Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ ԿԼԻՆԵՆ, ԵԹԵ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՊԱՎԻՆԻ ԱՌԱՎԵԼ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՆ»

«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ ԿԼԻՆԵՆ, ԵԹԵ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՊԱՎԻՆԻ ԱՌԱՎԵԼ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՆ»
26.11.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է Հայաստանի հելիոֆիկացիայի նախագծի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ
-Նախ` ի՞նչ է հելիոֆիկացիան:
-Հելիոֆիկացիան արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառումն է կենցաղում և արտադրության ոլորտում` տարբեր տիպի խնդիրներ լուծելու համար: Որպես նշանակետ վերցրել ենք գյուղական բնակավայրերը: Մեր հաշվարկներով` յուրաքանչյուր հելիոֆիկացված գյուղ պետք է ունենա մեկ արևային կայան` էլեկտրաէներգիա արտադրելու, և յուրաքանչյուր ընտանիքի համար մեկական կոմբինացված անհատական հելիոհամակարգ` առանձնատները տաքացնելու, տաք ջուր, գոլորշի ստանալու, ինչպես նաեւ գյուղմթերք վերամշակելու համար: Հանրապետության աշխարհագրական դիրքն ու արևային ժամերի քանակը հաշվի առնելով` հելիոֆիկացված յուրաքանչյուր գյուղում մենք կարող ենք հասնել մինչև 40-60 տոկոս էներգախնայողության: Բացի դրանից, Հայաստանի նման երկրի համար հելիոֆիկացված գյուղերը կարող են պահպանել իրենց էներգետիկ կենսունակությունը նաև բնական, տեխնածին աղետների կամ էներգետիկ շրջափակման ժամանակ` կարողանալով խուսափել այնպիսի ծանր համաճարակային իրավիճակներից, ինչպիսին հաստատվել է հետերկրաշարժյան Հայիթիում:
-Պարզվում է, որ հելիոֆիկացիան խիստ դրական երևույթ է ցանկացած արևոտ երկրի համար: Ինչո՞ւ աշխարհում այն տարածում չի գտնում:
-Կգտնի և շատ շուտով: Հելիոֆիկացիան մարդկության ճակատագիրն է, դա անխուսափելի է: Երկրագունդը չի կարող երկար ժամանակ հանդուրժել բնական էներգակիրների (նավթ, գազ, քարածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ) այնպիսի անխնա օգտագործման փաստը, ինչպիսին այսօր աշխարհում է: Օրգանական վառելիքի բոլոր տեսակները մի օր սպառվելու են, և համաշխարհային էներգետիկ ճգնաժամն այդ պարագայում անխուսափելի է` իր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Մինչև գլոբալ էներգետիկ ճգնաժամին հասնելը մարդկությանը սպասում են առավել վտանգավոր բնապահպանական աղետներ, որոնք կանխատեսվում են օրգանական էներգառեսուրսների անխնա այրման, ջերմոցային էֆեկտի և այդ գործոնների հետ կապված գլոբալ տաքացման պատճառով: Չբացառելով էներգետիկայի այլ ճյուղերի (ատոմային էներգետիկա, հիդրոէներգետիկա, հեռանկարային համարվող ջերմամիջուկային սինթեզ) զարգացման հեռանկարները, մարդկությունն առաջին հերթին պետք է ապավինի արևի էներգիայի օգտագործմանը: Մանավանդ որ դրա իրականացումը տեխնիկապես անհամեմատ ավելի դյուրին և բացարձակ անվտանգ է, քան էներգիայի այլ աղբյուրների օգտագործման պարագայում:
-Որո՞նք են արևային էներգետիկայի առավել ուժեղ և թույլ կողմերը:
-Արևային էներգետիկան թույլ կողմ չունի: Կա մի, առայժմ չլուծված, խնդիր` կապված արևային էլեկտրաէներգիայի շատ բարձր ինքնարժեքի հետ: Գիտնականների աշխատանքներն ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը: Եթե այսօր չգտնվեն խնդրի նոր արդյունավետ լուծումներ, ապա ժամանակն այդ խնդիրը կլուծի ինքնաբերաբար: Գազի և մյուս էներգակիրների գներն օրեցօր աճելով, բնականաբար, մի օր հասնելու են այն նշագծին, որը պայմանավորված կլինի արևային էլեկտրաէներգիայի գներով: Դա, սակայն, հեռավոր ապագայի խնդիր է: Մոտ ապագայում արևային էլեկտրաէներգիան կմնա թանկ և անհասանելի ուժային էներգետիկայի համար: Այդ խնդրի լուծմանն առավել մոտ էր ակադեմիկոս Պարիս Հերունին` իր «Արև» տիպի էլեկտրակայանով: Ափսոս, որ նա չհասցրեց ավարտել իր աշխատանքները: Գործը մնաց կիսատ, և մեր խնդիրն է այն ավարտին հասցնել: «Արևն» իր տեխնիկատնտեսական բնութագրերով շատ առավելություններ ունի աշխարհում հայտնի մյուս արևային էլեկտրակայանների նկատմամբ և կարող է դառնալ հելիոֆիկացված բնակավայրերի հիմնական էլեկտրամատակարարը: Համաշխարհային պրակտիկայում առավել կիրառվող և զարգացող արևային էլեկտրակայանները հիմնված են արևային էներգիայի կիսահաղորդչային ձևափոխիչների վրա: Դրանք առավել կիրառելի են որպես էլեկտրաէներգիայի ավտոնոմ աղբյուրներ: Մեր ստեղծած DVH տիպի անհատական հելիոհամակարգերի մեջ դրանք օգտագործվում են ղեկավարող էլեկտրոնային համակարգերի սնուցման համար:
-Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ հելիոֆիկացիային պետք է սպասենք այնքան, մինչև ստեղծվեն էժան արևային էլեկտրակայաններ:
-Ամենևին: Մինչև Պարիս Հերունու, այլ տիպի էլեկտրակայանների կառուցումը, մենք առաջարկում ենք արևային էներգիայի օգտագործման մեր` հայկական տարբերակը` շեշտը դնելով արևի ջերմային էներգիան ուղղակիորեն օգտագործող սարքերի վրա: Դա տնտեսապես առավել շահավետ և նպատակահարմար է: Եթե արևային էլեկտրաէներգիան ամենաթանկ հաճույքն է էներգետիկայի ոլորտում և ունի բացառապես ցուցադրական ու էկզոտիկ բնույթ, ապա մեր առաջարկած արևային անհատական ջերմակայանները մրցակցությունից դուրս են: Դատեք ինքներդ, 80 դոլար մեկ կՎտ.ժամ ջերմային էներգիայի տեղադրված հզորության համար, 0,2 դրամ ինքնարժեք մեկ կՎտ.ժամի համար, 50 տարվա երաշխիք հելիոհամակարգերի շահագործման համար։ 2-ից մինչև 250 կՎտ.ժ ջերմային հզորությամբ մեր DVH տիպի անհատական հելիոհամակարգերն ունեն լավագույն սպառողական հատկանիշներն աշխարհում և կարող են արտադրվել հայկական ձեռնարկություններում:
-Հայաստանյան ձեռնարկություններն ի զորո՞ւ են արտադրելու Ձեր նախագծած սարքերը:
-Իհարկե: Իմ երկար տարիների աշխատանքի հիմնական նպատակն է ստեղծել մի այնպիսի արտադրատեսակ, արդյունաբերության մի նոր ոլորտ մեր երկրի համար, որը հիմք դառնա մեր երկրի տնտեսական զարգացման համար: Ո՞րն էր այն նոր ուղին, այն բաղձալի ոլորտը, որը Խորհրդային Միությունից ժառանգված և արտահանման շուկաներից բացարձակորեն զրկված Հայաստանի արդյունաբերությանը թույլ կտար դուրս գալ նոր և հեռանկարային միջազգային շուկաներ: Իմ հաշվարկներով` հելիոտեխնիկան և հելիոտեխնիկական արդյունաբերությունն էին: Նույն հաշվարկների վրա էին հիմնված նաև ակադեմիկոս Պարիս Հերունու գործողություններն արևային տեխնիկայի բնագավառում։ Ըստ իս, դա նրա մեծագույն ծառայությունն էր մեր երկրի առաջ, որն ինձ ոգեշնչում էր: Հաշվի առնելով այն իրարանցումը, որն այսօր տեղի է ունենում ողջ աշխարհում արևային տեխնիկայի բնագավառում, և այն ձևավորվող հսկայածավալ համաշխարհային շուկան (Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գնահատմամբ` 2020 թվականին այն կազմելու է 40 տրիլիոն դոլար), մենք կարող ենք փաստել, որ մեր հաշվարկներն իրատեսական են: Մնում է կատարել ևս մեկ վճռական քայլ` կազմակերպել բուն հելիոտեխնիկական արդյունաբերությունը Հայաստանում: Մեր մոտեցումն այդ խնդրին հետևյալն է. Հայաստանում կազմակերպվում է հելիոտեխնիկական սարքերի բազային գործարան` իր արտասահմանյան բազմաթիվ մասնաճյուղերով: Վերջիններս կզբաղվեն DVH տիպի հելիոհամակարգերի արտադրությամբ տեղական շուկաների համար: Մեկ մասնաճյուղի թողունակությունը կազմելու է 5000 կՎտ.ժամ ընդհանուր ջերմային հզորությամբ հելիոհամակարգերի արտադրություն: Այս գործընթացի հաջողությունը խորապես կախված է սփյուռքի ընդգրկվածության աստիճանից` որպես բիզնեսի գործընկերոջ, Հայաստանում կադրերի սերնդափոխության վիճակից և այլն: Մի խոսքով, պետք է ձեռքներս քշտած աշխատենք և աշխատենք:
Արտաքին քաղաքականության մեջ մեր ձեռքբերումներն առավել շոշափելի կլինեն, եթե մեր երկրի նախագահն ապավինի առավել կայուն տնտեսական հիմքերին: Արտաքին քաղաքականության մեջ մենք մեր դառը փորձն արդեն ունենք, երբ Խրիմյան Հայրիկը «թղթե շերեփով» էր փորձում «հայկական հարցերի» լուծումը գտնել «երկաթե շերեփով» զինված բանակցող կողմերի շրջապատում:
-Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կհաջողվի իրականացնել Ձեր մտահղացումները:
-Եթե ազնվորեն, ապա չեմ հավատում: Երբ տեսնում ես, թե ինչպես օրը ցերեկով, ջանասիրաբար ավերվում է ակադեմիկոս Պարիս Հերունու հարուստ գիտական ժառանգությունը, օպտիմիզմի տեղ չի մնում: Հասկանում ես, որ նույն բախտին արժանանալու ես դու` քո գիտությամբ հանդերձ: Եթե երկրի պետական այրերը շարունակեն անտեսել և արհամարհել մեր գիտնականների աշխատանքը, չցուցաբերեն համապատասխան պետական մոտեցում, ապա գործընթացը կտապալվի: Մենք կկորցնենք այն ժամանակային առավելությունը, որն այսօր ստացել ենք: Ես իմ` գիտնականի գործն արդեն ավարտել եմ: ՈՒնենք արտադրության համար պատրաստի նմուշներ, որոնք արդեն անցել են պահանջվող բոլոր փորձարկումները: Լուծել ենք տարբեր տիպի արտադրական և տեխնոլոգիական խնդիրներ, նախագծել տարբեր տեսակի տեխնոլոգիական սարքավորումեր և հաստոցներ, գտել այնպիսի ինքնատիպ տեխնոլոգիական լուծումներ, ինչպիսին է, օրինակ, բարձր ճշտությամբ 50-մետրանոց կոորդինատային հաստոցը և այլն:
-Իսկ ՀՀ նախագահն անձամբ ծանոթացե՞լ է Ձեր աշխատանքներին:
-Երկու տարի առաջ էր, Սառնաղբյուր գյուղում, որը ցանկանում ենք հելիոֆիկացնել: Մեր աշխատանքային խմբի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ և նրա դրվատանքի խոսքերը մեր աշխատանքի վերաբերյալ մեծ ոգևորությամբ ընդունեցինք: Այն նպաստեց ավարտին հասցնելու մեր աշխատանքների առաջին փուլը: Սակայն աշխատանքի հաջորդ փուլը, այն է` ներդրման գործընթացը, այսօր հապաղում է, զգացվում է տեմպի պակասը: Մեր գործին ժամանակին կարևոր աջակցություն է ցույց տվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս հայտնել է իր պատրաստակամությունը մեր գործին օժանդակելու համար: Բայց երբ գործը հասնում է կոնկրետ նախարարություններին, քար լռություն է տիրում: 1979 թվականին Աբովյանի «Սիրիուս» գործարանում առիթ ունեցա իմ գյուտերից մեկը` լազերային նանոսկոպը, ներկայացնելու ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինին: Մի քանի րոպեանոց իմ ելույթն այնպիսի տպավորություն գործեց նրա վրա, որ մի ամսում Աբովյան ժամանեցին ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, այնուհետև նախարար Ալեքսեյ Շոկինը և ԽՍՀՄ ռազմարդյունաբերության նախագահ Սմիռնովը: Իմ ներկայությամբ որոշում ընդունվեց նոր ուղղությունը զարգացնելու համար Հայաստանում կազմակերպել հատուկ փորձակոնստրուկտորական բյուրո և «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ: Երկու տարում կառուցվեցին նոր մասնաշենքեր նշված գիտական հիմնարկների համար: Կարծում էի, որ պատմությունը կկրկնվի, և մեր գործը կսկսի ծավալվել: Ավաղ, սայլը տեղից չշարժվեց: Մեզ հիմա պետական ներդրումներ պետք չեն: Ներդրողներ կան, որոնք, սակայն, սպասում են որոշակի օրենսդրական ակտերի և գործադիրի համապատասխան որոշումներին, դրանց անհամբեր սպասում ենք նաև մենք` հելիոֆիկացիայի գործընթացի նախաձեռնողներս: Առանց համապատասխան իրավական դաշտի ձևավորման հնարավոր չէ կազմակերպել և անցկացնել միջոցառումների մի ամբողջ փաթեթ ՀՀ տարածքում: Մտածում ես` իսկ գուցե մեզ արդյունաբերություն պետք չէ՞, ինչը մեկ անգամ իմ ներկայությամբ արտահայտեց մեր պետական ծանրակշիռ գործիչներից մեկը: Մտածեցի, որ դա չար կատակ էր: Հնարավոր է, որ հենց այդ «գաղափարախոսության» տակ է թաքնված շան գլուխը: Ինչո՞ւ կրթված և 40-տոկոսով բարձրագույն կրթությամբ կադրեր ունեցող ժողովուրդը պետք է մնա գործազրկության ճիրաններում: 20 տարվա ընթացքում աշխարհի պետությունների շարքում, մեր տվյալներով, մենք գլորվել և հանգրվանել ենք 100-րդ տեղերում` նախկին 13-րդ տեղի փոխարեն:
-Մոտ մեկ շաբաթվա ընթացքում Դուք երկու ծրագրային ելույթ ունեցաք` ռամկավարների մոտ և Հանրային խորհրդում: Հանրային խորհրդում ես տեսա, որ որոշ քաղաքական գործիչներ Ձեր ծրագրերը դիմավորեցին սվիններով:
-Ավելի լավ կլինի մենք գործով պաշտպանենք մեր երկրի շահերը: Ես, օրինակ, ինձ պարտավորված եմ զգում ինչպես մեր հասարակ քաղաքացիների, այնպես էլ մեր երկրի նախագահի առաջ: Նախագահին մե՛կ կտեսնես մեր բանակի առաջատար դիրքերում զինվորների հետ, մե՛կ ՄԱԿ-ի գագաթնաժողովների ամբիոններից ելույթ ունենալիս, ամենուր, որտեղ կա հայ ժողովրդի շահերը պաշտպանելու խնդիր: Դա մի տաժանակիր աշխատանք է հանուն սեփական ժողովրդի: Ես էլ, որպես գիտնական, իրավունք չունեմ ձեռքերս ծալած նստելու և սպասելու: Յուրաքանչյուրս, իր դիրքերից ելնելով, պետք է պայքարի հանուն մեր նպատակների, հանուն Հայ դատի: Դա էլ իմ համոզմունքն է, իմ ուխտն Է: Ես շարունակելու եմ իմ աշխատանքները ներկայացնել մեր երկրի հասարակական և կուսակցական կազմակերպությունների համապատասխան հանձնաժողովներին: Այդ նպատակով բանակցում ենք ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի և «Ժառանգության» հետ: Պրոբլեմի հիմնավորված ներկայացումը շահագրգիռ կողմերին կօգնի խնդրի օպտիմալ լուծման տարբերակ գտնելու գործում: Միայն միասնական ճակատով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի բարգավաճ Հայաստան:
Թող Հայաստանը դառնա աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրը:
-Աստված Ձեզ օգնական:
Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 1856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ