Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

«ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՁԱԽՈՂՎԱԾ ՍՑԵՆԱՐԸ

«ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՁԱԽՈՂՎԱԾ ՍՑԵՆԱՐԸ
02.03.2012 | 00:00

Ռուսաստանն ապրել է իր պատմության մի դժվարին ժամանակաշրջան, երբ 90-ականներին պետությանն սպառնում էին քայքայում ու փլուզում, ինչն ահաբեկել էր անգամ արտաքին ազդեցության ստվարաթիվ գործակալներին ու այն քաղաքական ուժերին, որոնք, գիտակցաբար կամ անգիտակցաբար, նպաստում էին դրան։
Արևմտամետ վերնախավը դժկամորեն, բայց հարկադրված էր իշխանությունը զիջել այն ժամանակ Ռուսաստանում միակ գործունակ կառույցին` Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ), որը կարողացավ ներմիավորել մի շարք ծառայություններ, տեղեկատվական ու մտավոր կառույցներ, որոնք կոչված էին իրենց շահերը ստորադասելու գլխավոր նպատակին` պետության պահպանությանը։ Մի քանի ռազմավարությունների ընտրության և ռուսական հասարակության որոշակի խմբերի զտման շնորհիվ ԱԴԾ-ն ու այդ ծառայության գործընկերները հանգեցին առավել ընդունելի լուծման` սոցիալ-քաղաքական խմբավորման կազմավորման շուրջ, որը պիտի միավորեր հին ու նոր բյուրոկրատիան, ուժային կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև տարբեր տրամաչափի օլիգարխական խմբավորումներ։ Այն ժամանակ` 1990-2000-ականների կցույթին, ավելի լավ բան անհնար էր հնարել։ Կասկած չկա, որ այդ «վերնախավը» վատ կազմակերպված և հանրության շրջանում գործընկերներ չունեցող խմբավորում էր, որը մինչև հիմա էլ հուսալի սոցիալական բազա ձեռք չի բերել։ Ներկայումս Ռուսաստանում կառավարող վերնախավը ձգտում է ունենալ ինչ-որ գաղափարախոսական հիմք, թեև հայտարարում է, որ իրեն խորթ է սոցիալական գաղափարախոսությունը։ Իրականում կառավարող վարչակազմն արտահայտում է ավելի գործունյա սոցիալական խավերի` միջին շերտի և խոշոր ու միջին բուրժուազիայի շահերը։ Պետք է ասել, որ այս «անցումային» հասարակական պատմական ժամանակաշրջանում կառավարող ոչ մի վարչակազմի չի հաջողվել ու չի հաջողվի խույս տալ իր վարած քաղաքականության գաղափարականացումից, ընդ որում` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարթությունում։ Կառավարող վարչակազմը փորձեց ստեղծել և քաղաքական ասպարեզում հաստատել «Միասնական Ռուսաստան» կառավարող քաղաքական կուսակցությունը, որն իրենից ներկայացնում է խիստ տնտեսականացված մի կորպորացիա, որին անդամակցում են, գլխավորապես, անսկզբունքային, պաշտոնի ձգտող մարդիկ, որոնք ընդունակ չեն դառնալու իշխանության իրական նեցուկ։ Այս կուսակցությունն այդպես էլ իշխանության սուբյեկտ չդարձավ, այլ կատարում է «դեկորի» դեր ու դատապարտված է քաղաքական և գաղափարական ճգնաժամի, դրանով իսկ իշխանության ամբողջ կառուցվածքն իր հետևից քարշ տալով դեպի էլ ավելի խոր ազգային ճգնաժամի անդունդը։ Այսպիսով, իշխանության սուբյեկտ եղել և մնում է Անվտանգության դաշնային ծառայությունը, որն իր վրա, բացի պետության անվտանգության ապահովման խնդիրներից, վերցրել է նաև չափազանց մեծ պատասխանատվություն և պետական ու քաղաքական այլևայլ գործառույթներ։
Անցած տասը տարում կառավարող վարչակազմին չի հաջողվել լուծել առավել հիմնարար խնդիրների նույնիսկ նախնական հարցերը, այն է`

  • չեն ձևակերպվել սոցիալական պետության սկզբունքներն ու գերակայությունները, թեև որոշակի նվազագույն սոցիալական ստանդարտներ ձեռք են բերվել,
  • տնտեսությունը շարունակում է մնալ առավելապես էներգահումքային, էական ոչ մի քայլ չի արվել մեքենաշինության, քիմիական արդյունաբերության մեջ, պայմաններ չկան գիտության ու տեխնիկայի զարգացման համար, որով շահագրգռված չեն ո՛չ առևտրային ընկերությունները, ո՛չ բյուրոկրատիան,
  • Ռուսաստանն ավելի ու ավելի է դառնում մի պետություն, որի գերակա խնդիրը ձեռներեց խավի գերշահույթների ապահովումն է, ինչը հակասում է տնտեսության և սոցիալական ոլորտի կայուն ու բազմակողմանի զարգացմանը,
  • զինված ուժերն այդպես էլ պատշաճ զարգացում չապրեցին և շատ չափանիշներով հետ են մնում արդի պահանջներից,
  • երկրում լուծված չեն տարածաշրջանային և ազգային քաղաքական խնդիրները, դարձյալ կասկածի տակ է ռուսական պետության ամբողջականության հարցը,
  • բնակչության նշանակալի մասը ծայրաստիճան «լուսանցքային» է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում «ձախ նախագծի» կողմնակիցների աշխուժացման համար։ Դա արտահայտվում է ձախ բևեռում կոմունիստական կուսակցության գերիշխանությամբ, որը դեռևս քաղաքական հեռանկարներ ունի,
  • ռուսական հանրության շրջանում ավելի ու ավելի է ամրապնդվում համոզմունքը, որ «Միասնական Ռուսաստան» կառավարող կուսակցությունն անընդունակ է որևէ բանի, իսկ վարչակազմի առաջնորդները զգալիորեն կորցնում են իրենց գրավչությունն ու հեղինակությունը,
  • արտաքին քաղաքականության մեջ այդպես էլ չի հաջողվել կայուն գործընկերային հարաբերություններ հաստատել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի առաջատար պետությունների, ո՛չ Չինաստանի, ո՛չ էլ իսլամական խոշոր պետությունների հետ,
  • չի հաջողվել լիովին լուծել հրթիռային անվտանգության խնդիրներն ու ավելի վստահալից հարաբերությունների մեջ մտնել ՆԱՏՕ-ի հետ,
  • տարածաշրջանային քաղաքականության մեջ դարձյալ լուրջ խնդիրներ կան Ճապոնիայի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի պետությունների, Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Կենտրոնաարևելյան Եվրոպայի պետությունների հետ հարաբերություններում, խնդիրներ կան նախկին խորհրդային տարածության երկրների հետ։

Քիչ խնդիրներ չունեն առաջատար պետությունները` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրասիայի այլ խոշոր երկրներ, բայց Ռուսաստանի համար այդ խնդիրները, ներկա պատմական փուլում, նշանակում են լուրջ սպառնալիքներ պետությանն ու ազգային անվտանգությանը։ Ռուսաստանի գործուն վերնախավը ձգտում է սեփական երկրի խնդիրները համադրել այլ պետությունների խնդիրների հետ, սակայն, բացի հնարավոր համազոր խնդիրներից, Ռուսաստանը շարունակում է զգալ ուժեղ արտաքին ազդեցություններ ու ճնշումներ և չի կարող բավարարվել արտաքին քաղաքականություն վարելու ստորադաս դերակատարումով։ ՈՒ թեև Ռուսաստանն ունի Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի ծավալի միայն 70 տոկոսը և Գերմանիայի ՀՆԱ-ի ծավալի ընդամենը 50 տոկոսը, սակայն ջանում է պահպանել ուժի միանգամայն անկախ համաշխարհային կենտրոնի կարգավիճակը։ Դա ենթադրում է հսկայական լարում և ժողովրդագրական ու սոցիալական խոր ճգնաժամի պայմաններում միանգամայն անհաղթահարելի խնդիրներ լուծելու անհրաժեշտություն։
Ռուսաստանի քաղաքական և տնտեսական վերնախավը հայտնվել է կատաղի մրցավազքի մեջ` ոչ միայն Ռուսաստանի սահմաններում, այլև միջազգային ասպարեզում, ինչից անհնար է խուսափել ու հեռու մնալ, այլ հարկավոր է մտնել տնտեսական ու քաղաքական մեծ խաղերի մեջ։ Բայց ռուսական վերնախավը շատ հեռու է նման կոշտ խաղերի ու մրցակցության պատրաստ լինելուց։ Վերնախավը, հատկապես տնտեսական, կարիք ունի ոչ միայն պետության աջակցության, այլև նրա հետ սերտ գործընկերության։ Արդյունքում առաջանում է ռուսական ձեռնարկատիրական դասի և պետության ինչ-որ պատմական դաշինք, որը այլ երկրների համանման միություններից տարբերվում է աջ հայացքների ու ձախ հակումների անսկզբունք համատեղմամբ` առանձնացող պետական գաղափարախոսության անհրաժեշտության առկայությամբ։ Ներկա Ռուսաստանում ամբողջ սոցիալական ու քաղաքական վերնաշենքը հիմնավորապես լուսանցքային է և չի կարող շատ թե քիչ նպաստավոր հեռանկար ապահովել, ավելի հաստատուն վերնախավի ձևավորման հարցում։
Առայժմ ոչ մի քաղաքականացված խումբ, բացի ԱԴԾ-ից, ընդունակ չէ համարժեքորեն ամրապնդելու իշխանությունը Ռուսաստանում, կատարելու կադրերի նպատակամիտված և առաջադրված ընտրություն ու զտում։
Բայց արդյո՞ք ԱԴԾ-ն ունի բավարար հնարավորություններ պետության հետագա կառավարման համար։ Անվտանգության ապահովման ոլորտում լուծած լինելով բազմաթիվ դրական խնդիրներ, ԱԴԾ-ն, սակայն, որպես սոցիալական և տեղեկատվական կառույց, իր ոչ ավելի, քան 100 հազար աշխատակիցներով, ճգնաժամի մեջ է կադրերի և քաղաքական խնդիրների ըմբռնման ոլորտում։ ԱԴԾ-ն գիտակցաբար թույլ է տվել օլիգարխիական խմբերի ուռճացում, իշխանության և բիզնեսի սերտաճում ոչ միայն կենտրոնական և տարածաշրջանային իշխանությունների մակարդակով, այլև ամբողջ երկայնակի ու լայնակի ընդգրկմամբ։ Մի հատուկ կառույց ստանձնել է ոչ միայն անվտանգության, այլև քաղաքականության խնդիրներին առնչվող պատասխանատվությունը, սակայն ԱԴԾ-ն ի վիճակի չէ ո՛չ վերլուծելու, ո՛չ էլ նախագծելու քաղաքական գործընթացները, առավել ևս` արտաքին քաղաքականությունը։ Երկու տասնամյակ շարունակ ԱԴԾ-ն Ռուսաստանի մտավոր կենտրոնները, որոնց կայացման համար տասնամյակներ էին պահանջվել, համարում էր մրցակիցներ ու չէր վստահում նրանց։ Ավելին, նշաններ կան, որ ոչ միայն ԱԴԾ-ն, այլև արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) մտավոր կենտրոնները քայքայման ու դեգրադացման են հասցել։ Դրա հետևանքով հատուկ ծառայությունները խիստ կտրվել են հասարակությունից, բնականաբար, նրա մտավոր առումով առավել գործունյա մասից։ Դա թույլատրելի է, միգուցե, ոչ մեծ երկրում, ուր չկան խոշոր քաղաքական խնդիրներ, բայց Ռուսաստանի համար սա միանգամայն անթույլատրելի վիճակ է։
Հենց հատուկ ծառայությունների ուժեղ միջամտությունն է հանգեցրել արտաքին քաղաքականության պլանավորման ու իրականացման որոշակի անհամարժեք իրավիճակի։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կատարում է արտքաղաքական խնդիրների մի մասը միայն, և այդ գերատեսչության դերը սահմանափակված է, հատկապես որոշումների ընդունման ոլորտում։ ԱԴԾ-ի և ԱՀԾ-ի ուժեղ ազդեցության հետևանքով արտքաղաքական գործառույթները շարունակում են մնալ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ոչ պաշտոնական իրավասության ոլորտում, որտեղ հավաքված է թեև փորձառու, բայց խիստ փոքրաթիվ արտքաղաքական ծրագրման և որոշումների նախագծման մի խումբ, ընդ որում, ժամանակի ընթացքում այդ խումբն ավելի ու ավելի չի համապատասխանում արտաքին քաղաքականության առաջադրանքներին։ Արտգործնախարարության այդ խիստ թերարժեք վիճակի կողքին կան նաև բուն արտքաղաքական գերատեսչությունում կադրերի հետ կապված խնդիրներ։ Շատ դեսպանություններ ղեկավարում են լիակատար տեղեկությունների չտիրապետող և արտաքին քաղաքականության խնդիրները չպատկերացնող նեղ մտահորիզոնի մարդիկ։ Դա աներևակայելի է, բայց այդ բանը խոստովանում են միջազգային քաղաքականության ռուսական շատ մասնագետներ, ովքեր դրանում մեղադրում են ԱԴԾ-ին։ Ինքը` ԱԴԾ-ն, փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում, ծառայության ղեկավարությունն աշխատում է ներգրավել երիտասարդ սերնդի, բազմակողմանի խոր գիտելիքներ ունեցող կադրեր։ ԱԴԾ-ն վաղուց է իրեն համարում Ռուսաստանի գլխավոր հատուկ ծառայություն, որին թույլատրվում է վերահսկել տեղեկատվական բոլոր հոսքերն ու մասնակցել բազմապիսի հետախուզական գործողությունների։ Որոշ գնահատումների համաձայն, ԱԴԾ-ն մեծ հարված է հասցրել մյուս հետախուզական ծառայություններին, մեծապես սահմանափակելով նրանց գործառույթներն ու գործունեության ընդգրկումը։ Դա, իհարկե, դժգոհություն և բացահայտ թշնամանք է առաջ բերում գործընկերների շրջանում, սակայն, երևում է, երկրի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը թույլ չի տալիս, որ ծավալվեն թշնամական տրամադրությունները։
Վերջին տարիներին ԱԴԾ-ն ամրապնդել է իր իշխանությունը, փաստորեն, իրեն ենթարկելով ամբողջ զինված ուժերն ու պաշտպանության նախարարությունը։ Բանակում չեն մնացել բավականաչափ ինքնավստահ գեներալներ, որոնք կարողանային դեմ դուրս գալ ԱԴԾ-ի շահերին։ Փաստորեն, լիովին ենթարկեցված է Ռուս ուղղափառ եկեղեցին, ինչը երբեք բարդ խնդիր չի եղել։ Կարծիք կա, որ ԱԴԾ-ն օժտված է գործառնական ու ֆինանսական «ինքնավարությամբ», ունենալով հատուկ նշանակության ջոկատներ, որոնք ենթակա են ԱԴԾ-ի ստեղծած այլընտրանքային կառույցներին, ինչպես նաև «ոսկե ծառայություն», որը դուրս է հսկողությունից։ ԱԴԾ-ի ներկա տնօրենը, իրականում, լիարժեք դիրք չունի իշխանության հիերարխիայում, ենթակա է Ազգային անվտանգության խորհրդի ներկա համակարգող Նիկոլայ Պատրուշևին, և ծառայության իշխանությունը, ըստ էության, անձնավորված է` ի դեմս Վլադիմիր Պուտինի։
Դրա հետ մեկտեղ, մոտ ապագայում, գուցե և միջնաժամկետ հեռանկարում ԱԴԾ-ն կպահպանի իր ազդեցությունն ու իշխանությունը, որովհետև այդ կազմակերպության թուլացումն անխուսափելիորեն կհանգեցնի պետության փլուզմանը, նոր սպառնալիքների առաջացմանը, և կվերակենդանացնի այն վտանգները, որոնք, թվում է, վերացված են։ Ռուսական վերնախավն ու հանրությունը մինչև հիմա կազմակերպական այլընտրանք չեն առաջարկել։ Քաղաքական վերնախավը ներկայումս ավելի իրատեսական քաղաքականություն է վարում, ինչը չի կարող նշանակել արդյունավետ քաղաքականություն։ Ռուսաստանի քաղաքականությունը հավասարակշիռ չէ, և եթե ներքին քաղաքականության մեջ դա այնքան էլ ցցուն չէ, ապա արտաքին քաղաքականությունը շատ ապաշնորհ է, նման է փորձի, որը ժամանակ առ ժամանակ ավարտվում է փորձանքով։ Միանգամայն ակնհայտ է, որ Պուտինը, ինչպես յուրաքանչյուր խոշոր պետական քաղգործիչ, ձգտում է «քաղաքակրթել» իշխանությունը և այն ներկայացնել որպես ավելի հասուն ու գործունյա։ ՈՒստի մոտ ժամանակներս Ռուսաստանում տեղի կունենա արտաքին քաղաքական դիմագծի փոփոխություն, իշխանությանը կմոտենան որոշ հասարակական շրջանակներ, բայց դա ոչ մի սկզբունքային նշանակություն չի ունենա։ Ռուսական իշխանության որոշ «գաղափարախոսներ» ԱԴԾ-ի իշխանության ամրապնդման անհրաժեշտությունն աշխատում են բացատրել նրանով, որ Ռուսաստանը պիտի խուսափի «ձախ նախագծի» պլանավորած զինվորական գերիշխանությունից, ինչը լիակատար ցնդաբանություն է և ոչ մի հիմք չունի։ Նման սպառնալիք Ռուսաստանում չկա, քանի որ բանակը գաղափարախոսական առումով լիովին կազմալուծված է եղել դեռևս խորհրդային ժամանակներից ու այդպես էլ չի կարողացել վերափոխվել քաղաքական ուժի։ Բանակից մշտապես ամենից շատ վախեցել է ՊԱԿ-ը, հետո` ԱԴԾ-ն, և ամեն ինչ արել են հնարավոր սպառնալիքները մարելու համար։ Օրինակ, գտնվելով աղետի հեռանկարի առջև, ՊԱԿ-ն այդպես էլ չընդունեց որոշ բանակային գեներալների առաջարկությունը` «իրագործելի պետական հեղաշրջման վերաբերյալ», ինչը հանգեցրեց ԳԿՉՊ-ի անիրագործելի խռովությանը։
ԱԴԾ-ն, անտարակույս, գործընկերներ ունի արտաքին քաղաքականության մեջ, այսինքն, միջազգային ասպարեզում, ինչը, խոշոր հաշվով, ամրապնդում է այդ ծառայության քաղաքական նշանակությունը։ Այդ ծառայության դերի մեծացման կողմնակից են քաղաքական ու տնտեսական ուժերի այն արտաքին կենտրոնները, որոնք շահագրգռված են Ռուսաստանի ռազմավարական կայունությամբ, երկրի հանքահումքային բազայի շահագործման շարունակմամբ։ Ռուսական իշխանությունները չեն կարող չհասկանալ, որ իրենց ապագան մեծապես կախված է արտաքին ուժերի, նախ և առաջ, Արևմուտքի պետությունների, վերազգային ընկերությունների, քաղաքական խմբավորումների հետ համագործակցությունից։ Այժմ կասկածից վեր է, որ ռուսական պետականության հետագա կայացումը կապված է ԱԴԾ-ի դիրքերի ամրապնդման հետ, ծառայություն, որը թեև շատ բան է կորցնում իր քաղաքական ու կադրային բովանդակության մեջ, սակայն շատ բան էլ ձեռք է բերում։ Դրա հետ մեկտեղ, ԱԴԾ-ն կարիք ունի միայն գաղափարախոսական գերակա ուղղությունների արմատավորման, առանց որի շատ դժվար է «իշխանության սուբյեկտի» դիրք ունենալ մի այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանն է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ