ԱՍԻՄԵՏՐԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Ըստ վերջին իրադարձությունների` հայերը ֆուտբոլ հաջող խաղում են միայն դիվանագիտական դաշտում, և միայն գիշերը։ Այդպե՞ս է:
-Ես համաձայն չեմ, որ խաղը հաջող է, ֆուտբոլ հայերը 70-ական թվականներին էին հաջող խաղում` կանաչ դաշտում, 21-րդ դարի առաջին տասնամյակում ոչ մի դաշտում էլ ֆուտբոլը չի ստացվում: Եթե զուգահեռ է անցկացվում չինական-ամերիկյան պինգպոնգյան քաղաքականության հետ, այս դեպքում դա տեղին չէ, որովհետև Հայաստան-Թուրքիա ասիմետրիկ հարաբերությունները չի կարելի համեմատել ԱՄՆ-Չինաստան սիմետրիկ հարաբերությունների հետ: Եթե ցանկություն կա Կոնրադ Ադենաուերին ու Շառլ դը Գոլին նմանվելու, դարձյալ համեմատության եզր գոյություն չունի, որովհետև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ընդունեց իր սխալները, ընդունեց հրեաների ցեղասպանության փաստը և վերահաստատեց քաղաքակիրթ պետություն լինելու հանգամանքը: Ընդունելով իր սխալները` Գերմանիան, բնականաբար, երաշխիքներ տվեց, որ երբևէ նմանատիպ քայլեր չեն կրկնվի, և երկրորդ աշխարհամարտից հետո իր հետագա գործունեությունն էլ հենց դրան էր միտված` Եվրամիության ձևավորման խնդրում և բոլոր հարցերում սխալների ընդունման և ուղղման ճանապարհով գնալով: Թուրքիայի պարագայում մենք այդ երևույթը չենք տեսնում, ընդհակառակը, անընդհատ ժխտողական քաղաքականություն է իրականացվում: Ըստ էության, այս նախաստորագրված արձանագրություններից հետո էլ, կարծում եմ, հնարավոր չէ համեմատել Կոնրադ Ադենաուերին Աբդուլլահ Գյուլի հետ, Շառլ դը Գոլին էլ` Սերժ Սարգսյանի: Տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ են` և աշխարհայացքային առումով, և՛ մշակութաբանական, և՛ արժեքային համակարգերով տարբեր մակարդակների վրա են կանգնած: Ադենաուերի և դը Գոլի կառուցած տունը մինչ այսօր ձգում է բոլորին, բայց այն համաձայնությունը, որ այսօր փորձում են կնքել, հասարակությանը չի ձգում: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ այս դեպքում երկու երկրների հասարակությունները բացարձակապես դեր չխաղացին, այսինքն, հասարակական պատվերի արդյունքում չէր, որ այս ամենը ձևավորվեց, հասարակական կարծիքն էլ, ըստ էության, այս հարցում ուսումնասիրված չէր: Հակառակ պարագայում և՛ ՀՀ իշխանությունները, և՛ թուրքական իշխանությունները պետք է առաջին հերթին հասարակական, մասնագիտական շրջանակների, քաղաքական ուժերի հետ լայն քննարկումներ ծավալեին, այդ քննարկումների արդյունքում գտնեին փոխզիջումների կամ զիջումների այն շրջանակը, որը մեզ համար ընդունելի կլիներ, և այդ շրջանակում կարող էինք բանակցել Թուրքիայի ներկայացուցիչների հետ, դրանից հետո միայն մեր դիվանագետները կկատարեին այդ հասարակական-քաղաքական պատվերը: Բայց դա տեղի չունեցավ, եղավ գիշերային դիվանագիտություն։
-Որն արդեն ավանդո՞ւյթ է դառնում։
-Այո, վաղ առավոտյան արթնանալով` մենք պարբերաբար ինչ-որ անակնկալների առաջ ենք կանգնում` սկսած այն բանից, որ Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանն Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Հայաստան ֆուտբոլի խաղի, հետագայում` ապրիլի 24-ի նախօրեին, համատեղ հայտարարություն եղավ, օգոստոսի 31-ին էլ` այս հայտարարությունները։ Սա վկայում է, որ իշխանություններն արտաքին ճակատում մի խաղ են խաղում, որը հայ հանրութունը չի պատվիրել: Մեր իշխանությունները փորձում են ներքին լեգիտիմությունը փոխարինել արտաքին լեգիտիմությամբ և կատարում են արտաքին ուժերի պատվերը: Պատահական չէ, որ այս օրերի ընթացքում միջազգային բոլոր խաղացողները գովերգում են այս համատեղ արձանագրությունները և, բնականաբար, պիտի գովերգեն, որովհետև սա իրենց շահերից է բխում, բայց արդյոք բխո՞ւմ է Հայաստանի շահերից:
-Ինչո՞ւ եք կարծում, որ այս արձանագրությունները դեմ են Հայաստանի շահերին: Եվ ինչո՞վ են դեմ։
-«Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ համատեղ արձանագրության մեջ կան դրույթներ, որոնք միանշանակ վկայում են հայկական դիվանագիտության կոպտագույն բացթողումների, ազգային շահը պաշտպանելու անկարողության մասին:
-Արձանագրության ո՞ր կետերն են նման լուրջ մեղադրանքի տեղիք տալիս:
-Նախ` սահմանների ճանաչելիության մասին կետը, որի հիմքը միջազգային պայմանագրերն են լինելու: Թեպետ ՀՀ արտաքին գործերի նախարարն ասում է, որ սա չի վերաբերում Կարսի պայմանագրին, այնուամենայնիվ, այլ պայմանագիր չկա, որտեղ խոսվում է սահմանների մասին և, բնականաբար, ճանաչելով սահմանները, մենք նվազագույնը Կարսի պայմանագրի այդ դրույթը հաստատում ենք: Սա շատ բացասական արձագանք է ունենալու, երբ հետագայում բարձրաձայնենք հայրենազրկության կամ հայրենիքը վերադարձնելու, նյութական փոխհատուցման հարցերը: Ճանաչելով սահմանները` մենք այս ամենը փակելու ենք մի հեռավոր գզրոցում ու այլ քաղաքական սուբյեկտների ենք հնարավորություն ընձեռելու, որ օգտագործեն այդ մահակը Թուրքիայի վրա: Երկրորդ` պատմաբանների հանձնաժողովի մասին է խոսքը, անունը` կառավարական ենթահանձնաժողով է, իշխանական կուսակցությունների պատգամավորները նշում են, որ սա իբր լինելու է չինովնիկների հանձնաժողով: Շատ ավելի վատ, եթե չինովնիկների հանձնաժողով է լինելու, որովհետև քաղաքական շահն ինչ պահանջի, չինովնիկներն այն են անելու, բայց ես պնդում եմ, որ հանձնաժողովը գիտնականներից է կազմված լինելու, որովհետև հենց այդպես է գրված արձանագրության մեջ` «պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկների ձևակերպման համար», իսկ գիտական ուսումնասիրությամբ կարող են զբաղվել միայն տվյալ բնագավառի մարդիկ, այս դեպքում` պատմաբանները: Եվ երրորդը. բավականին վիճահարույց կետ կա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, թեպետ արձանագրության մեջ որևէ տեղ «Լեռնային Ղարաբաղ» բառերը գրված չեն, բայց մեկ կետ կա, որը շատ վտանգավոր է` այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ և բազմակողմ պարտավորությունների մասին: «Այլ պետությունները» կարող է վերաբերել ցանկացած պետության` աֆրիկյան պետություններից սկսած, վերջացրած հարևան Ադրբեջանով, բայց եթե մենք Բուրունդիի կամ Մոզամբիկի հետ որևէ խնդիր չունենք, Ադրբեջանի հետ խնդիր ունենք` կապված Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, ապագաղութացման իրավունքի ճանաչման հետ, նաև խնդիր ունենք Հայաստանի Հանրապետության տարածքների հետ հարցում` չմոռանանք, որ Արծվաշենը բռնազավթել է Ադրբեջանը, և մեր սահմաննները հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Ես մեջբերում եմ հայկական տարբերակը, որքան ինձ հայտնի է, անգլերեն տարբերակում այս դրույթը շատ ավելի որոշակի է ձևակերպված և հստակ կարող է վերաբերել Ադրբեջանին: Այս օրերին տարբեր լրատվամիջոցների հարցերին հենց այնպես չեն հնչում թուրք պաշտոնյաների պատասխանները, որ արձանագրությունները կազմելիս իրենք հաշվի են առել ազերի եղբայրների շահերը: Արձանագրության մեջ այլ խնդիրներ էլ կան, որոնցից մեկը ես համարում եմ Թուրքիայի հետ համատեղ հակաահաբեկչական գործունեություն ծավալելու կետը: Որոշակի է, որ թուրքական ուժային քաղաքականությունը շատ հաճախ է ոտնահարել մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը, եթե պայմանագրով պետք է նմանատիպ գործողություններ իրականացնենք, սա ևս վտանգավոր է: Ժամանակացույցին առնչվող կետում թեպետ նշված է, որ հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն Ղարաբաղի հետ, բայց նույնիսկ համանախագահ Մեթյու Բրայզան նշեց, որ ժամանակային առումով դրանք կարծես թե համընկնում են, և մեկի լուծումը մյուսին նպաստավոր իրավիճակում է դնելու, որպեսզի գործընթացն արագացվի: Այս ժամանակային արագացումը հնարավոր է, որ Ղարաբաղի հարցում տեղի ունենա: Հենց սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտգործնախարարը զանգահարել էր Ռուսաստանի արտգործնախարարին և խնդրել էր միջնորդել` արագացնելու Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը։ Նույն օրը երեկոյան Լավրովը զանգահարել էր Էդվարդ Նալբանդյանին` քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը: Տարածաշրջանում չկա որևէ կարևոր գործընթաց, որը չազդի Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Նույնիսկ վրաց-օսական, հետագայում ռուս-վրացական պատերազմը ևս ազդեցին Լեռնային Ղարաբաղի հարցի վրա` ցույց տալով, որ պատերազմի ճանապարհով նմանատիպ հակամարտությունները չեն լուծվում, ինչը, ըստ էության, որոշակի առումով զսպեց ուժային եղանակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծելու Ադրբեջանի ցանկությունը, նաև որոշակիորեն ակտիվացրեց տարածաշրջանային գործընթացները: Ամփոփելով, նշեմ նաև մեկ օրինակ. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստաթղթում, որն ուղղակի դիվանագիտական խոտան է, «կարևորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը», ի՞նչ է, Հայաստանի Հանրապետությունը փակե՞լ էր Թուրքիայի սահմանը ու հիմա բացո՞ւմ է, հիմա նոր կարևորում է ընդհանուր սահմանը բացելու խնդի՞րը: Թուրքիան է փակել, և Թուրքիան էլ պետք է բացի` փաստաթղթերում էլ այդ վիճակը ամրագրելով: ՀՀ կողմից առանց այն էլ ցեղասպանության խնդիրը չբարձրացնելը, առանց նախապայմանների բանակցություններ վարելն արդեն զիջում էր Հայաստանի կողմից, և այդքանից հետո, եթե Թուրքիային հնարավորություն ենք տալիս իրագործելու իր ցանկությունը, որ 90-ականներից է գալիս, և որն առաջինը թույլ չի տվել իրականացնել Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ՄԱԿ է մտել Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը փաստարկելով։ Փաստորեն, այն, ինչ 90-ականներին չէր հաջողվում Թուրքիային, այսօր, ըստ էության, հաջողվեց: Այսինքն, առանց նախապայմանների համագործակցությունը, ինչի մասին բարձրաձայնում են իշխանությունները, ֆիկցիա է, որովհետև տեսնում ենք, որ 90-ականներից սկսած Թուրքիայի առաջադրած նախապայմաններն արձանագրվել են:
-Այդ ամենից ելնելով` ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը, որովհետև սա շատ նման է որոգայթի` մենք ուզում էինք Թուրքիան սահմանը բացի, մենք ուզում էինք դիվանագիտական հարաբերությունների հաստատում հարևանի հետ, հիմա չենք կարող ասել` գիտե՞ք, փոշմանել ենք ու չենք ուզում, միևնույն ժամանակ չենք կարող չպատասխանել ամենակարևոր հարցին` իսկ ի՞նչ գնով:
-Բոլորիս քաջ հայտնի է, որ չկա որևէ տրամաբանող քաղաքացի կամ քաղաքական գործիչ, որը դեմ լինի հարևանի հետ բնականոն հարաբերություններին, սա աքսիոմատիկ ճշմարտություն է ու ինքնին հասկանալի է, բայց նույն քաղաքացին ու քաղաքական գործիչը չեն կարող իրենք իրենց չհարցնել գնի մասին: Ի՞նչ գնով: Արդյոք ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելո՞ւ, արդյոք...
-Պատմական անցյալում ցեղասպանության հարցը, պատմական ներկայում` Լեռնային Ղարաբաղի հարցը, այո՞:
-Ցեղասպանության հարցը պատմական խնդիր է, բայց ոչ միայն պատմական խնդիր է, նաև ապագայի խնդիր է: Եթե Գերմանիան ընդունեց իր կատարած հանցանքները, ճանապարհ հարթեց այլ պետությունների հետ բնականոն հարաբերությունների համար, Թուրքիան դա չի արել, և հազիվ թե որևէ մեկը կարող է ինձ երաշխիք տալ, որ վաղը չէ մյուս օրը թուրքական զորքը չի հայտնվի Երևանի փողոցներում, որովհետև, եթե պետությունը, ազգն իր սխալը, հանցանքը չի ընդունել, այդ հանցանքը կրկնվելու հատկություն ունի: Վկա` Թուրքիայի իրականացրած գործունեությունը Երկրորդ համաշխարհայինի տարիներին և ԼՂՀ-ի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ: Սա ևս մտահոգության տեղիք է տալիս: Ի՞նչ կարելի է անել: Նախ` իրականում ոչ թե մեր ցանկությամբ է Թուրքիան սահմանը բացելու որոշում ընդունում, այլ մեծ ճնշում կա միջազգային հանրության կողմից, և միջազգային հանրությունը, հատկապես Եվրոպան, ուզում է, որ իր քաղաքական շահերի տիրույթում գտնվող պետությունը ոչ միայն կանխատեսելի լինի, այլև խոչընդոտներ չհարուցի իր արժեքները, իր քաղաքականությունը տարածելու հարցում, ինչը լինելու էր փակ սահմանների պարագայում: Կա նաև էներգակիրների խնդիրը. Վրաստանն արդեն այնքան էլ հուսալի ճանապարհ չէ էներգակիրների համար, ռուսական ավիացիան բավականին վնասներ տվեց, այդ թվում նաև` մի կարճ ժամանակահատվածում պայթեցվեց, շարքից դուրս բերվեց նավթամուղը, Փոթիի մոտ նավթային տարաները պայթեցվեցին... Այդ ճնշումը նաև Թուրքիայի վրա է, եթե մենք ավելի ճկուն լինեինք, և եթե իսկապես լեգիտիմության խնդիր չունենայինք, կարծում եմ, իշխանությունները պետք է կարողանային պաշտպանել մեր շահերը, իսկ այժմ, առաջին հերթին, կարծում եմ, իշխանությունը պետք է ժողովրդի օգնությանը դիմի։ Հանրաքվեն լավագույն գործիքներից մեկը կարող է լինել այդ արձանագրությունները կյանքի կոչելուց առաջ ճշգրտման ենթարկելու, և երկրորդ` իշխանությունները պետք է բանակցություններ վարեն, որպեսզի հայ հասարակության համար անընդունելի կետերը հանվեն, որովհետև այդ կետերը հասարակությունը դիտում է որպես պայմաններ, որոնք ընդունելի չեն:
-Արձանագրության մեջ կա կետ, որը պահանջում է խորհրդարաններում վավերացնել արձանագրությունը, թեպետ դժվար է հիշել, թե որ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց առաջ են արձանագրություններ վավերացվել, բայց դա ժամանակ շահելու հնարավորություն է գուցե:
-Այո, դա շանս է, բայց բոլորովին այլ խնդիր լուծող, ուղղակի քաղաքական պատասխանատվությունը նախագահից վերցնելու և խորհրդարանի վրա տարածելու, որպեսզի հետագայում խորհրդարանը որևէ քայլ չկատարի այս պայմանագրի հետ կապված, այսինքն, պատասխանատվությունը նաև խորհրդարանինն է:
-Մեր խորհրդարանը հաճույքո՞վ հանձն կառնի այդ պատասխանատվությունը:
-Այո՛, քննարկմանը ներկա կլինի առավելագույնը 20-25 պատգամավոր, քվեարկության ժամանակ, բացի «Ժառանգությունից», երևի թե դեմ քվեարկի ՀՅԴ խմբակցությունը:
-Այսինքն, արձանագրե՞նք, որ այս արձանագրություններով մենք քայլ ենք անում հարևանի տան դուռը իր կողմից բացելուն, իսկ մենք փակում ենք պատմական հայրենիքի դուռը` մի կողմից, մյուս կողմից` անուղղակիորեն հաստատում ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իրենց լուծումներով դնում ենք մի հարթության վրա, որտեղ ամեն ինչ որոշում է ժամանակը, իսկ մենք մեր ձեռքում եղած հնարավոր լծակներն ի սկզբանե փոխանցում ենք հակառակորդին ու սկզբունքորեն հավատում ենք սկզբունքների գոյությանը:
-Ձեր տեսակետին ձևավորված հարցի տեսքով համամիտ եմ, բացի մի կետից: Հայ-թուրքական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումները, այս արձանագրություններով, ոչ թե ժամանակի հարց են, այլ այսուհետ հստակ ուղենշված ճանապարհ, որի վերջնակետն է միայն ժամանակի խնդիր: Դժբախտաբար, եթե ոչինչ չփոխվի, վերջնակետը հստակորեն մեր օգտին չի լինելու: Մենք հանձնում ենք մեր ռազմավարական լծակները Հայաստանից դուրս գտնվող ուժերին, այդ թվում նաև` Թուրքիային, և սպասում նրանց ողորմածությանը: Պատմության ընթացքում շատ ենք թույլ տվել այդպիսի սխալներ, երբ խմբակային կամ անհատական շահն ավելի ենք գերադասել, քան պետականն ու ազգայինը, և իրականացրել ողորմելի դիվանագիտություն, բայց, ցավոք հետևություններ չենք արել: Ասածս վերաբերում է Ռ. Քոչարյան-Վ. Օսկանյան և Ս. Սարգսյան-Էդ. Նալբանդյան զույգերին:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հ. Գ. -Երեկ` օրվա վերջում, ի պատասխան մեր այն հարցի` ճի՞շտ է շրջանառվող լուրը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ցած դրել ԱԺ պատգամավորի մանդատը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այո, և այդ քայլն անձնական դրդապատճառներ ունի` կապված ազգային կարևորագույն, սկզբունքային խնդիրների հետ»: