«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԿԱՊԿՈ՞ՒՄ», ԹԵ՞ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

«ԿԱՊԿՈ՞ՒՄ», ԹԵ՞ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
06.12.2011 | 00:00

Սովորաբար, ռուսաստանյան ցանկացած զարգացում թեև անուղղակիորեն, սակայն իր արձագանքներն է ունենում նաև Հայաստանում։ ԱԺ տարբեր խմբակցությունների ու անկախ պատգամավորներից փորձեցինք գնահատականներ լսել ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքների և Հայաստանում դրանց հնարավոր կրկնության առնչությամբ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ դիտորդական առաքելություն է իրականացրել Ռուսաստանում, ու, նրա փոխանցմամբ, ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական ընդունված չափանիշներին։ «Որևէ լուրջ խախտում չեմ նկատել, հիմնական խնդիրները տեխնիկական էին, պիկ ժամերին մարդկային հոսքը շատանում էր, և հերթերը շատ էին լինում»,- ընդ-գծեց Շարմազանովը` հավելելով, թե անձամբ ՀՀԿ-ի համար ուրախալի է, որ գործընկեր «Եդինայա Ռոսիան» համոզիչ հաղթանակի է հասել։ «Սա վկայում է այն մասին, որ մեր գործընկեր Ռուսաստանը ճիշտ ճանապարհով է գնում նաև իր հանրության աչքերով։ Շնորհավորում եմ ռուս ժողովրդին և հաղթած կուսակցությանը»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը` ընտրությունների արդյունքներն անակնկալ չհամարելով, քանի որ նախնական վերլուծություններն ու սոցհարցումներն այս պատկերն էին հուշում։
Նախապես փաստելով, որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի օրինակին է հետևում, այլ «կապկում», անկախ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանը ո՛չ իր չափերով, ո՛չ էությամբ, ո՛չ պատմությամբ Ռուսաստան չէ, ուստի այդ «կապկումը» շատ հաճախ տգեղ դրսևորումներ է ունենում։ «Ռուսաստանի քաղաքական համակարգը, անգամ ցարական ժամանակներում, եղել է շատ առանձնահատուկ, մեծապես տարբերվել է եվրոպական, ամերիկյան քաղաքական համակարգերից։
Այն, ինչ կատարվեց Ռուսաստանում, միանգամայն տրամաբանական էր։ Հետխորհրդային ողջ ժամանակահատվածում գրեթե նույն քաղաքական ուժերն են «խաղացողները»։ Այսուհանդերձ, Ռուսաստանում քաղաքական ուժերի միջև կա գաղափարական տարանջատում։ Ցավոք, Հայաստանում նման բաժանում երբեք չեք տեսնի։ Հաճախ ազատական դիրքերից հանդես եկող կուսակցությունն այնպիսի քայլեր է անում, որ կոմկուսը կմտածեր` անե՞լ, թե՞ ոչ»,- նշեց անկախ պատգամավորը` արձանագրելով, որ Հայաստանի խնդիրն այն չէ, թե ո՛ր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում, այլ այն, թե ինչ բովանդակություն կունենա քաղաքական բազմակուսակցական համակարգը, որը վերջին տարիներին հետևողականորեն արժեզրկվում է։ «Եթե նոր որակի կուսակցություններ չձևավորվեն կամ կուսակցությունները որակական վերանայումներ չանեն իրենց մոտեցումների, սկզբունքների մեջ, բացարձակապես նշանակություն չի ունենա` 6-7 ամիս հետո այսօր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից որո՞նք վերստին կլինեն օրենսդիր մարմնում»,- վստահեցրեց Տիգրան Թորոսյանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ համոզված է, որ հետխորհրդային տարածքում բոլոր զարգացումները, որոշակի վերապահումներով, նույն կերպ են ընթանում։ «Պետք է համակերպվել այս վիճակի հետ, որը, կարծում եմ, այնքան էլ վատ չէ»,- ասաց Բոստանջյանը` ավելացնելով, թե էն գլխից հայտնի էր, որ հանրության քվեն ստացած քաղաքական ուժերը կրկին լինելու են Պետդումայում։ «Որքան էլ այդ քաղաքական ուժերը տարբեր դիտակետերից հանդես գան, ուղղակի և անուղղակի ձևով իրար հետ փոխհամաձայնության են եկել։ Այսպիսի զարգացումը Ռուսաստանի համար համարում եմ ճիշտ։ Մոլորակի կայունության ապահովման դիտակետից պետք է ամենաքիչը երկու բևեռ լինի, որպեսզի մագնիսական դաշտը բնականոն աշխատի։ Մեր ազգային անվտանգության համար կցանկանայի նույն կերպ նաև Հայաստանում լիներ։ Այո, թող դա լինի հարաբերական կայունություն, որն Աստծո կամոք շատ ավելի ամուր կլինի»,- ասաց Վարդան Բոստանջյանը։
Ընտրությունների արդյունքների պատկերը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հիմնավորում։ Չորս կուսակցություններն էլ, նրա դիտարկմամբ, ունեին և՛ գործունեության դաշտ, և՛ համակիրների հսկայական զանգված, սակայն ցանկալի կլիներ խորհրդարանում տեսնել նաև այլընտրանքային ուժի, որն առարկայական քննարկումների հնարավորություն կտար։ «Լավ չի լինի, որ համանման պատկեր կրկնվի նաև մեզանում, երբ մի ուժ նման մեծածավալ ձայներ կստանա, որովհետև դա կհանգեցնի խորհրդարանի մոնոպոլիզացիայի»,- նկատեց դաշնակցական պատգամավորը` չթաքցնելով, որ իր համակրանքը «Սպրավեդլիվայա Ռոսիային» է ուղղված, քանի որ վերջինս, լինելով սոցիալիստական քաղաքական ուժ, այնպիսի գաղափարներ է առաջ քաշում, որոնք համահունչ են իրենց մոտեցումներին։ Անդրադառնալով հայաստանյան արձագանքին` Արծվիկ Մինասյանը նկատեց, որ իրավիճակը տարբեր է։ «Մեզ մոտ գլխավոր խնդիրն այն է, որպեսզի ինչ-որ ուժ չստանա մեծ լիազորություններ և ինքնուրույն որոշի` ինչ քայլեր պիտի անել։ Այս ամենում կարևորում եմ ընդդիմության դերակատարությունը։ Քաղաքացիների աջակցությունն ընդդիմությանն ավելի ծանրակշիռ պիտի լինի, որպեսզի հակակշիռների դաշտ ստեղծվի»,- ընդգծեց նա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ