Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ 50 ՏՈԿՈՍԸ ՍԱԼԱՖԱԿԱՆ Է

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ 50 ՏՈԿՈՍԸ ՍԱԼԱՖԱԿԱՆ Է
07.10.2011 | 00:00

Մի առիթով` հայ և ադրբեջանցի քաղգործիչների ու լրագրողների հերթական «գովազդային» հանդիպման ժամանակ, բաքվեցի հյուրին հարց տվեցի իրենց երկրում արմատական իսլամի, մասնավորապես, վահաբականության տարածման հեռանկարների մասին։
Պատասխանը չոր էր և շատ անշնորհք, մոտավորապես «հույս չունենաք»-ի նման մի բան։ Իսկ իմ հարցը, որը բխում էր իրողություններից և անհանգստությունից, իհարկե, որակվեց որպես հերթական «հայկական սադրանք»։ Սակայն «մարդը որոշում է, Աստված` տնօրինում», և ահա հիմա հերթական անգամ, առանց կասկածի նշույլի, Ադրբեջանի իշխանությունները համառորեն իրենց գլխին «իսլամական գլխացավանք» են սարքում։ Այսպես, իսլամական կուսակցության անդամների դեմ ուղղված վերջին գործողությունները հանգեցրին այն բանին, որ Ադրբեջանի մի խումբ կրոնական գործիչներ` հիմնականում երկրի հարավային շրջաններից, դիմել են ՄԱԿ, Եվրամիություն, Իսլամական համագործակցության կազմակերպություն, ինչպես նաև այդ կազմակերպությունների անդամ երկրների ղեկավարներին ու բոլոր անկախ իրավապաշտպան կազմակերպություններին։ Դիմումում ասվում է, որ Ադրբեջանի պետական պաշտոնյաները շարունակում են հավատացյալների հետապնդումները, նրանց ձերբակալում են տարբեր պատրվակներով, աղոթավայրերն ապօրինաբար ավերվում են, գլխաշոր կրող հավատացյալ աղջիկների մուտքը բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ արգելվում է, և ամենագլխավորը` երկրի քաղաքական և սոցիալական կյանքին մասնակցելու հավատացյալների փորձերը կոպտորեն խափանվում են։ Հաշվի առնելով այս ամենը, կրոնական գործիչները ՄԱԿ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին կոչ են արել պահանջել ադրբեջանական կառավարությունից` կատարել ստանձնած պարտավորությունները։ Դիմումը հասցեատերերին է ուղարկվել արաբերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և չինարեն։
Մինչդեռ ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ դատարանները և, վերջին հաշվով, ո՛չ էլ իշխանությունները մտադիր չեն զիջումներ կատարելու։ Ավելին, խափանման միջոցները փոխելու բոլոր վճռաբեկ գանգատներն առայժմ, չնայած անբավարար հիմնավորվածությանը, բավարարված չեն։ Հիշեցնենք, վերջերս ձերբակալվել են երկրում ճանաչված կրոնական գործիչ հաջի Աբգյուլ Սուլեյմանովը և նրա տեղակալ Արիֆ Ղանիևը։ Ինչպես հաղորդվում է, նրանք Բաքվում Իրանի մշակութային կենտրոնի աջակցությամբ ստեղծել էին «Ջաֆարի» արմատական կրոնական խումբը։ Խմբի անդամները, իբր, «կրոնական արմատականություն են քարոզել, ինչպես նաև հավատացյալների շրջանում տարածել են թռուցիկներ, որոնք կրոնական տարբեր հոսանքների միջև թշնամություն սերմանող բովանդակություն են ունեցել»։ Հետագայում նրանց մեղսագրվել են նաև թմրամիջոցների, ինչպես նաև հրազենի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում և պահում։ Ձերբակալվել է նաև լրագրող, համացանցային «Իսլամ-ազերի» թերթի գլխավոր խմբագիր Ռամին Բայրամովը։ Խիստ հատկանշական է նաև այն, որ ադրբեջանական մամուլի հաղորդումների համաձայն, ձերբակալվածներից խլել են նրանց ժամացույցները, և հիմա նրանք ի վիճակի չեն իմանալու նամազի ժամերը, իսկ դա, իհարկե, ուղղահավատ մահմեդականների համար ոչ միայն իրավունքների խախտում է, այլև կատարյալ ծաղր։ Իշխանության բռնի զավթման մեղադրանքով արդեն երկամյա պատիժ են կրում նաև «Ենի ֆիքիր» երիտասարդական իսլամական շարժման ղեկավարները։ Մինչ այդ ձերբակալվել էր իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը։ Ադրբեջանական իշխանությունները վստահեցնում են, թե ձերբակալված բոլոր անձինք հրահանգներ են ստացել իրանական Կում քաղաքում գործող «Բարեպաշտ ուղի» գիտամշակութային կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի քաղաքացի Իսկանդեր Հուսեյնովից, որը մեղադրվում է ահաբեկության ու պետական դավաճանության մեջ, և որի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Ավելին, այդ խմբի անդամներն են, իբր, եղել արևմտյան պետությունների դեսպանատների առջև անցկացված չարտոնված գործողությունների կազմակերպիչները։ Նրանք, իբր, գրանցում չունեցող Ադրբեջանի իսլամական կուսակցության անդամներ են։ Բաքվի «չեկիստների» կարծիքով, նրանք ֆինանսավորվում են Իրանի կողմից և նպատակ ունեն Ադրբեջանում կառուցելու շիական պետություն։
Ինչպես և պետք էր սպասել, առավել ևս, որ մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում վաղուց արդեն բանի նման չէ, բոլոր ձերբակալվածներին անմիջապես միջազգային հանրությունը ճանաչել է որպես քաղբանտարկյալներ, իսկ նրանց առաջադրված մեղադրանքները` կեղծ։ Բայց դե Ադրբեջանի իշխանությունները, դատելով ըստ ամենայնի, թքած ունեն դրա վրա, և նրանք ոչ միայն անտեսել են «խղճի բանտարկյալներին» ազատ արձակելու բազմաթիվ միջնորդությունները, այլև խելքներին փչել է հրաժարվել մուտքի թույլտվություն ընձեռելուց Քրիստոֆեր Շտրասերին` ԵԽ ԽՎ գերմանացի պատգամավորին և Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի զեկուցողին։ Ընդ որում, նրանք այդ բանն արել են սովոր եղանակով. ԱԳՆ-ն հայտարարել է, թե մերժումը կապված է «քաղբանտարկյալ» հասկացության «համակողմանի չափանիշների բացակայության» հետ, և «նման չափանիշների բացակայության պայմաններում այցը կորցնում է իմաստը»։ Ավելին, ինչպես միշտ «խիստ, բայց արդարամիտ» ադրբեջանցի պատգամավորները սպառնալից նախազգուշացրել են` «Քրիստոֆեր Շտրասերի հետագա գործունեության մեջ պարզություն կմտցվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում»։ Ի՞նչ ասես։ Երևի նավթը խելքներն առել է։
«Ադրբեջանցի քաղբանտարկյալներ» թեմայի ամբողջ հրատապությամբ ու բազմակողմանիությամբ հանդերձ, տվյալ դեպքում, ավելի օրախնդիր է հետևյալ հարցերի քննարկումը` «Անխուսափելի՞ է, արդյոք, երկրի իսլամականացումը», և «Իսլամի ո՞ր ուղին նա կընտրի»։
Ինչպես վկայում են ուսումնական հաստատություններում գլխաշորի կրումն արգելելու դեմ ուղղված բողոքի գործողությունները, ուղղահավատ մահմեդականներն ավելի ու ավելի վճռականորեն են իրենց մասին հայտարարում երկրում։ Սակայն իշխանությունները համոզված են, որ ակտիվացումը չի նշանակում, թե իսլամականներն ազդեցիկ քաղաքական ուժ են դառնում, և համարում են, որ Ադրբեջանում իսլամականների դեմ աշխատող հզոր գործոններ կան` «մի կողմից, հասարակության մեջ ամուր կերպով արմատներ են գցել աշխարհիկ ավանդույթները, բայց, թերևս, ավելի կարևորն Ադրբեջանի իսլամականների պառակտվածությունն է»։
Ներկայումս այնտեղ կարելի է առանձնացնել երեք գլխավոր իսլամական հոսանք. Ադրբեջանի քաղաքական կյանքում ակտիվ դեր կատարող շիաները, որոնց ոգեշնչում է Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը, վահաբականները, որոնք իրենց «սալաֆականներ» են կոչում, այսինքն` նախագնաց «սալաֆների» ժամանակների իսլամի անաղարտության ջատագովներ, որոնք աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայից, և թուրքական միսիոներական խմբերը, որոնցից ամենանկատելին Ֆեթուլլա Գյուլենի շարժումն է։ Ընդ որում, որ ամենահետաքրքրականն է, բոլոր հոսանքներից միայն շիական քաղաքական ուժերն են հալածվում։ Պատահական չէ, որ Ադրբեջանի հասցեին վերջերս Իրանի արած ամենաաղմկալի հայտարարությունը, հավատացյալներին նեղելու առնչությամբ, սպառնալիքներ էր պարունակում, և դրա հեղինակը ոչ թե ինչ-որ շարքային էր, այլ հենց Իրանի գլխավոր շտաբի պետ Ֆիրուզաբադին։ Ի՞նչն է պատճառը։ Չէ՞ որ Բաքվում լրջորեն չեն կարծում, թե հնարավոր է իսլամական հեղափոխության ներթափանցում։ Եվ եթե, իրոք, ադրբեջանական պետականության աշխարհիկ բնույթին սպառնալիքի վտանգ կա, ապա, ըստ երևույթին, պետք չէր նյարդայնացնել իսլամի շիական ճյուղի ներկայացուցիչներին, որոնք, պաշտոնական տվյալներով, 65 տոկոս են։
Եվ ահա ադրբեջանական մամուլում հետաքրքիր առանձնահատկություն ենք հայտնաբերում. պարզվում է, շիա քաղգործիչները նախագահ Ալիևի վարչախմբի անհաշտ քննադատներ են, մինչդեռ վահաբական-սալաֆականների պարագլուխները ներկա կարգերի հանդեպ բարեհաճ վերաբերմունք են քարոզում։ Իսկ «Աբու Բաքր» խոշորագույն վահաբական մզկիթի իմամ, Մեդինայի համաշխարհային իսլամական համալսարանի (դա սալաֆականության ուսումնասիրության և արտահանության կենտրոն է) շրջանավարտ Համեթ Սուլեյմանովն առհասարակ բացահայտորեն հայտարարում է. «Մեր ավանդույթների ու ազգային նկարագրի համար մեծ խնդիր է», ինչպես որ նա է համոզված, «Ադրբեջանում քրիստոնեության տարածումը» և որոշ առումով` «ժողովրդավարության սոուսով պետության ղեկավարի պոստում քրիստոնյա դնելը, և Ադրբեջանը եվրոպական պետությունների ընտանիք ներառելը»։
Իհարկե, չարժեր ուշադրությունը սևեռել նման բացահայտ անհեթեթության վրա։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ կարգախոսների պարզության, կրակոտության շնորհիվ վահաբականներն ընդունակ են իրենց շուրջը համախմբելու մեծ թվով հետևորդների (այդ բանը նրանք ապացուցում են թե՛ Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում), ապա այդ զառանցանքներին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Ավելին, հանրության ծայրաստիճան սոցիալական բևեռացման և պառակտվածության պայմաններում, նրանք մեծ հաջողությամբ չարաշահում են մարդկանց գերսրված ցանկությունը` անպայման պատկանելու որևէ խմբավորման, տվյալ դեպքում` համայնքի (ջամահաթի), որի ընկալումը սալաֆականների շրջանում գլխավոր դերն է կատարում` «Աստծո աջը համայնքի գլխին է լինում»։
Վահաբականների թափանցումն Ադրբեջան արագացավ 1994 թ. չեչենական պատերազմն սկսվելուն պես։ Ըստ էության, առաջին քարոզիչները եկան ուղղակի այդ գոտիներից, ավելի քան 300 ադրբեջանցի ուսուցում անցավ Դաղստանի վահաբական կենտրոններում։ Արդեն 2003 թ. սալաֆականների 65 նոր մզկիթներ ի հայտ եկան Ադրբեջանում։ Երկրում սալաֆական ամենախոշոր մզկիթներից մեկը` «Աբու Բաքրը», կառուցվել է 1997 թ. Բաքվում` Քուվեյթի իսլամական ժառանգության ընկերության կողմից։ Այն դարձավ Ադրբեջանի ամենագործուն մզկիթներից մեկը։ Մինչ շիական կամ սուննիական մզկիթներն ընդունակ են միջին հաշվով մոտավորապես 300 մարդ ընդունելու ուրբաթօրյա աղոթքի համար, «Աբու Բաքր» այցելող մարդկանց թիվը սովորաբար հասնում է 5-7 հազարի։
«Քաղաքակրթությունների երկխոսության ինստիտուտի» (Պրահա) տնօրեն, իսլամագիտության և արդի իսլամական ծայրահեղականության հարցերի փորձագետ Տարաս Չեռնիենկոն գրում է. «Փակելով ադրբեջանական ժողովրդի համար ավանդական շիական մզկիթները, պետությունը երկար ժամանակ չտեսնելու էր տալիս մայրաքաղաք Բաքվում վահաբական «Աբու Բաքր» մզկիթի գործունեությունը։ Դրա պատճառով ժողովուրդը, որի կրոնահակությունը տասնամյակներ ի վեր ոչնչացնում էին կոմունիստները, այսօր ավելի ու ավելի քիչ հնարավորություններ ունի վերադառնալու իր համար ավանդական` իսլամի շիական դպրոց»։ Փոխարենը վահաբական քարոզչությունն արագ ծաղկում է, հաջակցություն նրա ծախսվում են հսկայական միջոցներ արտասահմանից, և Ադրբեջանի մայրաքաղաքում հավատացյալ մահմեդականների 50 տոկոսը սալաֆական է (նախկինում Բաքուն 75 տոկոսով շիական քաղաք էր)։ Փորձագետը պնդում է, որ «Սալաֆական քարոզիչները (ադրբեջանցի) արդեն ակտիվորեն գործում են Մոսկվայում և Ս. Պետերբուրգում, ինչպես նաև Կովկասում, առանձնապես կատաղի գրոհելով Դերբենդի (Դաղստան) շիական շրջանը։ Դրա պատճառով Դերբենդում, Բաքվում, Գյանջայում և այլ բնակավայրերում բանը հասել է զինված ընդհարումների և ահաբեկչական գործողությունների»:
Իսկ հետո կարելի է ենթադրել, և դա հեռու չէ իրականությունից, որ Պարսից ծոցի ավազանում հարաճուն մրցակցությունն Իրանի և Սաուդյան Արաբիայի` շիաների և սալաֆականների գլխավոր հովանավորների միջև կնպաստի լարվածության սրմանը Ադրբեջանի այդ երկու կրոնական խմբավորումների միջև։ Իսկ գլխաշորի տխրահռչակ հարցը, ինչպես և իշխանությունների քաղաքականությունը, կարող է սոսկ ամրապնդել իսլամականների դիրքերը և հեռանկարում խնդիրներ առաջացնել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ