«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՆՐԱՆՔ` ԵՎՐԱՍԻԱՑԻՆԵՐԸ, ՉԻՆԳԻԶ ԽԱՆԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ՎԼԱԴԻՄԻՐԻՑ»

«ՆՐԱՆՔ` ԵՎՐԱՍԻԱՑԻՆԵՐԸ, ՉԻՆԳԻԶ ԽԱՆԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ՎԼԱԴԻՄԻՐԻՑ»
14.10.2011 | 00:00

Աշխարհն ու նախկին խորհրդային տարածքը նոր-նոր էին սկսել մարսել այն լուրը, թե, հակառակ արևմտյան վերնախավի շատ կանխատեսումների և հույսերի, Ռուսաստանի հաջորդ նախագահը, այնուամենայնիվ, լինելու է Վլադիմիր Պուտինը, երբ «ազգային առաջնորդը» շտապեց նոր անակնկալ մատուցել։
«Ինտեգրման նոր նախագիծ Եվրասիայի համար` ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածում ՌԴ վարչապետը նախկին խորհրդային պետություններին կոչ է արել միավորվել «Եվրասիական միության» մեջ։ Բոլորի համար հասկանալի է, որ ընտրություններից հինգ ամիս առաջ և երկրի ներսում բազմաթիվ ցավոտ խնդիրների պայմաններում, ներկայացնելով վիթխարածավալ և հավակնոտ հղացումներ, նա ոչ միայն փորձ է անում Եվրոպային և ԱՄՆ-ին ցույց տալու, թե ով է այստեղ տերուտիրականը, այլև մատնանշում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղին` առնվազն վեց տարվա համար։ Բացի այն, որ Պուտինը գովաբանում է Ռուսաստանի տնտեսական ինտեգրումը Բելառուսի և Ղազախստանի հետ (թեև վերջերս այդ երկրների ղեկավարների բարձրաձայնած հույսերը` կապված Չինաստանի հետ, թվում է, պետք է ջուր մաղեին նրա լավատեսության վրա), նա գրում է. «Մենք մեր առջև հավակնոտ խնդիր ենք դնում` անցնելու ինտեգրման հաջորդ, ավելի բարձր մակարդակի` Եվրասիական միությանը», և նախագիծն անվանում է «պատմական ճեղքում»։ Սակայն, ծանոթ լինելով թե՛ այն երկրների ղեկավարների տրամադրություններին, որոնց նա մտադիր է երջանկացնել «համընդհանուր զարգացման կայունության ապահովմամբ», թե՛ զգուշանալով հնարավոր արձագանքներից, նա շտապեց հավաստիացնել, թե «խոսքն այն մասին չէ, որ այս կամ այն ձևով վերականգնվի ԽՍՀՄ-ը»։ Բայց նաև չալարեց կանխատեսել, որ այդ նախագծի քաղաքական ապագան այն է, որ «իրական պայմաններ ստեղծվեն ամբողջ մայր ցամաքի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ուրվագծի փոփոխման համար»։ Իսկ դա, համաձայնեք, ապացուցում է, որ Կրեմլի կայսերապետական նպատակները կձգտեն նոր կոշտ մակարդակի, որ Լեոպոլդ կատվի ոճով բոլոր խոսակցությունները սոսկ փորձեր են փափուկ բարձ դնելու մարդկանց գլխի տակ, և որ այդ «մեծ հղացումները» կշոշափեն շատերի շահերը ոչ միայն նախկին Միության սահմաններում։
Եվ այս համատեքստում առանձնակի հնչեղություն է ձեռք բերում ինտեգրման անվանումը` «Եվրասիական միություն»։ Ինչպես հայտնի է, անունը թելադրում է ճակատագիրը, և ԱՊՀ անվանումը, որտեղ «անկախ» բառը գերական է, դրա վկայությունն է։ Պակաս հատկանշական չէ նաև այն փաստը, որ արդի ռուսական «եվրասիականության» գլխավոր տեսաբան Ալեքսանդր Դուգինը երկար ժամանակ եղել է Պուտինի խորհրդականը և, որոշ տեղեկությունների համաձայն, Կրեմլի գլխավոր գաղափարաբանը` նրա նախորդ նախագահության ժամանակ։ Իսկ մեզ` հայերիս համար, առհասարակ չարագույժ կարող են լինել նրա թեզիսները «Մոսկվա-Բաքու-Անկարա աղեղի» ստեղծման մասին, որը, նրա համոզմամբ, կօգնի «թոթափել ռոմանա-գերմանական փոշին մեր ասիական տրեխներից» և կդառնա «հոգեմերձ քաղաքականությունների» միակ փրկությունը։ Ավելին, հիշեցնենք, որ դեռ բոլորովին վերջերս, հուրախություն այդ «հայրենիքի պաշտպանների» և «բնածին կայսրապետաշինարարների» (սա մեր բնութագրումը չէ, այլ ընդամենը նոր «քարոզիչների» ինքնանվանումը), Անկարան էլ իր հերթին առաջարկել էր Եվրասիական միություն ստեղծել։ Մի երկու տարի առաջ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն այս առաջարկությամբ հանդես էր եկել Եվրասիայի երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ (բացառված չէ, որ եթե նա հանդես գար լատինաամերիկյան դեսպանների առջև, ապա կխոսեր այդ երկրների հետ ինչ-որ ընդհանրության մասին)։ Նախարարի կարծիքով, Եվրասիայի երկրների տնտեսական և քաղաքական կապերը, որոնք նախկինում պահպանվում էին Մետաքսի մեծ ճանապարհի միջոցով, այսօր անհրաժեշտ է զարգացնել երկաթուղային, ցամաքային ու ծովային հաղորդուղիների ստեղծման միջոցով։ «Անհրաժեշտ է վերստին միավորել Եվրասիայի արևելքն ու արևմուտքը»,- ազդարարել էր նա և ավելացրել, որ դրան կնպաստի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը, որը «Կենտրոնական և Հարավարևելյան Ասիան ամենակարճ ճանապարհով կմիացնի Եվրամիության հետ» (հետաքրքիր է, ի՞նչ քարտեզով է աշխարհագրություն «անցնել» պրոֆեսոր Դավութօղլուն)։ Նա նաև ուշադրություն էր հրավիրել Թուրքիայի շրջակա տարածաշրջանում էներգակիրների հարուստ պաշարների վրա, ընդգծելով, որ «Եվրասիական միությունը կարող է դառնալ համաշխարհային տնտեսության շարժիչ ուժ»։ «Եվրասիան կարիք ունի վստահության վրա հիմնված և արդյունավետ տնտեսական ազդեցությամբ ամրապնդված երկխոսության»,- նկատել էր նախարարը և, որպես օրինակ, վկայակոչել «ներդաշնակորեն զարգացող համագործակցությունն Անկարայի և Մոսկվայի միջև»։ Ինչպես և պետք էր սպասել, եվրասիականության բոլոր ջատագովները թեթևացած շունչ քաշեցին` «Սկսվե՜ց...», և հայտարարեցին, թե «եվրասիական տնտեսության» գաղափարական հայեցակարգի հիմքի վրա մեկ միության մեջ միավորվելով, նրանք կկարողանան «կուտակել հեղափոխության էներգիան և այն ուղղել ընդհանուր հուն»` նպատակ ունենալով ստեղծել «հիրավի միասնական մարդկություն» (այստեղ և ստորև ներկայացվող բոլոր բնութագրումները եվրասիացիների աշխատանքներից են վերցված)։ Սակայն Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի իսլամականացման գաղափարի հեղինակ Հեյդար Ջեմալը, որը հռչակել էր, թե «Ասիան Վլադիվոստոկից մինչև Դուբլին է», ավելի անկեղծ էր։ Առանց որևէ ռոմանտիկայի նա հայտարարել էր. «Անկարան առաջարկում է ստեղծել Եվրասիական միություն ընդդեմ ռազմավարական թշնամու` Ամերիկայի» («Ցամաքի» և «Օվկիանոսի» պատերազմի եվրասիական գլխավոր դոկտրինը` պանիսլամիզմի երանգներով ներկված)։
Այդուամենայնիվ, այն ժամանակ պաշտոնական Մոսկվան մի քիչ զարմացած էր Անկարայի այդ կտրուկ «ցատկից» և, ընդհանուր առմամբ, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից (թեև որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ նման Միության մասին խոսակցություններ երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ էլ են եղել)։ Բայց որոշ փորձագետներ ու քաղգործիչներ սկսել էին խոսել այն մասին, թե Ռուսաստանն ու Թուրքիան կարող են դառնալ գլխավոր գործընկերներ նոր Եվրասիական միությունում, որը, նրանց մտահղացմամբ, պետք է փոխարինի ԱՊՀ անարդյունավետ կառույցին։ Այդ ժամանակ նույնիսկ ասում էին, որ շուտով կայանալու է Միության հիմնումը, «եթե պահպանվի գործընթացի անհրաժեշտ դինամիկան»։ Ենթադրվում էր, որ Եվրասիական խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել 2011 թվին, իսկ 2012-ին կարող են տեղի ունենալ Եվրասիական միության նախագահի ընտրությունները։ Ահա այսպիսի «գունագեղ հեռանկար» էր նշմարվում մինչև վերջերս։
Բայց այն ժամանակ «քաղաքակրթության սիմֆոնիան», թվում է, ամենևին դուր չեկավ Վաշինգտոնին և Բրյուսելին, որտեղ հիանալի են հասկանում, որ պետությունների նման ընկերակցությունը` «կայսրության բարդույթ» քրոնիկական ախտորոշմամբ, լիովին կփոխի ուժերի դասավորությունը տարածաշրջանում և աշխարհում, այդ թվում նաև` տնտեսական ոլորտում։ Այդ ժամանակ Էրդողանը, որը մի շարք չլուծված ներքին խնդիրներ ուներ, զգուշացավ և խոսքից չանցավ գործի։ Իսկ հետո ծնվեց նեոօսմանիզմի գաղափարը, օրախնդիր դարձավ Մերձավոր Արևելքը, «Զրո խնդիր հարևանների հետ» ծրագիրը սկսեց խափանումներ ունենալ, և թուրքական եվրասիականությունը, կարծես, մնաց ստվերում, այնուամենայնիվ, ոչ միայն չմոռացվելով, այլև չհետաձգվելով։
Որ թուրքերն իրատես են ու հաշվենկատ` կասկած չկա, և, ինչպես հայտնի է, պետության արտքաղաքական վարքագծի պատճառների վերլուծության եղանակներից մեկը նրա պատմության գնահատականն է։ Այսօր Անկարան ամենայն ակնհայտությամբ հասկանալ է տալիս, որ ցանկություն չունի խաղալիք լինելու որևէ մեկի ձեռքին, և մտադիր է լրջորեն ու տևականորեն դառնալ ուժի եթե ոչ գլխավոր, ապա վճռական համաշխարհային կենտրոն (թուրքերենին ՄԱԿ-ի պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ Պան Գի Մունին Էրդողանի կոշտ ձևով ներկայացրած վերջնագիրը միայն ինչ ասես արժե)։ Եվրասիական խնդրի ընթացքի որոշ թվացյալ թուլացումը բացատրվում է թուրքական արտաքին քաղաքականության սովորական, պատմականորեն փորձարկված իրավիճակային հանգամանքներով։ Սակայն չարժե մոռանալ Դավութօղլուի խոսքերը. «Մենք նեոօսմաններ ենք։ Մենք հարկադրված ենք զբաղվելու հարևան երկրներով»։ Առավել ևս, որ թե՛ ՈՒկրաինան, թե՛ Ռուսաստանը, թե՛ Կովկասը, հատկապես Հարավայինը, թե՛ Կենտրոնական Ասիան Բարձր դռան համար ոչ թե հարևաններ են, այլ, մեղմ ասած, իր «պապենական հողերի» ժամանակավոր օգտագործողներ։ Այնպես որ, խոսելով Եվրասիական միության «վիթխարածավալ պլանների» մասին, Պուտինը հարցը լիովին ամփոփում է Անկարային ձեռնտու սխեմայի մեջ։ Առավել ևս, որ այնտեղ լիովին համոզված են, թե Մոսկվան այնքան կամքի ուժ ու միջոցներ չունի դառնալու գլխավոր «համախմբող», մանավանդ որ Թուրքիան, նրանց իսկ կարծիքով, որոշ երկրների համար պակաս հարմարավետ չէ, քան Ռուսաստանը։ Առայժմ, այնուամենայնիվ, պարզ չէ, թե խոսելով նոր Միության մասին, արդյո՞ք նա նկատի ունի իր բարեկամ եվրասիացիների նախկին սխեմաները։
Եվ այստեղ ուշադրություն դարձրեք մի կարևոր գործոնի. երկու երկրների գաղափարախոսությունը ոչ միայն չի հրաժարվում նախկին հավակնություններից, այլև ավելի ու ավելի է հիմնվում «վեհապետականություն» հասկացության և իրենց «առանձնաշնորհյալ» ազդեցության ոլորտների ճանաչման վրա։ ՈՒ համապատասխանաբար, մի կողմից, ռուսական ռազմավարները չեն կարող չհասկանալ, որ մեծ խաղի մեջ Թուրքիայի ներգրավումը մի հաղթաթուղթ է Արևմուտքի հետ խաղում, մյուս կողմից, դասական եվրասիացիների «սլավոնաթուրանականությունը» կարող է հեշտությամբ վերածվել «թուրանասլավոնականության»։ «Ռուս-թուրքական նախագիծն անպայման չէ, որ մոսկվայակենտրոն լինի,- ընդգծում է փորձագետ Ալի Չաքսուն,- այն կարող է լինել բազմակենտրոն, միգուցե և անկարա- կամ ստամբուլակենտրոն»։ Իսկ դա ռուսներին խիստ անհաճո է։ Ինչպես նաև այն, որ ամենակարճ ճանապարհը Ասիայից Եվրոպա, որի մասին ակնարկել է Դավութօղլուն, անցնում է բնավ էլ ոչ Ռուսաստանի տարածքով, և այդ տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները (հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան առհասարակ ցամաքային սահմաններ չունեն) ինտեգրման նոր խմբում կհանգուցվեն հենց Անկարայում։ Մոսկվային հաճելի չեն նաև թուրքերի էներգետիկ հավակնությունները։ Եվ գլխավորը, եվրասիականության թուրքական հայեցակարգի բոլոր հիմնարար սկզբունքները հիմնվում են թուրքիզմի գաղափարների վրա։ Համապատասխանաբար, ռուսները երկյուղներ ունեն, որ թուրքերը կփորձեն իրենց հարմարեցնել ինտեգրման գործընթացները եվրասիական տարածությունում, ուր Մոսկվան պայմանականորեն հանդես է եկել որպես Ստամբուլի բնական մրցակից։
Իրենց հերթին թուրքերին և նախկին խորհրդային տարածքի նրանց եղբայրներին, թերևս, դուր չեն գա Եվրասիայի գծով ռուս գաղափարախոսների ծրագրերը։ Այսպես, Ալեքսանդր Դուգինն ասում է, թե «կայսրության վերականգնումը յուրաքանչյուր ռուսի նվիրական երազանքն է», և «ով չի հասկանում լավով, կհասկանա վատով»։ Իսկ պրակտիկ Իգոր Պանինը (ՊԱԿ-ի նախկին վերլուծաբան, ներկայումս հայտնի է ԱՄՆ-ի փլուզման վերաբերյալ իր կանխատեսումներով) է՛լ ավելի հավակնոտ է։ Ահա ամենաանմեղ մեջբերումները նրա «Միասնական Ռուսաստանից դեպի Եվրասիական Ռուսիա» զեկույցից. «Ռուսաստանը պետք է լինի Եվրասիայի ինտեգրման միջուկը և նրա ավանդական հոգևոր արժեքների պահապանը»։ «Պետք է ստեղծվի միասնական արժութային համակարգ (ռուբլու հիմքի վրա)` միասնական ղեկավար դրամավարկային հիմնարկությամբ»։ «Արքան» (հենց այսպես էլ նշված է- Ս. Պ.) պետք է լինի վարչապետ Պուտինը»։
Այսպիսով, հիմքեր կան պնդելու, որ եթե Եվրասիական միությունն առհասարակ կազմավորվի, ապա գործընթացն այնքան էլ միավորիչ չի լինի, ինչպես համոզված է Պուտինը։ Բայց միաժամանակ չմոռանանք, որ իր ժամանակին Նիկոլայ Բերդյաևը եվրասիականության ծննդյան արշալույսին նկատել է. «Նրանք` եվրասիացիները, Չինգիզ խանին բացահայտորեն նախընտրում են սուրբ Վլադիմիրից»։ Այդ մեծ ռուս փիլիսոփայի խոսքերը` ասված դեռ 1925 թվականին, հիմա էլ կարող են թարմություն ձեռք բերել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ