Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԿԱՅԱ՞Ն, ԹԵ՞ ՄԵՏԱՂԻ ՈՒ ԲԵՏՈՆԻ ԿՈՒՅՏ

ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԿԱՅԱ՞Ն, ԹԵ՞ ՄԵՏԱՂԻ ՈՒ ԲԵՏՈՆԻ ԿՈՒՅՏ
29.07.2011 | 00:00

Ժողովրդական մի խոսք կա` «Մատդ տաս` ամբողջ ձեռքդ կուլ կտա», որն ակներևաբար լիակատար ծավալով իրականանում է Ադրբեջանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ Իսկ ավելի ճիշտ, ռուսների կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության հարցում։ Այդուամենայնիվ, դեռ վերջերս, այն բանից հետո, երբ Մոսկվան (ի դեպ, լրիվ թքած ունենալով իր ռազմավարական գործընկեր Հայաստանի կարծիքի վրա) Բաքվին փոխանցեց Ս-300 զենիթահրթիռային համալիրը, ռուսներին թվաց, թե ամեն ինչ կարգավորված է, և իրենց հաջողվել է զսպել հարևանի ախորժակը։ Չէ՞ որ նրանք այդ բանն արեցին որպես «նվեր» Ադրբեջանին` բացահայտ ակնարկով, որ դա պայմանավորված է առաջին հերթին հենց նրանով, որ նա Գաբալա ունի։ Բայց, ինչպես հայտնի դարձավ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի այցի ընթացքում, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ ՈՒ թեև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարեց, թե «Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմական և այլ ոլորտներում սրընթաց զարգանում են, որ դրանք դարձել են ավելի նպատակասլաց ու արդյունավետ, և «մեզ ուրախացնում է», որ զգալիորեն կմեծանա Ռուսաստանում սովորող ադրբեջանցի զինվորականների թիվը», Գաբալայի թեման ռուսների համար շատ տհաճ նրբերանգներ ձեռք բերեց։
Պարզվում է` Ադրբեջանը ոչ միայն մտադիր է բարձրացնել վարձավճարը, այն հասցնելով առայժմ անհայտ մեծության (տարբեր աղբյուրների վկայությամբ` տարեկան 7 մլն դոլարից հասել է 10 և ավելի միլիոնի), այլև ձգտում է բարձրացնել էլեկտրաէներգիայի վարձը։ Ներկայումս Ռուսաստանը վճարում է ներքին առևտրային գներով, իսկ Բաքուն, տեղեկությունների համաձայն, ուզում է հասցնել արտահանման սակագներին։ Այդ ամենից բացի, Ադրբեջանն ուզում է իր քաղաքացիների ներգրավմամբ մեծացնել կայանում զբաղված քաղաքացիական անձնակազմը (այսօրվա դրությամբ կայանում աշխատում է ընդամենը մի քանի տասնյակ ադրբեջանցի), ինչպես նաև ռուսական զինվորական ավանում աշխատողների թիվը։ Եվ, վերջապես, ադրբեջանական կողմն ուզում է փոխհատուցում ստանալ «այդ լեռնային վայրում զբոսաշրջության զարգացման անհնարինության» և էկոլոգիական միջավայրի աղտոտման կապակցությամբ։ Այնպես որ, Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրերը լավատեսորեն են տրամադրված («Ադրբեջանը համաձայն է երկարացնել կայանի վարձակալության իրավունքը Ռուսաստանի համար»), ծախսել չսիրող Կրեմլի համար անհանգստանալու առիթ հաստատ չկա, իսկ ժամկետները սեղմում են։ Չէ՞ որ ներկա պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2012-ի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ Գաբալայի ՌԼԿ-ն, որը պաշտոնապես անվանում են «Դարյալ» տեղեկատվական-վերլուծական կենտրոն, Ռուսաստանին վարձակալության է տրվել 2002-ին։ Կայանը Ռուսաստանն օգտագործել է հարավային ուղղությամբ օդատիեզերական տարածության հսկողության և բալիստիկ հրթիռների հնարավոր արձակումների մասին իրազեկման համար` այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը։ Գաբալան 6000 կմ շառավղով տիեզերական տարածության հսկողության հնարավորություն ունի։ Իսկ հիմա համարվում է, որ Գաբալայի ՌԼԿ-ն Ռուսաստանի համար է՛լ ավելի մեծ նշանակություն կստանա այն իմաստով, որ մեծանում է ՆԱՏՕ-ի հետ Մոսկվայի հակասությունների շրջանակը` կապված Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղաբաշխման ծրագրերի հետ։ Բաքվում արագ հասկացան կայանի «նշանակության մեծացումը» և սկսեցին պայմաններ առաջադրել, առավել ևս, որ, ինչպես նշում են մի շարք բաքվեցի վերլուծաբաններ, Միացյալ Նահանգներն էլ է մեծապես շահագրգռված կայանի օգտագործմամբ։
Սակայն փորձագետները նշում են, որ Ռուսաստանը Գաբալայի կայանի երկարաժամկետ վարձակալության ռազմական անհրաժեշտություն չունի։ Նոր ռադիոլոկացիոն կայանները, օրինակ Արմավիրինը, նույնպես ընդունակ են հետևելու հրթիռների արձակումներին, և կարող է պատահել այն, ինչ պատահեց Սևաստոպոլի մոտ` ուկրաինական կայանների հետ։ ՈՒկրաինական իշխանությունները Մոսկվայի հետ երկար «սակարկում» էին դրանց վարձակալության արժեքի հարցում, նույնիսկ «վերածեցին» դրանք ՈՒկրաինայի տիեզերական գործակալության օբյեկտների` առաջարկելով ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին։ Սակայն ոչինչ չստացվեց, և հիմա ո՛չ կայանները կան, ո՛չ դրանց վարձակալության ու շահագործման դիմաց ակնկալվող միլիոնավոր դոլարները։ Բացի այդ, ԱՄՆ-ում, իհարկե, հիանալի գիտեն, որ կայանում ամեն ինչ արդեն հնացած է և չի համապատասխանում ՆԱՏՕ-ի աշխատանքի ստանդարտներին։ Ավելին, հասկանում են, որ եթե ռուսները հեռանան, նրանք իրենց հետ կտանեն այստեղ եղած արժեքավոր ամեն ինչ, ՌԼԿ-ի աշխատանքի ծրագրային ապահովությունը, առանց որի այն պարզապես «մետաղի ու բետոնի կույտ է»։
Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ վարձակալության ժամկետի երկարացման որոշումը կլինի քաղաքական։ Չէ՞ որ կայանն առաջին հերթին ռուսներին պետք է միայն նրա համար, որ ապահովեն իրենց ներկայությունն Ադրբեջանում (ամերիկացիներն արդեն այլ ձևեր են գտել, մասնավորապես, Կասպից ծովում)։ Սակայն այստեղ էլ ինչ-որ բան այն չէ։ Բանն այն է, որ օտարերկրյա զինծառայողների` այս կամ այն պետությունում տեղաբաշխված անգամ ոչ մեծ զորախմբերը որակվում են հենց որպես «օտարերկրյա ռազմաբազաներ», էլ ի՞նչ խոսք կարող է լինել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի մասին, որի սպասարկման համար խորհրդային շրջանում 4600-հոգանոց անձնակազմ էր հավաքագրված։ Եվ հետո, ինչպե՞ս դա շաղկապել միջազգային նոր կարգավիճակին Ադրբեջանի «չմիանալու» որոշմանը։ Չէ՞ որ այս նոր իրողությունների պայմաններում պայմանագիրը կարող է անօրինական լինել։
Այնուամենայնիվ, հանուն «աշխարհաքաղաքական ներկայության», շատ հավանական է, չնայած դժգոհություններին, Կրեմլը շարունակի թե՛ երկխոսությունը, թե՛ զիջումների գնա։ Այսպես, ռուսներն արդեն իրականացրել են Ադրբեջանին արդիական զինահամակարգեր մատակարարելու մի շարք խոշոր պայմանագրեր։ Մասնավորապես Ս-300 համակարգը` հակաօդային պաշտպանության բնագավառում առավել արդիական ռազմական մշակումներից մեկը։ Բացի այդ, Ադրբեջանը ռուսական արտոնագրով կարտադրի վերջին նմուշի Կալաշնիկով ավտոմատներ։ Եվ քանի որ, նշում են ռուսները, «Ռուսաստանի համար կարևոր է սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, ուստի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործումը հետաքրքիր է միայն Բաքվի հետ համագործակցության հեռանկարի տեսանկյունից», համապատասխանաբար, Մոսկվայում շատերը համարում են, որ «կարելի էր Ադրբեջանին օգնություն ցուցաբերել, որպեսզի կայանի պահպանման ծախսերը վերցներ իր վրա»։ Էլ օգնությո՞ւնս որն է, և ո՞ւմ հաշվին։ Սա ամենահետաքրքի՛ր հարցն է։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ