չտվեց»:
Ընդ որում, պնդում կա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին ուղղված քաղաքական ամուսնության առաջարկը, որը վերջինիս միտինգային ելույթում սահունորեն դարձավ «քաղաքական վերլուծություն», առավել քան Ռուսաստանի կողմից պարտադրված «ամուսնական» առաջարկ է «եղել», ինչն էլ, փաստորեն, շատ լուրջ և պատճառաբանված ապահարզանի տարավ ՀԱԿ-ը` վերջինիս արևմտյան հատվածին ստիպելով ճակատային հակադարձումների գնալ ընդդեմ Տեր-Պետրոսյանի: Հիմնադիրն իր «սարատնիկների» հետ չի երկնչում հեռացած և այսպես շարունակվելու դեպքում` հեռանալուն պատրաստվող ՀԱԿ-ական ուժերին անարգանքի սյունին գամելուց` այլոց ձեռամբ, ինչին ի պատասխան Արարատ Զուրաբյանի հարցազրույցն ուղղակի «անթերի» ստացվեց: Ինչևէ:

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԷԻՔ` ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ
Ընդ որում, եթե զուգահեռաբար դիտարկենք ներ և արտքաղաքական զարգացումները, ապա կնկատենք շատ հետաքրքիր մի օրինաչափություն ևս: Նախ, որքան մենք ենք տեղեկացված, ՀՀԿ երբեմնի «ըմբոստ» թևը շատ է ցանկանում, որ կոալիցիան պահպանվի, երկարարև լինի, արևշող լինի: Էլ ավելին` միասին գնա առաջիկա խորհրդարանական ընտրություններին (չենք ասում, որ կոալիցիոն որոշ ուժերի մասով այդ որոշումը բացառապես Ռուսաստանն է կայացնելու), այնուհանդերձ, ուզում ենք հարցնել. ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք միասին գնալը. մանավանդ որ երկու մյուս կուսակցությունները` ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, արդեն իսկ հայտարարել են միայնակ գնալու մասին:
Մանավանդ որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Յուրոփում, թե՛ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները բացառապես ՀՀԿ-ի օգտին են, և դա չֆիքսել չեն կարող ոչ միայն ՀՀԿ-ի լավն ուզողները, այլև չուզողները: Այդ թվում և` մարմրող պատրույգ ՀԱԿ-ը:
ա) ՆերՀՀԿ-ական և ոչ միայն, վերջին կադրային տեղաշարժերն իշխող թիմը մոնոլիտ դարձրին (կարծում ենք` դեռ շատ քայլեր առջևում են, ինչն էլ կամբողջացվի ՀՀԿ համամասնական ցուցակում, որով «կկոնստատացվի» երկրորդ սերնդի կադրային քաղաքականության ողջ էֆեկտը):
Ընդ որում, ի՞նչ է եղել, որ: Ռուսաստանի մասով. էստեղից կարող են մեր հյուսիսային «մատին» (մորը) ասել. շա՞տ ես վատանում քո ֆավորիտ ԲՀԿ-ի համար. «не надо, Федя». նրան կոալիցիայում չասացինք` «բայ», սակայն մենք մեր ՀՀԿ հարազատ ու թանկագին կուսակցությունում ունե՞նք իրավունք վերադասավորումներ իրականացնելու:
«Ա շտոժ»:
Եվրասիական միությանն ու նրան Հայաստանի անդամակցությանը (հա, ասում են` մի «հատ էլ» է Պուտինը գալու Հայաստան, իբր գազի, իսկ իրականում հենց Եվրասիայի «գործով») անդրադառնալու ենք հաջորդ նյութում:
բ) Հիմա, կոպիտ ասած` արտաՀՀԿ-ական զարգացումները ևս ՀՀԿ-ի օգտին են: ԵԺԿ կրծքանշանի մասին` ասինք: Սերժ Սարգսյանի` ԵԺԿ գագաթնաժողովի մասնակցության մասին` ոչ: Դե դա այն տեղն է, որտեղ Սերժ Սարգսյանը կարող է ոչ միայն տեսնել «Իշտոյանին, կոսմոնավտին, Մերկելին, Սարկոզիին..», այլև սա այն «համաշխարհային սովնարկոմ»-կուսակցությունն է, որին հետխորհրդային երկրներից մասնակցում են ընդամենն ՈՒկրաինան (ունի երեք կուսակցություն), Վրաստանը (երկու կուսակցություն):
Եվ որպեսզի «գիշերը թեժ լինի», իմա` մեր ասածը հասնի հատուկ չհասկացողներին (էս իշխանությունների վրա «կեղտ ու ինտրիգ» բռնողներին, մանավանդ` գեովեկտորային), տեղեկացնենք և հիշեցնենք, որ «Единая Россия»-ն նույնպես դիմել է ԵԺԿ-ին` անդամակցության մոմենտով:
գ) Այ, հիմա էլ պիտի ՀՀԿ «մույս» արտքաղաքական «բոնուսին» անդրադառնանք: Ռուսաստանում տեղի ունեցած ընտրություններին (սրան ևս ընդարձակ անդրադարձ ենք ունենալու առաջիկայում). բոլորը միաբերան պնդում են, որ «անալոգիան» էլ բեթար կլինի Հայաստանի պարագայում:
Ա՛յ, հիմա «ներվայինները դուրս են գալիս դահլիճից», ու ես հայտարարում եմ` էդպե՛ս չէ:
Ավելին` նույնիսկ հակառակը:
Որովհետև էսքան մեր հիվանդ գլուխն ու սիրտը ցավեցրինք` հասկացնելու, որ Հայաստանում բոլորովին հակառակ իրավիճակ է (Ռուսաստանում ո՞վ է արաբական չկայացած գարուն անում Պուտին Վլադիմիրի գլխին. նկատեցի՞ք` ընտրություններից մի ժամ անց ինչ հոգեբանական վիճակում էր Պուտին Վլադիմիրովիչը. նա շատ լավ հասկացել էր, թե ինչու իրեն թողեցին դնել իր թեկնածությունը` նախագահական ընտրություններում):
Իսկ սա դեռ սկիզբն է, և դեռ հարցական է, թե ինչ պասաժով նա կհասնի նախագահական ընտրություններին… կհասնի՜, կընտրվի՜ անպայման:
Բայց դա կլինի «այլ» Պուտին:
Դա կլինի այնպիսի Պուտին, որը մեզ շատ ձեռ կտա:
Կարծում ենք` ՀՀԿ-ին էլ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ