«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՈՒԶՈՒՄ ԵՔ ԴԱՌՆԱԼ ԿԱԶԱԿ ԳԵՆԵՐԱ՞Լ` ՈՒՐԵՄՆ ՎՃԱՐԵՔ ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐ

ՈՒԶՈՒՄ ԵՔ ԴԱՌՆԱԼ ԿԱԶԱԿ ԳԵՆԵՐԱ՞Լ` ՈՒՐԵՄՆ ՎՃԱՐԵՔ ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐ
20.12.2011 | 00:00

Հայաստանում դեռևս չկա օրենք կազակական կազմակերպությունների մասին, փոխարենն այդ անօրենք դաշտում արդեն գործում է վեց կազմակերպություն, իսկ կազակ գեներալներ` ինչքա՜ն կուզեք:
ՈՒզո՞ւմ ես դառնալ հայ կազակ գեներալ կամ գնդապետ, ուրեմն վճարիր կլորիկ գումար և ձեռք կբերես կազակական ցանկացած կոչում, հետն էլ բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ, անկախ այն բանից` արժանի՞ ես, վաստակե՞լ ես այդ իրավունքը, թե՞ ոչ: Փաստերը ցույց են տալիս, որ արժանիքները բոլորովին անտեսված են, փոխարենը գործ ունենք անբարո առք ու վաճառքի հետ:
Հայաստանում կազակական կոչումներ են ստանում մարդիկ, ովքեր ոչ մի առնչություն չունեն կազակության հետ, չեն ծառայել բանակում, իսկ եթե ծառայել են, ուրեմն արժանի չեն եղել զինվորական բարձր կոչումների և իրենց փառասիրությանը հագուրդ տալու համար գտել են փողով գեներալ դառնալու հարմար ճանապարհը: Նման զեղծարարություններով գնդապետ, գեներալ դարձածների մեջ քիչ չեն անգամ հանցագործ անցյալ, ընդհուպ մինչև հոգեկան լուրջ շեղում ունեցողները:
Ստացվում է, որ մեր երկրում կազակությունը վերածվել է երկկողմ շահավետ բիզնեսի. շահում են ոչ միայն կազակության անվան տակ ստեղծված կեղծ ՀԿ-ները` կոչում, մեդալ, շքանշան վաճառելով, ու հետո գեներալ կոչվածներից անդամավճարներ հավաքելով, այլև գնորդը: Կհարցնեք` իսկ վերջինիս օգո՞ւտը որն է։ Այդպիսիք, բնականաբար, զուրկ լինելով զինվորականին վայել արժանապատվությունից, գնված կոչումները ծառայեցնում են զուտ շահադիտական նպատակների: Այսպես, ինքնակոչ կազակ «գեներալը» կեղծ վկայագիրը գրպանում հայտնվում է ԱՊՀ այն երկրներում, ուր գործում են հզոր կազակական կազմակերպություններ, ու վերջիններիս ներկայանալով որպես Հայաստանից ժամանած նույնադավան եղբայր-գործընկեր, փորձում այն ծառայեցնել սեփական բիզնես շահերին, ինչու ոչ, նաև քաղաքական:
Հարց է առաջանում. արդյոք այս երևույթի մասին տեղեկացված չէ՞ ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարությունը, եթե այո, ապա ինչո՞ւ է հանդուրժում «զինվորական» խաբեբայությունը: Պատկերացրեք, երբ վաղը մի հանցագործության բացահայտումից պարզվի, որ կազակական ուսադիրների տակ թաքնված հայ «գեներալը» ոչ այլ ոք է, եթե ոչ սովորական (կամ անսովոր) հանցագործ:
Եվ ուրեմն, ժամանակն է, որ կազակական կեղծ կոչումներ բաժանող կազմակերպությունները հայտնվեն իրավապահ մարմիների ուշադրության կենտրոնում, իսկ զինվորականի կոչումը սեփական շահերին ծառայեցնող խարդախները ենթարկվեն պատասխանատվության:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ