Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ, ԹՈՂ ԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ»

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ, ԹՈՂ ԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ»
23.09.2011 | 00:00

«Թուրքիայում և՛ ձախ կուսակցություններն են ազգայնամոլ, և՛ աջերը»,- ասում է համշենահայ քաղաքական գործիչ ԻՍՄԵԹ ՇԱՀԻՆԸ, ում նպատակը Թուրքիայում ինտերնացիոնալիստական կուսակցության հիմնումն է: Նշենք, որ Իսմեթ Շահինը 2012-ի հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայկական ծագում ունեցող թեկնածուների շարքում էր, սակայն նրա թեկնածությունն այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց: Պատճառը, նրա խոսքով, հայ լինելն է. դեմ են եղել և՛ թուրքերը, և՛ քրդերը:
Իսմեթ Շահինը ծնվել է Արդվին նահանգի Հոպա շրջանում: Ներկայումս ապրում է Անկարայում: Քաղաքականությամբ զբաղվել է դեռ երիտասարդության տարիներից: Հրատարակել է ամսագրեր և թերթեր («Աշխատավորի աշխարհ», «Բանվորներ և քաղաքականություն», «Փողոց», «Կոմունիստ բանվոր»): Տարիներ առաջ հեղինակել ու տպագրել է «Իմպերիալիզմ» և «Հակակապիտալիստական մանիֆեստ» գրքերը:
Թուրքիայում ապրող փոքրամասնությունների համար նա հրատապ է համարում լեզվի խնդիրը: «Պոլսի հայերը լեզուն մոռանում են, դպրոց կա, բայց մեռնում է լեզուն: Էլ ո՞ւր մնաց Համշենը, որ դպրոց չունի,- ասում է նա:- Հայ երեխաները հաճախում են թուրքական կրթական հաստատություններ: Եթե 6 տարի առաջ հայկական դպրոցներում 6000 երեխա էր սովորում, հիմա նրանց թիվը հասնում է 3500-ի: ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրական արևմտահայերենն ընդգրկել է անհետացող լեզուների ցանկում»: Իսմեթ Շահինի համոզմամբ, եթե Թուրքիան դառնա դեմոկրատական պետություն, մեր լեզուները կապրեն: Նրա խոսքով` եվրոպական բնիկ ազգերի իրավունքների հռչակագրի համաձայն` բազմազգ պետություններում բոլոր ազգերը իրավահավասար են, ուստի պետք է Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները հավասար իրավունքներ ունենան:
Խառն ամուսնություններ։ Սա նույնպես ձուլման վտանգներից է, հնարավո՞ր է խուսափել դրանից: «Հիմնականում հայը հայի հետ է ուզում ամուսնանալ, բայց կոպիտ, անհաղթահարելի պատնեշներ չկան, խառն ամուսնություններ լինում են, կախված նրանից, թե ով ում է սիրում»,- ասում է համշենահայ քաղաքական գործիչը, որի կինը, ի դեպ, թրքուհի է: «Ես ազգայնամոլ չեմ»,- ասում է նա:
Փորձեցի ճշտել նաև զրուցակցիս կարծիքը Կարսի հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման մասին: Էրդողանն այն հրեշավոր անվանեց, լուրեր էին պտտվում, թե հուշարձանը քանդելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով: Հասարակ ժողովուրդը «քարերով» դիմավորեց իրենց արձանը քանդողներին, և այս ամենը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց:
«Էրդողանն ազգայնականի պես խոսեց, բայց հուշարձանը, որպես մշակութային արժեք, իրոք, լավը չէր, շատ մեծ էր, տեղի փոքր շենքերին համահունչ չէր,- ասաց նա:- Հետո էլ բարեկամություն չկա, ի՞նչ բարեկամության արձանի մասին է խոսքը: ՈՒզում են բարեկամություն անել, թող Անին վերականգնեն, դա բարեկամության ամենալավ դրսևորումը կլինի»:
Թուրքիայում լա՞վ են վերաբերվում հայերին: Ըստ Իսմեթ Շահինի` խնդիր չկա: Հետաքրքրվում եմ` նույնիսկ երբ հարաբերությունները սրվո՞ւմ են: «Այո: Չեն ասում` դու հայ ես, հույն ես, փող կա, աշխատանք կա` լավ է»: Զրուցակցիս խոսքով` Թուրքիայում կա սահմանների բացման հասարակական պահանջ, բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք` չվավերացված արձանագրություններ, Ցեղասպանության մոտեցող 100-ամյակ, ժխտողական ու երկդիմի քաղաքականություն, պատարագ Սուրբ խաչում, «հանդուրժողական» դրսևորում ու ակնկալվող նույնպիսի պատասխան: Ըստ Էրդողանի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ