Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ՉԱՐ ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԸ» ԴԵՌ ՇԱՏ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՀՐԵԼ

«ՉԱՐ ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԸ» ԴԵՌ ՇԱՏ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՀՐԵԼ
22.11.2011 | 00:00

Ի՞նչ կաներ մարդկությունը, եթե Աստված մի «գեղեցիկ օր» ցանկանար մարդկանց զրկել հումորի զգացումից։ Ահա հիմա էլ, երբ չեն դադարում տաք վեճերը «Նաբուկո» գազամուղի շուրջ, իսկ ռուսական իշխանության համար «Նաբուկոն» (անվանումը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի անվան կրճատ տարբերակն է) հույսերի խորտակման անտանելի մարմնավորում է, հայտնի դարձավ, որ վերակառուցված Մեծ թատրոնը երկար դադարից հետո որոշել է «հումոր անել» և խաղացանկ է վերադարձրել Ջուզեպե Վերդիի համանուն օպերան։
Այնքան էլ հասկանալի չէ, ի՞նչ են ցանկացել ակնարկել բեմադրիչները, այն, որ երբ Նաբուկոն հուզախռով վիճակում իրեն աստված է հռչակում, կայծակի հարվածը թռցնում է թագը նրա գլխից, և նա կորցնում է բանականությո՞ւնը, թե՞ օպերայի եզ-րափակիչ տեսարանները, երբ Բաբելոնի արքան «Փա՜ռք Նաբուգոդոնոսորին» ճիչերի ուղեկցությամբ ազատություն է տալիս Երուսաղեմի գերյալ բնակիչներին։ Բայց այսօր 21-րդ դարն է և, բարեբախտաբար, նման ակնարկների համար ոչ ոք չի պատժվում։ Բայց միգուցե Մեծ թատրոնում պարզապես որոշել են տո՞ւրք մատուցել մեծ իտալացուն։ Առավել ևս, որ ինքը Վերդին է գրել, թե այդ օպերայով է սկսվել իր իսկական գործունեությունն արվեստի բնագավառում։ Իրոք, «Նաբուկոն» միշտ էլ վիթխարի հաջողություն է ունեցել արվեստասերների շրջանում։ Իսկ գազամուղն ու քաղաքականությունն այստեղ, Աստծուն փառք, գործ չունեն։
Սակայն առայժմ, կարծես, անվանումների այս զուգադիպությունը քիչ հաջողություն է բերում չարաբաստիկ գազամուղին։ Համենայն դեպս, «դարի կառույցի» պլանավորման առաջին իսկ օրերից նրա շուրջ կրքերը չեն հանդարտվում, իսկ բուն շինարարությունն անընդհատ հայտնվում է ձախողման եզրին։ Այսպես, վերջերս Իրանի գազի արտահանման պետական ընկերության կառավարիչ տնօրեն Հոսեյն Բիդարմագզը «Նաբուկո» գազամուղի նախագիծն անվանեց «մեռյալ ծրագիրը» և պատրաստակամություն հայտնեց գազը Իրանից Եվրոպա հասցնելու Թուրքմենստանով։ Այդ ուղին, նրա ասելով, տնտեսապես ավելի շահավետ է, առավել ևս, որ 2009-ին «Նաբուկոյի» վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո ոչ մի քայլ չի ձեռնարկվել կառույցի շինարարության ուղղությամբ։ Կարելի է, իհարկե, այդ խոսքերը նախանձի հետևանք համարել, առավել ևս, որ, ինչպես հայտնի է, նախապես խողովակաշարի նախագիծը ենթադրում էր գազը մատակարարել Իրանի Պարսից ծոցի անչափ հարուստ հանքավայրերից։ Բայց նա, ով մշակում էր գազամուղի լցման հարցը և գծում էր երթուղին, ամենայն հավանականությամբ, հաշվի չէր առել քաղաքական իրավիճակը։ Այստեղ քաղաքականությունն ակներևաբար հաղթել է տնտեսությանը։ Տարածաշրջանում պայթեց իրաքյան պատերազմը և, ինչպես պետք էր սպասել, Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին։ Համապատասխանաբար, Սպիտակ տան համար, որը նախագծի գլխավոր խրախուսողն էր, Իրանի թեկնածությունը կտրականապես անընդունելի դարձավ։ Թեև խողովակաշարի լցման հարցը դեռևս լուծված չէ և շատ հավանական է չլուծված էլ կմնա առանց Իրանի մասնակցության։ Թեհրանը մեկ անգամ չէ, որ եվրոպացիներին «մատուցել է» իրողությունը և հայտարարել, որ «Նաբուկոյի» խողովակաշարի մասին խոսակցություններն «առանց Իրանի մասնակցության անհեռանկարային են, և դրանք սոսկ դատարկ խողովակներ են»։ Սակայն, ըստ էության, իրավիճակը չի փոխ-վում։ Իսկ վերջերս էլ Իրանն ու Պակիստանը համաձայնագիր ստորագրեցին գազամուղի շինարարության շուրջ, որի պաշարային հիմքը իրանական «Հարավային Պարս» հանքավայրն է։ Ճակատագրի հեգնանքով, հենց դա և եվրոպացիների` Իրանի հետ կապված սկզբնական ծրագրերն էլ հիմք են հանդիսացել «Նաբուկո» անվանման համար։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի ազգային զարգացման նախարար Տամաշ Ֆելեջին ևս կասկածի է ենթարկել «Նաբուկոյի» շինարարության նպատակահարմարությունը։ Նա հայտարարել է, որ կառույցը կարող է արժենալ 26 մլրդ եվրո` նախկինում նախատեսված գումարի քառապատիկը։ Բացի այդ, պարզվում է, ավստրիական OMV ընկերությանը, որն զբաղվելու է շինարարությամբ, այդպես էլ չի հաջողվել պաշարներ գտնել խողովակաշարը լցնելու համար։ Իրաքը` «Նաբուկոյի» առանցքային մատակարարներից մեկը, նախագծի նկատմամբ իր վերաբերմունքն այսպես է արտահայտել. «Դեռ շատ շուտ է խոսել նախագծի համար իրաքյան գազի մատակարարումների մասին, քանի որ երկրում գազի արտադրությունն անհրաժեշտ մակարդակի չի հասել, որպեսզի կարողանանք արտահանել»։ Սրանք Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադի խոսքերն են։ Ովքե՞ր մնացին` Ադրբեջանն ու Թուրքմենստանը։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանում առայժմ ավելի շատ խոսակցություններ կան, քան գազ, որն ապահովեր բոլոր խողովակներն ու բոլոր ուղղությունները։ Ավելին, Անկարայի հետ վերջին համաձայնագրերից հետո Բաքվում հայտարարել են, թե Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տարանցման երթուղու վերջնական տարբերակը կճշտվի 2012-ի կեսերին և նոր գազամուղի կառուցման որոշումը կարող է վերջնականորեն թաղել «Նաբուկոյի» կառուցման տարբերակը։ Ընդ որում, նշվում է, որ «Շահդենիզ» նախագծի «2-րդ փուլից» Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի առաքման համար քննարկվում է մի քանի տարբերակ։ Առաջինը Թուրքիայի գոյություն ունեցող գազառաքման կառուցվածքի կատարելագործումն է, երկրորդը` «Նաբուկոն», երրորդը` մի նոր գազամուղի կառուցումը։ Դրա համար կստեղծվի կոնսորցիում, որը կքննարկի Թուրքիայի արևելքից արևմուտք նոր գազամուղի շինարարության տարբերակը, իսկ «տնտեսապես առավել ձեռնտու տարբերակը կընտրվի գազամուղի կառուցման առևտրային նպատակահարմարության հետազոտությունների արդյունքների հիման վրա։» Նոր գազամուղի թողունակությունը կկազմի «առնվազն 16 մլրդ խորանարդ մետր. 10 մլրդ-ը` Եվրոպայի և 6 մլրդ-ը` Թուրքիայի արևմտյան շրջանների համար», իսկ «Շահդենիզ» նախագծի «2-րդ փուլի» ֆինանսավորման բաժնետերերի վերջնական որոշումը կկայացվի 2013 թ.։ Արժեքը գնահատվում է 20 մլրդ դոլար։ Իսկ ինչ վերաբերում է գազամուղի բոլոր նախագծերի իրացման ժամկետներին, ապա այստեղ բոլորի հնարավորությունները հավասար են. ընտրված խողովակաշարերից ցանկացածը կսկսի գործել 2017 թ., երբ «Շահդենիզ-2»-ից կհանվի առաջին գազը։
Մնաց Աշգաբադը։ Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերի Աշգաբադ կատարած պաշտոնական այցը կարևոր իրադարձություն եղավ նախագծի պաշտպանության առումով։ Շատ լրատվամիջոցներ մեջբերել էին Ավստրիայի նախագահի հետևյալ խոսքերը. «Այս «Նաբուկո» նախագծում մենք տեսնում ենք ինչպես Եվրամիության, այնպես էլ Ավստրիայի կարևոր շահերի ու դիրքերի արտահայտությունը։ Մենք առանձնակի հետաքրքրություն ենք հանդես բերում այդ նախագծի իրականացման նկատմամբ։ Ավստրիայի համար դա հատկապես լավ է, քանի որ նախագիծը տանում է ուղիղ դեպի Ավստրիա։ Հնարավորություն կա մեզնից անցնելու այլ սպառողների։ Մեր շուրջն ապրում է 100 մլն եվրոպացի, և նրանք հնարավորություն ունեն օգտվելու այդ գազից»։ Սակայն Կասպից ծովի բաժանման պայմանագրի բացակայության և Մոսկվայի ու Թեհրանի կոշտ և ներկայումս միաբանված դիրքորոշման պատճառով նախագծի իրացումն այդ ուղղությամբ էլ է քիչ հավանական։ Ավելին, մինչև հիմա այն հույսերը, թե թուրքմենական գազը կլրացնի «Նաբուկոյի» ազատ թողունակամասը, մի քիչ կասկածելի են։ Առայժմ Աշգաբադը հաջողությամբ աշխատում է թե՛ չինական, թե՛ իրանական ուղղությամբ` շարունակ ավելացնելով մատակարարումները, և դա, ըստ էության, տանում է թուրքմենական գազի հանույթի բոլոր նոր ծավալները։ Վերջերս ուշադրությունը տեղափոխվել է ՈՒզբեկստանի վրա։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ Քարիմովի վարչակազմի հետ Եվրոպայի հարաբերությունների ջերմացումը պայմանավորված է հենց դրանով, իսկ վերջին բոլոր բանակցությունների առանցքային հարցը ՈՒզբեկստանի հնարավոր միացումն է «Նաբուկո» նավթագծին։ Բայց այստեղ էլի խնդիրներ կան, և ՈՒզբեկստանի մասնակցությունն անդրմայրցամաքային գազամուղի շինարարության նախագծին գրեթե հնարավոր չէ։ Բանն այն է, որ ՈՒզբեկստանում առայժմ չկան բնական գազի ավելորդ պաշարներ, որ հնարավոր լիներ «Նաբուկո» նախագծով ուղղել Եվրոպա, իսկ եղածներն էլ արտահանվում են Ռուսաստան։
Այնպես որ, եթե առաջ ծրագրվում էր, թե գազամուղը շահագործման կհանձնվի 2017-ին, ապա վերջերս այն հետաձգվեց մեկ տարով։ Ավելին, «Հարավային գազատար միջանցքի» շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի հիմքեր են տվել այն մեկնաբանության համար, թե «Նաբուկոն»` ապագա երեք գազանախագծերից մեկը, որպես տարբերակ կարելի է թաղել։ Չէ որ, ինչպես հայտնի է, «Հարավային գազատար միջանցքը» Եվրամիության համար առաջնային էներգետիկ նախագծերից մեկն է։ Այն կոչված է բազմազանեցնելու էներգամատակարարումների երթուղիներն ու աղբյուրները և դրանով իսկ մեծացնելու Եվրամիության էներգետիկ անվտանգությունը։ «Հարավային գազատար միջանցքի» նախագծերին են պատկանում Անդրադրիատիկ գազամուղը, ITGI-ն` Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազամուղը, «Սպիտակ հոսքը» և «Նաբուկոն», որի հետ առայժմ հարցերն ավելի շատ են։ Շատ հետաքրքրական է, որ ամերիկացիներն են խոսել, թե ԱՄՆ-ի քաղաքականությունն այն է, որ կոնկրետ այս կամ այն նախագիծը չի պաշտպանում, բայց ընդհանուր առմամբ Հարավային էներգետիկ միջանցքի հայեցակարգի կողմնակից է։ Վերջին հաշվով, կոնսորցիումը կարող է և «Նաբուկո» նախագիծը չընտրել։ Այդ պարագայում նրանք մտադիր են պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի էներգետիկ հաղորդուղիների և Կովկաս-կասպյան տարածաշրջանում ամերիկա-բրիտանական ջանքերով ստեղծված էներգետիկ համալիրի նկատմամբ։ Պատահական չէ, որ նրանք նոր էներգետիկ լուծումներ են մտմտում։ Եվ դրանցից գլխավորը, «եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդման» հետ մեկտեղ, «Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների վաճառահանման շուկաների առավելագույն ընդլայնման միջոցով նրանց տնտեսական զարգացմանը նպաստելու» մտադրությունն է։ «Մենք ընդամենն ուզում ենք համոզվել, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները կարող են սեփական որոշումներն ընդունել իրենց բնական պաշարների արդյունահանման և արտահանման առնչությամբ` իրենց իսկ սեփական շահերից ելնելով»,- ընդգծում են Վաշինգտոնում։ Այնպես որ, «չար Նաբուգոդոնոսորը» դեռ շատ պատերազմներ կարող է հրահրել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ