«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՆԱ ԳՆԱՑ ԵՎ ԽՈՍՏԱՑԱՎ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ

ՆԱ ԳՆԱՑ ԵՎ ԽՈՍՏԱՑԱՎ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ
01.11.2011 | 00:00

Ամեն ինչ տեսած հայ հասարակությանը հրաժարականներով չես զարմացնի: Սակայն քաղաքապետ Կարեն Կարապետյանինը եղածների մեջ ամենաէկզոտիկն էր:
ԻՄ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԵՔ ԿԱՐԵՆ Կ-Ի՞Ն
Կարելի էր և ուշադրության չարժանացնել Կարեն Կարապետյանի «հրաժարիմքը», եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը, քաղաքական լինելուց զատ, այդքան առանցքային չլիներ:
Երևանը, այն է` մայրաքաղաքը, մեկն է. «օրենքով» այնտեղից պետք է «դրական սալդո» անել դեպ վարչապետի, էլ չենք ասում` դեպ նախագահի աթոռ, և այդ պարագայում երկար ժամանակ ոչ մի կերպ հասկանալի չէր, թե ինչու է քաղաքի «մերը» (կամ` «ձերը») ասում, որ «մուզիկանտ չզբաղվել քաղաքականություն, այլ լինել մենեջեր»:
Մանավանդ որ, ակնառու էր, նրան քաղաքապետարան բերելով` արվել էր նաև քաղաքական հաշվարկ: Էլ չենք ասում` ինչ-որ պահի փորձ արվեց նաև Հյուսիսի և «Գազպրոմի» հայաստանյան ֆավորիտին ծանոթացնելու անգլո-սաքսոնական (առանց որի այս աշխարհում ու նույն Ռուսաստանում ոչինչ տեղի չի ունենում) շրջանակների հետ, ինչն էլ մասամբ նշանակում էր` հեռահար ծրագրերը վերջինիս դեպքում ինչ-որ «իքս» պահի կարող են և գործարկվել:
Էլ չենք ասում, որ սակավ պաշտոնյաների մեջ նա եզակիներից էր, որ դիմավորեց Հայաստան ժամանած Սարկոզիին, երբ Սարկոզիին դիմավորելու համար ավելի «լյավ» տղերք ունեինք:
Չարժե ասել նաև, որ Կարեն Կարապետյանի հրաժարականն ունի ներքաղաքական, առավել ևս` արտքաղաքական շերտեր (հա՛յ-հա՛յ-հա՛յ): Այն հիմնականում ունի քաղաքացիական, ապա և մարդկային շերտեր: Ընդամենը:
Հենց սկզբից ասենք` կիսատ մնացած կարման նրա կյանքում կրկնվելու է. լինի «Գազպրոմում», լինի լուսնի վրա, դասը վերադառնալու է նրան հարյուրապատիկ ուժգնությամբ, հասկացնելու` պարտականության և պատասխանատվության օրենքն ամենամեծն է տիեզերքում: Եվ եթե ասել ես` տեր եմ, ապա տիեզերքն ուշի ուշով լսել է այն. դու կարող է մոռանաս, տիեզերքի հայելիները չեն մոռանալու երբեք և հետ են դարձնելու արտացոլումը:
Ընդ որում, ոնց երևում է, քաղաքականապես չխաղացող այս գործիչը որոշել էր իր բոլոր «շերտերը» եփել մեկ կաթսայում, այլ կերպ ասած` բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղում (այլ զամբյուղներ ունենալու, պահելու, օգտագործելու համար էներգիա ծախսել է պետք, իսկ «քաղցր կյանքը» շատ ժամանակ տեղ չի թողնում դրա համար. գաղտնիք չէ, որ բավականին համակրելի, կրթված, ինտելեկտուալ այս մարդու համար ասվում էր, որ նա սիրում է ըմպել աշխարհում ամենաթանկ կոնյակը, ամենագեղեցիկ… բաների հետ գործ ունենալ, երբեմն էլ` պարոն Միլլերի հետ մեկնել նույն Լոնդոն` ընդամենն այնտեղ ճաշելու):
ՈՒզում եք ասել, որ նա «ուդար պահող» գործիչ չէ՞ր: Իսկ քաղաքականությունը ենթադրում է «ուդար պահելու» ունակությո՞ւն. փափուկ, ակվարիումային պայմաններում բոլորն էլ կարող են «ճաշե՞լ» Լոնդոնում կամ նույնիսկ լուսնի վրա. իսկ Հայաստանը դա՞ռը երկիր է: Դժվա՛ր երկիր: Վանոն` այսօր վտարանդի, նախկին քաղաքապետ Վանոն ասում էր` Հայաստանը դժվար երկիր է, մանրամասնորեն սիրելու, խորքի երկիր է:
Եվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում ոչ մեկի համար հեշտ չէ:
Հեշտ չէ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի համար։ Ընդ որում, այս երկուսի դեմ քաղաքական և «այլական» խաղերը (կարող է և շատ դեպքերում տեղին) կրել են մի ուրիշ տարածական բնույթ, հայաստանյան ոչ մի քաղաքական գործիչ (թող ինձ ների Վանոն), ինչպես այս երկուսը և հատկապես Սերժ Սարգսյանը, որպես նախագահ, չեն հաղթահարել այնքան «բարիերներ» (ինչո՞ւ` այս մասին ներքևում):
Հեշտ չի եղել նաև Տեր-Պետրոսյանի համար։ Այսօր էլ հեշտ չէ. առաջին նախագահ լինելով` նա չորս տարի փողոցային ընդդիմության մունդիրն է պահում, ընդ որում բավականին լավ (մեկ ուրիշը նրա փոխարեն վաղուց հալված-մաշված-պրծած կլիներ)։ Անձրևին, ձյանը, ցեխին կանգնելով ընդդիմադիր իր հավատավորների կողքին, բոլոր դեպքերում, նա պատասխանատվությունն իր ուսերից ցած չի դնում:
Ինքը, ի միջի այլոց, պրոֆեսոր, գիտնական, «մատենադարանիստ» է, գոնե իմ իմացած մարդկանցից ամենաինտելեկտուալը: Բայց մարդը կարողություն ունի «ուդար» պահելու: Իր «հանգստի» ու «ճաշի հաշվին»:
Չնայած օրերս մի այսպիսի «ֆրազ գցեց». անիծվի այն օրը, որ ես մտա քաղաքականության մեջ (հաստատ փոշմանել է վերջին «մտնումի» հաշվով):
Ճիշտ է, ընտրությունն ամբողջովին Կարեն Կարապետյանինն էր, նա ազատ մարդ էր, և որևէ մեկը չի կարող որևէ «բառ» իսկ ասել` ինչու այդպես վարվեց և ոչ այնպես:
Մենք պարզապես օգտվում ենք ազատ խոսելու մեր իրավունքից: Եվ վերջ: Որովհետև հենց միայն պահը` նրա հրաժարիմքի «ընտրության», բավականին «դիտարժան» է:
Գաղտնիք չէ, վերջինս նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանենց քավորն է. էս Կարապետյանները, ասում են` էնքան են վիրավորված, որ Հայաստանում մարդ չեն թողել, որ քավոր չեն կանգնել։ Մամուլում նշվում է, թե նրանք որոշել են Տավուշը փաթեթով վերցնել ու տալ..., և ուրեմն` չար լեզուներն ասում են, որ աշխատակազմի նախկին ղեկավար Կարենի մտքին կար կուսակցություններից մեկի ցուցակի երկրորդ համարի կարգավիճակով հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, և նույնակերպ առաջարկ է եղել քաղաքապետ Կարենին (տեսնո՞ւմ եք բնության հոգածությունը. էս երկու մարդիկ, որոնք չեն սիրում «ուդար պահել», ունեն նույն անուն-ազգանունը)։ Ինչևէ, Սամվել և Կարեն Կարապետյանները մարտական են տրամադրված, և նույն չար լեզուներն ասում են` քաղաքապետի տեղափոխումը դեպ Մոսքոու (կտա՞ն նրան Միլլերի տեղակալի պաշտոնը, որովհետև «ըստ կրեմլյան մեր աղբյուրների»` Սամվել Կարապետյանի դիրքերը շատ թուլացած են Ռուսաստանում) կատարելիք պաշտոնի մասին «հոգացել» է նույն Սամվել Կարապետյանը, որը փորձում է Հայաստանում մոլորակների շքերթ անել (հիշենք, որ 2012-ին լինելու է մոլորակների շքերթ, երբ բոլոր մոլորակները նույն շարքի վրա են կանգնելու), այն է` ռուսական, հյուսիսային վեկտորը շարել մի շարքի վրա ու վերցնել Հայաստանը մի ուրիշ «մախով» (այս մասին և՛ս ներքևում):
Այսպիսով, քաղաքապետ Կարեն Կ-ն էլ իր հերթին երիտասարդ մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հարսանիքի քավորն է: Գումարած` մնացած քավոր-սանիկա-բարեկամական պարտավորությունները:
Բայց միևնույն է, այս ամենով հանդերձ, անհասկանալի է Կ. Կարապետյանի ոչ թե այսօրվա որոշումը, այլ դրանից առաջ կայացրածը. լինել Երևանի ավագանու անդամ, մասնակցել ընտրություններին, ապա և` դառնալ քաղաքապետ: Իսկ եթե քաղաքապետի պաշտոնը նրա համար ընդամենը տրամպլին էր` «մի երկու օրից» վարչապետ դառնալու, դե կներեք էլի… բայց հետաքրքիր է, չէ՞, առաջ մեր երկրում «նախագահներն» էին շատ (ով առավոտ շուտ անկողնուց վեր էր կենում, ասում էր` նախագահ դառնալ է պետք), հիմա վարչապետներն են «շատացել», տեղ ու դադար չկա: «Թարսի պես» էլ Տիգրան Սարգսյանը կա ու կա:
Սա ևս նշանակում է, որ նրանք, ովքեր չեն քնում, չեն ուտում, սպասում են, թե երբ են վարչապետ «դառնալու», չեն կարողանում հաշվել ոչ միայն գլոբալ, այլև գեոպոլիտիկ ու ներքին խաղը:
Կարճ ասած` չեն տեսնում պատճառահետևանքային այն կապերը, որոնք Տիգրան Սարգսյանին պահում են և դեռ պահելու են այդ աթոռին, ինչն ուղղակի Սերժ Սարգսյանի ամենախիզախ որոշումներից մեկն էր (մի կողմ թողնենք տնտեսության վիճակը. ցանկացած վարչապետի դեպքում իրավիճակը, անցած և սպասվող ճգնաժամերի պայմաններում, լինելու էր մի քիչ ավելի, մի քիչ պակաս), որի համար էլ Սերժը հարվածներ է ստանում դրսից, ներսից, կողքից, թիկունքից։
Բայց պահում է «ուդարը»:
«ՏՐԱՆՍ» ԲԱՌԸ «ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ» ԲԱՌԻ՞Ց Է ԱՌԱՋԱՑԵԼ
Այսպիսով, քաղաքապետի հրաժարականը ոմանց առիթ տվեց ասելու, թե ռուսական գործիչները դուրս են մղվում Հայաստանից: Էլ «չկան»:
Հասկանալի է, չէ՞, որ փոփոխվող, փոքրացող աշխարհում ռուսական գործիչ, որպես այդպիսին, վաղուց չկա: Խաղը վաղուց բազմապլան է և էլ ավելի բազմապլան է դառնում: Ինչն էլ, այսպես ասած, «պարոն գլոբի» զարգացման տրամաբանության մեջ է, և այդ խաղի կանոններին ենթակա են բոլորը, այդ թվում և` Ռուսաստանը:
Ինչ է, ձեզ թվում է, իզո՞ւր է Պուտինը «կառչել» նանոտեխնոլոգիաների «մետր», արե-վմտյան լիբերալ Մեդվեդևից ու ոչ մի կերպ բաց չի թողնում նրան (չէ՞ որ, ի վերջո, իր անմիջական ու նվիրական կողքին նա կարող էր պահել նույնքան հետաքրքիր մեկ այլ ֆիգուր, ոչ ավելի, ոչ պակաս, Բիլդերբերգյան ակումբի անդամի համարում ունեցող ոչ անհայտ Անատոլի Չուբայսին):
Ասել է` «չեկիստական» հզոր «զակալկա» ունեցող Պուտինը նույնպես հասկանում է` տրանսֆորմացիա է ընթանում, և պետք է հետ չմնալ, կողքին ունենալ փոփոխվող աշխարհի նոր «վիբրացիա» Մեդվեդևին (ինքը կարող է հասկացվել «պարոն գլոբի» կողմից միայն այդ դեպքում):
Այսպիսով, դուրս թռավ թեզը, թե` բա չեք ասի, ռուսիստ տղերքը գնացին, Հայաստանը նրանցից որբացավ:
Իսկ եթե շատ եք ուզում անկեղծ, ապա ընդամենն Օ.Գ.Գ. չունեցողներից Հայաստանն ազատվեց, և տեղ բացվեց ավելի դինամիկ-մոբիլ-երիտասարդ սերնդի համար, որը հեչ էլ անտիռուս չէ:
Ասել, որ Սերժ Սարգսյանը չի կառավարում այդ «տրանսը», ճիշտ չի լինի, բայց դե, մյուս կողմից, դանդաղ Սերժը սիրում է անցնցում, մարդավարի, սահուն: Բայց ահա թե՛ Կարեն-1-ը, թե՛ Կարեն-2-ն իրենց հրաժարականները ներկայացրին ուղղակի անթույլատրելի պահի. առաջինի դեպքում Անկախության 20-ամյակն էր, աշխատակազմը լիքը գործեր ուներ, և «դիզերտիրության» պես մի բան էր ասելը` ես գնացի, ա՜յ, հարայ. մանավանդ որ իր մերձավորները մեզ տեղեկացրել էին, որ Կ. Կարապետյանը խոստացել էր Սերժ Սարգսյանին` հրաժարականը չտալ մինչև անկախության տոների ավարտ:
Իսկ Կարեն-2-ը ներքաղաքական ամենաթեժ պահին լքեց իր պոստը, ինչն ուղղակի… անուն չունի, մանավանդ որ…
Դառնալով «տրանսին»` ասենք, որ, որքան մենք ենք հասկանում, Սերժ Սարգսյանը դեռ 2007-ից (և կամ այն ժամանակ, երբ մտածել էր, որ պետք է փորձի նախագահ դառնալ) արդեն իսկ որոշել էր տրանսֆորմացիա իրականացնել: Այլ կերպ ասած` «հեղափոխությունը վերևից»` թե՛ գլոբալ, թե՛ ներքաղաքական ասպեկտներում: Իր մտքում նա, ըստ ամենայնի, ունեցել էր նաև դրա իրականացման «մարշալ-պլանը» և կիրառման մեխանիզմները, ինչն էլ Հայաստանին հնարավորինս ինքնուրույն, կանխատեսելի, վստահելի խաղացող էր դարձնելու տարածաշրջանում:
Սա էր պատճառը, որ ո՛չ ներսից, և ո՛չ էլ դրսից (հիմնականում մեզ իր ֆորպոստ համարող Ռուսաստանից) թույլ չտվեցին այդ քայլերի համար Սերժ Սարգսյանն ունենա անհրաժեշտ լեգիտիմություն` խաղի մեջ մտցնելով ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլև բոլոր հնարավորներին, ում կարող էին:
Եվ այնուհանդերձ, անցնող չորս տարիներին Սերժին հաջողվեց ահագին բան անել, որովհետև նա շատ լավ էր զգում փոխվող խաղի ռիթմը: Պրոգրեսի կծիկի տեղը նա գիտի (իզուր չէր WikiLeaks-ն արձանագրում` Սերժն առաջադիմական «մոմենտներ» ունի իր մեջ, ինչը, եթե անկեղծ, աբսուրդ է անգամ մեզ համար, որովհետև մի տեսակ չի տեղավորվում Սերժի փակ, դանդաղաշարժ, ուրույն անցյալ ունեցող գործչի կերպարի մեջ բայց փաստերը, ինչպես տեսնում եք, այլ բան են արձանագրում):
Այլ կերպ ասած` տարածաշրջանն աշխարհի հանգույն շարժվում է, ու Սերժը լուռ, մենակ պատրաստում է շարժն ու անցումը: Հայաստանի մասով: Մեն-մենակ: Եթե այնպես ստացվի, որ շատ բաներ տարածաշրջանում անխուսափելի լինեն, Հայաստանը հանկարծակիի չգա:
Նա կողքին ոչ ոք չունի: Նրան միայն խանգարում են։ Ի դեպ, ներկոալիցիոն թնջուկից այս օրերում մի ուրիշ առարկայական ձևով հասկանալի դարձավ, թե ինչու մենք` այս էնթոսը, որ հայ է կոչվում, չի ունեցել վեց հարյուր տարի պետականություն (սա ծանր զրից է` մի ուրիշ անգամ կփիքրենք):
Այն, որ Սերժին կարող են խանգարել ռեակցիոն, իրենց ռուսիստների տեղ դրածները, նույնպես հասկանալի է. նրանք բացարձակ չեն հասկանում` ինչ է կատարվում աշխարհում, մեր շուրջը, տարածաշրջանում, քանզի ունեն միայն իրենց միկրոբիոլոգիական շահերը:
Ափսոսանքս Տեր-Պետրոսյանի համար է: Այդ նա կարող էր օգնել Սերժին: Եվ շատ: Որովհետև նաև պարտավոր էր: Չի՞ զգում պրոգրեսը Լևոնը, ինչպես մյուսները: Զգո՛ւմ է: Քաղաքացի Լևոնը կռվի մեջ է ամբիցիաներ ունեցող Լևոնի հետ` շատ ժամանակ իր «դետիշչեն» ուտելու հաշվին (իզուր չէր «տեսանող» Մարին` Յովանովիչ, ասել` Լևոնի մեջ հաղթել է երկրորդը):
Բոլոր դեպքերում, Սերժը ձեռնամուխ է եղել շատ դժվար, ոսկոր քերող գործի և փորձում է տրանսֆորմացնել, փոխել խաղի լոգիկան ու ռիթմը մեզանում:
Կստացվի՞:
Չգիտենք։
Այս էթնոսն ու տեսակն առայժմ այլ միֆեր են կերտում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ